ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

ԱՅՆ ԱՍՏԾՈ ԿԱՅԾՆ Է ՄԱՐԴՈՒ ՄԵՋ

ԱՅՆ ԱՍՏԾՈ ԿԱՅԾՆ Է ՄԱՐԴՈՒ ՄԵՋ
16.03.2012 | 00:00

Իվան ԻԼՅԻՆ

Ոչ մեկին հայտնի չէ, թե ինչպես է առաջանում սերը տղամարդու ու կնոջ միջև, որտեղից է այն հայտնվում և ինչ է բերում իր հետ։ Բայց մի օր նա գալիս է։
Ես նկատի չունեմ սիրախաղը, երբ ձևացնում են, թե իբր «մի քիչ սիրահարված են», այն դեպքում, երբ գիտեն, որ դա այդպես չէ, և համաձայն են բավարարվելու ուրիշի` նույնպիսի «միամիտ-մեղավորի» թեթևսոլիկ կեղծավորությամբ։ Այստեղ ամեն մեկը ծածուկ գիտի, որ ինքը ևս լուրջ չի ընդունում այդ «սիրախաղը», ինչպես իրեն չեն ընդունում լրջությամբ, որ նա կարող է «խաղալ» և ուրիշ խաղակիցների հետ։ Դա կոչվում է ժամանց, որն ուղղված է վավաշոտությանը, և արդյունքում ամեն ինչ դարձնում է ճղճիմ։ Դա նույնքան հեռու է սիրուց, որքան երկինքը երկրից։
Երբ վրա է հասնում իսկական սերը, մարդը կորցնում է ազատության, անհոգության զգացումը։ Նա ասես իրեն զգում է կապկպված, կարծես իրեն խոցել է անհրաժեշտությունը, կամ ընկել է ինչ-որ օրենքի ազդեցության տակ. հիմա նա ասես կախարդանքի իշխանության տակ է և չի կարող այլ կերպ։
Դրանով են ճանաչում իսկական սերը. ով «կարող է այլ կերպ» ու «կարող է ուրիշների հետ», նա դեռ ոչինչ չգիտի սիրո մասին։ Սերը ընտրված լինելն է, որում հաճախ ոչինչ չի զգացվում ընտրյալ լինելուց։ Տեսնում ես ինքդ քեզ հաստատուն ձև ստացած, իսկ սիրված էակին` միակ ու անփոխարինելի։
Սիրողը ցանկանում է լինել սիրելի էակի հետ, վայելք ապրել նրա ներկայությունից առանց ուրիշների արգելքների, արդեն չխաղալ, դեն նետել զսպվածությունը, լինել նրա հետ անկեղծ։ Մոտենում է վճռական պահը` սիրելի էակը պետք է իմանա, որ իրեն սիրում են։ Ահավոր մի պահ։ Հանկարծ նա չպատասխանի այդ սիրում։ Այդ ժամանակ ամեն ինչ կվերջանա, աշխարհն ու կյանքը կդառնան ավերակների կույտ։
Դրանով են ճանաչում իսկական սերը։ Այն ոչ միայն կենտրոնացած է ու բացարձակ, այլև «տոտալիտար» (համընդհանուր), ու պահանջում է մարդուն ամբողջությամբ, այն կլանող է, նախասահմանված ճակատագրի կողմից։ Իսկական սերը ցանկանում է մարդուն ամբողջությամբ` ոչ միայն արտաքին-մարդկայինը, այլև հոգին, և նրա ներքին բովանդակությունը` մարդու էությունը, անձնական հոգևորի սրբազան գաղտնիքը, աստվածաշնչային հնագույն աղբյուրն իր մեջ` դառնալու համար միասնական կյանքում, ցանկությունների և աղոթքների մեջ։ Իսկ նա, ով ոչինչ չգիտի դրա մասին, նաև իսկական սիրո մասին չգիտի ոչինչ։
Ընդ որում, բոլորովին ոչ միշտ են մտածում «ամուսնության» մասին։ Այդ «հանրագումարումը» կատարվում է կարծես ինքնաբերաբար։ Եթե տղամարդն ու կինը համակված են իսկական սիրով ու արդեն չեն կարողանում առանց իրար, այդ ժամանակ նրանք կազմում են ստեղծագործ կենսական ընդհանրություն, որպես նոր, հոյակապ կենսական արժեք, որը ձգտում է լինել Աստծո ու մարդկանց կողմից ընդունելի, հավանության արժանացած, սրբացված, հարգված, պաշտպանված... Մենք, հասկանալի է, գիտենք, որ շատերն ամուսնանում են և առանց սիրո (խեղճ մարդիկ), սակայն եթե դա սեր է, ապա նա փնտրում է հաղթանակ և հարսանիք։ Ամենևին չարժե խոսել «հավերժական սիրո» մասին։ Իսկական սերն ընկալվում է որպես միակ ու հավիտենական, որը շարունակվում է հավերժ, կապում է հավիտյան և տանում դեպի երանելի հավիտենություն։ Եվ նա, ով երբեք չի զգացել դա, հնարավոր է, շատ բան չգիտի սիրո մասին։
Սիրել և լինել սիրված։ Ինչպիսի՜ երջանկություն, ստեղծագործական հնարավորությունների ինչպիսի հարստություն։ Դա արդեն ինքնին կենդանի գովերգ է, ուղղված առ Աստված։ Լավագույն ցանկությունների իրականացում, ճախրող ուրախություն, վեհաշունչ ցուցադրում, ոսկեզօծ արևածագ... Մարդու մեջ արթնանում են իր հեռավոր նախնիների թաքնված ուժերը, որոնց հետ նա զարմանալիորեն իրեն զգում է մի ամբողջություն։ Ամեն ինչ արթնանում է նրա համար, ամեն մի կենդանի էակ ձայն է տալիս նրան, և նա զգում է իրեն ամբողջական ու թևավորված։ Նրան` միակին, «ամենահիասքանչին», կարելի է ծաղկել։ Նրա՛ն, միակի՛ն, հրաշալիի՛ն` մինչև երկինք բարձրացնել, նրան ծառայել, նրանով ապրել։
Սակայն ով ըմբռնում է այդ ուրախությունը ոչ թե որպես միամիտ և սուրբ, քանի որ այն առաջանում է լիարժեք սիրուց, քանզի այն բնությունից է և սրբացված է Տիրոջից, նա, ով այդ երջանկությունից չի զգում թեթևակի տխրություն, քանզի սիրո մեջ այնքան շատ բան է այրվում, որովհետև նրա մեջ արթնանում է գալիք սիրո տառապանքների նախազգացումը, քանզի կյանքի բարձունքը գրավված է, և հավերժական անցողիկն ուզում է իր ձայնը հնչեցնել, ով այդ պահին չի մտածի պատասխանատվության բեռի մասին և չի զգա համաշխարհային ցավը, նա դեռևս չգիտի, թե ինչ է իսկական սերը։ Եվ հետո` սիրողը ցանկանում է երջանկություն իր համար, ստեղծագործ-հոյակապ ընդհանրության երջանկություն, գալիք երջանկություն` բազմաթիվ մանուկներով շրջապատված։ Իսկ եթե նա միաժամանակ չի ցանկանում երջանկություն սիրած էակին, եթե նրա սիրտը խորքում չի մտածում զոհաբերության մասին, եթե նա չի դնում սիրած էակի երջանկությունը իր սեփականից բարձր, ապա նրա սերը շահամոլական է և եսասեր։ Այդ ժամանակ դա իսկական սեր չէ...
Քանզի իսկական սերը Աստծո կայծն է մարդու մեջ։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1305

Մեկնաբանություններ