2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ` ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆՆԵՐ

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ` ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆՆԵՐ
04.02.2011 | 00:00

«Պրոլետարի համար ի՞նչ տարբերություն` մասնավո՞րն է նրան շահագործում, թե՞ պետական գործիչը»։
Վարուժան Նալբանդյան, «Խոհերի արկածախնդրություն»

ԳԱԶԱՅԻՆ ՊԱՍԻԱՆՍ
(ֆելիետոն` տնտեսական երազախաբության մոտիվներով)
Գազի թանկացման ուրվականը։ Օլիմպիական անդորր կառավարությունում։ Կարապետիչի հայհոյախառն հայտնությունը։ Հանրությունը երկփեղկված է։ Նորհայկական-ազատական տնտեսությունը չափազանց դյուրընկալ գտնվեց սպասվող թանկացումներին դիմագրավելիս։ Եվս ու վերստին` մենք քիչ ենք, բայց դե մեզ նորօրյա հայ են ասում։
Զի մենք հանրային բարօրությունը պետական գերակայություն ենք հռչակել։ Ավելի ստույգ` գեր-գերակայություն։ Բարօրությունը, ասել է թե հանրույթի ֆիզիկական զվարթուն վիճակը (կենսաբանական այլասերումները հաշիվ չեն), բարոյական մշտածիծաղ իրավիճակը (բարոյական-բակային հաղթանակներից հեռո՛ւ, հաշվառման են ենթակա անբարո-հետադարձ նախահաշիվները), հոգեբանական կայուն անդորրն ու գեղագիտական-լյումպենական բոլշևիզմը (գեղագիտությունը դիտարկում ենք որպես գեղերի մասին գիտելիքների կուտակում)։ Եվ այլք։
ՈՒ քանզի գեր-գերակայությունն այլևս օրհներգ է ու այսուհետ դրոշ` հառա՜ջ։ Այսպես ուրեմն, յուրաքանչյուր թանկացում բավական թանկ է նստում հասարակության նյարդերի, ֆիզիկականի և բարոյականի վրա։ Բարի։ Ի՞նչն է ուշագրավ. գալիք թանկացումներից հատկապես թալկանում են հանրության միջին, ունևոր և, այ քեզ զոքանչի կենաց, գերհարուստ խավերը։ Այսպես ուրեմն, ժողովրդի բարոյահոգևոր ցնցակաթվածից և ֆիզիկանյարդաբանական ճողվածքից խույս տալու գերնպատակով տնտեսավարող սուբյեկտները (ներող եղեք, զի հնչում է որպես ուշունց), այսինքն` միջին, ունևոր և գերհարուստ խավերը գերհնարամիտ մի հնարք են կիրառում, գները չեն թռցնում, սահեցնում են, ժամկետից շուտ, կամա՜ց-կամա՜ց։ Այսպես է, զորօրինակ, հացի թանկացման հարցում։ Ալյուրը համաշխարհային շուկայում դեռևս նախկին գնային մակարդակում է, ալյուրի գլխավոր ներկրողը (գիտեք ով, զուր տեղը վեհապանծ անունն ու թաշախուստով մականունը չշոշափենք) առայժմ անհանգստության նշաններ ցույց չի տալիս (այսինքն` անկախ իրենից ֆրանսերեն չի հայհոյում, տրոլեյբուս չի նստում և, ի վերջո, փողկապի փոխարեն անձեռոցիկով չի մաքրում օլիգարխիկ շրթունքները), սակայն հայրենական արտադրության վերմիշելի, մակարոնի ու հացաբուլկեղենի գները մարմա՜նդ վեր են սահում։ Ինչպես բարեգործական պայոկից հանված փուչիկ։
