2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻՑ ԱՌԱՋԻՆ ՔՐԻՍՏՈՆՅԱՆ

ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻՑ ԱՌԱՋԻՆ ՔՐԻՍՏՈՆՅԱՆ
10.12.2010 | 00:00

Այս հրապարակումը սկսեմ նրանով, որ մեր քաջազուն նախնիների ժամանակակից տկարագույն հետնորդներս, որ միայն պարծենալ գիտենք մեր նախնի պայծառակերպների քաջություններով, նույնիսկ քրիստոնեության մեր ընդունման 1700-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության հրապարակում կանգնեցված Տիրոջ հաղթական Խաչի ներկայությանը չկարողացանք համբերել գոնե մեկ տարի, ու Ծննդյան տոներից առաջ գողաբարո արագությամբ այն վերացրինք մեր հայացքից ու տեղը սատանայի միականի աչքը՝ հսկայական հեռուստաէկրանը, տնկեցինք, որ տոնածառի մոտ եկած մեր մանուկների ու իրենց աջն ու ձախը չտարբերող երիտասարդների հոգիները լլկի: Գոնե լավն այն եղավ, որ իրենց արածից ամաչեցին կամ գուցե ոչ ձեռնտու եղավ, այն շուտով մեջտեղից վերացրին ու տեղը ծաղիկ ցանեցին, որ միգուցե լավագույնն է, ինչ կարող են անել առայժմ։ Իսկ երբ գա ժամը Դատաստանի ու հատուցման, լացի ու ատամների կրճտացման վճռի, պիտի մինչև հոգու շտեմարաններն իջնող սարսափով տեսնենք Խաչյալ Հաղթող Գառին Իր գահին նստած, Որի փառքի Խաչը անարգեցինք ազգովին: (Այժմ քննարկվում է, թե ինչ կանգնեցնեն նախկին Խաչի տեղը: Եթե այսքանից հետո էլ մենք նորից անարգենք Տիրոջ Խաչը և դրա փոխարեն ուրիշ մի բան տնկենք այնտեղ, ապա ազգովին կրկնակի մեղապարտ կլինենք Աստծո առջև): Մինչդեռ մեր սուրբ նախնիները հակառակն էին անում, վերացնելով ազգը պղծող չարի հեթանոսական նշանները համայն հայոց աշխարհից` Տիրոջ հաղթական Խաչն էին կանգնեցնում: ՈՒրեմն, վա՜յ մեզ, եթե չապաշխարենք խոսքով ու գործով, ու վերստին չհաստատենք մեր հայկազունների հոգու դավանանքը:
Եվ այսպես, խոսենք Ավագայր (ասորերեն՝ Աբգար, հունարեն՝ Աբգարիոս) թագավորի մասին և փաստենք. Հիսուսի երկրային կյանքի ընթացքում թագավորներից առաջինն էր, որ հավատաց Հիսուսին և դավանեց Նրան որպես Աստծո Որդու: Նա նույնպես Արշակունիներից է սերում և, ըստ Մովսես Խորենացու, այս արդարասեր թագավորը Արծրունի Խոսրանին` Արետ թագավորի զորքերի հետ, Հերովդեսի դեմ է ուղարկում, որն անարգել էր Արետի աղջկան ու լքելով նրան` կնության էր առել Հերովդիադային, բաժանելով նրան ամուսնուց, ինչի համար էլ հանդիմանվեց Հովհաննես Մկրտչից, ու նա Աստծո սրբին դրա համար գլխատել տվեց: Արետ ու Աբգար թագավորների զորքերը ջարդում են Հերովդեսի զորքը, և սա աստվածային տեսչությունից էր՝ Հովհաննես Մկրտչի մահվան վրեժը առնելու համար: Իսկ որ Աբգարը սրտի խորքում փնտրել է ճշմարիտ Աստծուն, երևում է այս փաստից. «Խռովություն է ծագում Աբգարի ու Հերովդեսի միջև, որովհետև վերջինս հրամայեց հայոց մեհյաններում իր պատկերն էլ դնել կայսերական պատկերի մոտ: Բայց երբ Աբգարը հանձն չառավ, Հերովդեսը սկսեց նրա դեմ դավեր նյութել» (Մ. Խորենացի, գլուխ ԻԶ և ԻԹ):
