Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

ՇԵՆ ՄՆԱ «ՖԼԵՇԸ»

ՇԵՆ ՄՆԱ «ՖԼԵՇԸ»
25.01.2011 | 00:00

«Ֆլեշ» «ապրանքանիշը» վաղուց է վերածվել աշխարհագրության: Լիիրավ տնեցու պես մտել է մեր կյանք ու, բացի իր «կայծային» առաքելությունից (իսկ ո՞ւր է «հրդեհը», պարոնայք), քաղաքակրթական-եվրոպական սպասարկման նորմերը Հայաստան բերել, հետն էլ լրացուցիչ ֆունկցիաներ է իրեն պատվիրակել:
Այդ «մատղաշը», որ գրեթե Հայաստանի տարիքին է (մեկ հինգ պակաս), դարձել է ոչ միայն հայոց կենսամակարդակի ցուցիչ, աշխատատեղ, հայոց կյանքը «ռելսերի» վրա պահող բարոմետր, վերածվել է նաև «աշխարհի կենտրոնի», փաստորեն. «Ֆլեշից մի քիչ ներքև, Ֆլեշի մոտ, Ֆլեշ չհասած, կանգ առ, «ямщик, не гони лошадей»:
Սա` մինիմումը։ Իսկ երբ թափառում ես Հայաստանով մեկ, ու հեռավոր-մոռացված մի գյուղի ճամփին «զոնտիկով» ծանոթդ` լցակայան «Ֆլեշ» անվամբ, նույնքան բրենդնի, կոկիկ-սոկիկ կանգնած, ինչպես մայրաքաղաքում, որ նույն քաղաքակիրթ ապրելու հանգն է մանում էդ «դըժար» կողմերում, բարի ժպիտ է առաջանում դեմքիդ։
Մի խոսքով, էն օրը էս «Ֆլեշ» ընկերությունը (շաբաթ էր, տոն էր, կայծերի պակաս չկար, բոլոր բարի կամեցողներն էնտեղ էին, էն էինք ասում, որ սիրուն էր, լավ էր, շե՛ն մնա, «Ֆլեշ») դարձավ 15 տարեկան:
Օրվա ու տոնի ամենանրբագեղ ու հուզիչ «մոմենտն» էլ էն էր, որ քաղաքական մաս չկար: Ընկերությունն էր` իր բոլոր բաղկացուցիչներով, հարազատ տնեցու նման տոնում էր իր 15-ամյակը, պարզ գիտակցումով, որ գործ է անում էս երկրի համար, որ «էկող» տարի արդեն ստանալու է «պասպորտ», երկու տարի հետո էլ գնալու է բանակ: Կվերադառնա և 20 տարեկանում կամուսնանա:
Բանակ ասին ու հիշեցին. բանակի վառելանյութը նույնպես ընկերությունն է մատակարարում: Բա դե հիմա ո՞նց չասոցացնես, որ այ դրա համար էլ մեր բանակն ամենաուժեղն է տարածաշրջանում:
Դեռ ասոցիատիվ վիճակից դուրս չէինք եկել, մեկ էլ պարզեցինք` այս «մատղաշը» 300 միլիոն «հյուսիսամերիկյան» դոլար հարկ է վճարել իր այդքան անչափահաս հասակում: Հայտարարությունը` «հյուսիսամերիկյան», էդպես էլ հնչեց: Երևի կոմպլեմենտարիզմն էին ապահովում, որովհետև մաղթանք եղավ, որ ընկերությունն այնքան բարգավաճի (պահո՜), որ մինչև Նոր Զելանդիա «կալոնկա» ունենա:
ՈՒ հենց էդ պահին էլ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ծանր ու մեծ տեղից ելավ ու պատվոգիր հանձնեց ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին. դե, միասին 15 տարի «ապրել» են, հարկ են մուծել, տնտեսություն են զարգացրել, երկիր են կայացրել, ու մինչ իրենց աշխատանքն էին վայելում, հենց էդ նեղ մաջալին խոսք վերցրեց ԼՂ վարչապետ Արա Հարությունյանը (մենք էլ ասում էինք` քաղաքական դեմք չկա միջոցառմանը, մեն-մենք ենք. պարզվեց` մարդն ինքնակամ ելել-եկել է):
