ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

ԶԱՏԻԿԸ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՎԱՏՔԻ ՈՂՆԱՇԱՐՆ Է

ԶԱՏԻԿԸ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՎԱՏՔԻ ՈՂՆԱՇԱՐՆ Է
13.05.2011 | 00:00

ԼՈՒՅՍԻ ՕՐԸ
Ավարտվեցին զատկական օրերը, որոնց հաջորդում են մնացած քառասուն օրերը, երբ հարուցյալ Տերը շրջում էր երկրի վրա և Իր վերջին հորդորներն անում Հոր մոտ գնալուց առաջ։
Պատմության գիրկը մտավ նաև Տիրոջ սուրբ գերեզմանից լուսահանման 2011 թվականի օրը. փա՜ռք Աստծո, այս անգամ առանց տհաճ միջադեպերի ու զոհերի։ Այո՛, հենց բառիս բուն իմաստով, զոհերի, որովհետև այդ օրը Հարության տաճարում նաև մարդկային զոհեր են լինում և արյուն է թափվում, քանի որ չարը քնած չէ, իսկ մենք էլ տկար` Տիրոջ միակ՝ «Միմյանց սիրելու» պատվիրանը պահելու։
Հանգուցալուծման և ինչ-որ տեղ էլ սուրբ Երուսաղեմի ամենալարված ու դրամատիկ օրը քրիստոնյաների լուսահանման արարողության օրն է, որը կատարվում է Սուրբ հարության տաճարի Տիրոջ սուրբ Գերեզմանից: Այդ այն օրն է, որ բացահայտվում է, թե ով ով է և ում ու ինչպես է հավատում:
Բացատրեմ ասածս: Զատիկը քրիստոնյա աշխարհի հավատքի ողնաշարն է, իսկ Լույսի օրը զատկական արարողության կնիքն է, որովհետև այդ պահին է, որ Քրիստոսի Գերեզմանից աշխարհի համար Լույս են հանում, ի նշան Տիրոջ սուրբ Հարության: Ինչպես միշտ, լատիններն «աջ» են պահում, և նրանց տոնական արարողությունները մի քանի օր առաջ են կատարվում: Նույնիսկ դա լավ է, որովհետև, ինչպես ասացինք, լատինադավան քրիստոնյաները բազում միլիոնների են հասնում: Իսկ հույն, հայ և դրանց հետևում կանգնած ազգերն ու քրիստոնյաները Զատիկը կատարում են միասին:
Դեռ վաղ առավոտից այդ բոլոր եկեղեցիների քրիստոնյաները կարծես թե մարտի են պատրաստվում, ամենուր գրգռված տոնական տրամադրություն է, որովհետև մուտքը դեպի Տաճար, մանավանդ հայերի ու ասորիների համար, կատարվում է անպայման բազմաթիվ թմբկահարների առաջնորդությամբ, որոնք միանման ու գունագեղ արտահագուստներով զարդարված, սկաուտական թմբուկների ռիթմիկ ու մարտական քայլերգով, բոլոր ազգերի նախանձը շարժելով և ուշադրությունը հրավիրելով դեպի Տաճար են շարժվում: Եթե անկեղծ` տարիներով միայն մեր հայաստանյան պատարագների շարականներով բավարարված, նման պաթոսային, համարյա ճչալու աստիճանի հասնող զատկական արարողությանը հոգիս պատրաստ չէր (չմոռանամ փաստել, որ տարիներ առաջ սուրբ Զատիկը նշել եմ Երուսաղեմում): Բայց այս քաղաքում, քանի որ ամեն բան է ուրիշ, ես էլ ազգիս հոսքին տրված, մարդկային հոծ ու գերխիտ ամբոխից միջանցք կապած շավիղով քայլեցի դեպի սուրբ Հարության տաճար:
Ցերեկ էր, օրն էլ շաբաթ: Մինչ ճրագալույցի արարողությունը դեռ շատ կար։ Մեր թափորը հազիվ էր առաջ գնում` քրտնաթոր ու լարված ոստիկանների ջանքերի շնորհիվ։ Տաճարի ներսի մասին էլ չեմ ասում, որտեղ մարդիկ դեռ գիշերվանից էին ոտքի տեղ ճարել, նույնիսկ նիհարակազմ ուխտավորները սյուների արանքների մի քանի սանտիմետրանոց տեղերն էին խցկվել: Հայերի համար բացված ճանապարհը մուտքից ձախ է և պարաններով առանձնացված, որպեսզի ուրիշ ազգերից, թեկուզ ժամանակավոր, «չհայանան», խռնվելով մեր ժողովրդին։ Փաստեմ, որ, ի տարբերություն մնացած օրերի, հայերիս թիվն այսօր հազարների է հասնում։ Այստեղ էին դեմքեր, որոնց ամիսներով չէի տեսել ո՛չ մեր հայոց թաղամասում, ո՛չ էլ եկեղեցական արարողությունների ժամանակ: Բայց Լույսի օրը բոլորը «հիշում» են, որ հայ են, և որ Սուրբ տաճարում իրենց հոգիների համար օրհնություն կա պահված: Ի տարբերություն մյուսների, Սուրբ տաճարում մեր ազգապատկան տարածությունը չի սահմանափակվում միայն գետնի վրա եղածով, որովհետև ինչպես հիշում եք, նաև երկրորդ Գողգոթան էլ ունենք, որը նույնպես այդ օրը լեփ-լեցուն էր Սուրբ երկրի հայերով, ինչպես նաև ավա՜ղ, շատ քիչ թվով ուխտավորներով: Եվ ինչքան հնարավոր է արտաքնապես դիտարկել, ապա մեր ազգի ուխտավորները միշտ ամենաքիչն են լինում թե՛ Սուրբ ծննդյան, թե՛ զատկական արարողությունների ժամանակ: Հայաստանից պարզ է` ինչու չեն գալիս. աղքատությունից զատ, կան նաև միջազգային արգելքներ, իսկ թե արտասահմանի հայերը գոնե այդ օրերին ինչու չեն բարեհաճում այցելել Սուրբ երկիր, անհասկանալի է: Ինչևէ, աշխատենք ըմբռնել Լույսի օրը կատարվող իրողությունը, որն արտաքնապես գրգռված ու քրտնած, երբեմն էլ ջղաձգության աստիճանի հասնող մարդկային անկառավարելի ամբոխի մրցասպարեզ է հիշեցնում:
Որպես լրացուցիչ տեղեկություն անհրաժեշտ է փաստել նաև հետևյալը. Սուրբ Հարության տաճարի մուտքից ձախ, դեղնավուն երանգով մարմարյա մի սյուն կա, որի ներքևի մասը կարծես ճեղքված է: Տարօրինակ այդ բացվածքը դարերով թշնամական բազում ասեկոսեների առիթ է տվել, մանավանդ հայերիս հասցեին: Ըստ ավանդության, այդ ճեղքվածքն առաջացել է այն ժամանակ, երբ իսլամները գրավել են Երուսաղեմը և արգելել քրիստոնյաների մուտքը Սուրբ Հարության տաճար, մանավանդ սուրբ Զատիկը տոնելու նպատակով: Այդ պատճառով, երբ մոտենում է ճրագալույցը, հավատացյալները ժողովվում են Տաճարի դռան առջև ու դառնացած սրտով աղոթում են և աղերսում Աստծուն, որ այս անօրենության լուծն իրենց վրայից հեռացնի: Հանկարծ ժամը 9-ին մեծ որոտում է լինում, ու վերոհիշյալ սյունից կրակի պայծառ լույս է ժայթքում ի մխիթարություն հավատավոր քրիստոնյաների: Մուսուլմաններն ականատես լինելով երկնային այդ հրաշքին, թույլ են տալիս բացել Տաճարի դռները և կատարել սուրբ Զատիկը: Կա նաև մեկ այլ տարբերակ, բայց իմաստը նույնն է:
