Ռուսաստանը փորձարկում կանցկացնի օտարերկրացիների նկատմամբ մուտքի պահին կենսաչափական տվյալներ հանձնելու առումով՝ հայտնել է Թվային զարգացման նախարարությունը։ Մուտք գործող օտարերկրացիներից կպահանջվի մի քանի անցակետերում կենսաչափական տվյալներ (դեմքի պատկեր և մատնահետքեր) ներկայացնել: Փոփոխությունները չեն տարածվի Բելառուսի քաղաքացիների, մինչև վեց տարեկան երեխաների և դիվանագետների վրա:                
 

ԱՄԲՈՂՋԱՑՈՂ ԴԻՄԱՆԿԱՐ` ԸՆԴՀԱՏՎԱԾ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՄԲ

ԱՄԲՈՂՋԱՑՈՂ ԴԻՄԱՆԿԱՐ` ԸՆԴՀԱՏՎԱԾ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՄԲ
21.06.2011 | 00:00

Այսօր, ժամը 15:00-ին նորաբաց «Գրանադա» ռեստորանում կայանալու է գրող, հրապարակախոս ՄԱՐՏԻՆ ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ «Հայկական ծանրամարտի նորին գերազանցություն ՄԱՐԶԻՉԸ» գրքի շնորհանդեսը` նվիրված 2006-2010 թթ. ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանին: Ներկայացնում ենք մի հատված գրքի «Ամբողջացող դիմանկար` ընդհատված կենսագրությամբ» գլխից:
Մարզչի որակում Աշոտ Մխիթարյանն իսկապես ունեցավ արգասաբեր կենսագրություն: Իր ցավալիորեն կարճ կյանքի ընթացքում նա գլխավորեց Հայաստանի թե՛ պատանեկան, թե՛ ազգային հավաքականները, երկուսի հետ էլ անցավ մեծ ճանապարհ, երկուսին էլ բերելով Եվրոպայի լավագույն թիմի հանգրվանին` նորից հաղթ ու հպարտ հնչեցնելով հայկական ծանրամարտի անունը: ՈՒ քանի որ խոսեցինք թիմայինից, չեմ կարող մի դիտարկում չանել: Իմացո՛ղը գիտե, թե ինչ բարդագույն խնդիր է այս մարզաձևում թիմային ոգու հաստատումը, որովհետև ծանրամարտն իր առանձնահատկություններն ունեցող մարզաձև է, որտեղ, ի վերջո, յուրաքանչյուր մարզիկ մրցահարթակում իր գործն է անում ու` վերջ, և սկզբունքորեն անկախ է մնացածներից, ինչպես նվագախմբում անկախ է այն կազմած յուրաքանչյուր անձ: Այս հենքի վրա արդեն բովանդակային այլ խնդիր է, թե ինչպես ես կարողանում համատեղել նրանց այնպես, որ հնչելիքդ վերածվի համանվագի, չկորցնես, չխաթարես համույթդ կազմածներից յուրաքանչյուրի անհատականությունը:
Այլոց նկատմամբ Աշոտ Մխիթարյանի գերազանցությունը դիրիժորի իր ա՛յս որակի մեջ էր:
Նա մերան էր, միավորիչ ուժ:
Իրեն տրված վերին շնորհով Աշոտ Մխիթարյանը կարողանում էր հզոր անհատների այս մարզաձևի ներկայացուցիչներին համախմբել ու թելադրել ապրել թիմի գաղափարով, այնպես անել, որ առաջին մեծության աստղի սիրտը բաբախեր հավաքականի նորելուկի համար, այնպես անել, որ նույն քաշային կարգում մրցակցող թիմակիցն ուրախանար իր ընկերոջ հաջողության համար: Այդ միայն նրա նման հզոր անհատը կարող էր անանձնական լինել հավաքականի ղեկին: Այս առումով խիստ ուշագրավ է Եվրոպայի 2010 թվականի առաջնությունը, որտեղ մինչև 85 կգ քաշային կարգում ոսկու համար մրցակցում էին նրա սան Արա Խաչատրյանն ու Գևորիկ Պողոսյանը: Հրում վարժությունում երկրորդ մոտեցումից հետո ստեղծվել էր մի իրավիճակ, երբ Արայի 203-ին Գևորիկ Պողոսյանը պատասխանեց 204-ով ու մեկ կիլոգրամով շրջանցեց նրան: Արդեն այդ պահից մայրցամաքի ոսկին ու արծաթը մերն էին: Առավելագույնին հասնելու համար Արան գրոհեց 205 կգ կշռող ծանրաձողը: Փորձն անհաջող եղավ: Անհաջող էր և թիմակցի մոտեցումը. նա գնաց սանձահարելու 206 կիլոգրամը, սակայն այդ պահի համար դա չէր կարևորը, կարևորը մրցակցի ուրախությունը կիսելու Արայի ասպետականությունն էր, ինչպես նաև Աշոտ Մխիթարյան մարզչի արարքը:
Երբ հավաքականը Մինսկից վերադարձավ, ես, ի մասնավորի, զրույց ունեցա նաև այս դեպքի հետ կապված:
Բացեմ փակագծերը, որ ընթերցողին հայտնի լինի դրության ինտրիգը:
Արա Խաչատրյան-Աշոտ Մխիթարյան կապվածությունը չափազանց հետաքրքիր պատմություն ունի: Բացառիկ տաղանդավոր այս ծանրորդը կյանքի մի տևական փուլ, ինչպես հայտնի է, թողել է մարզաձևը, և նրան մարզադահլիճ կրկին բերողը եղել է Աշոտ Մխիթարյանը: Մինսկի առաջնությանն Արան մասնակցում էր Պեկինի օլիմպիական խաղերի ժամանակ ստացած ծանր վնասվածքից հետո, գումարած փոխված քաշային կարգը` երկու գործոն, որոնք հոգեբանական լուրջ խնդիրներ են պարունակում ցանկացած ծանրորդի պարագայում, իսկ Արայի դեպքում` առավել ևս: Բանն այն է, որ հիրավի բացառիկ օժտվածություն ունեցող այս մարզիկին մեծահասակների մրցահարթակում այդպես էլ չի հաջողվել վայելել երկամարտի արդյունքում պատվո պատվանդանի վերին հարթակին կանգնելու հաճույքը: Աշոտ Մխիթարյանի հետ զրույցում ինձ մասնավորապես հետաքրքրում էր հարցը` եթե Արային հաջողվեր բարձրացնել 205 կգ կշռող ծանրաձողը, ինքը Գևորիկի համար դարձյա՞լ կպատվիրեր 206 կիլոգրամը: Պատասխանը հետևյալն էր` միանշանակ: Սակայն որքան էլ նա լակոնիկ էր իր ասածի մեջ, նույնքան ես համառ էի նրան «քչփորելու, բացելու» հարցում: Ես բացատրություն էի ուզում նաև նրան ավելի լավ ճանաչելու նկատառումով:
-Ի՞նչ ես ուզում ինձնից: Կերար կյանքս,- կեղծ դժգոհեց նա և պահ անց շարունակեց,- եթե հավաքականում և, ընդհանրապես, որևէ մարզիկ զգա մյուս մարզիկի նկատմամբ մարզչի ընդգծված վերաբերմունքը, դա կլինի այդ մարզչի վերջը: Չկեղծեմ, հոգուս խորքում ես կուզենայի, որ հաղթողը լիներ Արան, մանավանդ որ նրան վերջին պահին միշտ ինչ-որ բան խանգարում է, սակայն իմ տղան իրեն չէր հարգի, չէր հարգի և ինձ ու չէր ընդունի նման գնով ձեռք բերված հաղթանակը: Նա ա՛յդ մարդը չէ: Նա շատ ուժեղ է ու հպարտ նման «ընծաներ» ընդունելու համար: Մի քիչ էլ համբերիր ու կտեսնես` իրականում ով է նա:
Ահա այսպես անանձնական էր Աշոտ Մխիթարյանը մարզչի ու մանկավարժի իր որակում, որովհետև բոլոր մարզիկներն էլ հավասարապես նրա տղերքն էին, նրա բալեքը, իսկ երեխաների նկատմամբ ունեցած հոր սերը, նրա համոզմամբ, պիտի լինի ծրարված:
«Վստահ, տղես». մարզասերը քանի անգամ է լսել մարզիկին մրցահարթակ ուղեկցող մարզչի այս արտահայտությունը, ու այդ ձայնը որոշիչ եղել է ծանրորդի հաջող մոտեցման համար: Մարզչի այդ դիմելաձևի մեջ բովանդակված է եղել նրա ողջ սերն ու հավատն իր մարզիկի նկատմամբ, ու մարզիկն իմացել է, որ հաստատ կեղծ նոտաներ չկան ասվածի մեջ, և փորձել է Մարզչին փոխադարձել նույն սիրով, հավատով ու ջերմությամբ: Սակայն մարզիկը միայն այդ պահին չի իմացել կամ գիտակցել, որ ինքն իր Մարզչի տղան է: Հոր պես թև ու թիկունք է եղել Աշոտ Մխիթարյանն իր սաներին բոլոր այն պահերին, երբ նրանց համար դժվար ժամանակներ են եղել, երբ թվացել է, թե արդեն ամեն ինչի վերջն է: Ի՜նչ արժեր միայն Տիգրան Գևորգի Մարտիրոսյանի խոսքը նրա սգո հանդեսի արարողության ժամանակ. «Ես երկրորդ անգամ հայր կորցրի»: Ահա այսպես դաժանորեն մանկանում են կամ կարող են մանկանալ առնական, որձաքարի պես պինդ տղաները, որոնք էլ իրենց հերթին որդի էին իրենց Մարզչի համար:

Դիտվել է՝ 1953

Մեկնաբանություններ