Այս երանելի այրի՝ Աբգարի թագավորության երկրորդ տարում ծնվեց Տերը: Եվ, ըստ Վարդան Արևելցու, նա առաջիններից մեկն էր, որ իմանում է այդ մասին, քանի որ նրա օրոք 12000 հեծյալներով Հայաստանով Հրեաստան են անցնում ավետարանական երեք մոգերը՝ պարսիկ Մելքոնը, հնդիկ Գասպարը և արաբ Բաղդասարը: Բայց լսելով, որ Պաղեստինում սով է, զորքը թողեցին Աբգար թագավորի մոտ, իսկ իրենք տասներկու իշխաններով ու հազար հեծյալով գնացին՝ իրենց հետ տանելով ոսկի, կնդրուկ և զմուռս, որոնք, ըստ Ավետարանի խոսքի, Բեթղեհեմում ընծայեցին մանուկ Հիսուսին: Այս հավատավոր այրն իր դեսպանների միջոցով Տիբերիոս կայսրի 19-րդ տարում մի նամակ գրեց մեր Տեր ու Փրկչին, որի բովանդակությունը հետևյալն է. «Աբգարիոս, Արշամի որդի և իշխան աշխարհի` բժիշկ և բարերար Հիսուսիդ, որ երևացիր Երուսաղեմացիների աշխարհի մեջ. ողջո՛ւյն: Տեղեկացել եմ Քո և Քո բժշկությունների մասին, որոնք կատարվում են ձեռքովդ, առանց դեղի ու արմատների, և ինչպես խոսվում է` կույրերին աչք ես տալիս, կաղերին քայլեցնում ես, բորոտներին սրբում ես, պիղծ դևերը հանում ես և երկար հիվանդություններով տանջվողներին բժշկում ես, նաև մեռելների ես հարություն տալիս: Երբ սրանք լսեցի, երկու բան խորհեցի, կամ դու Աստված ես, որ երկնքից իջնելով այդ գործերն ես անում, և կամ էլ Աստծո Որդի ես: Ահա այս գրեցի քեզ աղաչելու համար, որ նեղություն կրես ինձ մոտ գաս և ունեցածս հիվանդությունը բժշկես: Լսեցի նաև, թե հրեաները տրտունջ ունեն Քո դեմ և ուզում են չարչարել քեզ: Ես փոքրիկ ու գեղեցիկ քաղաք ունեմ, որ բավարար է երկուսիս»: Աբգար թագավորի պատգամաբերը հրեաների Զատիկից հինգ օր առաջ այս նամակը Հիսուսին է տանում, այն պահին, երբ Նա տաճարից դուրս էր գալիս: Եվ այդ ավետարանական այն պահն էր, երբ հեթանոսները Փիլիպոսի և Անդրեասի միջնորդությամբ Հիսուսին են մոտենում և ներկայացնում Աբգարի նամակը (Հովհ. 12.21): Քրիստոս Տերն ուրախանում է հոգով, որ ահա Իր հանդեպ հավատքը նաև հեթանոսների մեջ է տարածվում, և հետևյալ պատասխանն է գրել տալիս. «Երանի՜ նրան, որ առանց տեսնելու է հավատում Ինձ, որովհետև այսպես է գրված Ինձ համար. «Ինձ տեսնողները պիտի չհավատան և չտեսնողները պիտի հավատան ու ապրեն»: Իսկ այս գրածիդ մասին, որ քեզ գամ, պետք է որ Ես այստեղ ավարտեմ ինչի համար որ ուղարկվեցի: Երբ կատարեմ, Ինձ ուղարկողի մոտ պիտի համբարձվեմ, ու