Վերջին շրջանում ադրբեջանահայերի խնդիրների շուրջ քննարկումներն սկսել են ընդգրկուն բնույթ կրել` ասպարեզ նետելով այն գաղափարը, թե ազատագրված տարածքները պիտի վերաբնակեցվեն ադրբեջանահայերով։ Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի նոր-նոր ձևավորված կազմկոմիտեի անդամ ՌՈՄԱՆ ԳՈՒԼԲԱՆԴՅԱՆԸ և կոնսուլտատիվ խմբի անդամ ԱՐԱՄ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում ներկայացրին ադրբեջանահայերի խնդրի էությունն ու լուծման ելքերը։
-Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը զուգահեռ պարբերաբար առաջին պլան է մղվում փախստականների հարցը։ Ձեր դիտարկմամբ` ադրբեջանահայության խնդիրը պիտի լուծվի հակամարտությա՞ն շրջանակում, թե՞ հարցը կարգավորող մարմին պիտի ձևավորվի։
Ա. ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ -Այս խնդրի բարձրաձայնումը նախ օգնություն է մեր իշխանություններին` արտաքին ճնշումներից ձերբազատվելու համար։ Մեր քայլերը լուրջ պաշտպանական համակարգ են ստեղծում, որն անպատճառ իր դրական արդյունքը կտա։ Մեր ցանկությունն արդարության վերականգնումն է։ Այսօր Ադրբեջանը մեր հայրենակիցների արյան գնով նավթ է վաճառում, ավելին, դեռ հարց է, թե այդ վաճառված նավթի քանի՞ տոկոսն է այս մարդկանց պատկանում, որովհետև նրանք բնիկ ժողովուրդ են ու ամեն տեսակի սեփականաշնորհում, որ այդ երկրում իրականացվել է, ադրբեջանահայերը ևս դրանց սեփականատերն են։ Հիմա նրանց մասին կարծես բոլորը մոռացել են։
Ռ. ԳՈՒԼԲԱՆԴՅԱՆ -Ադրբեջանահայության հարցն անմիջական կապ ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ։ Սա է պատճառը, որ միջազգային կառույցները բռնագաղթվածների հարցը մշտապես անտեսում են, որովհետև ադրբեջանական ծրագրերի համար սա լուրջ խոչընդոտ է։ Երբ խնդիրն ամբողջովին ուսումնասիրվի, ցեղասպանություն գործած մարդիկ ճանաչվեն հանցագործ, ոչ մի միջազգային կառույց այլևս իրավունք չի ունենա նրանց հետ բանակցություններ վարելու կամ ինչ-որ պայմանագրեր ստորագրելու։ Հետևապես, ադրբեջանահայերի հարցը միտումնավոր անտեսվում է, որ կարգավորումն իրենց ցանկացած ուղիով ընթանա։ Այնպես որ, սա պիտի լինի հակամարտության անբաժանելի մասը։ Երբ Ղարաբաղը դառնա բանակցությունների անմիջական մասնակից, պարտավոր ենք օրակարգի հարց դարձնել ադրբեջանահայերի խնդիրը, ինչն ընդունված բոլոր փաստաթղթերում արձանագրված պիտի լինի։ Պետք է արդարությունը վերականգնվի, հանցագործները հայտնաբերվեն ու պատժվեն։ Ադրբեջանն էլ պիտի ընդհանրապես մոռանա ազատագրված տարածքների մասին, քանի որ այնտեղ պիտի բնակվեն նրանց գործողություններից տուժած բռնագաղթվածները։
-Նշում եք, թե ազատագրված տարածքները պետք է ադրբեջանահայերով բնակեցվեն։ Ինչպե՞ս եք պատկերացնում դրա իրագործման մեխանիզմները։
Ա. Մ. -Նախ, ամենասկզբում պետք է ադրբեջանահայության հանդեպ կատարվածը որակվի ցեղասպանություն, հետո միայն կարող ենք բանակցությունների սեղանի շուրջ նստել, որոշել հետագա հարցերը։ Անպայման պիտի ստեղծվի անկախ փորձագետների միջազգային խումբ, որը պիտի հետամուտ լինի հանցագործների հայտնաբերմանը, դեպքերի ուսումնասիրմանը։ Այլապես մեր և սփյուռքի ներկայացուցիչների ջանքերով դա կիրականացնենք։
-Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ միջազգային կառույցներում լիարժեք քննարկման հարց չեն դարձրել ադրբեջանահայության խնդիրը։
Ռ. Գ. -Այս հարցում կա լուրջ միջազգային ճնշում։ Եթե այն բարձրացվի որևէ ատյանում, կպահանջվեն մանրակրկիտ հետաքննություն, ուսումնասիրություն համապատասխան հետևանքներով։ Գիտակցելով սա` միջազգային կառույցներն անտեսում են հարցը։ Այսինքն, որքան գլխացավանք ունեն 1915-ի առնչությամբ, այդքան էլ կլինի այս անգամ։ «Ցեղասպանության» ծրագիրը մինչ այսօր էլ իրականացվում է։ Հայերի ոչնչացման հերթական դրսևորում չէ՞ր, որ հայ սպային կացնահարած ղասաբի շուն Սաֆարովին դարձրին ազգային հերոս։
