38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ԱՅՍՕՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ՄԵԾ Է, ՔԱՆ ԵՐԲԵՎԷ ԷՐ ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ»

«ԱՅՍՕՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ՄԵԾ Է, ՔԱՆ ԵՐԲԵՎԷ ԷՐ ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ»
05.02.2010 | 00:00

Հայ-թուրքական արձանագրությունների հետագա ճակատագիրը և դրա շուրջ հնարավոր զարգացումները մեկնաբանում է խորհրդարանի նախկին խոսնակ, պատգամավոր, քաղաքագիտության դոկտոր ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ։
-Պարոն Թորոսյան, Դուք, թերևս, միակ քաղաքական գործիչն էիք, որ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի վճիռը չողջունեցիք։ Ավելին, պնդեցիք, թե ՍԴ-ն իրավունք չուներ վճռի մեջ հավելյալ մեկնաբանություններ տալու և պիտի պարզապես ամրագրեր, որ հայ-թուրքական արձանագրությունները կա՛մ համապատասխանում են Սահմանադրությանը, կա՛մ ոչ։ Սա նշանակո՞ւմ է, որ հայ-թուրքական սահմանի ճանաչման և ցեղասպանության հարցի հետ կապված ՍԴ-ի որոշման մեջ տեղ գտած պարզաբանումներն իրավական ուժ չունեն։
-Նախ` ներկայացված կարծիքը մասնագիտական էր, ոչ թե որպես Ազգային ժողովի պատգամավորի, այլ քաղաքական գիտությունների դոկտորի: Ցավոք, Հայաստանում ընդունված է, որ բոլորն ամեն ինչի մասին խոսում են առանց լուրջ պատկերացումների ու գիտելիքների: Ինչ վերաբերում է ՍԴ-ի որոշման 4, 5, 6 կետերին, ապա, այո, ՍԴ-ն իրավունք չուներ նման դրույթներ կիրառելու որոշման մեջ։ Դրա մասին է վկայում «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 64-րդ հոդվածը, որով սահմանվում է նման որոշումների բովանդակությունը: Որոշումն «իրավական դիրքորոշումներ» արտահայտելու, մեկնաբանություններ անելու, կիրառման սահմանափակումներ դնելու լիազորություն չունի: Պատահական չէ, որ Թուրքիան մտադիր է Հայաստանին և գործընթացի միջնորդ պետություններին` ԱՄՆ-ին ու Շվեյցարիային, գրավոր ներկայացնել այդ որոշման հետ կապված իր մտահոգությունների իրավական հիմնավորումները` ակնկալելով Հայաստանի գրավոր պարզաբանումներն այդ կետերի իրավականության վերաբերյալ։
Բայց որոշումն ունի նաև ներքին լուրջ հակասություն: Որոշման մեջ նշելով, որ արձանագրությունները պետք է այնպես կիրառվեն, որ չհակասեն երկրի Սահմանադրությանը, ՍԴ-ն փաստել է, որ արձանագրություններում կան խնդրահարույց հարցեր` հայ-թուրքական փաստացի սահմանի ճանաչման և ցեղասպանության խնդրի հետ կապված: Մի կողմից` ՍԴ-ն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից` «իրավական դիրքորոշումներ» արտահայտելով ու սահմանափակելով արձանագրությունների կիրառումը, այդ տեսակետից բացահայտելով հակասահմանադրական դրույթներ, մյուս կողմից` ամրագրել է, որ դրանք համապատասխանում են Սահմանադրությանը։ Թեպետ, իհարկե, հասկանալի է, թե այս ամենն ինչի համար է արվել։
-Այսինքն, սա քաղաքակա՞ն որոշում էր, որով փորձ է արվել արտգործնախարարության կողմից վատ ձևակերպված փաստաթուղթն ինչ-որ ձևով շտկել։
