38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԴԱՍԵՐԸ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐԻ «ԴԱՍԵՐՈՒՄ»

ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԴԱՍԵՐԸ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐԻ «ԴԱՍԵՐՈՒՄ»
06.05.2011 | 00:00

Յուրաքանչյուր ոք իր մտքերը թղթին հանձնելու իրավունք ունի: Լավ թե վատ դրանք իր մտքերն են, աշխարհընկալման իր ըմբռնումը, պատմական դեպքերին գնահատական տալու իր կարողությունը: Դա հանցագործություն չէ ամենևին: Բայց հանցագործություն է, երբ անհատը, գիտնականը, փիլիսոփան իր աղճատված մտքերը հանձնում է թղթին և վերջում էլ անուն, ազգանունից հետո գրում` փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Ա՛յ, դա է հանցագործությունը, որովհետև շարքային ընթերցողը, պատմության ոչ գիտակը հավատում է այդ գիտնականին: Այդպիսի պրոֆեսորի գրական պորտրեն լավ է տվել անմահ Չեխովն իր պատմվածքներից մեկում: Խեղճ մուժիկն ամբողջ կյանքում հողից վաստակած եկամուտն ուղարկել է քաղաք` փեսային, որովհետև մտածել է, թե նա մեծ մարդ է, գիտնական: Դժվար է ասել, թե ինչպիսի ապրումներ է ունեցել խեղճ մուժիկը, երբ պարզվել է, որ փեսան պարզապես թուղթ մրոտող է եղել:
Երբ մամուլում կարդացի մի փիլիսոփայի` ԵՊՀ դասախոս, դոկտոր, պրոֆեսոր Մամիկոն Ասատրյանի «Մեծ եղեռնի դասերը» վերնագրով հոդվածը, ակամայից մտածեցի, որ փիլիսոփան, դոկտոր-պրոֆեսորը հաճելի անակնկալ կմատուցի (այն է` նորովի կմոտենա առաջադրված հարցին), կտա անցյալի սխալների գիտական գնահատականը և ոչ պակաս` ապագա անելիքի փիլիսոփայական ճանապարհը: Առավել ցավալի է, որ Խրիմյան Հայրիկին քննադատողը (ասեմ, որ նա որևէ օտար լեզու չի իմացել, արտասահմանյան որևէ երկրում չի եղել, բայց, ինչպես Իսահակյանն է գրում իր հուշերում, ապշել է, երբ իր հետ ունեցած զրույցում խոսել է Եվրոպայից, Հեգելից, նրա փիլիսոփայական մտքերից) ուղիղ 133 տարի հետո (պատկառելի ինչպիսի՜ ժամանակ, մարդկային կյանքի էվոլյուցիայի և տարբեր հեղափոխությունների, քաղաքական մտքի թռիչքաձև զարգացման մի ամբողջ էպոխա) ֆատալիզմի, պարտվողականության դասեր է տալիս երիտասարդ սերնդին: Թող որ սխալ լիներ Պոլսի պատրիարքի` Սան Ստեֆանո, Խրիմյան Հայրիկի` Բեռլին մեկնելը: Այդ սխալներից հետո ազգը չկարողացա՞վ իր մեջ ուժ գտնել, գնահատել անցյալը և ապագայի անելիքը որոշել: Սրանց հաջորդեցին համիդյան ջարդերը: Եվ նույն թվականին ասված ալիշանական խոսքերը, թե պետք չէ գրգռել թուրքի մոնղոլական ոգին, եթե ընդունվեին և դադարեցվեին ազգային կազմակերպությունները, ապա, ինչպես նշում է հոդվածագիր փիլիսոփան, չէին լինի ջարդերը:
Որպեսզի ցույց տանք ասվածի ողջ սնանկությունը, խոսքը տանք Ա. Վեգներին: Ըստ Վեգների` ռազմական անհրաժեշտությամբ թելադրված միջոցառումը սոսկ պատրվակ է: Եվ մի՞թե ամերիկյան դեսպան Մորգենթաուն վեհանձնաբար չէր առաջարկում Թուրքիայից արտաքսված ժողովրդին փոխադրել Ամերիկա: Հենց թուրքական կառավարության մերժողական պատասխանը ցույց է տալիս թուրքի ողջ էությունը, նրա նպատակը` արմատից կտրել հայ տարրը: Ասվածից երևում է, որ հարցն ամենևին էլ թուրքի մոնղոլական արյունը գրգռելու մեջ չէ, այլ նրա էության մեջ է:
Եթե աշխարհը ղեկավարվեր փիլիսոփայի մտքերով, ապա չպիտի լինեին ո՛չ իռլանդացիների դաժան կոտորածը, ո՛չ բնիկների ոչնչացումը ամերիկյան մայր ցամաքում (հավանաբար բնիկներն էլ էին գրգռում Եվրոպայից գաղթածների «մոնղոլական» արյունը), ո՛չ թասմանցիների լիակատար ոչնչացումը և այլն:
Ասենք, որ երիտթուրքերի իշխանության գալուն աջակցել են նաև հայ հեղափոխականները: Ընդամենը մի քանի ամիս հետո տեղի ունեցան Ադանայի ջարդերը: Այդ ժամանակ էլ էին հայերը գրգռել թուրքերի մոնղոլական արյունը: Տեղին է նշել, թե երիտթուրքերի հետ քաղաքական կոնկուբինատի մեջ մտնող հայ հեղափոխական կուսակցության անդամներից մեկին` Վարդգեսին, ինչ է ասել կանոնավոր կրթություն չստացած, սակայն զգայական ճանաչողությամբ թուրքին լավ ճանաչած Անդրանիկը.