Ի դեպ, վառ ու ճշմարիտ հայրենասեր պիտի լինել (ինչպես, օրինակ, Հայրիկյանն իր այլախոհական պատանության շրջանում), որպեսզի գնես, հետո խաշես-եփես, հետո էլ, հասկանալի է, ըմբոշխնես հայրենական արտադրության մակարոնը։ Չգիտես ինչու, դա այնպիսի սրթսրթան, գունատ տեսք ունի, կարծես հենց նոր կաշառքից հրաժարված հակակոռուպցիոն հանձնախմբի անդամ է։ Կամ էլ ակադեմիա շտապող գիտնական, որը երթուղայինում քյաբաբպլոճիկային երաժշտական զկռտոցի փոխարեն երգեհոնային երաժշտություն է ունկնդրել։ Կամ էլ... Դե, մի խոսքով, հասկանում եք, թե ինչ ասել է հայկական մակարոն, արիշտա, լապշա և այլն։ Հացի ու հարակից բուլկեղենի մասին ասենք այն, ինչն ասում են կյանքից հեռացած բազմավաստակ սրիկայի և բազմաչարչար ապիկարի մասին` կա՛մ լավը, կա՛մ ոչինչ։ Զի յուրաքանչյուր թանկ անցումից (այսինքն` թանկացումից) առաջ հանրապետության անխտիր բոլոր փռերի ու թոնրատների, արտադրամասերի ու գործարանների հացաբուլկեղենային տիրակալների փայծաղներն ու զարկերակները գործում են համաբաշխ։ Ինչպես, օրինակ, սիամական երկվորյակներինը։ Կամ վերջերս լույս աշխարհ եկած երկգլխանի հորթի սրտում։ Ի դեպ, 39 տարի շարունակ կրտսեր գիտաշխատողի հաստիքում երեք շալվար և մեկ պիջակ մաշած երիտասարդ գիտնական Սանթրոս Բախտագուլյանը հավաստիացնում է, որ, ըստ իր կենսաֆիզիկական բազմամյա գիտափորձերի, գարնան գլխին Հայաստանի պարարտ, լի ու բոլ գյուղերից մեկում անկուսակցական գյուղապետ է ընտրվելու։
Սակայն շեղվում ենք։ ՈՒրեմն նախընտրական, հազա՜ր ներողություն, նախաթռիչքային շաբաթում թխված-եփված-տապակված հացի ու հացաբուլկեղենի քաշը 1/7 մասով նվազում է, գույնը, ճիշտ հակառակը, պայծառանում, ինչպես ալ կարմիր դրոշը մայիսի 1-ին` հին բոլշևիկ Սաղաթելի պատշգամբում։
Հազա՜ր ու մի նեղությունից ազատում։ Ենթավերնագրում կարծես խոստացել էինք հայոց նորանկախ գազային պասիանսը բացել։ Բացում ենք։ ՈՒրեմն էսպես, գազի սակագնի իջեցման երկու եղանակ կա։ Նախ և առաջ, հայտարարում ենք աթարը (թրիքը, անասնաարդյունքը, գոմաղբը և այլն) 2011-ի ազգապետափրկչական կարճաժամկետ, սակայն հապշտապ-հրակայուն ծրագիր և հայտարարում ենք աթարի ամենաշահավետ վառարանի ազգամիջյան, նաև միջազգային մրցույթ։ Բնականաբար, մի երկու-երեք շաբաթ անց անգլոսաքսոնյան նախագծերի հետ մրցույթում հաղթանակ կտոնի Ապարանի ենթաշրջանի բազմավաստակ չոբան, ռացիոնալիզատոր և ֆերմայի բալետի պարուսույց Զարզանդ Բալասանյանի նախագիծը։ ՈՒ գազի սակագինը, ինքնաբերաբար, ակներևաբար և անամոք մորմոքով, կսայթաքի։ Զի յուրաքանչյուրիս տանը, կացարանում, բնակարանում և պանդոկում, շոգեբաղնիքում, դելֆինարիումում ու սահմանամերձ գյուղապետի գրասենյակում ի հայտ կգան Զարզանդ Բ.-ի անձեռակերտ հրաշքները, համալրված բելգիական շոկոլադի տեսք ունեցող աթարի սալիկներով։ Սա` առաջին սահանքումը։
Հետո։ Իրանից եկող, տեղ չհասնող, նաֆսված-յարալու գազատարն ի տնօրինում ենք հանձնում հայոց շուկայական ջունգլիների առաջապահ Շերխաններից մեկին։ ՈՒ մի երեք-չորս շաբաթ անց իրանական գազն իր արիական ներկայությունն է ազդարարում, օրինակ, Սարի թաղի բլրալանջին։ Հասկացա՞ք շուկայական ջունգլիի խորհուրդը։ Այո՛, մրցակցություն, ազատ և անկախ առճակատում։ «Երրորդն ավելորդ է» ասույթն անհույս սիրահարված դդմագլուխների համար է, մեզ համար է եռաժանիք սույն տաճարը` «ՀայՌուսգազարդ», «Իրան-Հայաստան-Շերխան», «Զարզանդաթար» ներդաշնակությամբ։
