Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՆ ՄՈՏ Է ԵԶՐԱԳԾԻՆ

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՆ ՄՈՏ Է ԵԶՐԱԳԾԻՆ
16.03.2012 | 00:00

Երեքշաբթի-չորեքշաբթի տեղ ունեցած չորս խաղերից հետո հայտնի դարձան Չեմպիոնների լիգայի մեկ քառորդ եզրափակիչ դուրս եկած ութ թիմերը: Թե իսպանական «Բարսելոն» ու Մադրիդի «Ռեալ», իտալական «Միլան», անգլիական «Չելսի», Կիպրոսի «ԱՊՕԵԼ», գերմանական «Բավարիա», ֆրանսիական «Մարսել», պորտուգալական «Բենֆիկա» ակումբներն ինչ զույգեր կկազմեն, ցույց կտա այսօր կայանալիք վիճակահանությունը:

ԹԵՊԵՏ «ԻՆՏԵՐԸ» ՀԱՂԹԵՑ, ԱՅԴՈՒՀԱՆԴԵՐՁ, ՊԱՐՏՎԵՑ

Այդ պարտությունը եղավ ի հաշիվ մրցակցի դաշտում 0:1 հաշվով տանուլ տված խաղի: Պատասխան հանդիպումում իտալական թիմը պարտադրված էր «Մարսելի» նկատմամբ առավելության հասնելու երկու գնդակի տարբերությամբ: Պահանջվող երկու գնդակը խփվեց, սակայն սեփական դարպասն էլ ընդունվեց մեկը: 2:1 հաշվով հաղթանակը, հարկավ, թույլ սփոփանք է «Ինտերի» համար, որովհետև հարկադրված է արդեն իսկ այս փուլից լքելու Չեմպիոնների լիգան, սակայն, մյուս կողմից էլ, հույսեր է ներշնչում, որ թիմը տևական անհաջող ու անկայուն մրցելույթներից հետո կարծես գտնում է իր դեմքը: Համաձայնենք, որ, առանց ուժեղ «Ինտերի», եվրոպական ֆուտբոլի գունային ներկապնակում անչափ կարևոր մի գուներանգ, այնուամենայնիվ, պակասում է:
Ինչ վերաբերում է «Մարսելին», քառորդ եզրափակիչ դուրս գալը, անկասկած, մեծ հաջողություն է, քանզի թիմն իր պատմության մեջ երբեք այսքան առաջ չէր գնացել Եվրոպայի հեղինակավոր խաղարկություններում: Թե ի՞նչ կլինի ֆրանսիական ակումբի հետ, եթե քառորդ եզրափակիչում, ի դեմս «Բարսելոնի», Մադրիդի «Ռեալի» կամ Մյունխենի «Բավարիայի», ունենա ահարկու մրցակից, դժվար չէ կանխագուշակել, սակայն, մյուս կողմից էլ, պարզ է` ուժեղի դեմ կռվելով է, որ ուժեղանալու ես, եթե հեռանկարի առնչությամբ լուրջ պլաններ ունես:
«Բավարիա»-«Բազել» դիմակայությունն անհամության աստիճանի դաժան ստացվեց շվեյցարական ակումբի համար, ու խնդիրը բնավ էլ այն չէ, որ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ գրանցվեց ամենամեծ տարբերությամբ հաշիվը: Յոթ անպատասխան գնդակ ընդունեց «Բազելը» սեփական դարպասը` իրականում չկարողանալով ոչինչ հակադրել գերմանական քանդող ու ավերող «մեքենային»: Այս խաղը, ի դեպ, կարող էր առանձնանալ և ուրիշ մի բանով, եթե իր դուբլը նախընտրելու տեղակ Արիեն Ռոբենը Մարիո Գոմեսին հնարավորություն տար պոկերի փոխարեն Մեսիի նման նույնպես դառնալու պենտատրիկի հեղինակ, սակայն «Բավարիայի» հոլանդացի խաղացողը, համոզված եմ, շատ ավելի պատշաճ մարզական պահվածք դրսևորեց: Պենտաների հեղինակ չեն դառնում ու չի կարելի դառնալ ընծայաբերումներով: Այսպես կորչում է երևույթի բացառիկության զգացողությունը: Այնպես որ, Գոմեսի համար պոկերն էլ մեծ նվաճում է, և, բոլոր դեպքերում, չորս գոլի համար էլ տաղանդավոր այս հարձակվողը պիտի գոհություն հայտնի Աստծուն:

