Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«ԻՄ ՁԱՅՆԸ ՊԻՏԻ ԼՍԵՆ ԵՎ ՊԻՏԻ ԼԻՆԻ ՄԻ ՀՈՏ ՈՒ ՄԻ ՀՈՎԻՎ»

«ԻՄ ՁԱՅՆԸ ՊԻՏԻ ԼՍԵՆ ԵՎ ՊԻՏԻ ԼԻՆԻ ՄԻ ՀՈՏ ՈՒ ՄԻ ՀՈՎԻՎ»
04.10.2011 | 00:00

Նման բնույթի գրվածքները նորություն չեն ընթերցողի համար: Դրանք եղել են նույնիսկ դարեր առաջ ու կլինեն դեռ էլի, մինչև հայտնվի ինքը` Հիսուս Քրիստոսը, ով միակն էր, որ համարձակվեց ի տես և ի ցույց թե՛ մարդկանց, թե՛ հրեշտակների ասել. «Ե՛Ս ԵՄ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ» (Ավետարան ըստ Հովհաննեսի, 14:6): Նշանակում է` ինչ որ Քրիստոսով է, Նրա համար է և Նրանով` դա է ճշմարիտն ու անփոփոխ:

Դեռ հինգերորդ դարում, երբ քրիստոնեությունն արմատ էր կապում Հայաստանում և տալիս էր իր ընտիր ու քաղցրահամ պտուղները` հանձինս մեր սրբերի ու մարտիրոսների, այդ ժամանակներում հայտնի փիլիսոփա ու Ավետարանի անխոնջ մշակ Եզնիկ Կողբացին մի պահ դադարեցրեց Աստվածաշնչի և հոգևոր այլ գրականության թարգմանություններն ու սկսեց դրա դեմ գործող, թափ ու ուժ առած, հետզհետե նաև Հայաստանում տարածվող աղանդների դեմ պայքարը: Քանի որ այդ ժամանակներում արդեն քրիստոնյա Հայաստանը երկատվել էր Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև, ապա ճշմարտության թշնամիները գործում էին թե՛ ձախից, թե՛ աջից: Պարսիկները ցանկանում էին բռնի ուժով հանգցնել Քրիստոսի աշխարհ բերած փրկության երկնային կրակը, իսկ Բյուզանդիայում դեռ իրենց հեթանոսական չաստվածներին էին ուզում ողջացնել հելլենիստական իմաստունները: Այդ բոլորի հետ մեկտեղ արդեն բուն քրիստոնեության մեջ սատանան սկսել էր իր դառնահամ որոմները ցանել, որոնք, ինչպես գիտենք, սկզբում շատ քիչ են տարբերվում ցորենի հասկից: Իսկ տարբերողներն ու զանազանողները պետք է լինեն սուրբ հոգով առաջնորդվող մարդիկ, որոնցից էր Եզնիկ Կողբացին: Նա գրեց իր «Եղծ աղանդոց» հայտնի գործը: Հիմա չկան արդեն այդ աղանդների հետևողները, քանզի շուտով նրանք էլ, համոզվելով իրենց հավատքի անզորության մեջ, Քրիստոսի ամենահաղթ խաչի զորության հանդեպ հրաժարվեցին իրենց չաստվածներից ու հոգին չջերմացնող կրակապաշտությունից, և շատերը դարձան քրիստոնյաներ ու ճշմարտության վկաներ: Իսկ ոմանք էլ, ճանաչելով իսկ ճշմարտությունը, կամովի դարձան Աստծուն հակառակվողներ և խավարի իշխանի գործակիցներ: Ահա այսպես դարերով հարատևեց և անաղարտ պահվեց ճշմարտության ոգին առաքելահիմն եկեղեցում:
Անշուշտ, դրանից հետո էլ սատանան կամեցավ եղծել ու մոլորեցնել մեր քրիստոսակիր ազգին, որովհետև աշխարհն ու հրեշտակները մեզ էին նայում, թե արդյոք այս ազգը կմնա՞ հավատարիմ իր տիրոջը, կուրանա՞ ու կկորսվի՞ ինչպես մնացյալները: ՈՒ փառք Աստծո, որ մեր սուրբ հայրերը ճգնություններով ու աղոթքներով հաղթեցին չարի բոլոր ուժերին, երկնային լույսով հաղթեցին երկնային խավարը, փառավորեցին Հիսուս Քրիստոսի սուրբ անունը:
Իհարկե, եղան նաև ժամանակներ, երբ Արևմուտքի պղծությունը կարծես թե հաջողություն էր ունեցել իր մոլորեցուցիչ զորություններով, և բռնկվել էին այնպիսի շարժումներ, ինչպիսիք էին նմանը չունեցող Թոնդրակյան և Պավլիկյան աղանդավորական շարժումները: Եկեղեցու հայրերը` աչալուրջ և հավատարիմ հովիվները, պայքարեցին դրանց դեմ ու, ի վերջո, մաքրեցին Հայաստանից: Բայց ահա եկան ժամանակներ, և մենք մեր իսկ աչքերով ականատես եղանք հոգևոր ահասարսուռ խորշակի, քանզի դատարկվեցին և ավերվեցին խնկաբույր եկեղեցիները, Տիրոջ ծառաներն անարգվեցին ու խոշտանգվեցին, Աստծո խոսքն իր մագաղաթագիր էջերով կրակի տրվեց, իսկ Նեռն ու իր հոգին կրողները մի արյունարբու խնջույքի նստեցին բյուր-բյուրերի արյունով հարբելով: Եվ իրապես էլ կրում էին (կարմիրներ) մականունը: Ինչևէ, խորշակ էր, պիտի անցներ ու անցավ: Հայորդիներն ու մնացյալներն ազատ շունչ քաշեցին, բայց մեր Տերը լավ գիտի չարի խորամանկությունները, այդ պատճառով զգուշացնում է. «Ապրեցեք որպես ազատներ, և ոչ թե ազատությունը չարության ծածկոց օգտագործելով» (Ա. Պետրոս, 2:16): Դիպուկ ճշմարտություն` մեր ժամանակների համար, երբ արյունով գնված մեր ազգությունը, ավա՜ղ, շատ շատերի կողմից օգտագործվում էր որպես չարության ու կեղծիքի ծածկոց, իսկ Քրիստոսի անվան տակ Հայաստան են սողոսկում զանազան գայլեր` գառան մորթով ու հափշտակում դեռևս հոգևոր կրթությունից զուրկ, դեռևս աջն ու ձախը չտարբերող, կեղծիքը ճշմարիտից չզանազանող հայորդիներին: ՈՒ կարճ ժամանակում «ուղեղները» լվանալու դասընթացներից հետո, որի սերտողության ընթացքում ուշիմությունը վարձատրվում է կանաչ երանգ ունեցող թղթադրամներով ու էլի մի քանի աչք շլացնեղ Արևմուտքի ճոխ սեղանի վիտամինազուրկ փշրանքներով: ՈՒ ահա պատրաստ է դանդաղ գործող թույնի սրվակը, որը թունավորելու է թե՛ իրեն, թե՛ իր նման միամիտ մոլորյալներին: Մեր Տերը գիտեր, որ կգան այսպիսի ժամանակներ, այդ պատճառով, երբ աշակերտներն իրեն հարցրին, թե ինչ նշաններ պետք է լինեն իր երկրորդ գալստից առաջ, ինքն ասաց. «Զգույշ կացեք, չխաբվեք, որովհետև շատերը պիտի գան իմ անունով…» (Ղուկաս, 21:8): Իմ անունով, ասել է թե` քրիստոնյան պետք է միայն Քրիստոսի անունը կրի, բայց սրտում Նեռի հոգին կլինի, ով պետք է բերան բացի մեր սրբությունների դեմ, պիտի արհամարհի պատարագն ու սրբալույս մյուռոնը, պիտի ծաղրի Աստծո խնկաբույր ու հրաշքով փրկված տներն ու աղոթքով կանգնեցված տաճարները, պիտի կասկածի մեր հայրերի ճշմարիտ հավատքի դավանանքին ու պիտի հաստատի մեր Տիրոջ խոսքը: Ասվեց, չէ՞, ի արթնություն բոլորիս. «Եվ Սուրբ Հոգին հայտնապես ասում է, թե վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հավատից և իրենց ուշադրությունը պիտի դարձնեն մոլորեցնող