ՈՒ թող փորձի նրանցից մեկը գերկատաղած աշխատավարձ տալ իր մամլո խոսնակին կամ, օրինակ, տնօրենի վարորդի օգնականի քարտուղարուհուն։ Տեղում կխեղդեն։ Գազի գինը վայրընթաց կապրի, աթարինը` վերընթաց։ Անշուշտ, հեռանկարային միջոցառումների ծրագիր պիտի մշակել աթարաթրիքային սանձարձակությունից երկրի անվտանգությունն ապահովագրելու նպատակով։ Ի՞նչ ենք անում։ Կազմակերպում ենք համայնքային, վարչատարածքային, մարզատարածաշրջանային, ի վերջո, համահանրապետական շաբաթօրյակներ։ Էսպես ուրեմն, մեզնից յուրաքանչյուրը (պատգամավորները, ավտոտեսուչներն ու արտոնագրված բոմժերը ներառյալ) մեկական մոզի, երինջ, հորթ, ցլիկ, կովիկ, ոչխար, մաքի, ավանակ, իշի քուռակ և այծիկ է վերցնում շեֆական խնամքի տակ։ ՈՒ թե բան է, «Զարզանդաթարն» անբարեխիղճ մրցակցությամբ խախտեց շուկայի անդորրը, մեր պահածոյացված-շեֆական բնամթերքը (այսինքն` տարաբնույթ գոմաղբը) շուկա ենք դուրս բերում և վերականգնում ստատուս քվոն։ Բա՜։
Հ. Գ. -Այո, պատվարժան ընթերցող, գալիք-սպասվելիք-անխուսափելի թանկացումներից հատկապես դիվոտում են դրանց անմիջական մասնակից-վկաները։ Էսպես. ադիբուդի արտադրող-մենաշնորհատեր «Վլադ ընդ քոմփանի» ընկերության տեր-տնօրեն Վալոդիկը կաթնաշոռի թանկացումից հայտնվում է հակամենաշնորհային տրանսի մեջ ու ատամներով պատառոտում առաջին պատահած կաթնավաճառի խալաթն ու բիդոնը։ Բա եղա՞վ։ Բա նա կուկուռուզ ներկրող Սմբուլի ոտը չպիտի՞ մայրաքաղաքից կտրեր։
ՀՈ՜Պ, ԶԻԼԻՆԱ, ԶԻԼԻՆԱ
(հայրենասիրական պամֆլետ)
Մի՞թե մեկը կարող է մեղադրել հանրահավաքի թամաշավորներին, թե ինչու են աղն առած գրոհում Մատենադարանի հարթակը, երբ ինչ-որ մեկը (կամ` ինչ-որ մի քանիսը) մատնեմատը տնկած թափ են տալիս ալամ-աշխարհի վրա։ Ձեզ թվաց` վարո՞ւնգ է, բնա՛վ, ո՛չ, ամենևի՛ն։ Քաղաքական մատնեմատն է, անկախ պետականության ժողովրդավարության օրհներգը։ Եվ երբեք չհավատաք այն ապազգային չարամիտներին, որ ասում-համոզում են, թե` գիտցե՛ք, հայ ժողովուրդ, ժողովրդավարություն ասվածը ժողովրդին վարի տալն է, թե հանրահավաքներում ձեր աչքերին թոզ են փչում, ձեր կամքը խոտորում են, ձեր ականջները խցանում։ Ո՛չ բամբակով։ Բարձրավոլտ-հայրենակարոտ կոչերով։ Ի դեպ, համաձայն միջազգային անկախ փորձագետների, վկայաբանության յուրաքանչյուր հայրենակարոտ կոչից հետո նախալեռնային շրջանների հոտերը լքում են դիրքերն ու մակաղում մայրաքաղաքի մատույցներում։ Հանրահավաքային հայրենակարոտ կոչնակները թավալգլոր հասնում են հարակից դիրքերն ու հոգեպարար անդորր բերում խոտաճարակների հոգուն, արթուն պահում ոգին, էապես նպաստում կաթի, բրդի, մսի և այլևայլ բարիքների արդյունահանմանը։ Էնպես որ, երբ ասում են, թե ՀՀ-ում քաղաքական ու տնտեսական շահերի սերտաճում է և դա իբր թե խաթարում է հանրապետության բնականոն կայացման ընթացքը, կներեք, ստում են։ Էն էլ` բավականին անխիղճ։ Ոնց որ, օրինակ, էն պարագայում, երբ ասում-խոսում են, թե Սեդրակիչն ուզում է իշխանության գալ (կարծես մի թիզ հեռացել է)։ Սակայն այս մասին` հաջորդ «լճերում»։ Շատ ավելի կարևոր խնդիր է առկա հրապարակում։ Այսինքն` Մատենադարանի հարթակում։ Վերջերս, օրինակ, ի հայտ է եկել նորաթուխ մի քաղշարժում, որն սպառնում է կուսակցություն դառնալ։ ՈՒշագրավ է անվանումը` «Բամբարգիա Կիրգուդու»։ Սա, հասկացաք, ծածկագիր է։ Ապագա կուսակցապետն առայժմ քաղաքական դիմանկար է ձևավորում։ Նա չէ՞ որ պիտի տարբերվի, ասենք, ընկեր մարքսիստ Հակոբյանից։ Դա՜։
