2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

«ՈՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ, ՉԻ ԿԱՐՈՂ ՀԵՏ ՉՆԱՅԵԼ» (Պարույր Սևակ)

«ՈՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ, ՉԻ ԿԱՐՈՂ ՀԵՏ ՉՆԱՅԵԼ»   (Պարույր Սևակ)
23.11.2010 | 00:00

(սկիզբը` նախորդ համարում)

Որ Բագրատունիները հայոց արքաների թագադիրներն են, գալիս է դեռ քաջ Արշակի եղբայր Վաղարշակից, որը հայոց կողմերի թագավոր կարգվեց, ու հրեա Բագարատն առաջինը գնաց Վաղարշին ընդառաջ, երբ նա գալիս էր հայկազյան ազգի վրա թագավորելու, ինչը երևում է Սեբեոս պատմիչի հետևյալ գրությունից. «Մակեդոնացիներին սանձահարելուց հետո հայոց Վաղարշ թագավորը ձեռնարկեց բարեկարգություններ. նախ և առաջ բարիքների փոխարեն հատուցելով զորավոր և իմաստուն Շամբատ Բագարատին, որը հրեաներից էր, իշխանություն տալով նրան` որդուց որդի թագադիր լինել Արշակունիներին, և սահմանելով, որ նրանից սերվող ցեղը Բագրատունի կոչվի, որ ներկայումս մեծ նախարարություն է մեր երկրում»: Ըստ Սեբեոս պատմիչի, հին դարերում պատմական հայտնի դեմք է համարվել քաջազուն Սմբատ Բագրատունին, որը ղեկավարել է Բյուզանդական կայսրության դեմ հայերի ապստամբությունը: Ի վերջո, հույներին հաջողվել է գերել Սմբատ Բագրատունուն, և հազարավորների առջև նրան կրկեսի ամֆիթատրոն են հանում, որ վայրի գազանների առջև գցելով անարգեն նրան: Բայց Աստված զորավիգ լինելով այդ քաջին, տեղի է ունենում պատմության մեջ նմանը չեղած իրադարձություն. Սմբատ Բագրատունին մենամարտի ժամանակ (նորից նույն Սեբեոսի բնորոշումով) Հերկուլեսի ու Հին կտակարանային Սամսոնի նման, աղաղակով հարձակվում է իր վրա վազող արջի վրա, ու բռունցքով հարվածելով նրա ճակատին, տեղն ու տեղը սպանում է ամեհի գազանին: Զարմացած հանդիսականների առջև, այս անգամ Սմբատի դեմ մի կատաղի ցուլ են բաց թողնում: Քաջորդի զավակն անվախորեն նախահարձակ է լինում նրա վրա, ու ճարպկորեն բռնելով ցուլի կոտոշներից, կարողանում է նրան այն աստիճան թուլացնել, որ նա փախչում է մարտից, բայց Սմբատը նրա հետևից վազելով բռնում է հետևի ոտքի կճղակից, բայց երբ վախեցած կենդանին թափ է տալիս, որ փախչի, խեղճի կճղակը մնում է դյուցազնի ձեռքում, ու բոբիկ և կաղալով փախչում է այնտեղից: Կայսրի ու հանդիսականների զարմանքն ավելի է մեծանում` տեսնելով այդ զարմանալի քաջի ուժն ու կորովը: Բայց այդքանը քիչ համարելով ու կամենալով նրա մահը, այս անգամ ամֆիթատրոն են բաց թողնում մի ամեհի առյուծ: Շատերին հոշոտած գազանների այդ արքան սարսափազդու մռնչյունով իսկույն հարձակվում է զոհի վրա, բայց այս անգամ ինքն է զոհի վերածվում, որովհետև քաջազուն Սմբատը ոստյունով հաջողեցնում է խույս տալ նրանից ու