-Հերիֆ ըլեմ, եթե սրանք մի օր ձեզ չկախեն:
ՈՒրեմն հարցն ամենևին էլ մոնղոլական արյունը գրգռելը չէր: Քրիստոսին խաչեցին, որովհետև դա էր պահանջում հրեական հոգևոր դասի շահը: Հայերին պիտի ոչնչացնեին, որովհետև դա էր պահանջում կործանվող օսմանյան պետության շահը:
ՈՒրֆայում, Սեբաստիայում, այսինքն` ռուսական ճակատից հազարավոր կիլոմետրեր հեռու ապրող հայ կինն ու երեխան էլ էին վտանգ սպառնում թուրքական բանակին: Թուրքական բանակում ազնվորեն կռվող հայ զինվորն էլ էր վտանգ: Հայ ժողովրդի ամբողջ դժբախտությունը թուրքի մոնղոլական արյունը գրգռելու մեջ չէ, այլ սեփական ուժերի նկատմամբ թերահավատ լինելու մեջ է, սրա-նրա վրա հույսը դնելու, սուտ քրիստոնեական դաշնակից փնտրելու մեջ է: Հույները չէին օգնում հայերին արաբների դեմ պայքարում, բայց երբ Թեոդորոս Ռշտունին համագործակցեց արաբների հետ, հույները զարմացած հարցրին` ինչպե՞ս, քրիստոնյան մուսուլմանի հե՞տ: Դարեր շարունակվող ռուսական կողմնորոշումը մեզ համար կործանարար է եղել: Առաջին համաշխարհայինից առաջ թուրքական տարրը ինը միլիոնից ավելի չէր, մոտ երեք միլիոնը հայեր էին: Թուրքական տարրը հիսուն տոկոսից ավելի չէր: Բայց ոչ թուրք ազգերի քաղաքական տհասության պատճառով նրանք զոհ գնացին թուրքական յաթաղանին: Առաջին համաշխարհայինի նախօրյակին հայ քաղաքական միտքը տհաս էր այն աստիճանի, որ չկարողացավ կազմակերպել հայ ժողովրդի պայքարը։ Ստամբուլում նստած ազգային ջոջերին խորթ էր ազգայինը: Ավելին ասեմ, երբ քանդվեց Անդրկովկասի սեյմը, Հայաստանի անկախությունը հռչակած կառավարությունը չէր ձգտում օր առաջ գալ Հայաստան, քանզի Թբիլիսին տաք էր ու անվտանգ: Ավելին ասեմ, մեր դժբախտությունների համար մեղավորներ միայն մեր մեջ փնտրենք և ոչ թե թուրքի մոնղոլական արյունը գրգռելու մեջ: Հայկական լեգեոնը կռվեց 1916-1918 թվականներին և ինչի՞ հասավ: Իսկ քանի՞ նման լեգեոն կարելի էր կազմակերպել հայ իրականության մեջ հօգուտ հայի: Մեր արյան գենն է` ծառայել ուրիշին, խաբվել և վերջում բողոքել:
Առավել սրտառուչ են փիլիսոփայի մտքերը ներկա հայ-թուրքական հարաբերությունների մասին: Որպեսզի այդ հարցի շուրջը շատ չծավալվեմ, նշեմ միայն, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր անթիվ զիջողական ցանկություններից հոգնած, ասաց` մենք Թուրքիային այլևս ասելիք չունենք: Օրինակը ցույց է տալիս, որ եթե մենք վաղը հրաժարվենք գենոցիդի հարցից, Ղարաբաղից, միևնույն է, Թուրքիան դեռ հասու չէ իր հարևանների հետ քաղաքակիրթ ապրելուն: Երբ նայում ես հայոց ցանկացած հարցի վերաբերյալ Էրդողանի պատասխաններին, ակամայից սարսռում ես նրա հայացքի մոլուցքից: Ոչ ոք չի