Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«ՈՎ ԷԼ ԼԻՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ, ՄԻՇՏ ԱՍԵԼՈՒ Է, ԹԵ ԱՄԵՆ ԻՆՉ ՎԱՏ Է»

«ՈՎ ԷԼ ԼԻՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ, ՄԻՇՏ ԱՍԵԼՈՒ Է, ԹԵ ԱՄԵՆ ԻՆՉ ՎԱՏ Է»
02.02.2010 | 00:00

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության հետ տեղի ունեցածը քաղաքական դաշտում քննարկման բուռն թեմա է դարձել։ Կարծիքներն իրարամերժ են` արդյոք պատվիրակության կազմը ճի՞շտ էր ձևավորվել։ Այս իրադրությունն ինչ-որ կերպ կանդրադառնա՞ ԱԺ-ի աշխատանքների վրա` հարցրինք ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ։
-Ո՛չ, տեղի ունեցածը որևէ կերպ չի կարող անդրադառնալ խորհրդարանի աշխատանքների վրա,- պատասխանեց պարոն Բոստանջյանը։- Պատվիրակության կազմը ձևավորվել է այնպես, ինչպես սահմանված էր։ Միշտ էլ այդ գործառույթը վերապահված է եղել ԱԺ նախագահին։ Կարծում եմ, այս իրողությունը լոկալ բնույթ է կրում ու չի կարող ազդեցություն ունենալ իշխանության որևէ օղակի աշխատանքների վրա։
-Հնարավոր չէ՞ր խուսափել այս իրավիճակից, քանի որ, ինչպես «Ժառանգությունն» է հայտարարել, դա ԱԺ նախագահի վրիպումն է` պատվիրակությունը ոչ ճիշտ ձևավորելու առումով։
-Այդպես չէ։ Դա «Ժառանգության» սուբյեկտիվ կարծիքն է։
-Մեկնարկեց գարնանային նստաշրջանը։ Ինչպիսի՞ն է այն խոստանում լինել։
-Այնպիսին, ինչպիսին եղել է։ Բոլոր ոլորտները կլինեն ուշադրության կենտրոնում, որոնք կգեներացնեն համապատասխան գերատեսչությունները։ Այսօր պիտի ամրագրել, որ ԱԺ-ի, ինչպես նաև իշխանության մյուս թևերի գործունեության որակը, արդյունավետությունն աստիճանաբար բարձրանում են։ Բնականաբար, մենք ցանկանում ենք, որ լավ օրենքներն արագ մտնեն կյանք, սակայն այդպես լինում է միայն երազում։ Ամեն ինչ իր ժամանակն ունի։
-Ճգնաժամի ազդեցությունն ու հետևանքները մեղմելուն միտված օրինագծեր նախատեսվո՞ւմ են։
-Այս իրավիճակում մենք հայտնվեցինք մեր կամքից անկախ, ուստի միշտ պետք է պատրաստ լինել նման երևույթների դեմ պայքարին։ Սա ենթադրում է օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ, որոնք պայմանավորված չեն լինի միայն ճգնաժամով։ Մասնավորապես, հայ-թուրքական սահմանի բացման պարագայում հնարավոր ամեն բան պետք է անել` տարբեր խնդիրներից ապահովագրվելու համար։ Խնդիրը միայն այն չէ, որ այս կամ այն օրենքն ընդունենք, կարևոր է, նախ և առաջ, իրավական հիմքերով որոշումների ամրագրումը, որ մեր տնտեսությունն ու անվտանգությունը չհայտնվեն խոցելի վիճակում։
-Այսօր որոշ տնտեսագետներ լուրջ մտահոգություններ ունեն Հայաստանի արտաքին պարտքի առնչությամբ։ Դուք այստեղ վտանգ տեսնո՞ւմ եք։
-Արտաքին պարտքի սպասարկման առումով Հայաստանն այսօր դեռևս չունի խոցելիություն։ Չեմ ցանկանում մտածել, որ ՀՀ-ն կարող է այս խնդրում դժվարությունների առաջ կանգնել։ Խոսակցությունները, թե մեծացել է պարտքը, մեր հետագա սերունդները միայն կարող են դա մարել, զուտ ձևական են։ Ով էլ լինի ընդդիմություն, միշտ ասելու է, թե ամեն ինչ վատ է։ Բայց ոգևորությունից մինչև հիասթափություն մեկ քայլ է։ Եվ` հակառակը։
-Համամի՞տ եք այն տեսակետին, թե այս տարի Հայաստանի տնտեսությունն աճ կարձանագրի։
-Տնտեսավարող սուբյեկտների, առևտրով զբաղվող անձանց հետ չունեմ խոր կապեր, բայց այն հանգամանքը, որ հուսալքվելու միտումը վերացել է նրանց մոտ, նշանակում է աճի հիմքեր կան։ Ի՞նչ է, իշխանության գալու համար ամեն ինչ սև գույնո՞վ պետք է ներկայացնել։
-Կուսակցական հարց. ինչո՞ւ է ԲՀԿ-ն այդքան արագ նախարարներ փոխում։
-Չեմ կարող ամբողջական պատասխան տալ հարցին։ Բոլոր պետական այրերը, որոնց վստահված է կառավարման որոշակի ոլորտ, պետք է արդյունավետ աշխատեն։ Հնարավոր է, սա է խնդիրը։ Նախարարափոխության գործընթացն արագ կլինի, թե դանդաղ, նշանակություն չունի։ Կարևոր է, որ նման փոփոխություններից հետո բնագավառը կարողանա առաջընթաց ապահովել։
-Գուցե ԲՀԿ-ն կադրային սխալ քաղաքականությո՞ւն է իրականացնում։
-Որևէ մեկն այսօր ապահովագրված չէ խոցելի վիճակում հայտնվելու պարտադրանքից։ Տնտեսության կենտրոնական կառավարման ձևերից կտրուկ անցում կատարեցինք ազատական հարաբերությունների, և ոչ բոլորը կարողացան ներդաշնակվել նոր իրավիճակի հետ։ Սա պրոգրեսի ու դիալեկտիկայի հիմնական օրենքն է, որն ինչ-որ մեկի ցանկությամբ պայմանավորված չէ։ Նոր տնտեսական հարաբերությունների պայմաններում արդյունավետ կառավարելը հեշտ բան չէ։
Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1449

Մեկնաբանություններ