-Եթե վճիռը կայացված է այդ մտայնությամբ, ապա ընտրված է սխալներ շտկելու ոչ ճիշտ ճանապարհ, որն ինքնին նոր խնդիրներ է առաջացնում։ Ոչ ոքի չես խաբի, թե ՍԴ-ն այդ որոշումն ընդունել է առանց գործադիր իշխանության հետ համաձայնեցնելու։ Եթե Հայաստանի իշխանությունները փաստաթուղթը հրապարակելուց հետո միայն տեսան այն վտանգավոր ձևակերպումները, որոնք մինչ ստորագրումը բազմիցս մատնացույց արվեցին, ապա պարզապես պետք էր ներկայացնել դրանցից բխող վերապահումները և շարունակել բանակցությունները։ Որևէ փաստաթղթի նախաստորագրումը դեռևս չի նշանակում, որ այն պետք է անվերապահորեն ստորագրվի և վավերացվի: Առավել ևս, որ կողմերի համաձայնությամբ մի քանի ամիս էր սահմանված քաղաքական խորհրդակցությունների համար: Թե՞ սա էլ հերթական ձևականությունն էր: Կարծում եմ, ՍԴ-ի որոշման ընդունման արտաքին քաղաքական հետևանքների մասին չեն էլ մտածել, ենթադրելով, որ արձանագրությունները Սահմանադրությանը համապատասխան ճանաչելն այդ հարթությունում բոլոր հարցերը կլուծի: Նպատակն ավելի շուտ ներքաղաքական է եղել: Արձանագրությունները Սահմանադրությանը համապատասխան ճանաչելով` ՍԴ-ն փորձել է բավարարել արտաքին աշխարհի և իշխանությունների ակնկալիքը, իսկ վերոհիշյալ կետերը որոշման մեջ ներառելով` ցույց տալ, որ համամիտ է արտահայտված մտահոգություններին։ Առաջին տպավորությունն այն էր, որ թեև օրենք խախտելով, սակայն գտնվել է սողոմոնյան որոշում, քանի որ այն անմիջապես առաջացրեց թե՛ իշխանությունների, թե՛ ընդդիմության մի հատվածի խանդավառությունը: Մինչդեռ որոշումը նոր խնդիրներ առաջացրեց իշխանությունների համար:
-Այնուհանդերձ, ՍԴ-ի վճիռը կա։ Նաև տեսակետ է շրջանառվում, որ Ազգային ժողովը, այդ վճիռը հիմք ընդունելով, կարող է հայ-թուրքական արձանագրությունները վավերացնել` ներառելով ՍԴ-ի վճռից բխող վերապահումներ։
-Իսկապես կա նման կարծիք, որը ոգևորությամբ շրջանառության մեջ են դրել խորհրդարանական և ոչ խորհրդարանական մի շարք կուսակցություններ։ Բայց այդպիսի քայլը կլինի նույն ՍԴ-ի վճռի նման մի բան, երբ դարձյալ խոտոր ճանապարհով փորձ է արվելու հարց լուծել։ Ազգային ժողովը կարող է վերապահումներով վավերացնել այն պայմանագրերը, որոնցում վերապահումներ նախատեսված են։ Օրինակ, նման վավերացում է ունեցել ԵԽ Սոցիալական խարտիան:
-Նախագահը կարող է խորհրդարանին առաջարկել այդ վերապահումը։
-Նախագահի առաջարկությունն այստեղ ոչ մի կապ չունի, նա նման լիազորություն չունի։ Պայմանագիրը, իսկ հայ-թուրքական արձանագրությունները հենց պայմանագիր են, ստորագրված է։ Եվ եթե ներկայացվի խորհրդարան, երկու ելք կա` վավերացնել կամ մերժել այն տեսքով, ինչպես ստորագրվել է Ցյուրիխում անցած տարվա հոկտեմբերի 10-ին։ Ավելին, եթե անգամ խորհրդարանը վերապահումներ անելու լիազորություն ունենար, ապա դա նշանակելու էր ամեն ինչ սկսել զրոյից։ ՈՒրեմն ավելի լավ չէ՞ պարզապես մերժել արձանագրությունների վավերացումը` շիտակ և ուղիղ ձևով, եթե մենք համարում ենք, որ դրանց գործադրման արդյունքում լուրջ պրոբլեմներ ենք ունենալու։
ՈՒղիղ և պարզ ճանապարհով գնալու փոխարեն ինչ-որ խաղեր են խաղում և կարծում, թե մեկնումեկին դրանով կխաբե՞ն։ Ովքեր այդպես են կարծում, չարաչար սխալվում են։ Հայ-թուրքական գործընթացի մասնակից բոլոր կողմերը հիանալի գիտեն Հայաստանի Սահմանադրությունն էլ, օրենսդրությունն էլ, ՍԴ-ի և Ազգային ժողովի վրա գործադիր իշխանության ազդելու ձևերն էլ, ներքին հարաբերություններն էլ։ Հզոր պետությունները հարգում են ոչ թե նրանց, ովքեր հլու-հնազանդ, անվերապահորեն կատարում են իրենց հրահանգները, այլ նրանց, ովքեր կարողանում են սեփական շահերը պաշտպանել ցանկացած պարագայում, անհրաժեշտության դեպքում նաև կամք ու քաջություն ունեն սեփական սխալները տեսնելու և շտկելու:
-Կա կարծիք, որ հայ-թուրքական արձանագրությունները չվավերացնելու համար մենք բավարար հիմքեր չստեղծեցինք։ Ի սկզբանե հայտարարվեց, որ Հայաստանի խորհրդարանը միանշանակ վավերացնելու է դրանք, եթե Թուրքիան վավերացնի։ Մինչդեռ Էրդողանը Թուրքիայի խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունենալով, հաջողությամբ մանևրում էր` ի սկզբանե պնդելով, թե ինքը չի կարող պառլամենտի վրա ճնշում գործադրել։ Ձեր կարծիքը։
-Խորհրդարանների առումով, անշուշտ, միանգամայն ճիշտ դիտարկում է: Իսկապես, հայկական կողմն ի սկզբանե հայտարարեց և ամեն օր կրկնում է, որ արձանագրությունները խորհրդարանում վավերացվելու են։ Անգամ ՍԴ-ի որոշումից հետո, երբ գործընթացը միանգամայն նոր զարգացում է ստացել, դա զարմանալի հետևողականությամբ արվում է: Սա նշանակում է պարզապես չհարգել երկրի Սահմանադրությունը, որի համաձայն` խորհրդարանն անկախ մարմին է և «պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով»։ Թեպետ սա ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին դեպքն է, երբ Հայաստանում ավանդույթներ, համընդհանուր ճանաչում ունեցող քաղաքական սկզբունքներ ու կանոններ, օրենքներ և անգամ սահմանադրություն է խախտվում։ Սա թանկ գին է հանուն այն բանի, որ ոմանք հայտարարեն, թե Հայաստանը կայուն և կանխատեսելի երկիր է, առավել ևս, որ նման հարցերում կանխատեսելի լինելը արժանիք չէ: Դրա համար հետագայում երկիրն է վճարում։
-Բայց, նկատի ունենալով ԱՄՆ-ի հայտարարությունները, Հայաստանում լավատեսական արձագանքներ կան։
-ԱՄՆ-ի հայտարարությունները լիովին համապատասխանում են ստեղծված իրավիճակին և այդ երկրի շահերին։ Պարզապես պետք է դրանք ուշադիր կարդալ, և այդ դեպքում կպարզվի, որ նրանք չեն ասել և չէին էլ կարող ասել, որ ՍԴ-ի վճիռը լիովին իրավական է և խնդրահարույց չէ։ Նրանք ասում են` թվում է, որ խնդիր չկա, և արձանագրությունները կարող են վավերացվել ստորագրված տեսքով։ Նրանց համար կարևոր է, որ օր առաջ արձանագրությունները վավերացվեն, անկախ այն բանից, թե ում կորուստների հաշվին։ Հետևաբար, նրանց համար էական է ՍԴ-ի որոշման ընդամենը մեկ նախադասությունը` Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ: Ինչ վերաբերում է Հայաստանից հնչող հայտարարություններին, ապա դրանք, ինչպես նախկինում, այսօր էլ պարզունակ են ու մակերեսային։ Հայհոյանքները Էրդողանի հասցեին, կարծիքները, թե ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ապտակեցին Թուրքիային, ոչ միայն որևէ մեկի համար համոզիչ չեն, այլև վկայում են Հայաստանի ու իշխանության անունից խոսողների պարզունակ մոտեցումների մասին:
-Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը Թուրքիայի պահվածքին ՍԴ-ի վճռից հետո։