դրանից հետո աշակերտներիցս պիտի ուղարկեմ, որ քո ցավը բժշկի և քեզ հետևողներին կյանք պարգևի»: Աբգար թագավորը ստանալով այդ միակ նամակը, որ երբևէ Տերը հղել է մահկանացու որևէ մեկին, կարդալով մեծապես մխիթարվեց և տառապող ախտից թեթևություն զգաց: ՈՒ նորից իր դեսպաններին Հրեաստան է ուղարկում, և այս անգամ իր արքունական գծագրողի հետ, որ նա Հիսուսի պատկերը գծագրի և իրեն բերի: Միխայիլ Ասորի պատրիարքը այս մասին գրում է, որ հայ գծագրիչը չէր կարողանում պատկերել Տիրոջ վայելչագույն գեղեցկությունը, որն անընդհատ փառքից փառք էր փոփոխվում, որով զմայլվում ու ապշում էր նկարիչը: Այդ տեսնելով, ողորմության ու գթության աղբյուր մեր Տերը նրա ձեռքից խնդրում է դաստառակը, դնում Իր Աստվածային օրհնյալ դեմքին, և հրաշքով պատկերվում է Նրա Լույս երեսը կտավի վրա, ու վերադարձնում է նկարչին: Այս պատահեց Տիրոջ խաչելությունից 24 օր առաջ: Նա էլ մեծ հրճվանքով ու սրտի երկյուղով դաստառակը, որի վրա սքանչելապես պատկերված էր Տիրոջ Աստվածային դեմքը, տանում է իր թագավորին: Աբգարը տեսնելով այդ շնորհալույս անձեռակերտ պատկերը` երկրպագում և առավել է հաստատվում ճշմարիտ հավատքի մեջ: Այդ դաստառակով մեծամեծ հրաշքներ էին կատարվում, մինչև որ Թադեոս առաքյալը կենդանի Ավետարանը քարոզեց Հայաստանում:
Հրաշագործ դաստառակը դարերով մնացել է Եդեսիայում ու միշտ քաղաքի օրհասների ժամանակ օգտագործվել որպես Վերին զորություն:
Իսկ երբ Տիրոջ խոստացած առաքյալը Հայաստան եկավ, ըստ Մովսես Խորենացու, այսպես եղավ նրա հանդիպումը Աբգարի հետ. «Երբ Թադեոսը ներս մտավ, նրա երեսի վրա սքանչելի տեսիլք երևաց Աբգարին. նա գահից վեր կացավ ու երեսի վրա ընկնելով նրան երկրպագեց. շուրջը գտնվող բոլոր իշխանները զարմացան, որովհետև տեսիլքը չիմացան: Աբգարը նրան հարցրեց. «Իսկապե՞ս դու օրհնյալ Հիսուսի աշակերտն ես, որին խոստացավ այստեղ ուղարկել, և կարո՞ղ ես իմ ցավերը բժշկել»: Թադեոսը նրան պատասխանեց. «Եթե հավատաս Հիսուս Քրիստոսին` Աստծո Որդուն, քո սրտի բոլոր ցանկությունները կստանաս»: Աբգարը նրան պատասխանեց. «Ես հավատացի Նրան և Նրա Հորը, ուստի կամենում էի զորքեր առնել և գալ կոտորել նրան խաչող հրեաներին, եթե ինձ չզսպեի հռոմեացիների թագավորության պատճառով»: Այս խոսքերով սկսելով` Թադեոսը քարոզեց Ավետարանը նրան և ամբողջ քաղաքին, ապա ձեռքը վրան դնելով նրան բժշկեց, ինչպես և քաղաքի Աբդիու իշխանին, որ հիվանդ էր հոդատապով և մեծ պատիվ ուներ թագավորի արքունիքում. և առհասարակ բժշկեց քաղաքում եղած բոլոր հիվանդներին և ախտավորներին: ՈՒ բոլորը հավատացին և մկրտվեցին: Կուռքերի մեհյանների դռները փակեցին և բագինների սյուների վրա եղած