Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

ԵՎ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՔԱՆԻ՞ ՄԱՐԶԻԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԿԼԻՆԵՆՔ ԼՈՆԴՈՆՈՒՄ

ԵՎ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՔԱՆԻ՞ ՄԱՐԶԻԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԿԼԻՆԵՆՔ ԼՈՆԴՈՆՈՒՄ
04.11.2011 | 00:00

Նոյեմբերի 5-ից Փարիզում մեկնարկող ծանրամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունը բավականին ծանր քննություն է լինելու տղամարդկանց ու կանանց մեր ընտրանիների համար:
Խնդիրը միայն առաջնությունում մեդալներ նվաճելը չէ, որն ուղղակի հավաստումն է լինելու միջազգային մրցասպարեզում մեր մրցունակության ու գերակա դիրքերի պահպանման, այլև առաջիկա օլիմպիական խաղերին մասնակցության համար օդի ու ջրի պես անհրաժեշտ է վարկանիշային միավորներ ձեռք բերելը:
Հիշեցնենք, որ վարկանիշայինի արժեք ունեցող աշխարհի նախորդ առաջնությունում (Թուրքիա, 2010 թ.) մեր կանանց ընտրանին արդարացրեց հույսերը` կարողանալով տեղ գտնել լավագույն իննյակում ու սկզբի համար հաստատել «Լոնդոն-2012»-ում չորս մարզուհիներով մասնակցելու իր հավակնությունները (սա օլիմպիադայում կանանց համար սահմանված առավելագույն թվակազմն է): Փոխարենը տխրեցրեց տղամարդկանց հավաքականը` հայտնվելով տասնութերորդ հորիզոնականում, ինչն ակնհայտ ձախողում էր: Ճիշտ է, Տիգրան Գևորգի Մարտիրոսյանի ոսկին «ջրեց» շատ բան, այդ թվում և` մռայլ տրամադրությունները, սակայն ոլորտի ֆունկցիոներների համար թիմի ամբողջական մասնակցությունը պիտի որ լուրջ ահազանգ լիներ, ինչի մասին նույն այդ առաջնության տաք հետքերով մենք մեր պարտքը համարեցինք զգուշացնել: Խնդրի ծավալումը թողնելով հետոյին` արդ տեսնենք, թե փարիզյան մրցահարթակում ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ մեր ընտրանիներից, և մեր մարզիկների համար որքանով է ներկայացուցչական լինելու Լոնդոնի օլիմպիադան:
Սկսենք տղամարդկանց ընտրանուց:
69 կգ քաշային կարգում մենք ներկայացված ենք սամաղարցի Վանիկ Ավետիսյանով ու քասախցի Սամվել Գրիգորյանով, երկուսի համար էլ պատվիրվել է նույն նախնական քաշը: Դատելով մրցաշարերում մինչև այժմ մեր մարզչական կորպուսի վարած մարտավարությունից` այն նախնական պատվերի մեջ մարզիկների կողմից բարձրացվելիք առավելագույն քաշն է նշում: Ասել է թե` եթե Վ. Ավետիսյանն ու Ս. Գրիգորյանը հաջողացնեն լիարժեք օգտագործել իրենց վեց մոտեցումներն էլ, կարող ենք ակնկալել երկամարտի 330 կգ արդյունք: Մի կողմ թողնելով վեց մոտեցումներն էլ արդյունավետ օգտագործել կարողանալու հնարավոր փաստը (վերջին տարիներին մենք նման բան մեր մարզիկների կողմից ինչ-որ չենք հիշում), կարո՞ղ են այդ կիլոգրամները բավարար լինել մեդալ ձեռք գցելու համար: Ակնհայտորեն` ոչ: Այսպես ենք ասում` նկատի ունենալով նրանց մրցակիցների նախնական պատվերները: Մեր ծանրորդներն այս արդյունքով լավագույն դեպքում կարող են հայտնվել 5-7-րդ հորիզոնականներում` պայմանով, որ մրցակիցները չեն ձախողի իրենց մրցելույթը:
Հարց. բավարար կարելի՞ է համարել այս արդյունքը:
Պատասխան. «Լոնդոն-2012»-ի համար թիմին հաշվարկային միավորներ բերելու առումով` միանշանակ` այո, մեդալ չունենալու հեռանկարի կտրվածքով` միանշանակ` ոչ, սակայն այս քաշային կարգում այս է այսօրվա իրողությունը, որի հետ, ուզենք, թե չուզենք, պիտի հաշվի նստենք:
Հաջորդ քաշային կարգը, որ Տիգրան Մարտիրոսյանն իր կայուն մրցելույթների շնորհիվ գրանցումով դարձրել է հայկական, շատ ավելի շահավետ է ներկայանում: Այստեղ աշխարհի մեր գործող չեմպիոնը նախնականի համար պատվիրել է 370 կիլոգրամ: Նույնն են պատվիրել նաև նրա թիմակից Առաքել Միրզոյանն ու չին Լյու Քսայոյունը: Եթե այս 370-ը մեր երկու մարզիկների համար էլ իսկապես ռեալ հաշվարկի արդյունք է, կնշանակի այստեղ ունենալու ենք երկու մեդալ` սկսած ցանկալի ոսկուց:
Սակայն չենք կարծում, որ այստեղ իրականում ամեն ինչ այդպես հարթ է:
Եթե Տիգրան Մարտիրոսյանի պարագայում այն «մարսված» քաշ է (Անթալիայի աշխարհի վերջին առաջնությունում նա հաղթել է երկամարտի 373 կիլոգրամով), ապա Առաքել Միրզոյանի դեպքում խնդիրը փոքր-ինչ այլ է: Նախ մեր շնորհալի այս երիտասարդը երկու տարուց ավելի է, ինչ վնասվածքի պատճառով բացակայել է մեծ մրցահարթակից (ի դեպ, նույն պատճառով մեծ մրցահարթակից շուրջ մեկ տարի բացակայել է նաև մեր աշխարհի չեմպիոնը), բացի այդ, առաջին անգամ է հանդես գալիս իր համար այս նոր քաշային կարգում, ուստի կարող են ի հայտ գալ հոգեբանական բնույթի հարցեր: Եթե Առաքելի մարզչին` Հոկսեն Միրզոյանին, իսկապես հաջողվել է որդուն նախապատրաստել նման քաշի, ուրեմն, փառք նրան որպես մարզչի, որովհետև յուրաքանչյուր միավորի կողքին մեդալն ավելի քան տեղին կլինի թե՛ հավաքականի, թե՛ մեզ, թե՛ մարզիկի համար: Իսկ թե ինչո՞ւ է Առաքել Միրզոյանի առնչությամբ մեր այս վերապահումը, պատճառը պարզ է. սովորույթի համաձայն նա պարապում է հավաքականից անջատ (մարզիկի համոզմամբ` օլիմպիական չեմպիոնից ավելի գիտելիքներ ո՞վ կարող է տալ), թիմային ընդհանուր տրամաբանությունից դուրս, և նրա պատրաստվածության մասին մենք տեղեկություն պարզապես չունենք, այդ թվում` հավաքականի գլխավոր մարզչի կտրվածքով:
Ի դեմս Ռուբեն Ալեքսանյանի ու Հայկ Հակոբյանի, գերծանր քաշային կարգում մեր ընտրանին նույնպես կունենա երկու ներկայացուցիչ: Եթե առաջինի համար նախապես հայտավորվել է 430 կգ (ցուցանիշն այս կարող է ապահովել 7-9-րդ տեղեր), ապա Հայկի 400 կիլոգրամը երաշխավորում է 20-24-րդ արդյունքը:
Իմանալով Ռուբեն Ալեքսանյանի հզոր պոտենցիալը` դժվար է հավատալ, որ մեր հսկան այդ 7-9-րդ տեղերի հաշվարկով է մեկնել աշխարհի առաջնություն: Եթե նա կարողանա հոգեբանորեն իր մեջ հաղթահարել վնասվածքների պատճառով մեծ մրցահարթակից ունեցած երկու տարվա հարկադիր բացակայության հետևանքներն ու մի քիչ էլ լինի հաջողակ, ապա նա մեզ մեդալով ու հավաքականին էլ ավելի ծանրակշիռ միավորներով կուրախացնի անվիճելիորեն: Եվ հետո, եկեք չմոռանանք ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի այն ասածը, որ հրում վարժությունում առաջին մոտեցումից հետո (երբ երկամարտում ապահովված կլինի դրական ելք) Ռուբեն Ալեքսանյանը կփորձի խառնվել պոկում վարժության փոքր ոսկու համար պայքարին: Եթե հաշվի առնենք, որ ֆեդերացիայի նախագահը մեր ծանրորդի համար պոկում վարժությունում գոհացուցիչ է համարում 185-190 կիլոգրամը (Ռուբենի ուսի վնասվածքը, այնուամենայնիվ, զգալ է տալիս), ապա հրում վարժությունում ոսկու համար բարձրացվելիք քաշը ոչ մի կերպ չի կարող ենթադրել երկամարտի 430 կգ արդյունք, որովհետև դժվար է հավատալ, որ ոսկին այստեղ կարող է կշռել «ընդամենը» 240 կիլոգրամ:
Թիմայինի կտրվածքով դառնալով բուն ասելիքին, ինչպես տեսնում ենք, տղամարդկանց ընտրանու մասնակցության հարցում անհանգստանալու աստիճանի շատ են «եթե»-ները, և մենք լուրջ խնդրի առաջ ենք կանգնած` ապագա օլիմպիական խաղերում մեր ունեցած նախնական չորս տեղը (առավելագույնը վեցն է) ևս մեկ մարզիկով ավելացնելու հարցում: Խնդիրը մեզ համար նկատելիորեն բարդացել է նաև նախապատրաստական փուլում Արա Խաչատրյանի ստացած վնասվածքից հետո, ինչը ցավալի կորուստ էր, իսկ Արան մարզիկ էր, ով հաստատապես ոչ միայն բարձր միավորներ կարող էր բերել, այլև մեդալ:
Դառնանք կանանց ընտրանուն:
2009 թվի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի ցավալի բացակայության պայմաններում (մեր գեղեցկուհուն մաղթենք շուտափույթ առողջություն) արդեն երկու տարի մեծահասակների մրցահարթակում մեր հարվածային ուժը մնում է Մելինե Դալուզյան-Հռիփսիմե Խուրշուդյան զույգը: Իրողությունների հաջող զարգացման դեպքում նրանցից մենք միանգամայն օրինաչափորեն իրավունք ունենք մեդալային ելույթ ակնկալելու: Տեղեկացնենք, որ Մելինեի համար պատվիրված նախնական քաշը 250 կիլոգրամ է (ընդամենը մեկ կիլոգրամով պակաս Թայբեյի ներկայացուցչի պատվերից), Հռիփսիմեինը` 280 կգ (սա երրորդ արդյունքն է): Բայց թե Մելինեի ու Հռիփսիմեի հավաքած միավորներով ինչպե՞ս ենք պահպանելու նախորդ առաջնությունում ձեռք բերած դիրքերը, գրեթե անհավանականության ոլորտից ներկայացող հարց է, որովհետև հավաքականի մեր մյուս աղջիկներից` գերծանրքաշային Նաիրա Հարությունյանից ու 53 կգ քաշային Իզաբելա Յայլյանից հաշվարկային միավորներ պահանջելն այնքան էլ ռեալ չէ: Վկան` նրանց համար պատվիրված նախնական քաշերը (առաջինի համար` 225, երկրորդի համար` 175 կգ), որոնք համապատասխանաբար կարող են ապահովել 26-28-րդ և 33-րդ տեղերը (միավոր բերող վերջին տեղը 25-րդն է):
Ահա այսպիսի ծանր առաջնություն օլիմպիական խաղերի նախաշեմին։ Եվ որքա՜ն լավ կզգայինք մեզ, եթե Փարիզից հետո փաստեինք, որ մեր հաշվարկներում կոպտորեն սխալվողը հենց մենք ենք եղել:
Հավատացեք` դա կանեինք բացառիկ ուրախությամբ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1443

Մեկնաբանություններ