-Անկարան ժամանակին լուրջ սխալ թույլ տվեց։ Երբ անցյալ տարվա ամռանն ամերիկացիները հրապարակեցին մադրիդյան սկզբունքների նախագիծը, իսկ համանախագահող երկրների նախագահները հանդես եկան ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտնի հայտարարությամբ, Թուրքիային թվաց, թե հասունացել է Ղարաբաղի հարցում վերջնական փաստաթղթի ստորագրումը։ Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ փաստաթղթի նախագծի առաջին կետում նշված էր, որ Ադրբեջանին պետք է վերադարձվեն «ԼՂ-ի հարակից տարածքները»։ Էրդողանը փորձեց խորամանկել, հայտարարելով, որ հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն միայն տարածքների վերադարձից հետո, հուսալով, որ արձանագրությունների վավերացումից առաջ փաստաթուղթ կստորագրվի նաև ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, և ինքը կկարողանա դա Ադրբեջանին մատուցել իբրև իր ջանքերի արդյունք։
Հետագայում ակնհայտ դարձավ, որ դա հնարավոր չէ, սակայն Էրդողանի համար ստեղծվեց բավականին բարդ իրավիճակ, երբ արդեն դժվար էր հրաժարվել հնչեցված նախապայմանից։ Մանավանդ որ Թուրքիայի ավանդական երկու նախապայմանները, առանց Հայաստանի դիմադրության, ամրագրվել էին արձանագրություններում։ Իրենք հույս ունեին երրորդ նախապայմանն էլ առաջ մղել, բայց պարզվեց, որ դա ամենևին հեշտ չէ։ Դեկտեմբերին Էրդողանը մեկնեց ԱՄՆ, հունվարին` Ռուսաստան, բայց, ինչպես Վաշինգտոնում, այնպես էլ Մոսկվայում նրան ասվեց, որ ղարաբաղյան գործընթացը չի շաղկապվելու հայ-թուրքական գործընթացին, և այդ համատեքստում Հայաստանի վրա մեծ տերությունները ճնշում չեն գործադրելու։
-Հենց դա էլ Հայաստանում ապտակի տպավորություն է թողել։
-Ոչ ոք Թուրքիային չի ապտակել, Հայաստանի գլուխն էլ չի շոյել։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի պահվածքը մեկ հիմնական շարժառիթ ունի. նրանք Թուրքիային չեն ցանկանում զիջել մի ազդեցիկ լծակ, որը հենց իրենք են օգտագործում Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ իսկ պատճառով Անկարան հայտնվեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հետ կապված բավականին անհարմար վիճակում: Հայաստանի ՍԴ-ն իր որոշմամբ անսպասելի նվեր մատուցեց Էրդողանին, և որոշման 4, 5, 6 կետերը Թուրքիային հնարավորություն են տալիս լուրջ առարկություններ ներկայացնելու արձանագրությունների վավերացման հետ կապված։
-Ձեր կարծիքով, ի՞նչ է լինելու հայ-թուրքական արձանագրությունների ճակատագիրը։
-Ինչպես հայտնի է, Թուրքիան պատրաստվում է ՍԴ-ի վճռի կապակցությամբ իր գրավոր մտահոգությունները փոխանցել և ակնկալելու է գրավոր պատասխան: Դրանից հետո հնարավոր է զարգացման երկու տարբերակ։ Առաջինը, եթե Հայաստանն ի պատասխան այս կամ այն ձևով գրավոր պարզաբանում է, թե որոշման 4, 5, 6 կետերը որևէ իրավական ուժ չունեն, և Թուրքիան, դա հիմք ունենալով ու ենթարկվելով ամերիկյան կողմի հորդորներին, վավերացնում է արձանագրությունները, ապա դա անում է նաև Հայաստանը։ Բայց սա հեշտ չի լինելու Հայաստանի իշխանությունների համար, որովհետև դրանով կհաստատվի, որ, նախ, ՍԴ-ն օրենք է խախտել, ապա ի դերև կելնեն այն հայտարարությունները, որ ՍԴ-ի որոշումը նախագահի քաղաքական դիրքորոշման իրավական ձևակերպումն է, և արձանագրությունների վերաբերյալ մտահոգությունները որոշման ընդունումով փարատվել են: Դեռ չխոսելով հետագա բարդ զարգացումների մասին:
-Որպես երկրորդ տարբերակ արձանագրությունները կարող են արագ մտցվել խորհրդարան և մերժվել։