պատկերները եղեգով պատեցին: Նա ոչ ոքի բռնությամբ չէր դարձնում հավատի, բայց հավատացյալներն օրեցօր ավելանում էին»: Թադեոս առաքյալը մի մետաքսագործի, որը թագավորի գլխարկներն էր պատրաստում, մկրտեց, անվանադրելով Ադդե ու ձեռնադրելով` իր փոխարեն Եդեսիայի վրա հովիվ կարգեց: Եվ Աբգարից հրովարտակներ ստանալով, որ ամենքը լսեն Քրիստոսի ավետարանը, գնում է Տիրոջ հրամանը կատարելու ու հավատի լույսը տարածելու Հայաստանում:
Դավիթ սաղմոսերգու թագավորից հետո, որը հավատքով տեսավ Քրիստոսի աշխարհ գալը, Աբգարը Նոր ուխտի առաջին թագավորն էր, որ անձամբ վկայեց Հիսուս Քրիստոսին որպես Տեր ու ինքն էլ մերձակա ազգերի մեջ առաջինը դարձավ այդ հավատի քարոզիչը, քանի որ նա, կենդանի վկայությամբ հաստատված, երեք նամակ հղեց նախ` հռովմեացիների Տիբերիոս կայսրին, ու դավանեց Քրիստոսին որպես Աստված ու Տեր, այնուհետև գրեց Բաբելոն` Ներսեհին, այնուհետև պարսից թագավոր Արտաշեսին, նրանց էլ ավետարանելով Քրիստոս Աստծո մասին: Եվ սա հասարակ ու պարզ մի բան չէ, որովհետև նա գրել է այդ ժամանակվա երեք հզոր պետությունների տիրակալներին, որոնք իրենց պաշտած աստվածներն են ունեցել ու նույնիսկ իրենք իրենց են աստված հռչակել: Այդ նամակներից մեկի բովանդակությունը մի ընտիր քարոզ-վկայության նմուշ է, որն ուզում եմ ամբողջությամբ մեջբերել. «Հայոց Աբգար թագավորն իր եղբայր պարսից թագավորին ողջունում է: Գիտեմ, որ դու լսած կլինես Հիսուս Քրիստոսի` Աստծո Որդու մասին, որին հրեաները խաչեցին, և որ մեռած տեղից հարություն առավ և Իր աշակերտներին ուղարկեց ամբողջ աշխարհը` ամեն տեղ ուսուցանելու: Նրա գլխավոր աշակերտներից մեկը՝ Սիմոն անունով, քո տերության կողմերում է: Արդ` փնտրի՛ր, գտի՛ր նրան, և նա կբժշկի ձեզ մոտ եղած բոլոր ախտերն ու հիվանդությունները և կյանքի ճանապարհը ցույց կտա: Դու հավատա՛ նրա խոսքերին»:
Եվ դեռ այս թղթերի պատասխանները չստացած` Աբգարը վախճանվում է, երեսունութ տարի թագավորելուց հետո: Այս թագավորը զարմանալի էր նաև նրանով, որ մինչ Տիրոջ մասին լսելը արդեն դեմ էր կռապաշտությանը, ինչը երևում է նույն Մովսես Խորենացու գրած ու արդեն վերը հիշված հետևյալ դրվագից:
Հետաքրքիր է նաև Աբգարի կնոջ` Հեղինե թագուհու կյանքի վերջին տարիների պատմությունը: Այդ բարեպաշտ կինն իր ամուսնու մահից հետո` 42 թվականին, Կղոդիոս կայսեր ժամանակ, Միջագետքից Երուսաղեմ է գալիս, որովհետև ամուսնուն հաջորդած Սանատրուկ թագավորը նրան տիկնությունից հանել և իր ծննդավայր` Խառան էր աքսորել: Նա էլ չհանդուրժելով տեղի հեթանոսական բարքերը, գալիս է Սուրբ երկիր և իր հարստությունն ի սպաս դնում քրիստոնեավայել բարի գործերի համար, որոնցից