Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Պեկինի «գաղտնիքները» բացահայտելու ճանապարհին

Պեկինի «գաղտնիքները» բացահայտելու ճանապարհին
25.07.2008 | 00:00

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԱԶԴԱԿԱՆՉԵՐ
20-րդ դարի համաշխարհային ծանրամարտը դժվար է պատկերացնել առանց հայազգի դյուցազունների նվաճումների։ 1952 թ. Հելսինկիի օլիմպիական խաղերում չեմպիոն հռչակվեց Ռաֆայել Չմշկյանը (Վրաստան), 1972 և 76 թթ. Մյունխենում և Մոնրեալում հավասարը չունեցավ Նորայր Նուրիկյանը (Բուլղարիա), իսկ գյումրեցի Վարդան Միլիտոսյանը Կանադայից տուն վերադարձավ արծաթե մեդալով։ Հետո սկսվեց Յուրի Վարդանյանի ոսկե տասնամյակը։ Մոսկվայում անցկացված խաղերում (1980 թ.) գյումրեցի միջին քաշայինը հինգ նոր ուղղում մտցրեց համաշխարհային ռեկորդների աղյուսակում՝ երկամարտում հավաքելով ֆանտաստիկ արդյունք՝ 400 կգ, կիսաթեթև քաշային կարգում արծաթե պարգևի արժանացավ սամաղարցի Յուրի Սարգսյանը, Սեուլում (1988 թ.) և Բարսելոնում (1992 թ.) «արծաթե և ոսկե պատվանդանին» կանգնեց կիսաթեթև քաշային Իսրայել Միլիտոսյանը։ Սեուլում օլիմպիական փառքով պսակվեց նաև Օգսեն Միրզոյանը։ Վերջին՝ բրոնզե պարգևը Հայաստանին բերեց Արսեն Մելիքյանը, և դա տեղի ունեցավ Սիդնեյում։ 6 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ։ Եթե սրանց ավելացնենք նաև աշխարհի և Եվրոպայի առաջնություններում նվաճած շուրջ 300 տարբեր ոսկե մեդալներն ու 150-ից ավելի համաշխարհային ռեկորդները, ապա պարզ կլինի Հայաստանի և հայազգի դյուցազունների տեղը համաշխարհային ծանրամարտում։ Այս ամենն սկսվեց ուղիղ 75 տարի առաջ, երբ Բելառուսի մայրաքաղաքում անցկացված Խորհրդային Միության 10-րդ առաջնությունում ծանր քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճեց լեգենդար Սերգո Համբարձումյանը, որն իր հաղթարշավը շարունակեց նաև հաջորդ երկու տարիներին՝ մարզական կենսագրության ընթացքում սահմանելով երեք տասնյակից ավելի համամիութենական ռեկորդներ, որոնց կեսից ավելին գերազանցում էր աշխարհի պաշտոնական ռեկորդը։ Այդ տարիներին համաշխարհային ռեկորդներից անմասն չմնաց նաև Ռուբեն Մանուկյանը, իսկ 1947 թվականին անցկացված Եվրոպայի առաջնությունում առաջինը խորհրդային ծանրորդներից չեմպիոն հռչակվեց ալավերդցի Իվան Ազդարովը։
1975-85 թթ. համաշխարհային ծանրամարտի պայծառ աստղն էր իրավամբ համարվում «մրցահարթակի արքա», երիտասարդների աշխարհի կրկնակի, մեծահասակների յոթակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն, 43 համաշխարհային ռեկորդների հեղինակ, վերջապես ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից տասնամյակի լավագույն ծանրորդ ճանաչված Յուրի Վարդանյանը։
Հայաստանի անկախացումից հետո Հին աշխարհի ուժեղագույնի տիտղոսը նվաճեց Խաչատուր Քափանակցյանը, երկու անգամ գերծանր քաշային կարգում հավասարը չունեցավ Աշոտ Դանիելյանը, ծանր քաշային կարգում աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճեց Արա Վարդանյանը, Աթենքի օլիմպիական խաղերում 4-րդը ճանաչվեց Արմեն Ղազարյանը, ապա մարզահարթակ դուրս եկավ հայկական ծանրամարտի հերթափոխը։ Պատանիների, երիտասարդների և մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում սկսեցին եղանակ ստեղծել մեր այսօրվա օլիմպիական հույսերը՝ Գևորգ Դավթյանը, Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը, Տիգրան Լևոնի Մարտիրոսյանը, Արա Խաչատրյանը, Մելինե Դալուզյանը, Հռիփսիմե Խուրշուդյանն ու Նազիկ Ավդալյանը։ 2007-2008 թվականներին Հայաստանի հավաքականը Ստրասբուրգում և Լինյանոյում անցկացված Եվրոպայի առաջնություններում նվաճեց թիմային հաղթանակը։ Ստրասբուրգից չեմպիոնի տիտղոսով տուն վերադարձան Մելինեն և Հռիփսիկը, իսկ Նազիկն արժանացավ արծաթե պարգևի։ Հաղթարշավը շարունակեցին Գևորգ Դավթյանը, արծաթե պատվանդանին կանգնեցին Արա Խաչատրյանն ու Տիգրան Մարտիրոսյանը, իսկ Գևորգը երկրորդը ճանաչվեց Թաիլանդում անցկացված աշխարհի առաջնությունում։
Այս տարի Եվրոպայի առաջնության մայրաքաղաք էր դարձել իտալական Լինյանոն, որը հերթական ոսկե էջը գրեց հայկական ծանրամարտի պատմագրքում։ Մելինե Դալուզյանը՝ 2006 թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը, երկրորդ անգամ հռչակվեց չեմպիոն, նախորդ տարվա արծաթը ոսկով փոխարինեց Նազիկ Ավդալյանը, իսկ տղամարդկանց առաջնությունում ոսկե մենահամերգ տվեց Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը, որը 85 կգ քաշային կարգում սահմանեց պատանիների աշխարհի չորս և Եվրոպայի մեկ ռեկորդ՝ երկամարտում հավաքելով 346 կգ, իսկ 77 կիլոգրամ քաշային կարգում հավասարը չունեցավ Արա Խաչատրյանը։ Այս անգամ մարզական բախտը չժպտաց Հռիփսիմե Խուրշուդյանին։ Անցած մրցաշրջանի մեր հերոսուհին պոկում վարժությունում չկարողացավ գլխավերևում պահել նախապես պատվիրած քաշը և դուրս մնաց հետագա պայքարից։ Քասախցի մարզուհին, այնուամենայնիվ, իր մեջ ուժ գտավ շարունակելու պայքարը և հրում վարժությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ:
Մեր ոսկե ծանրորդների հաջորդ կանգառը օլիմպիական Պեկինն է։ Օգոստոսի 12-ին առաջինը մրցահարթակ դուրս կգան Մելինե Դալուզյանը (63 կգ) և Տիգրան Լևոնի Մարտիրոսյանը (69 կգ), մեկ օր անց իրենց բախտը կփորձեն 77 կգ քաշայիններ Արա Խաչատրյանն ու Գևորգ Դավթյանը, ապա՝ 85 կգ քաշայիններ Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը և Էդգար Գևորգյանը։ Վանաձորցի դյուցազնի մասին առայժմ շատ քիչ բան կա ասելու։ Այս տարի առաջին անգամ հանդես գալով Եվրոպայի առաջնությունում՝ 94 կգ քաշային մարզիկը պոկում վարժությունում արժանացավ արծաթե պարգևի, իսկ ահա հրում վարժությունում չկարողացավ բարձրացնել նախապես պատվիրած 189 կիլոգրամը և դուրս մնաց հետագա պայքարից։ Չնայած այդ անհաջողությանը, մարզիչները նրան վստահեցին օլիմպիական խաղերի 5-րդ ուղեգիրը, միայն թե այս անգամ նա հանդես կգա ոչ թե 94, այլ՝ 85 կգ քաշային կարգում։ Ինչպես վերջին հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանը, Էդգարը, ինչպես նաև մեր մյուս օլիմպիականները, գտնվում են լավ մարզավիճակում և պատրաստ են պայքարելու ցանկալի պարգևների համար։ Այժմ մեր ծանրորդներն իրենց վերջին ուսումնամարզական հավաքն են անցկացնում մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքում, որից հետո կվերադառնան տուն և այստեղից կմեկնեն Պեկին։ Տա Աստված, որ 29-րդ խաղերի մայրաքաղաքում էլ երկաթախաղի մեր վարպետները կարողանան շարունակել իրենց նշանավոր նախորդների ոսկե հաղթարշավը։
Հովհ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6715

Մեկնաբանություններ