Մինչդեռ ժամանակակից ուղղափառ եկեղեցու անհեռատես առաջնորդները մի երրորդ տարբերակ են հնարել. իբր կար ժամանակ, երբ հայերն այնքան իրավունք են ունեցել սուրբ Հարության տաճարում, որ ուղղափառներին արգելել են սուրբ Զատկին ներս մտնել։ Եվ իբր վերջիններիս աղոթքի ժամանակ օրհնաբեր կրակը դուրս է գալիս այդ սյան միջից և հասնում դրսում կանգնած ուղղափառներին: Ահա նման ոչ քրիստոնեավայել ասեկոսեներով նրանք տարեցտարի բորբոքում են միջեկեղեցական հարաբերությունները, և այդքանը կարծես քիչ է, նաև Զատկի տոնին ամբողջ Ռուսաստանով մեկ ցուցադրում են երուսաղեմյան այդ «ուղղափառ հրաշքի» ողջ իրարանցումը: Թե ինչի է հանգեցնում այդ ամենը, զգում ենք այստեղ` Հայաստանում. մեր ուղղափառ եղբայրները հայերիս մոնոֆիզիտ են համարում, այսինքն՝ Եվտիքես մոլորյալի այն աղանդից, որին մեր եկեղեցին նզովել է հենց արմատից: Նույնիսկ հույն քրիստոնյաներն են վրդովում, երբ լսում են, որ իրենց դավանակից ռուսները նման մեթոդներով են ներկայացնում ուղղափառ եկեղեցին: Տերը թող ողորմի և օրհնի մեր քրիստոնյա բոլոր եղբայրներին, միայն թե ի՞նչ պիտի պատասխանեն Աստծուն այն օրը, երբ Տերը կամենա մեկ հոտ և մեկ Հովիվ դարձնել Իր եկեղեցին: Այդ ժամանակ է, որ շատ հետին կոչվածներ պիտի առաջիններ լինեն, իսկ շատ առաջին կարծվածներ պիտի հետիններ դառնան: Ակամա մտաբերեցի 1999-ի վերջին կիրակիի մեր պատարագը, որը կատարվեց Սուրբ Հարության տաճարի «Երկրորդ Գողգոթա»-ի հայոց սրահում: Էլի, ինչպես միշտ, տեղացի հայեր շատ քիչ կային, բայց Աստված այնպես էր կարգավորել, որ այդ օրը տարբեր ազգերի քրիստոնյաներ էին եկել մեր պատարագն ըմբոշխնելու: Երբ սուրբ հաղորդության պահը եկավ, բացի հայերից, ուրիշ ազգերից էլ մոտեցան սուրբ սկիհին, որոնց թվում և մի հնդկուհի կին, որը մեր պատարագի ժամանակ հայերենով ազատորեն ձայնակցում էր երգողներին: Ավարտից հետո հարցրինք նրան, թե որտեղից է ծանոթ մեր շարականներին, ասաց, որ հնդիկ Մալաբարի եկեղեցու հայոց պատարագներին հաճախ է մասնակցում, չնայած ինքը կաթոլիկ դավանությանն է պատկանում: Իսկ երբ Երուսաղեմ է եկել և ուզել է հույների պատարագի վերջում հաղորդվել, նրան արգելել են, որպես այլադավանի։ Նրա հետ եկած արաբուհի քրիստոնյան խոստովանեց, որ չնայած մեր պատարագի բառերը չէր հասկանում, բայց մեղեդին այնքան հոգեհարազատ էր իր սրտին, որ երաժշտության միջոցով կարծես Աստծո հետ էր խոսում: Այդ օրը կար նաև մի ամերիկացի քրիստոնյա, որն այնքան էր օրհնվել և հուզվել հայոց պատարագի վեհությունից, որ սուրբ հաղորդությունն ընդունելուց հետո, չկարողանալով հուզմունքը զսպել, անմիջապես մոտեցավ իրեն այստեղ ուղեկցող մեր եպիսկոպոսին և արցունքախառն աչքերով, գրկախառնվելով համբուրեց նրա այտը, ինչը մատնեց նրա բողոքական ուղղությանը պատկանելը, որովհետև առաքելահիմք եկեղեցիներում ընդունված է Աստծո օծյալ ծառաների աջը համբուրել: Ինչևէ, կարևորը ձևը չէ, այլ բովանդակությունը:
Շարունակենք Լույսի օրվա արարողության մեր նկարագրությունը:
