ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

ՈՐՈԳԱՅԹ «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԻ» ԱՆՈՒՆՈՎ

ՈՐՈԳԱՅԹ «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԻ» ԱՆՈՒՆՈՎ
24.06.2011 | 00:00

Մի ժամանակ աղանդների դեմ խիստ հոդվածներ էի գրում և, ռադիոյով, երբ հարցազրույցի էին հրավիրում, խստորեն խոսում էի` հատելու պես: Բայց երբ մի անգամ էլ հրավիրեցին աղանդների դեմ ռադիոյով խոսելու, ասացի` այնպես ինչպես ես եմ սկսել այդ հարցերը նորովի դիտարկել` ձեզ դեռ հարմար չէ, իսկ իմ դիտարկումներին, եթե համաձայնեք էլ, որ ներկայացնեմ, ինքս դեռ բավարար խոսելու չափ պատրաստ չեմ: Մարդ եմ, որ զգուշանում է Աստծո խոսքի մեջ, որ խոսքով գոնե կոպիտ սխալ չգործեմ:
Ի՞նչ էր ինձ պատահել: Պարզապես մի քանի տեսիլք տեսա, որոնցով Տերն ինձ այսպես հանդիմանեց. «Սիրո՛վ պիտի խոսես, գիտությամբ, որ շահես նրանց սրտերը, քանի որ նրանց մեջ միամիտ հավատացող ժողովուրդ կա, որ Իմն է, ում հետ զգուշությամբ, Հոգով պիտի խոսել և ո՛չ թե կոտորումի չարաշահությամբ, որ որոշ հոգևորականներ գայթակղվում են անել: Չեն չարչարվում մշակություն անել և կացին հանելն են դյուրին գտնում: Եվ երբ հարցը ավելի լավ, ըստ խղճմտանքի պատկերացնես, այդժամ քարոզությանդ աշխարհայացքն ու մոտեցումներդ էլ կփոխվեն, և վնաս չես պատճառի: Հոգով պիտի առաջնորդվել, թե որտեղ ինչ և ինչ չափով պիտի խոսել, և իմացիր, որ նախանձախնդրությունը երբևէ չափազանցությունը չէ: Նախ ինքդ իմաստության մեջ առաջ գնա այնքան, որ վնաս չտաս, ապա խոսիր: Քրիստոս մոլորվածներին որոնում է, գտնում, բժշկում և ո՛չ թե կոտորում»:
Այդ բանից հետո Աստծո Հոգին մղեց խորհելու, թե մենք փոքր մի ժողովուրդ ենք և որի մեջ նկատելի մի զանգված աղանդների սուր մոլորությունների մեջ է ընկել ու հոգևոր խորության աճ չի ունենում: Սրանք, ի վերջո, հայեր են, իմ հայրենակիցները և ո՛չ թե թուրք ազերիներ, ո՛չ էլ սպիտակ ձեռնոցներ հագած օտար հոգի սատանիստներ: Եվ նման մտածողությունս վարձատրվեց: Այն օրերին, երբ սոցքարտի համակարգի, ըստ Հայտնության գրքի` զգուշացման հրապարակումների շարք էի տպագրում նրանց համար, որ Տերն ասում էր` Իմն են, մի քանի խմբերից եկան, գտան ինձ: Պարզ, հայ հավատացյալներ էին` «Ավետարանական» և «Ավետարանչական» խմբերից, որոնց դեմ գրել ու խոսել էի: Եվ տեսնելով կարիքի մեջ եմ ապրում` մեկ միրգ էին բերում, մեկ ուտելիք, մի քանի օր գոյատևելու դրամ: Իսկ ամենացնցողը մի աղքատ, ծեր մայրիկի ուղարկած 200 դրամն էր, որ այնպիսի հավատով ու քաջալերանքով էր ուղարկել, որ ցնցվեցի: Հավատի սքանչելի ու կենդանի դրսևորում էր առաջացել: Այս մարդիկ իսկապես սիրում էին Քրիստոսին և ակնածում Նրա խոսքից, և որոշել էին մինչ ի մահ հավատարմել Հայտնության գրքում Աստծո զգուշացումներին և տուրք չտալ Նեռի խաբեություններին:
-Մեր եղբայրը մեզ համար է չարչարվում,- ասում էին նրանք և վերաբերվում ինձ որպես հարազատի, թեպետ գիտեին, որ առաքելական եկեղեցու որդի եմ: Սրանք խոնարհ հավատացյալներ էին և ո՛չ թե ղեկավարներից: Եվ երբ հրապարակումները, կարիքից դրդված դադարեցրի, նրանց այցելություններն էլ դադարեցին: Խոսել էր պետք ղեկավարների հետ, որպեսզի ընդհանուր դարձ լինի դեպի առաքելական եկեղեցի, և ո՛չ այս մարդկանց: Խնդիրները բավական շատ էին.