ճարպկորեն թռչում է նրա վզին, և պինդ բռնելով ականջներից, հեծնում է վրան: Ապա գրկելով գազանի շնչափողը` սկսում է խեղդել նրան: Քարացած ու ապշած կայսրի և ամբոխի աչքերի առաջ սպանում է նաև արյունարբու այդ գազանին: ՈՒ հոգնած հայ դյուցազունը նստում է իր իսկ կորովի ձեռքերով սպանած առյուծի վրա, ու սրբում ճակատի քրտինքը, մինչև որ կայսրը իր խոսքը կասեր: Զարմանքից ուշքի եկած հանդիսականները պահանջում են Սմբատին ազատ արձակել, ու կայսրը, տեղի տալով թե՛ իր կնոջ, թե՛ ժողովրդի ճնշմանը, ստիպված նրան ազատ արձակելու հրաման է տալիս:
Սեբեոս պատմիչը, որպեսզի ընթերցողներին համոզի, որ այս եղածը պատահականության արդյունք չէ, այլ իսկապես մեծ ուժի ու անկրկնելի քաջության, գրում է, որ Սմբատ Բագրատունին, մի անգամ ձիով գնալիս, ձեռքերով կախվում է մի ծառի հաստաբուն ճյուղից, ու ոտքերով գրկելով իր նժույգը, կտրելով գետնից բարձրացնում է վեր, մեծ զարմանք պատճառելով ամբողջ զորքին: Հայաստանում թագավորած Բագրատունիներից անդրանիկը Աշոտն էր` Սմբատ Խոստովանողի որդին, նաև առաջինն էր, որ երկու ազգի թագավորներից, այսինքն՝ իսմայելյան ամիրապետից ու հույների կայսր Վասիլից թագ ստացավ: Նա, որ հաղթամարմին, պայծառադեմ, խելացի ու քաղցրախոս մի այր էր, իր հնգամյա թագավորության ժամանակ կարողացավ հնազանդեցնել հյուսիսային ազգերին, շքեղացրեց եկեղեցիները և բարեկարգեց Անի մայրաքաղաքը: Նրան հաջորդած Սմբատ Ա-ն իմաստուն ու խիզախ քաջագործություններով թագավորեց 23 տարի, բայց, դավադրաբար բռնվելով արաբ ոստիկանի կողմից, դառն տանջանքների ենթարկվեց Քրիստոսին հավատարմաբար դավանելու համար, և մարտիրոսաբար զոհվեց Դվին քաղաքում: Իսկ Բագրատունիների հայոց վերջին արքան էր Գագիկ Բ-ն, որն Անի մայրաքաղաքում գահակալեց երկար տարիներ, ոչնչացրեց թրքական ու պարսկական զորքերը, որոնք անդադար ասպատակում էին Հայաստանը: Բայց քաղաքական բարդ պայմաններից դրդված նա Անին հանձնեց հռոմեացիներին, իսկ ինքը գնաց նստեց Կապադովկիայի Կեսարիայում, որտեղ ուխտադրուժ հույների դավադիր հարձակումից սպանվեց: Դրանով իսկ վերջ գտավ Բագրատունյաց հարստության թագավորությունը Հայաստան աշխարհում, որը տևեց 160 տարի:
Իսկ հայոց քաջ իշխան Ռուբենը, որը 1078 թ. օտար հողում գրավեց ապագա Կիլիկյան Հայաստանի առաջին ամրոցը, նույնպես Բագրատունիներից էր՝ Գագիկ արքայի արյունակիցը, որով և դրվեց Ռուբինյան թագավորության հիմքը, հարատևելով մինչև 1375 թվականը: Կան նաև օտար լեզուներով գրված այլ գրքեր, որոնք ապացուցում են, որ հայոց Բագրատունիներից են սերվել նաև եվրոպական շատ երկրների թագավորներ: Բայց մեր նպատակն այդ ուղղությամբ չէ, այլ հրեական ծագում ունեցող Բագրատունիների պատմական մանրամասները փաստագրելը, որպեսզի ընթերցողը համոզվի, թե ինչ մարդասիրական ու քրիստոնեավայել վերաբերմունք ենք ունեցել հայերս մեզանում բնակվող օտար ազգերի հանդեպ, ինչը և, ըստ իս, մեր ազգի այն մնայուն ու հավիտենական գանձն է, որը միշտ խնկելի է Արարիչ Աստծո առաջ:
Քանի որ Բագրատունիների մասին գրելիս շեշտվեց Արշակունիների անունը, ապա հարկ է, որ նաև մանրամասնենք նրանց մասին մեր ունեցած պատմական տվյալները, որպեսզի ամբողջացնենք հայ-հրեական զուգահեռները և ապացուցենք, որ դրանք իսկապես հատվում են:
ՀԱՅՈՑ ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐ
Մի՛ զարմացեք, որ այս ենթավերնագրի տակ մեր հայոց առաջին հայրապետի՝ Գրիգոր Լուսավորչի նկարը տեսնեք, այլ կարդացեք ու զարմացեք Աստծո խորախորհուրդ ծրագրերի մասին, որոնցից մի էջ ևս հիմա պիտի բացվի մեր առաջ:
Դրա համար նախ իմանանք, թե որտեղից են սերվում Արշակունիները, որոնք հայոց պատմության մեջ ունեցան ամենանշանակալից դերը: Մեր դրած նպատակին հասնելու համար նորից դիմենք անաչառ պատմիչների հինավուրց մատյաններին: Վարդան Արևելցին գրում է. «Բազմազավակ հայր մեծն Աբրահամը մարմնով ու հոգով մեր ազգի համար ևս պարծանքի հայր եղավ, քանզի Կենդուրից ունեցավ վեց որդի՝ Եմրանին, Եսկանին, Մադանին, Մադիամին, Եսբոկին և Սովիեին: Ավագ որդին` Եմրանը, սպանեց Եսկանին ու Մադանին, այդ պատճառով հայրը նրան Արևելք ուղարկեց՝ հեռացնելով իր որդի Իսահակից: Եմրանից էր, որ սերվեց պարթևների ցեղը, որից էլ՝ քաջն Արշակը» (Տիեզերական պատմություն, էջ 62): Եվ ինչպես արդեն կարդացել է ընթերցողը, Աբրահամը 127 տարեկան հասակում ամուսնանում է Քետուրայի հետ (որ է Կենդուրը) ու վեց զավակ ունենում: Ըստ ազգաբանական մեր ունեցած տվյալների, այդ զավակներից ավագի միջոցով է հիմնվել պարթևական ցեղապետությունը (որը ձևավորվեց մ.թ.ա. 250 թ. ու հարատևեց մինչև 226 թ. Քրիստոսի ծննդից հետո, հետագայում տարրալուծվեց Սասանյան Պարսկաստանի, նաև մասամբ հայերի մեջ): Պարթևազն ցեղից են մեր սուրբ Գրիգոր Լուսավորիչն ու Արշակունյաց թագավորական ցեղը` հանձինս առաջին քրիստոնյա պետության թագավորի` Տրդատ Գ-ի և նախարարական այլ տոհմերի: Ըստ Սեբեոս եպիսկոպոսի, Արշակ թագավորն ուներ չորս որդի, որոնցից առաջինին թագավորեցրեց թետալացիների աշխարհի վրա, երկրորդին՝ կիլիկեցիների վրա, երրորդին՝ պարթևների վրա, իսկ չորրորդին՝ Վաղարշակին՝ Հայաստան աշխարհում. (Հայաստանում Արշակունիները իշխեցին մ.թ.ա. 149-ից մինչև մ.թ. 428 թ., հարատևելով 577, իսկ Պարսկաստանում` 491 տարի): Հուստինոս պատմիչի (II-III դդ.) բնորոշմամբ. «Անհայտ ծագում ունեցող (քանզի այդ ազգի արմատների մասին քչերը տեղեկություն ունեն- հեղ.), բայց մեծ խիզախության տեր Արշակը պարթևների համար նույնքան արժանահիշատակ էր, որքան պարսիկների համար Կյուրոսը, մակեդոնացիների համար Ալեքսանդրը, հռոմեացիների համար Հռոմուլոսը»:
Ըստ զորության, առաջինը պարսկական Արշակունիներն էին, որոնք շահնշահ տիտղոսով էին մեծարվում, երկրորդը հայոց թագավորներն էին, իսկ երրորդը հնդիկ Արշակունիներն էին, որոնք թագավորում էին Բակտրիայում (գտնվում է Պարսկաստանի արևելյան ծայրում, Հինդուկուշ լեռների մոտ, և հանդիսանում էր պարսից թագավորների աթոռանիստը՝ Բահլը, որտեղ Արշակ Մեծը հաստատեց իր թագավորությունը՝ 173-137 մ.թ.ա.): Մովսես Խորենացին Բահլն անվանում է «Պարթևների Բունտուն», և այդտեղից սերված Արշակունիները ստացել են նաև Պահլավունի անունը: Սրանց հայոց մատենագիրները Քուշաններ են կոչում, իսկ չորրորդ տեղում են եղել Կասպյան ծովի հյուսիսում գտնվող Արշակունիները, որոնք, ըստ Ագաթանգեղոսի, Մասքութներն են եղել, որտեղ և նահատակվել է Գրիգոր Լուսավորչի թոռը՝ Գրիգորիսը (տեղեկությունները՝ ըստ Խորեն ծայրագույն վարդապետ Ստեփանեի, և Մ. Խորենացու «Հայոց պատմության», ծանոթագրություններ. էջ 180):
Պահլավունիներ են համարվում Ներսես Մեծը, Սահակ Պարթևը, Հակոբ Մծբնա հայրապետը, վաստակաշատ ու իմաստասեր Գրիգոր Մագիստրոսը, Կիլիկիայի կաթողիկոս Գրիգոր Գ-ն ու նրա կրտսեր եղբայրը՝ Ներսես Կլայեցի Շնորհալի կաթողիկոսը, Ներսես Լամբրոնացին, ինչպես նաև սուրբ Շուշանը որը սերում է Սահակ Պարթև կաթողիկոսի դուստր Սահականույշի սերնդից, որը հարսնացել էր Մամիկոնյանների ցեղին ու ծնել քաջն Վարդանին:
Եվ դարձյալ, գրել հայերի ու հրեաների մասին, և մանրամասն չհիշատակել հայոց Ավագայր (ասորերեն՝ Աբգար, հունարեն՝ Աբգարիոս) թագավորին, կնշանակեր շատից քիչը ասել ու լավագույնը թաքցնել, որովհետև Հիսուսի երկրային կյանքի ընթացքում նա թագավորներից առաջինն էր, որ հավատաց Հիսուսին, և դավանեց Նրան որպես Աստծո Որդու: Նա նույնպես Արշակունիներից է սերում և, ըստ Մովսես Խորենացու, այս արդարասեր թագավորն Արծրունի Խոսրանին, Արետ թագավորի զորքերի հետ Հերովդեսի դեմ է ուղարկում, որն անարգել էր Արետի աղջկան ու նրան բաց թողնելով` կնության էր առել Հերովդիդային, բաժանելով իր կենդանի ամուսնուց, և ինչ պատճառով նրան հանդիմանեց Հովհաննես Մկրտիչը, իսկ նա էլ Աստծո սրբին գլխատել տվեց: Արետ ու Աբգար թագավորների զորքերը սաստիկ ջարդ են տալիս Հերովդեսի զորքին, և սա աստվածային տեսչությունից էր՝ Հովհաննես Մկրտչի մահվան վրեժը առնելու համար: Իսկ որ Աբգարը սրտի խորքում փնտրել է ճշմարիտ Աստծուն, երևում է այս փաստից. «Խռովություն է ծագում Աբգարի ու Հերովդեսի միջև, որովհետև վերջինս հրամայեց հայոց մեհյաններում իր պատկերն էլ դնել կայսերական պատկերի մոտ: Բայց երբ Աբգարը հանձն չառավ, Հերովդեսը սկսեց նրա դեմ դավեր նյութել» (Մ. Խորենացի, գլուխ ԻԶ և ԻԹ):