-Դա լավագույն տարբերակը կլիներ, բայց չեմ կարծում, որ իրադարձություններն այդպես զարգանան։ Հակառակ դեպքում, հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրումից մինչև այսօր այս ամբողջ պատմությունն ուղղակի անիմաստ էր։ Կարծում եմ, երկրորդ տարբերակն այն է, որ ԱՄՆ-ը գտնի Թուրքիայի վրա արդյունավետ ճնշման լծակներ և վավերացումը պարտադրի առանց լրացուցիչ «գրագրության»։ Սակայն այս տարբերակն էլ հեշտ չի լինի իրականացնել, քանի որ Էրդողանն ու իր գլխավորած կուսակցությունը շատ լուրջ բարդություններ կունենան:
Այնպես որ, հեշտ լուծումներ չկան, այսօր արձանագրությունները չվավերացնելու հավանականությունն ավելի մեծ է, քան երբևէ էր այս գործընթացում:
-Ի՞նչ տպավորություն ունեք Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի նախագահների` Սոչիում տեղի ունեցած հանդիպումից, հաշվի առնելով Լավրովի հայտարարությունն առաջընթացի մասին։
-Եթե որևէ փաստաթուղթ մինչև վերջին դրույթը համաձայնեցված չէ, առանձին նախադասությունները, նախաբանները ոչինչ չեն նշանակում, եթե անգամ դրանց շուրջ կա համաձայնություն։ Երեք երկրների նախագահներ հանդիպեցին և, ի վերջո, հանրությանն ինչ-որ բան պետք է ներկայացվեր որպես արդյունք։ Դրա համար էլ հայտարարվեց, թե փաստաթղթի նախաբանը համաձայնեցված է։ Հանդիպման նպատակը, կարծում եմ, այլ էր։ 2008-ի նոյեմբերին, երբ ստորագրվեց Մայնդորֆի տխրահռչակ հռչակագիրը, մի պահ թվաց, թե ղարաբաղյան խնդրի կարգավորման նախաձեռնությունն անցել է Ռուսաստանին, չնայած փաստաթուղթն ինքնին որևէ իրավական արժեք չուներ։ Մոտ 6-7 ամիս անց ԱՄՆ-ը շատ ուժեղ քայլ կատարեց` նախաձեռնելով համանախագահ երկրների նախագահների հայտարարության ու մադրիդյան սկզբունքների նախագծի հրապարակումը, ցույց տալով, որ ինքն է առաջին ջութակը ղարաբաղյան կարգավորման գործընթացում։
Հիմա Ռուսաստանը պարզապես պետք է փորձեր կրկին ամրապնդել իր դերն ու նշանակությունը, և Սոչիի հանդիպումն այդ նպատակն էր հետապնդում։
-Այսինքն` կարգավորման իրական նախադրյալներ չկա՞ն։
-Կարգավորման մեկ իրական տարբերակ կա` Կոսովոյի տարբերակը։ Եթե ԱՄՆ-ն ու մի խումբ ազդեցիկ երկրներ ճանաչեն ԼՂՀ-ի անկախությունը` Ադրբեջանին դրա դիմաց ինչ-որ տարածքներ վերադարձնելու պայմանով։ Սա դեռ կարող է ինչ-որ ձևով աշխատել։ Սակայն, կարծում եմ, այսօր Միացյալ Նահանգներն այդ ճանապարհով չի գնա, քանի որ դրան խոչընդոտելու ռեսուրսներ Ռուսաստանը, այնուամենայնիվ, ունի: Գործընթացը կգնա այնպես, ինչպես մինչ այժմ, եթե անգամ ինչ-որ շրջանակային փաստաթուղթ հաջողվի էլ ստորագրել: Կողմերի դիրքորոշումներն իրարամերժ են։ Հայաստանը չի տեսնում ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակով, Ադրբեջանն անհնարին է համարում ԼՂՀ-ի անկախության ճանաչումը։ Իսկ հիմնական խնդիրը հենց ԼՂՀ-ի կարգավիճակն է։ Հայկական կողմի համար «մահացու» կլինի համանախագահների առաջարկը` կարգավիճակի հարցի հստակեցման հետաձգում անորոշ ժամանակով ու ձևակերպումներով, բայց Ադրբեջանին որոշ տարածքների վերադարձ` որպես «կարգավորման» առաջին քայլ։ Միաժամանակ, Ադրբեջանը երբեք չի ստորագրի ԼՂՀ-ի միջազգային ճանաչման համար ճանապարհ բացող որևէ փաստաթուղթ։ Այդ ճանաչմանը պետք է հասնել առանց Ադրբեջանի համաձայնության։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1357

Մեկնաբանություններ