ա) մանկանց մկրտությունը,
բ) սրբերի բարեխոսության խնդիրը,
գ) նրանց պատկերամերժությունը և այլն: Գիտաճանաչողական զրույցներ էին պետք` առանց վիրավորանքների: Որոնցից «Մանկանց մկրտության» խնդրի մասին զրույցը շուտով կներկայացնեմ տպագրության: Ըստ այդ մոտեցման էլ Աստծո Հոգին մղեց մտածելու, թե մենք փոքր ազգ ենք, և աղանդներում մոլորվածներին սիրով հետ վաստակել է պետք, զրույց գրեցի «Եհովայի վկա» երիտասարդության համար, որը թերթերով և բուկլետով հրատարակվեց, և վկայում են, որ օգտակար եղավ, մի քանի հոգի անգամ շնորհակալություն հայտնեց, որ իրենց հարազատն այդ զրույցի շնորհիվ հեռացել է «վկաներից»: Բայց քանի դեռ խնդիրը կա, համոզված եմ, որ հարկ է նման հրապարակումները, իմը ևս` վերստին տպագրել:
Իսկ մի քանի ամիս առաջ ինձ երկու գրքույկ նվիրեցին, այդ նվերների մեջ ես նախախնամության մատը տեսա (մեկը մեր ժամանակների մասին մի շարք մարգարեություններ էին, մյուսը` առաքելական եկեղեցի վերադարձած հայ ավետարանչական մի կնոջ Տիրոջից ստացած հայտնությունների ժողովածու):
Այն համոզումն ունեմ, որ ավետարանչական եկեղեցու առավել խելամիտ անդամների համար, մանավանդ ավետարանչական կնոջ դարձի հրապարակումները օգտակար դեղ պիտի լինեն, եթե հավատքով ու խելամտորեն կարդան, և ես էլ կարողանամ հարկ եղածին պես ներկայացնել, Տիրոջ խրատի համաձայն` սիրով: Եվ այն համոզումն ունեմ, թե ավետարանչական կնոջ հայտնությունները համաքրիստոնեական նշանակություն ունեն և թարգմանությամբ օգտակար պիտի լինեն բողոքական ողջ եկեղեցու համար էլ, իսկ տատանվողներին էլ պիտի վստահեցնեն, թե առաքելական եկեղեցու ավանդները Տերունականն են: Եվ խնդիրների արմատական այն մասին, որ եթե կարողանայի` ծրագրել էի մի օր անդրադառնալ, կնոջ դարձի հայտնություններում` հստակ ու գեղեցիկ շարադրված էին, այն էլ Տիրոջից թելադրված: Եվ շատ օգտակար եմ տեսնում, ըստ վերնագրերի, գլուխ առ գլուխ դրանք հրապարակել:
Նախ սկսենք մարգարեությունների գրքույկում զետեղված Դավիթ Վիլկերսոնի տեսիլքից: Տեսիլքը հիմնականում պատմում է այն որոգայթի մասին, որ աշխարհի մեջ սկսել է բարձրանալ «Համաշխարհային եկեղեցի» անունով:
Թե ո՛վ է Վիլկերսոնը, մեջբերենք.