կարող ասել, թե ռուսական ռազմակայանը պատերազմի ժամանակ մեզ ինչ կտա: Պատերազմին հայ ժողովուրդը պետք է ինքը պատրաստ լինի, հույսն իր վրա դնի: Իսկ մենք հարցնում ենք` կարո՞ղ ենք: Իրոք, մենք կարող ենք հարստահարված, կողոպտված երկրով, հուսահատ ժողովրդով կռվել և հաղթել: Կարող ենք, եթե, հանուն աթոռի, ազգի ստահակները ազգը չհանեն իրար դեմ: Կարող ենք, եթե ազգի թալանչիները հաշվետու լինեն օրենքի առաջ: Կարող ենք, եթե հայ պաշտոնյան ամեն օր աշխատանքի գնալուց առաջ չմտածի, թե որքան է այսօրվա իր «քյարը»: Կարող ենք, եթե ժողովրդի` երկրից դեպի դուրս հոսքն ուղղվի ազատագրված տարածքներ: Կարող ենք, եթե երկրում սովորական հայ մարդը հավատա, որ ինքն էլ ապրելու, արարելու իրավունք ունի:
Օբաման կճանաչի՞, թե՞ չի ճանաչի հայոց գենոցիդը: Սարկոզին կխաբի՞, թե՞ չի խաբի հայ ժողովրդին, Էրդողանը սահմանը կբացի՞, թե՞ ոչ, Մեդվեդևն ինչքա՞ն կմանևրի Սերժի ու Ալիևի արանքում, դա հայ ժողովրդին չի վերաբերում:
Երկրում պետք է ստեղծվի այնպիսի վիճակ, որ ժողովուրդը հավատա իր նախագահին, իր նախարարին, աշակերտն իր ուսուցչին, մեղադրյալը դատավորին, գյուղացին հողին, հավատացյալը կաթողիկոսին և այդպես շարունակ, և ոչ թե մտածենք, ինչպես 133 տարի առաջ: Թե պետք չէ գրգռել թուրքի մոնղոլական արյունը: Ցանկանում եմ վերջակետ դնել, բայց ակամայից հիշեցի բաքվեցի մի հայ փախստականի հետ 1990-ին ունեցած զրույցս.
-Իսկ դու ի՞նչ արեցիր, երբ փողոցում տեսար սպանված կնոջդ, որդուդ…
-Ի՞նչ պիտի անեի, տուն փախա,- եղավ պատասխանը:
-Այդ տանը գազ կա՞ր,- հարցրի ես:
-Կար:
-Ինչո՞ւ վառվող մոմը չդրեցիր քո բնակարանի զուգարանում կամ լոգարանում և չբացեցիր գազի ծորակը մինչև շենքը պայթելու աստիճան:
-Ախր շենքում շատ երեխաներ կմեռնեին:
Ես ոչինչ չպատասխանեցի: Կնոջը, երեխային կորցնելուց հետո էլ երևի այդ մարդը մտածում էր չգրգռել թուրքի մոնղոլական արյունը:
Վերջում: Պատմությունը դառը գիտություն է, բայց և ճշմարիտ գիտություն: Ով շուտ է մոռանում թափված արյունը, նրա արյունը միշտ կթափեն: Ասվածի հաստատումն է վերջին հարյուր տարում տասնյակից ավելի անգամ մեր թափած անմիտ արյունը, բացի ղարաբաղյան պատերազմից: Այն էլ ասեմ, որ ղարաբաղյան պատերազմում արտահայտված հայ ոգու աննախադեպ դրսևորման համար մենք պարտական ենք սովետահայ մեր դաստիարակությանը: Վերջում կուզենայի նաև ավելացնել, որ Շարմազանովը պետք է հետևի թուրք Դավութօղլուին և միջազգային իրավունք սովորի, բայց ոչ իր պապերի ավանդական իրավունքը, այլ թուրքի էությանը համապատասխան միջազգային իրավունքը:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 1502

Մեկնաբանություններ