հոգիների վրա և դևերի վարդապետությունների վրա` տարված ստախոսությունների կեղծավորությամբ, ոմանց խղճմտանքը խանձված է…» (Ա. Տիմոթ., 4:1): Իսկ մի ուրիշ տեղում շարունակում է նույն միտքը. «Այս բանը իմացիր, որ վերջին օրերում չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի հեշտասեր, քան աստվածասեր, քանի որ ունեն աստվածապաշտության կերպարանք, սակայն ուրացել են նրա զորությունը: Դու նրանցից խորշիր, քանզի նրանց մեջ կան այնպիսիք, որ մտնում են տնից տուն և գերում են մեղքերով ծանրաբեռնված տկարամիտ կանանց, որոնք տարված են տեսակ-տեսակ ցանկություններով. կանայք, որոնք միշտ ուսուցանում են, բայց երբեք չեն կարող հասնել ճշմարտությանը: Ինչպես Հանեսն ու Համրեսը հակառակվեցին Մովսեսին, այդպես էլ սրանք են հակառակվում ճշմարտությանը. ապականված մտքով մարդիկ, հավատքի մեջ անպետք: Բայց նրանք ավելի առաջ գնալ չեն կարող երբեք, քանի որ իրենց հիմարությունը հայտնի կլինի բոլորին, ինչպես որ եղավ այդ երկուսինը» (Բ. Տիմոթ., 3:1-9): Ավետարանական այս ընդարձակ մեջբերումը կատարվեց, որպեսզի այն հայորդիներին, ովքեր դեռ մասնակից չեն եղել տարբեր հարանմանումներով աղանդավորական խմբերին, զգուշանան և իմանան` ով ով է, իսկ նրանք, ովքեր արդեն գտնվում են դրանց շոշափուկներում, թող սթափվեն ու թերևս նորից քննեն իրենց հոգևոր ընթացքը, ինչպես Աստծո Դավիթ ծառան էր աղոթում.
«Փորձիր ինձ, ով ԱՍՏՎԱԾ ու իմացիր իմ սիրտը,
Ինձ քննիր ու իմացիր իմ մտածմունքները,
ՈՒ նայիր, արդյոք չար ճանապարհների դեմ եմ,
Եվ ինձ դեպի հավիտենական ճամփան առաջնորդիր» (Սաղմոս, 139:23-24)։
Այս առիթով ուզում եմ պատմել վերջերս կայացած մի հանդիպման մասին, որ և խթան էր այս գրվածքն սկսելու համար:
Մի հոգևոր քրոջ հետ տրոլեյբուսով գնում էինք այցելության նեղության մեջ գտնվող մարդկանց: Ճանապարհին զրուցում էինք Ավետարանի խոսքերից: Երևի այնքան էլ ցածր չէինք խոսում, քանի որ դիմացը նստած մի երիտասարդ, որի գրկում երեխա կար քնած, սկսեց հետաքրքրություն ցուցաբերել մեր խոսակցության հանդեպ և նույնիսկ միջամտել, հասկացնելով, որ ինքն էլ անտեղյակ չէ Աստծո խոսքից: Ես զրույցը շարունակեցի այդ երիտասարդի հետ և քիչ հետո հասկացա իր յուրովի մեկնություններից, որ նա աղանդավորական դաստիարակություն է ստացել: Ինքն էլ, տեսնելով, որ ես համաձայն չեմ իր մեկնությանը, հարցրեց, թե ինչ խմբի եմ ես պատկանում և ուր եմ հաճախում հոգևոր պաշտամունքի համար: Ես պատասխանեցի, որ պատկանում եմ Հայ առաքելական եկեղեցուն և հաճախում եմ մեր հայրերի հաստատած եկեղեցիները: Մինչ այդ նրա դեմքը բարեհամբույր տեսք ուներ ինձ հետ զրուցելիս, բայց երբ լսեց, որ հայ մարդն իր նախնիների ցույց տված ճանապարհով է ուզում քայլել, նրա դեմքով մի մութ ստվեր անցավ, արհամարհանքի տեսքով, և հետևյալ խոսքերը լսեցի.
