Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

ԾԱՆՐՔԱՇԱՅԻՆՆԵՐԻ ԳԻՇԵՐ ՀԵԼՍԻՆԿԻՈՒՄ

ԾԱՆՐՔԱՇԱՅԻՆՆԵՐԻ ԳԻՇԵՐ ՀԵԼՍԻՆԿԻՈՒՄ
06.12.2011 | 00:00

Դեկտեմբերի 3-ի երեկոյան հազար լճերի երկիր Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում պրոֆեսիոնալ բռնցքամարտի մեծ տոն էր, մասնավորապես` ծանրքաշային բռնցքամարտիկների մասնակցությամբ, ինչն էլ համաշխարհային լրատվամիջոցներին մղել էր ասելիքի մեջ լինել պոետիկ ու այն որակել որպես ծանրքաշայինների գիշեր: Մարտերից անդրադառնանք երեքին, որոնցում խաղարկվեցին չեմպիոնական գոտիներ, թեպետ մնացածներն էլ անցան բացառիկ լարվածության պայմաններում` գեղեցիկ ու անմոռանալի պահեր պարգևելով այս մարզաձևի բազմամիլիոն սիրահարներին:
Ամերիկուհի Կուպիհեայի հետ մրցամարտում կոլումբիական ծագումով նորվեգուհի Բրեկհուսը (ի դեպ, այս երկրում կանանց արգելված է պրոֆեսիոնալ բռնցքամարտով զբաղվել) խաղարկության էր դրել երեք վարկածով աշխարհի չեմպիոնության իր երեք գոտին: Ստացվեց աներևակայելի լարված մարտ, ու թեպետ Կուպիհեան ամեն ինչ արեց մրցակցին աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսից զրկելու համար, սակայն Սեսիլիան վերահաստատեց իր բարձր կարգը` վերջին` տասներորդ ռաունդում կարողանալով հաղթանակ տոնել տեխնիկական նոկաուտով:
Կողմնակի մանրամասն, սակայն մեզ համար` բավականին հաճելի. մարտի մեկնաբանության մեջ, նկատի ունենալով ոչ միայն դրա բացառիկ դիտարժանությունն ու բարձր տեմպայնությունը, հիշատակվեց նաև աշխարհի չեմպիոն մեր հայրենակից Սյուզի Կենտիկյանը` որպես մոլորակի ուժեղագույն մարզուհիներից ու գեղեցկուհիներից մեկը:
Եթե վերը հիշատակված մարտը, այսպես ասած, պլանային էր, ապա աշխարհի չեմպիոն ռուս Ալեքսանդր Պովետկինն ամերիկացի Սեդրիկ Բոսվելի հետ կամավոր էր ելել չեմպիոնական գոտին պաշտպանելու: Հիշեցնենք, որ երեսուներկուամյա մարզիկը չեմպիոնական իր մարտն ընդամենը մի քանի ամիս առաջ էր ունեցել` Ռուսլան Չագաևին հաղթելով այն բանից հետո, երբ Վլադիմիր Կլիչկոն հռչակվել էր բացարձակ չեմպիոն, ու WBA վարկածով աշխարհի ուժեղագույնի տեղը մնացել էր թափուր: «Սպիտակ Թայսոն» մականունով ռուս բռնցքամարտիկը հույսի շող իսկ չթողեց մրցակցին` վերահաստատելով, որ գերծանրքաշային կարգում համաշխարհային բռնցքամարտում շարունակվում է սպիտակամորթ բռնցքամարտիկների ժամանակաշրջանը: Պովետկինը մարտը շահեց բացահայտ առավելությամբ` արդեն ութերորդ ռաունդում խոր նոկաուտի ենթարկելով քառասուներկուամյա մրցակցին ու անիրականանալի թողնելով գոտին Ամերիկա տանելու «Ամերիկայի հույսի» (սա նրա` Բոսվելի, «համեստ» կարծիքն է սեփական անձի մասին) երազանքը:
Անվիճելի է, որ քաշային այս կարգում աշխարհն անհամբեր սպասում է Կլիչկո-Պովետկին մենամարտին, քանի որ ներկա պահին այս զույգը մրցակիցներից առանձնանում է բացարձակ գերազանցությամբ, ինչն իր արտահայտությունն է գտել նաև համաշխարհային դասակարգման աղյուսակում: Սակայն այստեղ կա մի նուրբ խնդիր. օգտվելով բացարձակ չեմպիոնի իր առավելությունից` ուկրաինացի մարզիկն ի՛նքն է որոշում ապագա մրցակցին, իսկ Պովետկինի հետ Կլիչկոյի պարտադիր մրցամարտի վերջնաժամկետը լրանում է… 2013-ի մարտին: Կկամենա՞ ռուսին, նրա այս պատրաստվածության մակարդակում, Վլադիմիրն ավելի շուտ ունենալ որպես մրցակից, ցույց կտա ժամանակը: Ավելացնենք նաև, որ Պովետկին-Բոսվել մարտից գրեթե անմիջապես հետո մեկ այլ վարկածով աշխարհի չեմպիոն, գերմանացի Մարկո Խուկը ցանկություն է հայտնել միավորիչ մարտ ունենալու ռուս բռնցքամարտիկի հետ, և արդեն իսկ հայտնի է մենամարտի անցկացման ժամկետը` 2012 թվականի փետրվար:
Չեմպիոնական երեք գոտի ու Եվրոպայի բացարձակ չեմպիոնի տիտղոսն էին խաղարկվում անգլիացի Դերեկ Չիսորայի ու «Հյուսիսային մղձավանջ» մականունն ունեցող ֆինն Ռոբերտ Հելենիուսի մրցամարտում: Առաջ անցնելով ասենք, որ այն իր բացառիկ լարվածությամբ, դրամատիզմով, բարձր տեմպով ու կոնտակտայնությամբ հաճելիորեն հիշեցրեց անցած դարի յոթանասունականների մարտերը, որոնք առանձին դրվագներով նմանվում էին գլադիատորական պայքարի: Ծագումով Զիմբաբվեից Չիսորան աշխարհին պիտի ապացուցեր, որ իր կարգով բարձր դիվիզիոնի բռնցքամարտիկ է, և որ ամիսներ առաջ իրենից հանիրավի են խլել Վլադիմիր Կլիչկոյի հետ չեմպիոնական մարտ վարելու իրավունքը, թեպետ այն իրողություն կարող էր դառնալ միայն մեկ այլ անգլիացու` Դևիդ Հեյի հրաժարվելու պարագայում, ուստիև դիտարկվում էր որպես պահեստային տարբերակ (ինչպես գիտեք, Հեյը չհրաժարվեց պայքարից ու պարտվեց):
Չիսորան Հելենիուսի հետ պայքարում իսկապես բացառիկ որակներ դրսևորեց, և, հանուն ճշմարտության պիտի խոստովանել, որ խոշոր հարց էր` Եվրոպայի բացարձակ չեմպիոնն իսկապե՞ս կպահպաներ ունեցած երեք գոտին, եթե մարտը չանցկացվեր նրա հայրենիքում:
Ծանրքաշայինների ահա այսպիսի զարմանալի գիշեր էր դեկտեմբերի երեքին Ֆինլանդիայում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1475

Մեկնաբանություններ