Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

«ՀԱՐՑՆ ԻՆՉ-ՈՐ ԼՈՒԾՈՒՄ ՊԻՏԻ ՍՏԱՆԱ ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ»

«ՀԱՐՑՆ ԻՆՉ-ՈՐ ԼՈՒԾՈՒՄ ՊԻՏԻ ՍՏԱՆԱ ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ»
01.11.2011 | 00:00

Թե հանրապետության մարզերում ինչ դեր է վերապահված մասնավորապես մարզադպրոցներին, դժվար է գերագնահատել, որովհետև սրանք, աճող սերնդի ֆիզիկական դաստիարակությունն ազատ ժամանակի կազմակերպման հետ համադրելու առումով, տեղերում կան և մնում են առավել մատչելի ու առավել արդյունավետ գործող օջախներ: Սակայն որքան ցավալի է, երբ սերնդի մարմնակրթական առանց այն էլ սուղ կառույցները թույլ բեռնվածությամբ են գործում մեր անտարբերության պատճառով:
Վայք քաղաքի մանկապատանեկան մարզադպրոցը հակասական տպավորություն է թողնում: Հիանալի մարզակառույց` շրջափակված կանաչ գոտու աչք շոյող զանգվածով, պահպանված, այն էլ գերազանց պահպանված տիպային մարզական շինության բոլոր հնարավորություններով, օժանդակ հարմարությունների սրահներով. թվում է` էլ ի՞նչ է պետք նպատակային գործունեություն ծավալելու համար, բացի թևքերը քշտելուց ու աշխատելուց: Պարզվում է` շատ բան, ու այդ շատի մեջ` սարսափելի քչություն անող մարզական հանդերձանք, պարապմունքների համար սակավություն անող մարզագույք:
-«Ի դեմս կառույցի, կառավարությունը հրաշալի նվեր մատուցեց մեր քաղաքին ու հարակից բնակավայրերին` հնարավորություն ստեղծելով 2005-ին սկսել ու արդեն 2006-ին ավարտել շենքի ամբողջական հիմնանորոգումը: Արդյունքը եղավ այն, որ ունեցանք որակյալ, շենքային հարմարություններով շատ ու շատ բնակավայրերի նախանձը շարժող մարզօջախ: Բայց երևի երիցս ճիշտ է ժողովրդական խոսքն այն մասին, որ երկու երնեկ մի տեղ չի լինում: Մեզ համար կատարյալ անհաղթահարելի խոչընդոտ է դարձել մարզագույքի ձեռքբերումը: Խոսքը կոշտ գույքի մասին չէ, փառք Աստծո, դրանով ապահովված ենք անհրաժեշտ չափով: Խնդիրը բուն մարզական պրոցեսին վերաբերող գույքին է առնչվում: Տարբեր տարիների ու տարբեր մակարդակներով մշտապես բարձրացնում ենք այս հարցը, սակայն պատասխան չկա ու չկա,- ասում է դպրոցի տնօրեն Աբով Բունիաթյանը: -Հենց այդ «չկա»-ի արդյունքում էլ, օրինակ, ստիպված եղանք առկախել ծանրամարտի խմբակի պարապմունքները, դժվարություններ ունենք բռնցքամարտին, ըմբշամարտին զարկ տալու խնդրում, որովհետև ըմբիշը պիտի մարզագորգ ունենա, բռնցքամարտիկը` ձեռնոց։ Ես չեմ կարծում, որ հանրապետությունում կգտնվի գեթ մեկը, ով կկասկածի մաքուր օդ շնչող, գյուղի անարատ կաթն ու մածունն ուտող, բնականից ֆիզիկական հրաշալի տվյալներ ունեցող վայոցձորցու մրցունակ լինելուն: Սակայն, եթե հարցը նույնիսկ մարզական արդյունքի առումով էլ չկարևորենք, մեջտեղում հո՞ առանցքային է մնում զբաղվածության խնդրի լուծումը, երեխային փողոցից կտրելը` սրանից բխող բազմաթիվ հետևանքներով: Մի՞թե սա պետական նշանակության խնդիր չէ: Ցավն այն է, որ ամբողջ հանրապետությունում մատների վրա կհաշվես նման տիպի կառույցները, որոնք հարմարեցված շինություններ չեն, այլ տիպային, իսկապես մարզական պարապմունքների համար հաշվարկված ու կառուցված օջախներ»:
Տնօրեն Աբով Բունիաթյանի ասածի մեջ (ինքն էլ` անցյալում ճանաչված մարզիկ) ցավ կա, ցավի մեջ` մտահոգություն ոչ միայն իր ղեկավարած մարզակառույցի, այլև հնարավորությունից զրկված սերնդի, վերջնահաշվում` երկրի համար: Այդ ո՞վ ասաց, թե բարձրագոչ է հնչում մտահոգությունը: Կա՞ մեկը, ով կարող է հաստատապես պնդել, թե այստեղ չեն կարող ծնվել Տիգրան Մարտիրոսյաններ, Նազիկ Ավդալյաններ, Ռոման Ամոյաններ, Անդրանիկ Հակոբյաններ... Մինչդեռ ի՞նչ է ստացվում. կամայականության կամ սխալ պլանավորման (իսկ գուցեև` անգործության) արդյունքում մի ամբողջ քաղաք, հարակից բնակավայրերով, զրկված է լիարժեք գործելու, պատանիների, երիտասարդների հարաճուն պահանջները բավարարելու, նրանց ուժն ու եռանդը, էներգիան նպատակային հուն մղելու հնարավորությունից:
Բարեբախտաբար, մարզադպրոցում վիճակն անհամեմատ լավ է խաղային մարզաձևերից` ֆուտբոլ, վոլեյբոլ: Վերջինիս առնչությամբ ասենք, որ վայքցիների կյանքում այն խոր արմատներ ունի, մարզաձևի նկատմամբ հետա-քրքրությունը սկիզբ է առնում դեռևս անցած դարի 30-40-ականներից և իր բուռն ծաղկումն է ապրել 70-ականներին: Հենց այս ժամանակ էր, որ երկրով մեկ հնչում էին Օֆելյա Եղոյանի, Օնիկ Խաչատրյանի, Աբով Բունիաթյանի, Պապիկ Հունանյանի և այլոց անունները, ովքեր հանրապետության հավաքականների անդամներ էին: Ի դեպ, մարզադպրոցի վոլեյբոլի թիմը հանրապետության բարձրագույն խմբում հանդես է եկել մինչև 2001 թիվը, որից հետո, ֆինանսների սղության պատճառով, չեն կարողացել շարունակել մասնակցությունը: Ներկայումս էլ վոլեյբոլը մարզադպրոցում ամենամեծ մասսայականություն վայելող մարզաձևն է: Վկան` տղաների ու աղջիկների խմբակները (դրանք չորսն են)` 50-55 մարդ ընդգրկվածությամբ:
Վատ հաճախելիություն չունեն նաև ֆուտբոլային խմբակները, որոնցում ներգրավված է 30 պատանի: Նույնքան թվակազմ ունեն շախմատի երկու և թենիսի խմբակները: Համեմատաբար նոր պատմություն ունի կարատեն, որն այս տասնհինգ տարում սկսել է մասսայականություն վայելել և դա, առաջին հերթին, մարզիչ Կարեն Հունանյանի շնորհիվ, ով, որպես մարզիկ, միջազգային հանդիպումների փորձ ունի և, անշուշտ, փոխանցելու շատ բան իր սաներին:
Ի դեպ, մարզչական կազմի մասին:
«Մինչև 90-ականների կեսերն ունեցել ենք լավ մասնագետներ,- շարունակում է դպրոցի տնօրենը:- Ցավոք, ցածր վարձատրության պատճառով նրանք կամաց-կամաց հեռացան, որովհետև աղքատիկ աշխատավարձով, որքան էլ նվիրյալ լինես, չես կարող գոյություն պահպանել, այն էլ` ընտանիք ունենալու պարագայում: Սա էլ է համայնքային ենթակայությամբ գործող մարզադպրոցների համար լուրջ խնդիր, և հարցն ինչ-որ լուծում պիտի ստանա պետական մակարդակով, այլապես կմնանք առանց այս չորս մարզչի»:
Մեր հրապարակումներում տասնհինգից ավելի մարզակառույցներ ենք ներկայացրել արդեն ընթերցողին, և իսկապես էլ շատ քչերն են ունեցել Վայքի մարզադպրոցի շենքային հնարավորությունները, ուստի դրանք ըստ էության չօգտագործելը ոչ թե աններելի անփութություն է, այլ ամենաիսկական հանցագործություն:
Հուսանք, որ հրապարակումն ի նպաստ կլինի մարզադպրոցին: Այն իսկապես կարոտ է ուշադրության, և սա հենց այնպես, հերթապահ ասված խոսք չէ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1364

Մեկնաբանություններ