ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը չի պատրաստվում մասնակցելու (ինչպիսի՜ դժբախտություն- Ս. Հ.) սեպտեմբերի 19-ին ՀՀ անկախության քսանամյակի միջոցառումներին, որին ներկա է լինելու Սերժ Սարգսյանը, և որին հրավիրված են ՀՀ Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի բոլոր նախկին և ներկա պատգամավորները: «Ես Սերժ Սարգսյանին որպես ՀՀ նախագահ չեմ ճանաչում (մեծ դժբախտություն, որ մեղադրյալի աթոռից, հանգամանքների բերումով, խույս տված մեկը չի ճանաչում Սերժ Սարգսյանի օրինակարգ լինելը- Ս. Հ.) և, բնականաբար, չեմ կարող ընդունել ՀՀ-ում իշխանությունը յուրացրած և այդ կապակցությամբ մարդկանց արյուն հեղած, հարյուրավոր անմեղների բանտեր նետած ու հալածած հանցագործի հրավերը, որքան էլ այդ հրավերը կապված լինի հայրենիքի անկախության սքանչելի տարեդարձի հետ»,- հայտարարում է պարոն Ռուբինյանը:
Կարո՛, վերամբարձ բաներ ասելուց առաջ խորհուրդ կտայի թարմացնել հիշողությունդ քո ոչ հեռու անցյալի: Իսկ այդ անցյալն այնքան էլ անարյուն չի եղել: Կարո, հիշիր 1990 թվականի մայիսի 26-ին Չարբախում, ի պատիվ ՀՀՇ-ի Լենինյան շրջանի զինված ջոկատի տղաների, կազմակերպված մատաղը: Մատաղը, Կարո, ընդունված կարգի համաձայն, զոհաբերությունն է Աստծուն, այս կամ այն բանի, չարից պրծնելու, չարը խափանելու և նման լավ նպատակների, Աստծո ողորմությանն արժանանալու համար։ Իսկ դու ինչո՞ւ էիր կազմակերպել այդ մատաղը… Որպեսզի նրանց ուղարկեիք պրովոկացիայի, այսինքն` նրանց զոհաբերում էիք ձեր (ասում եմ ձեր, նկատի ունեմ քո բոլոր պարտայգենոսներին) իշխանության գալու ստոր ճանապարհը հարթելու համար: Թե ինչ եղավ 1990 թվականի մայիսի 27-ին Երևանի կայարանամերձ հրապարակում, բազմիցս եմ գրել այդ մասին։ Հետո այդ փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործում կա Լևոն Տեր-Պետրոսյանին հասցեագրված Սաշիկ Նազարեթյանի` պրովոկացիայից հրաշքով փրկված, բայց աչքը կորցրած, ամբողջ կյանքում հաշմված հոր` Աշոտ Նազարեթյանի նամակը:
Նամակում ասվում է, որ իր որդին կալանքի տակ է, որ նա անմեղ է: Վերջում խնդրում է Լևոնին, թե` մնացած բաները կարող ես բանավոր ասել Կարո Ռուբինյանին, նա ինձ կհայտնի: Հետաքրքիր է, պարոն Կարապետ, արջը բանավոր ի՞նչ ասաց քո ականջին:
Եվ այսօր դու փորձում ես հերոս երևալ, դատապարտում ես երկրի նախագահին: Ասեմ, Կարո, որ այսօրվա նախագահը ծանր ու դժվարին տարիներին գործելով ձեր այլանդակ թիմում, իրեն մաքուր է պահել: Ես երբեք մոտ չեմ եղել Սարգսյանի հետ։ Բայց ձեր կառավարման այլանդակ տարիներին անգամ նրա մասին լավն եմ գրել: Վատը չեմ տեսել, այլապես կգրեի։ Ինչ վերաբերում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, 2008-ի մարտի մեկին, ասեմ. քանի դեռ անմահ է ձեր թիմը, նոր արյուն միշտ հեղվելու է:
Կարապետ, նայի՛ր անցյալիդ և նոր միայն հայտարարություններ արա:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