Այս երանելի այրի՝ Աբգարի թագավորության երկրորդ տարում ծնվեց Տերը: Եվ, ըստ Վարդան Արևելցու, նա առաջիններից մեկն էր, որ իմանում է այդ մասին, քանի որ նրա օրոք 12000 հեծյալներով Հայաստանով Հրեաստան են անցնում ավետարանական երեք մոգերը՝ պարսիկ Մելքոնը, հնդիկ Գասպարը և արաբ Բաղդասարը: Բայց լսելով, որ Պաղեստինում սով է, զորքը թողեցին Աբգար թագավորի մոտ, իսկ իրենք տասներկու իշխաններով ու հազար հեծյալով գնացին՝ իրենց հետ տանելով ոսկի, կնդրուկ և զմուռս, որոնք, ըստ Ավետարանի խոսքի, Բեթղեհեմում ընծայեցին մանուկ Հիսուսին: Այս հավատավոր այրն իր դեսպանների միջոցով Տիբերիոս կայսրի 19-րդ տարում մի նամակ գրեց մեր Տեր ու Փրկչին։
Արշակունիների վերաբերյալ որպես լրացում այս էլ իմանանք, որ, ըստ բյուզանդական աղբյուրների, Բյուզանդիայի կայսրերից էր նաև հայազն Վասիլը: Թեոփանես Շարունակողի հավաստմամբ, նա հայ էր, այն էլ Արշակունի. «Այս խնդրո առարկա անձնավորությունը՝ Վասիլ կայսրը, ծագումով Մակեդոնիայից էր, ազգությամբ` հայ Արշակունի: Այն պատճառով, որ վաղեմի Արշակը, որն իշխեց պարթևների վրա, հռչակվեց իր առաքինությամբ և մեծ փառքի հասավ: Հետագայում և պարթևների, և հայերի, և մարերի համար օրենք դարձավ, որ իրենց վրա ոչ մի այլ ազգությունից թագավոր չիշխի, այլ միայն Արշակունիներից»:
Որպես խնդրո նյութի լրացուցիչ և օգտակար հավելում ասենք, որ Արծրունյաց նախարարության ծագումնաբանությունը սկսվում է Ասորեստանի այդ Սենեքերիմ թագավորի զավակների՝ Ադրամելեքի ու Սարասարի Հայաստան փախչելով, հաստատվելով ու հետագայում զորանալով մինչև նախարարության աստիճանի հասնելով:
Իսկ որպես համապատասխան լրացում այս արծարծված հարցին, ասենք, որ Արշակունյաց ցեղի արյունակիցներ են համարվում նաև հայորդաց ընտիր նախարարական տոհմերից Կամսարականները՝ Կարեն Պահլավունիներից (որոնց երբեմն Արշարունիներ են կոչում), ինչպես նաև Ամատունիներն ու Մանդակունիները:
Հիմա մի դրվագ էլ կարդանք նրա կայսրության տարիներից. Վասիլ կայսրը 1006 թ. տեղեկանալով, որ Զատկի օրվա խախտում է կատարվել Երուսաղեմում (այսինքն` պարբերաբար կրկնվող չարաբաստիկ ծռազատիկն է (ծուռ բառից) տեղի ունեցել), ինչի պատճառով Հիսուսի Սուրբ Գերեզմանում կրակը չի վառվել և անօրեններն օգտվելով դրանից սրերն առած մտել են Սուրբ Հարության տաճար ու ոչխարի պես մորթոտել են քրիստոնյա աղոթողներին, կանչել է տալիս հույն իմաստուններին և հարցնում կատարվածի պատճառների մասին: Նրանք էլ, չիմանալով ինչ պատասխանել, ուզում էին իրենց տգիտությունը կոծկել ճոռոմաբանություններով: Կայսրը հասկանալով այդ, դիմում է հայոց թագավոր Հովհաննեսին, որ շուտափույթ վարդապետներ ու գիտնականներ ուղարկի Կոնստանդնուպոլիս: ՈՒ տեր Սարգիս հայոց կաթողիկոսի հրամանով այնտեղ է ուղարկվում Սամվել վարդապետը: Նա հույն իմաստուններին հակառակ ապացուցեց հայոց զատկական օրվա հաշվարկի ճշմարտացիությունը, ինչը Վասիլ կայսրին նույնպես առավել ճշգրիտ թվաց: Պարտված հույն իմաստունները կայսրին խնդրեցին, որ այս անգամ իրենց հետ բանավեճի հրավիրեն Կիպրոս կղզում ապրող մի հրեայի, որն այդ հարցերում մեծ համբավ ուներ: Եվ երբ նա ուշադիր լսեց երկու կողմերի ապացույցները, ավելի հավանություն տվեց Սամվել վարդապետի խոսքերին: Վասիլ կայսրը, տեսնելով հույն իմաստունների ամոթալի պարտությունը, զայրանալով նրանց զրկում է պատիվներից, իսկ Սամվել վարդապետին մեծագին ընծաներով ուղեկցել է տալիս մինչև Հայաստան: Այս պատմությունը քաղեցի Կիլիկյան Հայաստանում ապրած Սմբատ Սպարապետի «Ժամանակագրություն» գրքից (էջ 12), որտեղ ի հավելումն այս ամենի, Վասիլ կայսեր մասին կա նաև հետևյալ տեղեկությունը. «Վերոհիշյալ դեպքերից շատ չանցած, կայսրը երեք հավատարիմների հետ գաղտնաբար Անտիոք է գնում, իսկ այնտեղից Սև լեռ կոչվող վանքը, որտեղ և մի հոգևոր հոր ձեռքով ընդունում է հայոց քրիստոնեական դավանանքը: Դրանից հետո նա առավել հոգատար և ուշադիր էր հայերի նկատմամբ» (էջ 15): Քառասունութ տարի թագավորելուց հետո մահանում է Վասիլ կայսրը, որից հետո նրա եղբայրը՝ Կոստանդինը, դառնում է Բյուզանդիայի նոր կայսրը: Այս նույնպես հայազն Արշակունին բարի և ողորմած անուն հանեց, որովհետև, ի տարբերություն իր կոպիտ ու երբեմն էլ դաժան եղբոր, չորս տարի մեծ իմաստությամբ ու անթերի վարքով թագավորելուց հետո ննջեց ի Քրիստոս:
Այսչափ վկայությունները նշանակալից են նրանով, որ աշխարհակալ պետությունների նման մեր ազգի մեջ նույնպես կատարվել է Աստծո հավիտենական խոստումը, որ տրվել էր հայր Աբրահամին. «Այս է իմ՝ քեզ հետ դրած ուխտը. բազում ազգերի նախահայր պիտի դառնաս: Սրանից հետո քո անունը Աբրամ պիտի չլինի, այլ Աբրահամ պիտի լինի քո անունը (որ թարգմանվում է հայր բազմության- հեղ.), որովհետև բազում ազգերի նախահայր եմ դարձնելու քեզ: Քո սերունդը շատ եմ աճեցնելու, քեզնից բազում ազգեր պիտի սերեմ» (Ծննդ.17.4-6): Եվ այս խոստումը տրվեց այն բանից հետո, երբ Աբրամը հոժարեց իր Իսահակ որդուն զոհասեղանին դնել: Եթե ուշադիր կարդացիք Աստծո խոսքը, ապա գրված էր, որ քեզանից ազգեր պիտի անեմ, այսինքն, բացի հրեաներից, նաև այլ ազգեր: Ահա Իր ընտրյալ Աբրահամի սերնդից՝ պարթևներից, մի ճյուղ պատվաստեց հայոց «դարավոր կաղնուն», որը պտղաբերեց ընտիր ու պատվական պտուղներով: Արարիչ Տերը Աբրահամի միջոցով նաև «հավատքի ձիթենին» տնկեց աշխարհում, որի վրա հայորդիներս առաջինն ազգովին պատվաստվելով պտղաբերեցինք աստվածահաճո սրբերով: Այնուհետև Քրիստոս Հիսուսին հավատալով պատվաստվեցին մնացած ազգերը, մինչև որ կգա հեթանոսների լրումը, որից հետո վերջ. երկնային մանգաղը գործի պիտի դրվի, որպեսզի որոմը ցորենի հետ հնձելուց հետո մաքրեն, որ ցորենը հավիտենական շտեմարանները հավաքեն, իսկ հարդն ու որոմը այրեն անշեջ կրակով:
Իհարկե, շատ հայորդիներ, հրեաների հետ կապված այս իրողություններին ծանոթանալուց հետո, պետք է զարմանք ապրեն (ինչպես և ես ժամանակին ապրեցի), բայց երբ կարդում էի շատերիցս ավելի մեծ հայրենասեր Ղևոնդ Ալիշանի մտորումներն այս հարցի շուրջ, դրանից հետո ավելի համոզվեցի, որ մենք մեր սահմանափակ, ճղճիմ անձերի տեսանկյունից ենք նայում հարցերին, իսկ Աստված ամեն բան հավիտենական չափանիշներով է ծրագրում: Եվ, ըստ մեր սիրելի պատմագետ հոր, Տերը հայոց արի ու քաջ Հայկ նահապետի ցեղի քաջությունը և նախանձախնդրությունը առ Աստված (քանզի նա սպանեց ամեհի ու հպարտացած Նեբրովթին, որն է Բելը, հոգու նախանձախնդրությամբ վառված հանդիմանելով նրան. «Դու ոչ թե Աստված ես, այլ շուն, իսկ քո հետևից շարքով քարշ եկողները՝ շների ոհմակ», քանի որ Բելը Նեռի` սատանայի խորհուրդն էր կրում, որն ուզում էր իրեն աստված ձևացնել նորաստեղծ ազգերի մեջ) միաձուլեց Աբրահամի հավատքի հետ: Եվ այդ միաձույլ, Աստծո նախախնամությամբ խմորված հայոց ազգը իրավունք և պատիվ պետք է ստանար առաջինը բոլոր ազգերից իր վրա կրելու Քրիստոս Տիրոջ սուրբ և օրհնյալ Անունը, որը վեր է բոլոր անուններից թե երկնքում, թե երկրի վրա և թե սանդարամետում: Եվ ինչպես հմուտ մետաղագործն է երկաթին խառնում այլ մետաղներ և, ձուլելով ստանում մի նոր, ավելի կարծր ու դիմացկուն մետաղ, պատերազմում հաղթելու համար (ինչպես, օրինակ, չժանգոտվող ընտիր պողպատը կազմված է նախ երկաթի՝ որպես հիմնանյութ, ապա մոլիբդենի, նիկելի, վոլֆրամի և այլ հազվագյուտ մետաղների համաձուլվածքից), այդպես էլ Տերը Իր արարչական նախախնամությամբ հայոց ազգի հոգու քաջ ու արիասիրտ հենքին միահյուսեց այլ ազգերի ընտիրների առաքինությունները, որպեսզի այդ «համաձուլվածքով» պատրաստեր Դավթի Թուր Կեծակին, ու կտրեր Գողիաթի՝ սատանայի գլուխը, որը հազարամյակներ շարունակ անարգել իշխում էր աշխարհի ազգերի վրա:
Վերջում կրկին մտաբերենք այս հրապարակման սկզբում արծարծված այն միտքը, թե քանի որ Աստծո համար անհնարին բան չկա, ապա վերջին ժամանակներում հայ ու հրեա ազգերը, ի վերջո, «հատվելու» են (հանց հատվող զուգահեռներ, որքան էլ մաթեմատիկական կանոնների համաձայն երկու զուգահեռները չեն հատվում), երբ վրա հասնի այս ծածկագրված ազգերի «կոդը» վերծանելու ժամանակը։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6593

Մեկնաբանություններ