Օրերս գրողների միությունում նշվեց բանաստեղծուհի, գիտնական, հասարակական գործիչ ՍԵԴԱ ՎԵՐՄԻՇԵՎԱՅԻ «Անմահ ոգի» (Երևան) և «Խռովահույզ քնքշություն» (Մոսկվա) ռուսերեն ժողովածուների շնորհանդեսը: Սեդա Վերմիշևան տասնյակ գրքերի հեղինակ է: Նա Ռուսաստանի և Հայաստանի գրողների միության անդամ է, Գրիբոյեդովի անվան պատմամշակութային ընկերության նախագահ, հայ-ռուսական բարեկամության մոսկովյան ընկերության համանախագահ: ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը բանաստեղծուհուն անվանեց զարմանալի հայուհի, ֆենոմեն, որը ճակատագրի բերումով երեք հայրենիք է տեսել. ծնվել է Թբիլիսիում, ինքնահաստատման քայլեր արել Հայաստանում, համաժողովրդականություն ձեռք բերել Մոսկվայում: «Երեք քաղաքակրթությունների խաչմերուկում այսօր Սեդա Վերմիշևան մեզ է ներկայանում պոետական, ազգային, հասարակական, քաղաքական իր հզոր վաստակով,- ասաց նա:- Բոլոր իր գրքերում հրապարակավ ու հպարտորեն հայտարարում է` ես հայուհի եմ: Ռուսալեզու մեծ գրականության մեջ մտնում է իբրև հայ և կարողանում է հայկականը ներմուծել ռուսական ժամանակակից պոեզիա` արձագանքելով իր երկրի պատմության բոլոր կարևոր իրադարձություններին»: «Սեդա Վերմիշևան ոչ միայն պոետ է, այլև Սեդա Վերմիշևա»,- բազմանշանակ ասաց գրող-հրապարակախոս Զորի Բալայանը` ներկայացնելով օրվա հերոսուհուն որպես մարդու, հայրենասեր կնոջ, հասարակական-քաղաքական գործչի: Բանաստեղծուհի Մետաքսեն նկատեց, որ թեև Սեդա Վերմիշևան մեծ գործեր է անում, բայց ապրում է զարմանալի անաղմուկ, հավասարակշռված, իր պոեզիայով տարածելով բարեկամություն, հայրենասիրություն և լավատեսություն: Բանաստեղծուհին առաջարկեց Սեդա Վերմիշևայի «Խռովահույզ քնքշություն» գիրքը ներկայացնել մրցանակի: Օրվա հերոսուհուն շնորհավորելու էր եկել նաև ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը: «Ամեն պետություն, պետության քաղաքացիներ տարբեր ժամանակահատվածներում տարբեր խնդիրներ ունեն,- ասաց նա:- Հայոց ժամանակը միշտ մի խնդիր ունի իր առջև դրված` լինել հայրենասեր: Դրանից է սկսվում ամեն մեծ գործ, պետականություն, ժողովրդի կազմավորում, հասարակության ձևավորում և այլն: Այդպիսին է մեր ճակատագիրը, մենք դատապարտված ենք լինելու հայրենասեր: Հայրենասեր լինել նշանակում է տեր լինել էս երկրին, չզանազանել մեծ ու փոքր հարցերը: Այս իմաստով Սեդա Վերմիշևան օրինակ է իր կյանքով ու պոեզիայով: Շատ դժվար է գրել «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում» զարմանալի հայրենասիրական գործը ու գրել արվեստով: Հայրենասիրության մասին պետք է գրել մեծ արվեստով, ոչ թե ամպագոռգոռ բառերով: Սեդայի մեջ անընդհատ առկա է այդ ընդերքային սերը, որ թանձրանում է ու ժամանակ առ ժամանակ վերածվում խոսքի»: Սոս Սարգսյանը խոստովանեց, որ փորձել է կարդալ Սեդա Վերմիշևայի բանաստեղծություններից, սակայն չի հաջողվել: «Բայց որ ուզում էի արտասանել, դա փաստ է,- ասաց սիրված դերասանը:- Խոսքս ավարտում եմ Սեդա Վերմիշևայի տողերով` «Դու այս երկրի տերն ես»։ Տա՛ Աստված, մենք բոլորս տեր կանգնենք մեր երկրին…»: «Խռովահույզ քնքշությամբ» էր ողողված նաև Սեդա Վերմիշևայի խոսքը. սեր, ջերմություն, շնորհակալություն և դարձյալ տագնապ իր երկրի այսօրվա ու վաղվա համար:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