«1973 թվականին Տերը տեսիլք տվեց հայտնի բողոքական քարոզիչ Դավիթ Վիլկերսոնին, որը 1958 թվականից սկսած դարձի էր բերում Նյու Յորքի երիտասարդական գանգստերական խմբավորումների անդամներին։ Այդ մասին նա գրել է «Խաչ և դաշույն» գիրքը։ Այդ գրքով նկարահանված է նաև նույնանուն ֆիլմ, որը կարելի է ձեռք բերել «Շողակաթ» հոգևոր գրականության խանութում»։
Հատված տեսիլքից.
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԳՈՅԱՑՈՒՄԸ
«Ես տեսնում եմ, թե ինչպես ապագայում, որպես արդյունք լիբերալ էկումենիկ-բողոքականների և հռոմեակաթոլիկ եկեղեցու դաշինքի, գոյություն կառնի համաշխարհային գերեկեղեցին։ Նրանք համատեղ քաղաքականություն են վարելու և կստեղծեն երկրի վրա ամենահզոր կրոնական ուժերից մեկը։
Այդ համաշխարհային եկեղեցին հոգևոր կլինի միայն անունով։ Նա ազատորեն կօգտվի Հիսուս Քրիստոսի անունից, բայց, գործնականում հետամուտ լինելով գլխավորապես զուտ քաղաքական նպատակներին, նա հակաքրիստոնեական է լինելու իր ամբողջ գործունեության մեջ։ Այդ հզոր եկեղեցական միությունն ամբողջապես զբաղված է լինելու սոցիալական հարցերով, հսկայական բարեգործական ծրագրերով, և աղետալի վիճակում գտնվողներին օգնություն տրամադրելով։
Այդ դաշինքի ղեկավարները ընդհանուր խոսքեր կասեն մարդկանց կարիքներին ընդառաջ գնալու անհրաժեշտության մասին, կոչելով հասարակական գործունեության նորոգմանը, քաղաքական ակտիվությանը և եկեղեցու ավելի և ավելի սերտ մասնակցությանը աշխարհի գործերին»։
Որ համաշխարհային եկեղեցին գերեկեղեցի դառնալով մատնվելու է պղծության ու Քրիստոսի անունով` հակաքրիստոնեության, քրիստոնյաներին վաղուց է հայտնի` Ավետարանից և Հայտնության գրքից, և այդ նույն հայտնության մասին, հստակ և սթափեցնող խոսքով, կարդում ենք նաև Դավիթ Վիլկերսոնի հայտնության մեջ:
ԳԵՐԵԿԵՂԵՑՈՒ ԱՆԿՈՒՄԸ ՔՐԻՍՏՈՍԻ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ
«Ես տեսնում եմ, թե ինչպես այդ գերեկեղեցին «ըմբռնելու» կարգախոսով իր անդամների շարքերն է ընդունում արվամոլներին և իգամոլներին։ Արվամոլական և լեսբոսյան սերը կպաշտպանվի այդ եկեղեցական միության առաջնորդների կողմից և ոչ միայն կընդունվի, այլև կխրախուսվի։
Արվամոլներից և իգամոլներից ծառայողներին կշնորհվեն հոգևոր աստիճաններ, և նրանք հեղինակավոր պաշտոններ կվարեն այդ եկեղեցական միությունում։ Նրանք ռահվիրաների նոր սերունդ են հայտարարվելու, որ ներմուծում են սիրո և ավետարանչության նոր ըմբռնումները։
Ես տեսնում եմ, թե ինչպես ԱՄՆ-ի ամեն մի մեծ քաղաքում և ամբողջ աշխարհում գոյանում են արվամոլների և իգամոլների եկեղեցիներ, որոնք սպասարկում են բացառապես իրենց նմանների հոգևոր կարիքները և լիակատար ճանաչում և աջակցություն են գտնում պաշտոնական կրոնի կողմից»։
ՕԿՈՒԼՏԻԶՄԸ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԵՋ
«Ես գիտեմ, որ համաշխարհային եկեղեցին կհանդուրժի օկուլտիզմի մասնակի կիրառումը։ Հայիթիում մի քանի եկեղեցական խմբեր արդեն կախարդանքի որոշ ձևեր են ներմուծել իրենց պաշտամունքի մեջ։
...Ես տեսնում եմ, որ օր կգա, երբ այն հոգևորականները, ովքեր երբեք շատ մոտիկ չեն եղել Աստծուն, չափազանց մոտիկ կդառնան սատանային։
Սատանան կհայտնվի որպես լուսո հրեշտակ, որպեսզի խաբի, եթե միայն հնարավոր է, և Աստծո ընտրյալներին։ Սատանայի սեփական ծառաները կգան լուսո հրեշտակների տեսք ընդունած և կփորձեն եկեղեցու մեջ լուր տարածել, իբր սատանան ոչ թե թշնամի է, այլ բարեկամ։
Գերեկեղեցին երբեք պաշտոնապես չի ընդունի օկուլտիզմի կիրարկումը, բայց գանգագիտությունը, խիրոմանտիան, գուշակությունը և հորոսկոպները լայն տարածում են գտնելու»։
ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԵԼՔԸ
«Ես տեսնում եմ Հիսուս Քրիստոսի բոլոր ճշմարիտ հետևորդների մեծ գերբնական միությունը, որ ի մի է կապվում Սուրբ Հոգու միջոցով, հիմնված լինելով Քրիստոսի և Նրա Խոսքի հանդեպ ընդհանուր վստահության վրա։ Աստծո խոսքի շուրջ միավորված հավատացյալների այդ գերբնական եկեղեցին կդառնա յուրատեսակ ընդհատակյա եղբայրություն և կներգրավի իր մեջ կաթոլիկներին և բոլոր հարանվանումների բողոքականներին։ Նա կմիավորի երիտասարդներին և ծերերին, սպիտակամորթներին և սևամորթներին, նրա մեջ են մտնելու բոլոր ազգությունների մարդիկ։
Երբ տեսանելի համաշխարհային եկեղեցին հետամուտ է լինելու քաղաքական զորության ձեռք բերելուն, այդ անտեսանելի գերբնական եկեղեցին արագ աճելու է Հոգու զորության մեջ։ Այդ ուժը գալու է հալածանքներից և հետապնդումներից։
Մոլի հալածանքները, որ կտարածվեն երկրով մեկ, կանեն այն, որ քրիստոնյաներն իրար և Քրիստոսին ավելի մոտիկ կդառնան։ Նրանք ավելի քիչ կանհանգստանան հարանվանային դրույթների մասին և ավելի մեծ նշանակություն կտան Հիսուս Քրիստոսի գալստյանը։ Սուրբ Հոգին ի մեկ կկապի բոլոր դավանությունների և հասարակության բոլոր շերտերի մարդկանց»։
Ավելացնեմ, որ ձեռքս ընկած գրքույկներն ընդամենը մի քանի տասնյակ օրինակների հրատարակություն էին, մեկն առանց կազմի, ըստ այդմ, մամուլի անդրադարձով, արդեն հասանելի կդառնան շատերին, և օգտակար կլինեն ոչ միայն բողոքական եկեղեցու հետևորդներին, նրանց դեռ խղճմտանքը չկորցրած ղեկավարներին, այլև մեր քաղաքական դաշտի հայրենասեր մասին էլ, և առավել` այն պատգամավորներին, ովքեր սթափ տրամաբանություն ունեն` ժամանակների վերաբերյալ առավել ճշտորոշ գիտելիքները հայրենյաց օգուտին գործադրելու, դրանք հարստացնելու և հանուն հայրենյաց խելամիտ որոշումներ ընդունելու համար, իսկ արդեն ընդունած խոտան որոշումները (միասեռականության ամոթը և նեռի համակարգը և նման այլ բաներ) դատապարտելու և մերժելու, նման երևույթների դեմ առողջ գիտամշակությամբ պայքարելու համար:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1257

Մեկնաբանություններ