ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

ՅՈԹ ՕՐԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ՅՈԹ ՕՐԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
22.04.2011 | 00:00

(սկիզբը` նախորդ համարում)
ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ
Հիսուսի չարչարանքների ու խաչելության խորհուրդն է (Մատթ., ԻԷ, 32-44, Մարկ., ԺԵ, 21-32, Ղուկ., ԻԳ, 26-43, Հովհ., ԺԸ, 17-27):
Ավագ ուրբաթը նախ և առաջ կարևոր է մարդաբանական տեսակետից, քանի որ շաբաթվա վեցերորդ օրն է` մեկշաբթիով, այսինքն` կիրակիով հաշվված, իսկ շաբաթվա վեցերորդ օրը, հիշենք, որ Աստված ստեղծեց մարդ արարածին: Այսինքն` Հիսուսի` Աստծո Որդու Խաչելությամբ, մարդաստեղծման նույն օրը Աստված Նոր կտակարանի հիմքը դրեց Իր Նոր զատիկով, որով մարդու համար հոգևոր ճանապարհ բացեց դեպի արքայություն:
Ավագ ուրբաթ օրվա խորհրդաբանական շատ վկայություններ կան, այն, որ ուրբաթ նշանակում է մարդու կազմություն, մարդաստեղծում, նաև` բոթ: Այն, որ Հին զատիկը նույնպես նույն օրը եղավ:
Քրիստոնեական Նոր զատիկի իմաստն իսկ սկսվում է Ավագ ուրբաթից: Այն, որ Քրիստոս մեր մեղքերի պատճառով և մեր փոխարեն չարչարվեց ու խաչվեց: Գրիգոր Նարեկացին իր մատյանի ՀԷ(77)-րդ գլխում խոստովանում է, թե հենց այս նույն` ահեղ (ավագ) ուրբաթ օրը Մատյանի այդ գլուխը երկյուղածորեն գրեց, թե Տերն ինչպես իր` Գրիգորի փոխարեն ևս չարչարվեց ու խաչվեց, որ նշանակում է, թե յուրաքանչյուր նախախնամ հավատացյալի համար ևս, նաև` մեր.
«Այդժամ կանգնեցիր ատյանի առաջ` Քո ստեղծածի` իմ նմանությամբ,
ո՛չ խոսեցիր, որ տվիչն ես Բանի,
ո՛չ բարբառեցիր` հաստողդ լեզվի,
ո՛չ ձայն հանեցիր` սասանիչդ երկրի...
ո՛չ Քեզ կապելիս դիմադարձեցիր,
և ո՛չ նեղացար ապտակողներից,
ո՛չ թշնամացար նրանց դեմ, ովքեր թքեցին վրադ,
ո՛չ խռովեցիր, երբ բռունցքներով ծեծում էին Քեզ,
ո՛չ նեղսրտեցիր, երբ կատակեցին,
ո՛չ էլ երեսիդ վրդովմունք իջավ, երբ վարվում էին ծաղր ու ծանակով»:
Քրիստոսի խաչելությունը և Հայոց եղեռնը Իմաստուն մարդիկ իրավացիորեն նույնակա են դիտում: Եվ Նարեկացու խոսքը բնական է հնչում եղեռնով խաչված հայերիս համար էլ: 1915 թվականին հայությունը խաչվեց իր Տիրոջ ու Փրկչի նման, բնականաբար, մի օր պիտի լինի խաչված Հայոց ազգի հարությունը ևս:
«Քսան երկար ու ձիգ դարեր են անցել Գողգոթայից մինչեւ մեր օրերը, և, ավա՜ղ, խաղաղության ու սիրո ՈՒսուցչի աստվածաշունչ խոսքը շարունակում է մնալ որպես «ձայն բարբառոյ յանապատի,- ասում է մեծ Նժդեհը, սակայն և ավելացնում.- մենք հավատում ենք՝ Գողգոթայէն հետո Հարությո՛ւն կա։ Եվ արդա՛ր է մեր հավատքը»։
ԱՎԱԳ ՇԱԲԱԹ
Հիսուսի թաղման և գերեզմանի մեծ քարով փակման օրն է (Մատթ., ԻԷ, 57-66, Մարկ., ԺԵ, 42-47, Ղուկ., ԻԳ, 50-56, Հովհ., ԺԹ, 38-42):
Հովսեփ Արիմաթացին Հիսուսի մարմինը դնում է մոտակայքում գտնվող այն գերեզմանում, որի մասին ավանդությունը վկայում է, թե Հովսեփն իր համար էր նախապատրաստել, որ, երբ մահանա, այդ գերեզմանում թաղեն: Եվ Հովսեփի հետ եղող Հիսուսին թաղողները մի մեծ քար գլորելով գերեզմանի անցքին` որպես կափարիչ, հեռանում են:
Շաբաթ օրը Աստծո կարգած հանգստյան օրն է, և ասվում է, թե` Տիրոջ մարմինն Իր կարգած հանգստյան օրն իսկ գերեզմանում հանգստացավ: Այդպես` մահվամբ էլ լիարժեքորեն կատարելով օրենքը: Եվ ողջ մարդկության մեջ միակին, որ ողջ օրենքը սրբությամբ պահեց, հրեաների պաշտոնյաները ժողովրդին գրգռելով և կուսակալից մահապատժի իրավունք պահանջելով` ի վերջո սպանեցին, և օրենքը Հաստատողին ու Կատարողին սպանեցին որպես օրինազանցի: Գերեզմանի առջև հրեաները լավ զինված պահապան զինվորներ կարգեցին, կարծելով, թե մարմինն աշակերտները գուցե գողանան և հայտարարեն, թե Հարություն է առել, քանի որ նրանք գիտեին թե՛ մարգարեական նախաձայնությունները Տիրոջ հարության մասին, թե՛ Տիրոջ խոսքը, թե՛ որ պիտի երրորդ օրը հարություն առնի և որ Հիսուս կարող էր հարություն առնել, այդ գիտեին նաև Ղազարոսի հարությամբ, ում Հիսուս հառնեցրեց մեռելներից, այդ բանի համար էլ` զինված պահապաններ կարգեցին, պատճառաբանելով, թե` աշակերտները մարմինը կգողանան:
ԿԻՐԱԿԻ
Մեր փրկչի հարությունը.
«Նրա համար է իմ Հայրն ինձ սիրում, որ ես իմ կյանքն եմ տալիս, որպեսզի վերստին այն առնեմ: Այն ինձնից ոչ ոք չի վերցնի, այլ ես ինքս եմ տալիս. իշխանություն ունեմ իմ կյանքը տալու և իշխանություն ունեմ վերստին այն առնելու. այս պատվերը իմ Հորից ստացա» (Ավետարան ըստ Հովհաննեսի):
Ասել է` եթե հակադրման հարկ լիներ, ամբողջ աշխարհն էլ Հիսուսին չէր կարող խաչել: Վերստին հիշենք, թե Աստված Հին զատիկի ժամանակ ինչ խայտառակ պարտության մեջ դրեց եգիպտացիներին: Հիսուս Իր կամքով թույլ տվեց Իր հանդեպ բոլոր գազանությունները` իր կյանքը հավատացողների համար դնելով, իշխանությամբ դնելով և իշխանությամբ հետ առնելով, արդեն` հավիտենական կյանքով Հարությամբ, այդպես իսկ պարտության մատնելով սատանայական ուժերին ու նրանց պարծանք մահին: Այդ նպատակի համար էր Հորից առաքված աշխարհ և Իր հանձնառած ծրագիրը լավագույնս իրագործեց բոլոր Իրեն հավատացողներիս համար: Եվ Նրա թշնամիները պարզապես դարձան ու դառնալու են Նրա ոտքերի պատվանդանը, ինչպես Դավթի սաղմոսում է ասվում. «Տերն ասաց իմ Տիրոջը՝ նստի՛ր իմ աջ կողմը, մինչև որ քո թշնամիներին ոտքերիդ տակ իբրև պատվանդան դնեմ»:
Նոր զատիկը բոլոր ժամանակներին էր հասցեագրված` անցյալներին և ապագաներին, բոլոր սրբանվեր աստվածապաշտներին: Մարմնի մահով Հիսուս իջավ դժոխք և այնտեղից ազատելով վեր հանեց բոլոր արդարների հոգիները, որոնք, ըստ Հին զատկի տկարության, բացի Աբրահամի նման հատուկենտ արդարներից, դժոխքում էին: Այդ մասին Դավիթն իր Սաղմոսարանում ասում է. «...ինձ նորոգեցիր Քո՛ բժշկությամբ: Դո՛ւ ինձ հանեցիր դժոխքի խորքից, և փրկեցիր ինձ ձեռքերից չարի» (Սաղմոս 29):
Տիրոջ Հարությունը բացեց այնկողմնային կյանքի վարագույրը, խոստմամբ, որ Քրիստոսին ովքեր ընդունելով են Աստվածահավատ, պիտի մի օր Տերը նրանց էլ հարության արժանացնի` այլևս Իր Թագավորության մեջ ապրելու համար: Բոլոր սրբերը, անգամ նրանցից ամենամեծերը միայն կարող են իրենց վարքերով քաջալերել մեզ, բայց անկարող են փրկել մեզ մեղքերից, անգամ նրանց միագումարը չի կարող հավասարվել Աստծո Որդուն` Իր մարդասիրությամբ, խղճմտանքով և ամեն պահ մեր աղոթքներին ի պատասխան մեզ օգնելով, Իր զոհագործությամբ մեղքի աշխարհից մեզ գնելով, որպեսզի արժանացնի Հավիտենական Իր Թագավորությանը:
Եվ Հարության «Նույն կիրակի օրվա երեկոյան աշակերտները հավաքված էին մի տան մեջ, որի դռները փակված էին հրեաների վախի պատճառով: Հիսուս եկավ, կանգնեց նրանց մեջտեղն ու նրանց ասաց. «Խաղաղությո՜ւն ձեզ»: Այս ասելով՝ նրանց ցույց տվեց իր ձեռքերը և կողը. և աշակերտներն ուրախացան, երբ տեսան Տիրոջը: Նա դարձյալ նրանց ասաց. «Խաղաղությո՜ւն ձեզ. ինչպես իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ուղարկում եմ ձեզ»: Երբ այս ասաց, նրանց վրա փչեց և ասաց. «Առե՛ք Սուրբ Հոգին: Եթե մեկի մեղքերը ներեք, նրան ներված կը լինի. եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի լինի»:
ՈՒստի և Տիեզերքի մեջ ամենալուսավոր, ամենաբնական ու ամենաբանական հավատն է քրիստոնեությունը, որ կենդանի ուսմունք է Աստծո արքայության և արդարության մասին, և այդ լուսավոր հավատի աղբյուրից կենդանի իմաստությամբ շնորհավորենք միմյանց ասելով.
-Քրիստոս հարյավ ի մեռելոց:
Եվ պատասխանենք.
-Օրհնյա՜լ է Հարությունը Քրիստոսի:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1289

Մեկնաբանություններ