-Ա-ա-ա, այդ դեպքում մեր և ձեր միջև ոչ մի բան չկա:
Ես տրտմած ասացի. «Եղբայր, իսկ ես կարծում էի, թե մեր և ձեր միջև գոնե Քրիստոսն է ընդհանուր, և միայն մոտեցումն է տարբեր»:
Այո, սիրելի ընթերցող, բաժանել են մեզ իրարից նորամուտ «քրիստոնեական» հոսանքները:
Մեր ընտիր առաքելական ձեռքերով տնկած, արմատակալած ու դարեր շարունակ պտղաբերած ու ազգն ապրեցրած հավատքի ծառը թողած, այժմ Հայաստան են ներմուծում ջերմոցային տնկիներ, որոնք ոչ կարող են փորձությունների ժամանակ դիմանալ, ոչ էլ կարող են ազգին օգտակար պտուղներ բերել, քանզի նրանց սերմանածը, ինչպես համոզվեցինք, միայն պառակտում ու թշնամություն է առաջացնում մեր միջև: Ինչ անենք, որ մեր առաքելահիմք մայր եկեղեցին այդ «կարմիր» խորշակից հետո ճյուղաբեկ էր եղել: Չէ՞ որ առողջ ու ամուր արմատներից կարող են նորից ընտիր ընձյուղներ աճել, միայն թե խնամք ու հոգատարություն լինի բոլորիս կողմից, համբերության հետ մեկտեղ: Եվ վերջապես մարդկայնորեն ասեմ` ո՞վ է այն մեկը, որ երբ իր մայրը տկարանա ու հիվանդանա, կուզենա հարազատ մորը լքել և նոր ու գեղեցիկ, հմայիչ մայր փնտրել: Եթե կան այդպիսիք, ապա դրանք թող իմանան, որ մեր Տիրոջ խոսքը պատվիրում է հետևյալը. «Պատվիր քո հայրդ ու մայրդ, որպեսզի երկարակյաց լինես ու քեզ բարություն լինի»: ՈՒ եթե Աստված մարմնավոր ծնողների համար այսպիսի խոստումով պատվիրան է տվել, առավել ևս մենք պետք է մեզ Սուրբ ավազանի մկրտությամբ ծնող մեր հոգիների մոր հանդեպ գորովագութ լինենք, որը 20 դար շարունակ ծնել, սնել ու փայփայել է մեզ, մեր բոլոր փորձությունների ու դժբախտությունների ժամանակ չլքելով, այլ ծնողական սիրով մեզ մխիթարել ու մեր բազմաթիվ վերքերին ամոքիչ բալասան է եղել:
Այս էջում պարբերաբար ծանոթանում ես եկեղեցու համառոտ պատմության հետ. մի՞թե այն չի պատմում ասածիս մասին: ՈՒրեմն չլինեք ուրացյալ ազգ, կամ ոմն անհատ, մեր հավատը հագուստ չի եղել, որպեսզի երբ այն հնանա կամ աղտոտվի, նորով փոխենք: Մեր նախնիների սուրբ հավատը մեր կաշվի նման է, որ ոչ ոք չի կարող փոխել: Այս վերջին միտքն իմը չէ, այլ Վարդան Մամիկոնյանի պատասխանն է հավատուրացներին այն ահեղ փորձության ժամանակ և հիմա` այս ժամանակի մեջ ապրող հայորդիներիս ու բոլոր տեսակի ու երանգի աղանդներին ու նրանց հետևորդներին:
Աստված թող զորավիգ և օգնական լինի բոլոր ճշմարտություն փնտրողներին, քանզի մեր Տերը նաև ասել է. «Իմիններս իմ ձայնը կլսեն», և «Իմ ձայնը պիտի լսեն և պիտի լինի մի հոտ ու մի հովիվ» (Հովհաննես, 10:15):
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1417

Մեկնաբանություններ