Ռուսաստանը փորձարկում կանցկացնի օտարերկրացիների նկատմամբ մուտքի պահին կենսաչափական տվյալներ հանձնելու առումով՝ հայտնել է Թվային զարգացման նախարարությունը։ Մուտք գործող օտարերկրացիներից կպահանջվի մի քանի անցակետերում կենսաչափական տվյալներ (դեմքի պատկեր և մատնահետքեր) ներկայացնել: Փոփոխությունները չեն տարածվի Բելառուսի քաղաքացիների, մինչև վեց տարեկան երեխաների և դիվանագետների վրա:                
 

«ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆ ՄԵԿԸ ՉԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ»

«ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆ ՄԵԿԸ ՉԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ»
07.06.2011 | 00:00

Աբովյանի մարզաբազայում հանգրվանած մեր պատանեկանը (1994-1996 թվականների ծնվածներ) ընթացիկ տարում թե՛ երկու ուսումնամարզական հավաք է անցկացրել, թե՛ հանրապետական առաջնություն, թե՛ միջազգային մրցաշար: Ի դեպ, տղաները Թբիլիսիում շատ լավ են հանդես եկել, վերադարձել են երկու ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալով: Հաղթողներ են դարձել Վահիկ Մատինյանն ու Ռոբերտ Շավելյանը (մինչև 42 և 54 կգ քաշային կարգեր), մեդալակիրներ` Գոռ Գրիգորյանը, Յաշա Հակոբյանն ու Տիգրան Մնացականյանը (մինչև 58, 54, 63 կգ քաշային կարգեր):
-ՈՒսումնամարզական հավաքից հետո կմեկնենք Վանաձոր, կմասնակցենք մարշալ Բաղրամյանի անվան մրցաշարին,- ասում է հավաքականի ավագ մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՆՅԱՆՑԸ։ Հաջորդն Իրանում կայանալիք միջազգայինն է: Հատկապես այս վերջինը տղաների համար կլինի լուրջ քննություն, որովհետև մասնակցելու են Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի ուժեղագույն հավաքականները, միջինասիական երկրների ընտրանիները, և պարզ կդառնա, թե տղաներից ովքեր են մեկնելու Եվրոպայի ու աշխարհի առաջնություններ:
-Որքան գիտեմ, երկու առաջնությունների միջև ընկած ժամանակային հատվածը բավականին փոքր է: Ինչո՞ւ է այդպես ստացվել, և ինչպե՞ս եք վարվելու:
-Պատանիների մեջ աշխարհի առաջնություն առաջին անգամ է անցկացվում, ու թերևս կազմակերպիչների բացթողումն է, որ երկու հեղինակավոր առաջնություններ իրար են հաջորդելու տասնօրյա ժամանակային կտրվածքով: Հիմա փաստը սա է, և միակ բանը, որ կարող ենք անել ստեղծված իրավիճակում, սկզբունքորեն երկու հավաքական նախապատրաստելն է, որովհետև կա վերականգնվելու խնդիր, վնասվածք ստանալու խնդիր, հարակից այլ հարցեր: Դժվար է լինելու, բայց միայն մենք հո չե՞նք: Խնդիր ունենք լուծելու` պիտի լուծենք:
-Այսինքն, մեդալներ ենք ունենալու:
-Կարծում եմ` և՛ Լեհաստանի եվրոպական, և՛ Հունգարիայի աշխարհի առաջնությունից: Համենայն դեպս, պատրաստվում ենք այդ նպատակադրմամբ:
-Ի՞նչ սկզբունքով է կոմպլեկտավորվել հավաքականը:
-Բնականաբար, հանրապետության առաջնության արդյունքներով, սակայն սա ոչ մեկի համար էլ չի նշանակում երաշխավորված տեղ հավաքականում: Ինչ խոսք, չեմպիոնը մնում է չեմպիոն, սակայն շատ բան կասեն և միջազգային մրցաշարերը: Այնպես որ, ոչ ոք իրեն թուլանալու իրավունք չի կարող վերապահել:
-Իսկ ընտրանու ներսում մրցակցությունը մե՞ծ է:
-Յուրաքանչյուր քաշային կարգում ունենք հավասարազոր պատրաստված երկու-երեք մարզիկ, ու սա` գրեթե առանց բացառության:
-ՈՒզում եմ անկեղծորեն պատասխանեք` ո՞րն է պատճառը, որ մեր ազատ ոճայինները չունեն հունահռոմեականների հաջողությունը:
-Երևի նրանց մարզիչներն ավելի լավ են աշխատում:
-Չեմ կարծում, թե ամբողջական պատասխան էր:
- Վստահ եղեք, որ շատ չենք ուշանա: Մենք էլ ենք կամաց-կամաց ձգվում:
-Ի հաշիվ լեգեոներների:
-Նաև` ի հաշիվ նրանց ու նրանց բերած փորձի: Ազատ ոճի ըմբշամարտը ծանր մարզաձև է, վնասվածքները շատ են այստեղ, փորձությանը շատերը չեն դիմանում: Ի՞նչ ասեմ, բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ կան: Հիմա մենք Եվրոպայի ու աշխարհի առաջնություններ ենք տանելու տեխնիկապես, տակտիկապես, ֆիզիկապես պատրաստված տղաների, սակայն նախապես մեջս տագնապ կա` չլինի՞ թե հենց առաջին գոտեմարտում ծնկենք, զորօրինակ, Ռուսաստանի ներկայացուցչի դեմ:
-Ինչո՞ւ:
-Որովհետև իմ 16-17 տարեկանի դեմ հանելու են տարիքն առնվազն երկու տարով փոքրացրածի, իսկ գիտե՞ք, որ թեկուզ մի տարվա տարբերությունն ինչ է նշանակում մարդու ֆիզիկապես կազմավորվելու փուլում:
-Է, հա՜, դա պատանեկանում…
-Եկեք թեմայից դուրս չխոսենք, բայց և չմոռանանք, որ հաղթողի հոգեբանությունը, բնավորությունը կերտվում են այս տարիքից: Կոտրվել կա, բան կա: Փորձությունն ամեն մեկը չի հաղթահարում: Հեշտ չէ:
-Ձեր ասած դժվարը ադրբեջանցիների համար դժվար չէ՞, որ հսկա քայլերով են առաջ շարժվում:
-Ի հաշիվ դաղստանցիների՞:
-Ի՞նչ է ստացվում, քիչ առաջ ասում էիք, թե մեդալների հավակնություն ունենք աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից:
-Հիմա էլ եմ ասում:
-Սպասենք հաջող վերադարձին` զրույցը շարունակելու նախապայմանով:
-Չկասկածեք հաջողությանը, իսկ զրույցի միշտ էլ պատրաստ ենք:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ


Դիտվել է՝ 1729

Մեկնաբանություններ