Նախ` սուրբ Գերեզմանի մոտ են խռնվում հոգևոր «էլիտայի» ազգերը` հույներ, հայեր, ղպտիներ, ասորիներ և արաբներ: Մի՛ զարմացեք կարդալով այդ վերջիններիս անունները, որովհետև նրանք քրիստոնեական հավատի մեջ հաստատուն տեղ են գրավել, իսկ սուրբ Տաճարում առավել ևս, որովհետև չգիտեմ, թե ինչ հանգամանքներով (քանզի Արևելքի նուրբ ու շատ ժամանակ նենգ քաղաքականության հանգուցակետը միշտ Երուսաղեմ քաղաքն է եղել) նույնիսկ սուրբ Տաճարի տարածքի, այսպես ասած, նյութական կողմի պատասխանատուներն են արաբ Հաջի և Նուսեյպե գերդաստանի անդամները, այն էլ ժառանգից ժառանգ, սկսած Սալահ ադ Դինի ժամանակներից (1187 թ.): Նրանցից մեկն ամեն Աստծո օր հինավուրց ու մեծ բանալիով, հատուկ արարողակարգով, բացում և փակում է սուրբ Հարության տաճարի միակ դուռը: Հիշյալ իրողությունն էլ այս խորհրդաշատ ու սուրբ քաղաքի հերթական անբացատրելի գաղտնիքներից մեկն է:
Նախապես տեղեկացնենք, որ Հիսուսի սուրբ Գերեզման առաջինը հույնն է մտնում, իսկ հետո հայը, և այնտեղ համապատասխան սաղմոսներով աղոթելուց հետո, իրենց հետ բերած մոմերը վառում են նախօրոք այստեղ բերված այն կանթեղից, որը, ըստ ավանդության, հրաշքով վառված Լույսից է «սերվում», ինչը ահա քանի՜ դար պահում են կանթեղի մեջ պարբերաբար վրան ձեթ ավելացնելով: Այստեղ ընթերցողին հավելյալ բացատրություն պետք է տրվի, որպեսզի ավելի հստակեցվի հետագա շարադրությունը: Բանն այն է, որ ահա տարիներ շարունակ թե՛ եկեղեցիների «խորհրդավոր» լռության, թե՛ մարդկանց երևակայական ըմբռնումի պատճառով այն կարծիքն է տիրում, թե իբր այդ Լույսի հանման օրը երկնային գերբնական կրակ է իջնում և վառում Գերեզմանում գտնվող կանթեղը: Այս մասին ավելի ճշգրիտ աղբյուր չի կարող լինել, քան են հենց իրենք` Երուսաղեմի սուրբ Հակոբյանց միաբանության Լուսահան վարդապետները, այսինքն` անձինք, ովքեր պատիվ են ունեցել մի քանի տարի, այդ օրը մտնելու Տիրոջ սուրբ Գերեզման, և որոնց հետ անձամբ տողերիս հեղինակն է հարցազրույց ունեցել: Նրանք բոլորն էլ հայորդիներին յուրահատուկ պարզամտությամբ ասացին, որ Լույսի հրաշք, ինչպիսին պատկերացնում է ժողովուրդը, արդեն որերորդ տարին է, իրենք չեն նկատել. պարզապես նախօրոք ներս տարված կանթեղից են վառում իրենց մոմերը: Մինչդեռ ուղղափառ եկեղեցին շարունակում է հավաստիացնել իր բազմամիլիոն հավատացյալներին, թե Տիրոջ սուրբ Գերեզմանից շնորհաց հրաշափառ լույսն է ամեն տարի հրաշքով բռնկվում։ Իրենց «անաղարտ հավատն» անբիծ պահելու համար նույնիսկ թաքցնում են այն փաստը, որ հույների հետ նաև հայերն են սուրբ Գերեզման մտնում, և որ այնտեղից առաջինը հայն է Լույսը հանում:
2003-ին լուր ստացա Երուսաղեմից, որ հույների նորընտիր պատրիարքը լուսահանման օրը հրեական կառավարության աջակցությամբ հասել է այն բանին, որ հայերին արգելել են կրակն առաջինը դուրս հանել սուրբ Գերեզմանից, կարծելով, թե դրանից նրանք ավելի ուղղահավատ կդառնան:
(շարունակելի)

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2025

Մեկնաբանություններ