«ԲԱՄԲԱՐԳԻԱ-ԿԻՐԳՈՒԴՈՒ»(պամֆլետի վերջը)
Հե՜յ գիդի հա, ի՞նչն է էս ազատ-անկախում լի ու բոլ` քաղաքական բացիլակիրները։
Էս անբախտ վաճառականներին, չգիտես ինչու, թվում է, որ եթե Լևոնը Մատենադարանից իջավ օպերա, հետո շրջահյուսվեց Բաղրամյան պողոտա, ուրեմն Մատենադարանից է։ Չէ, Կարապետիչ, Հայրապետիչ ու այլ պետիչներ, Մատենադարանը` վպ տՐՌփպՎ։ Լուրջ։ Ինտելեկտն է կարևոր։ Իսկ էդ անտերից Տեր-Պետրոսյանն էնքան ուներ, որ մասնակի-անհատույց սեփականաշնորհման տարբերակով բաժան-բաժան էր անում զինակիցների միջև։ Բայց քանի որ քամու բերածը ջրհեղեղն է տանում, Լևոնի շրջապատից մի երկու-երեքը գնացին մինչև վերջ` վասն հայրենյաց։ Մնացա՞ծը։ Դե գիտեք, էլ ի՞նչ ասենք։
Մի խոսքով, տեսանելի հեռանկարում քաղաքական հայտ ներկայացնողներին` մի երկու լճիցլիճյան դեղատոմս։
Նախ և առաջ, ճշգրտեք ձեր բառարանը, բառապաշարն ամրագրեք հանրահայտ-հուզական, հուզախռով, կոչական, կարոտախտային-հիմարավուն մտքերով։
Այսպես. «Միջպետական պայմանագրերի վիժեցում», «Պայմանագրային հիմունքներով քաղաքական մերձեցում», «Հայրենակցական միությունների սառեցում»։
Կամ էսպես, քիչ համառոտ. «Միջադեպեր, միջադիրներ, մակաբույծներ, արտամորուսներ, արտակարգ դրություն, դարդախորով անհաջողակներ, ձախողակ մունետիկներ»։
Շատ կարևոր է դեմքի լրջախոհ-ժողովրդավարական պասաժը, այսինքն` միջինացված մի ժպիտ, մի փոքր` չաղհարսանիքյան, փոքր-ինչ` «Վիտամին» ակումբից, մի պտղունց էլ, դե, գլխի ընկաք, Սեդրակիչից, երբ վերջինս, զորօրինակ, քննարկում է Լևոնի վարքը։
Էնպես որ, որքան շատ կուսակցություն և կուսանդամ (չշփոթել կույս անդամի հետ), որքան զորեղ հանրահավաք, այնքան մոտ է ճգնաժամի հաղթահարումը։
Հաշվարկված-հաշվառված է. Դավիթ-մարքսիստի յուրաքանչյուր ելույթից բոլոր մնացյալ քաղգործիչների, ասել է թե` ընդդիմախոսների լեզուն փաթ է ընկնում անորոշ ժամանակով, փոխարենը կտրուկ բարձրանում է մաքիների ու խոյերի բրդատվությունը։
ՈՒ ի՞նչ, էդպես էլ անդարդ-միամիտ համոզվել եք, թե համաշխարհային ճգնաժամը Հայաստանում սեփական կամքո՞վ կոնքապար բռնեց։ Ո՛չ, բնա՛վ, ամենևի՛ն։ ՈՒղղակի հրապարակներն ու հարթակները լքեցին քաղգործընթացներ հրկիզողները, որոնք վառում էին մանր, միջին, խոշոր ու գերհսկա չորքոտանիների սրտերն ու մղում հայրենակարոտ սխրանքների։
Էնպես որ, առաջիկա հանրահավաքների ժամանակ հույժ անհրաժեշտ է արտոնել չորքոտանի եղբայրների մասնակցությունը։ Ասենք, նրանց տեղակայել Ազատության հրապարակում։
Ինչքա՜ն գոմաղբ կհավաքվի։ Ապրեցինք։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1267

Մեկնաբանություններ