«ՆԱՊՈԼԻՆ» ՈՒ ԲԿՄԱ-Ն ԳՆԱՑԻՆ «ՎԱՍՏԱԿԱԾ» ՀԱՆԳՍՏԻ
«Նապոլի»-«Չելսի» առաջին հանդիպման առնչությամբ մենք փաստել էինք, որ արտակարգ գեղեցիկ խաղ ստացվեց: Իտալական ակումբի Կավանի-Լավեսի երկյակը պարզապես քրքրեց «Չելսիի» պաշտպանական կառույցները` առաջիկա խաղից առաջ սեփական թիմի համար ապահովելով երկու գնդակի հարմարավետ առավելություն:
Հարկ է նշել, որ պատասխան հանդիպումն անգլիական ակումբի համար հատկանշական էր մի քանի առումներով: Նախ, որ հանդես էր գալու առանց թիմի համար արդեն անցած էտապ դարձած Անդրե Վիլաշ-Բոաշի, ով այդպես էլ չկարողացավ ընդհանուր լեզու գտնել «ազնվականների» հնաբնակների հետ: Երկրորդ` պարտվելու դեպքում Անգլիա ֆուտբոլային տերությունը զրկվելու էր Չեմպիոնների լիգայի (1995-1996 թթ. մրցաշրջանից հետո առաջին անգամ) քառորդ եզրափակիչում հույսի վերջին ներկայացուցիչ ունենալուց (ահա թե ինչու «Նապոլիի» հետ հանդիպումը «Չելսիի» համար Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի գին ուներ և իր նշանակությամբ ավելին էր, քան նեղ ակումբային հանդիպումը): Երրորդ` պորտուգալացի մասնագետին գլխավոր մարզչի պաշտոնում մինչև մրցաշրջանի ավարտ փոխարինելու իրավունք ստացած Ռոբերտո դի Մաթեոն հնարավորություն էր ստացել ապացուցելու, որ գուցե թե հենց ինքն է այն մարդը, ով ի վիճակի է ղեկավարելու այս քմահաճ ակումբը:
Առաջ անցնելով ասենք, որ «ազնվականների» համար այդ պատմական եզրափակիչը (եզրափակիչ բառի բուն իմաստով) իսկապես կայացավ:
Թեպետ առաջին խաղակեսում արտիստիկ իտալացիները քիչ նեղություն չպատճառեցին դաշտի տերերին, սակայն, հակառակ տրամաբանությանը, հենց նրանք ընդմիջման գնացին սեփական դարպասը գնդակ բաց թողած: Երկրորդ խաղակեսի երկրորդ րոպեին Թերին խաղի հաշիվը դարձրեց 2:0, սակայն իտալացիներն արագ սթափվեցին և երկու խաղի արդյունքով նորից ապահովեցին իրենց համար շահավետ խաղահաշիվ: Անգլիացիները մի վերջին ճիգ էլ գործադրեցին և կարողացան անել այն, ինչ «Նապոլին» արել էր սեփական խաղադաշտում:
Նշանակված լրացուցիչ ժամանակն առավել բարեբեր եղավ «Չելսիի» համար». Իվանովիչի խփած գոլը «ազնվականների» առաջ բացեց մեկ քառորդ եզրափակիչ տանող ճանապարհը:
Թեպետ Մադրիդի «Ռեալի» հետ առաջին խաղում Մոսկվայի ԲԿՄԱ-ն ինչ-որ առումով անակնկալ մատուցեց, սեփական հարկի տակ հասնելով ոչ-ոքի արդյունքի` 1:1, այդուհանդերձ, պատասխան հանդիպումից առաջ ոչ մեկն էլ չէր հավատում հրաշքին (տաքգլուխներն ու օրիգինալ խաղացողները հաշվի մեջ չեն): Եվ ի՞նչ հրաշքի մասին կարող էր խոսք լինել, երբ այս երկու թիմերն այդքան անհամազոր են իրենց ներուժով: Այ, ուրիշ բան, եթե բանակայինները հնարավորություն ունենային մի երկու դեսանտայինի մտցնելու խաղադաշտ, բայց դե այս դեպքում, ինքներդ էլ հրաշալի հասկանում եք, դա ոչ ֆուտբոլային դիմակայություն կլիներ:
«Ռեալը» հաղթանակ տարավ 4:1 հաշվով, տարավ առանց լարվելու, առանց ջղաձգվելու` միաժամանակ հնարավորության տալով մրցակցին հաղորդակցվելու «Սանտյագո Բեռնաբեուի» մթնոլորտին, ինչն ինքնին քիչ բան չէ ռուսական ակումբի հատկապես երիտասարդական թևի համար:
Ինչ վերաբերում է Եվրոպայի լիգայի պատասխան խաղերին, դրանք կայացան երեկ ուշ գիշեր: Արդյունքների մասին` թերթի հաջորդ համարում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1372

Մեկնաբանություններ