Արա Հարությունյանը պատմեց, է՜, ՄԱԿ-ի մատյաններից մինչև մեր գյուղի մատյանները` «Ֆլեշի» բոլոր արածները` ներդրումների մասով, ու մաղթեց. Ֆլեշի տարիքը դառնա է՜... «ուզիր տեր ասիլ` Ղարաբաղի Պապին ու Մամին չափ»: Հենց ապրես:
ՈՒ էստեղ արդեն պարվեց «Բերդ» պարը: «Բերդը» ոգու մասին է: Պարում էին ու լավ էր. շե՛ն մնա, «Ֆլեշը»:
ՈՒ հետո հերթով հիշեցին ֆլեշանց բոլորին` վե՜ց բազաները (հիմա էլ կրակն էին ընկել «բազա» բառի ձեռը. փորձում են թարգմանել. էն Սաակաշվիլին էնտեղ էր անգլերեն խոսել, Աշոտյանն էլ` ռուսերեն. հիմա իրենք ման են գալիս գտնեն հարմար բառը հայերենում, չեն գտնում, ուստի կրկին խիստ «կուլտուրական» առոգանությամբ արտաբերեցին` բազա. հա, ի դեպ, կա նաև «Ֆլեշ» կոնյակ, վատը չէ՜ր (փաստորեն, «Ֆլեշը» միայն ռազմաբազա չունի, չնայած` ո՞վ գիտե). ասվեց նաև, որ «Ֆլեշի» էդ բազաները կարող են այնքան վառելիք պահել, որ կհերիքի Հայաստանի բոլոր բազաներին:
Եվ տրվեցին վեց (դարձրեք յոթ, վեցը լավ թիվ է) պահեստային լցակայանների ղեկավարների անունները` մեկ առ մեկ, շնորհակալությամբ: Դե, Սամվելն էր, Լևոնը, Մուշեղը, Սուրիկը...
Յաշա Խաչատրյանը` գլխավոր «Ֆլեշը», իր հերթին անվանական, կարգին նվերներ բաժանեց լիցքավորողներին, վարորդներին, ասաց` 20-ամյակին սպասեք ավելին:
...Երևանյան լուսավոր փողոցներով տուն էինք վերադառնում: Վառվում էին նաև «Ֆլեշ» լցակայանների լույսերը: Կեսգիշեր էր: Ցուրտ էր: Լցակայանի աշխատողները շարունակում էին աշխատել. նրանք չէին մասնակցել տոնին. իրենց գործն էին անում` ապահովելով հայոց «բնականոն» կյանքը։ ՈՒ մենք մտքով նրանց տոն, սեր, տաքություն ու լիքը «պրեմիա» մաղթեցինք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հ. Գ. -Չմոռանանք` «Ֆլեշ» ընկերության «ծննդական» ունեն նաև Ստեփանակերտի կոնյակի-գինու գործարանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկրորդ խոշոր հարկատուն, Հայաստանի ֆինանսատնտեսական կյանքում լուրջ դերակատարություն ունեցող «Արարատբանկը», մանր ու միջին բազմաթիվ դուստր-ձեռնարկություններ, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը։ Շուտով կյանքի ուղեգիր կստանա Ծաղկաձորում կառուցվող ութհարկանի զբոսաշրջային կենտրոնը` Հայաստանի զբոսաշրջային բիզնեսում սեփական ձեռագիրն ու ոճը արմատավորելու հաստատակամությամբ։
Այս ամենի մասին ավելի մանրամասն` մեր թերթի առաջիկա համարներից մեկում։

Դիտվել է՝ 1248

Մեկնաբանություններ