-Այս մթնոլորտում, երբ, մի կողմից, հարցն անտեսում են միջազգային կառույցները, մյուս կողմից, Հայաստանի վրա ճնշումներ են գործադրվում, Ադրբեջանն էլ մնացել է նույն ցեղասպան պետությունը, Ձեր նշած գործողությունների իրագործումը հնարավո՞ր է։
Ա. Մ. -Պիտի ճիշտ պաշտպանական համակարգ ստեղծել։ Ներկա պայմաններում ամենախոշոր զենքն այս հարցում ԶԼՄ-ներն են, որոնք պետք է հաճախ լուսաբանեն խնդիրը։ Հաջորդ քայլը, ինչպես նշեցինք, անկախ փորձագետների խմբի ստեղծումն է։ Գործողությունների պլանավորման առաջին փուլը սա է։ Մեկ օրինակ. ենթադրենք «Բրիթիշ փեթրոլեում» ընկերությունը, որն այսօր Ադրբեջանից նավթ է գնում, վաղը հանկարծ պարզի, որ ցեղասպան պետության հետ է համագործակցում։ Այդ կորպորացիան հայտնվելու է անելանելի վիճակում ու հսկայական գումարներ է ծախսելու։ Հիմա Ադրբեջանն իրականացնում է «չկա մարդ, չկա խնդիր» քաղաքականությունը։
Ռ. Գ. -Պատմությունը վկայում է, որ երբ հարցը դառնում է համազգային, լուծումներ միշտ էլ գտնվում են։ Ցավոք, ադրբեջանահայության հարցը մինչ այսօր համահայկական չի դարձել։ Կազմկոմիտեի խնդիրն է` այս գործընթացին մասնակից դարձնել և՛ հայաստանյան ՀԿ-ները, և՛ շահագրգիռ մարդկանց, և՛ սփյուռքը։
-Առաջիկայում նախատեսվում է կազմկոմիտեի համագումարը։ Ի՞նչ հարցեր են քննարկվելու, ինչպիսի՞ միավորում է լինելու ադրբեջանահայերի կազմկոմիտեում։
Ռ. Գ. -Համագումարում կորոշվի, թե ինչպիսի կառույց կլինի կոմիտեն։ Քննարկվող հարցերից մեկն ազատագրված տարածքներում ադրբեջանահայերի իրավաքաղաքական, ինքնակառավարվող միավորում ստեղծելն է։ Ասել է` փորձում ենք դառնալ գործոն, որպեսզի այսուհետ ադրբեջանահայերի խնդիրներն անմիջապես մեզ հետ քննարկեն։ Փախստականների վերադարձի հարցը նախ պետք է քննարկվի մեզ հետ, որովհետև մենք ենք որոշելու` վերադառնալո՞ւ են, թե՞ ոչ։ Մի նկատառում ևս. այսօր բոլոր բարձրաստիճան հյուրերը Ադրբեջան այցելելիս ծաղիկներ են դնում նրանց շահիդների գերեզմանին, հետո, Հայաստան գալով, գնում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այսինքն, նախ պսակ են դնում ցեղասպանություն իրականացնողների գերեզմանին, հետո ցեղասպանության զոհերի հուշահամալիրին։ Սա պիտի կասեցվի. նույն նժարին դնել ցեղասպանություն իրականացնողին և ցեղասպանության զոհին` պարզապես աբսուրդ է, հանցագործություն։ Ռուսաստանի ղեկավարները, որ իրենց համարում են խորհրդային իշխանության իրավահաջորդներ, նույն կերպ են վարվում, երբ ժամանակին բացահայտ հայտարարել են, որ Ադրբեջանում ցեղասպանություն է կատարվել։
-Ի՞նչ եք կարծում, կազմկոմիտեի ստեղծումը, խնդիրների հրապարակայնությունն ապահովելն ինչ-որ կերպ Հայաստանի իշխանությունների ձեռքին կարո՞ղ է խաղաքարտ դառնալ ղարաբաղյան հիմնախնդրի բանակցություններում։
Ա. Մ. -Իհարկե։ Կարծում եմ` սա կլինի Հայաստանի իշխանություններին լավագույն օգնությունն այդ հարցում։ Եթե Հայաստանի իշխանություններն ընդունեն այս խաղաքարտը, միայն կշահենք։
Ռ. Գ. -Մենք չենք ուզում դառնալ խաղաքարտ։ Եթե վաղը, մյուս օրն ասեն` լավ է, բարձրացրիք հարցը, օգտագործեցինք բանակցային գործընթացի համար, դա դեռ քիչ է։ Ղարաբաղի անկախությունը փաստ է, և չարժե ցեղասպանության իրագործումը ծառայեցնել Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչման խնդրին։ Դրանք տարբեր հարթություններում գտնվող հարցեր են։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