Հարկային և մաքսային մուտքերի ապահովումը պետբյուջեի արյան շրջանառությունը կարելի է համարել, ինչն աչքի առաջ ունենալով էլ կառավարության երեկվա նիստից հետո պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՑ փորձեցինք ճշտել` ինչպե՞ս կավարտեն տարին հարկային մասով։
-Տարին հեշտ չէր մուտքերի հավաքագրման առումով, սակայն կարևոր էր, առաջին հերթին, բարեփոխումների տեսանկյունից,- պարզաբանեց պարոն Ալավերդյանը։- Կարող եմ ասել, որ պետական եկամուտների կոմիտեի առջև դրված հարկային բարեփոխումների, բյուջեի եկամտային մասի ապահովման գերակա խնդիրների կատարումը մեզ հաջողվեց։
-Տնտեսական ճգնաժամը խնդիրներ չստեղծե՞ց մուտքերի ապահովման հարցում։
-Որքան գիտեմ, տնտեսական ճգնաժամ 2011-ին չի եղել, հակառակը, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, տարբեր ամիսների գրանցվել է ՀՆԱ-ի աճ, տարբեր տոկոսներով։
-Այդ դեպքում` ինչո՞վ է պայմանավորված այն, որ մուտքերի ապահովման հարցում տարին դժվար է եղել։
-Ընդհանրապես եկամուտներ ապահովելը հեշտ գործ չէ։ Երբ ասում եմ դժվարություն, ապա նկատի ունեմ հետևյալը. երբ եկամուտները պետք է ապահովվեն` զուգակցելով հարկային բարեփոխումների հետ։ Շատ բարեփոխումներ, մասնավորապես, հաշվետվությունների ներկայացման, ազատականացման և այլնի առումով, կարևոր խնդիրներ են լուծում։ Այդ փուլում որոշակի ժամանակավոր դժվարություններ են առաջանում եկամուտների ապահովման առումով։ Բոլոր դեպքերում, կարծում եմ, որ մեզ հաջողվեց գրանցել բարեփոխումների լուրջ գործընթաց։ Մասնավորապես, հաշվետվությունների կրճատման, հարկ վճարողների սպասարկման ծառայության բարելավման առումով։ Ստեղծվեցին բարեկարգված նոր սպասարկման սրահներ հանրապետության խոշոր քաղաքներում։ Մեզ հաջողվել է նաև կրճատել հարկային ստուգումների ծավալը։ Սակայն այս ամենը չի ազդել եկամուտների կանխատեսված ցուցանիշի կատարման վրա։ Տարին կավարտենք ծրագրավորված ցուցանիշի կատարումով։
Ճեպազրույցը` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