ամենանշանակալիցը Ագաբոս մարգարեի ասած (Գործք 11.28) սովի ժամանակ տեղի ժողովրդի համար հաց հայթայթելն էր: Ավանդությունը տեղեկացնում է, որ նրա տունը Սիոնի վրա լինելով, մերձ է եղել Տիրամոր տանը և հաճախ սուրբ Կույսին այցի է գնացել (երանի՜ նրա աչքերին, որ Տիրոջ օրհնյալ Մորն է տեսել և խոսել նրա հետ), ու հավատում ենք, որ միասին աղոթք են արել, ինչո՛ւ չէ, նաև Տիրամայրը Որդուն խնդրել է օրհնի և պահպանի նաև հայոց ազգը թե՛ Հայաստան աշխարհում, թե՛ Սուրբ երկրում (այլապես ուրիշ ինչ զորություն կարող էր այսքան դարեր մեր ազգը պահել այս Սուրբ քաղաքում, այսքան բարբարոս ու զորավոր աշխարհակալների օրոք):
Այնուհետև Հեղինե թագուհին սուրբ տնօրինաց վայրերում առաջին մատուռներն է կառուցել տալիս: Ճիշտ է, սկզբում անպաճույճ՝ քարերով առանձնացնելով սրբատեղիները, որով և փրկում է դրանք թե՛ հետագա ապականությունից, թե՛ իսպառ անհետանալուց և թե հրեաների ու հեթանոսների կողմից անարգվելուց: Դրա մասին են վկայում հնախոսական գրքերը, մանավանդ Հաճնի սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի վանքում գտնված մի ձեռագրի մագաղաթյա էջերը, որտեղ Գրիգոր Վկայասերի ձեռքով ասորերենից թարգմանվել են հետևյալ տողերը. «Ամենաբարեպաշտ և գթասիրտ մեր թագուհին, հայոց և ասորիների թագավոր Աբգարի կինը` Հեղինեն, հրաժարվելով աշխարհի ամեն փառքից, գնաց Երուսաղեմ` Տիրոջ 42 թվականին, մայիս ամսվա սկզբին: Այդ ժամանակ Երուսաղեմում և կից սահմաններում սով էր, այդ պատճառով թագուհին Եգիպտոսից ու Կիպրոսից ցորեն գնելով առատապես բաշխեց բոլորին, առանց խտրություն դնելու հրեայի ու հեթանոսի միջև: Նրան հավատարմորեն օգնում էր իր զորական ծառան` Խուրանը: Սովը կոտրվելուց հետո թագուհին սկսեց զբաղվել սրբատեղերի մատուռների շինությամբ: Սկզբում դրանք սարքել էր տալիս մեծ-մեծ քարեր բրգաձև կիտելով, նախ` Քրիստոսի շիրմին, հետո Ձիթենյաց լեռան վրա` Տիրոջ սուրբ ոտնատեղերում, ապա քարերով շրջափակեց Հիսուսի ծննդյան սուրբ այրը Բեթղեհեմում: Դրանից հետո Զեբեդեոսի որդի Հակոբոս առաքյալի շիրմին, որտեղից ստեպ-ստեպ այցի էր գնում Հիսուսի Մոր` սուրբ Կույսի վերնատունը, որը մերձ էր Սիոնին»: Եվ ըստ Հովսեփիոս Փլաբիոս պատմիչի, երբ յոթ տարի մնալուց հետո Աստծո այդ բարեպաշտ աղախինը ննջում է, ապա թաղվում է այստեղ` Երուսաղեմում: Երկար դարեր այդ աստվածասեր կնոջ գերեզմանն անհայտ էր բոլորին, բայց երբ 1875 թ. ֆրանսիացիները մի հողակտոր գնեցին, ու քանի որ եվրոպացի նշանավոր գիտնական Սաուլոն գիտեր, որ այդ վայրում է թաղվել թագուհին, շուտով պեղումներ սկսեցին: Շատ չանցած հաստատվեց այդ կարծիքը, որովհետև հայտնաբերցին երկու մեծ ջրամբար և սպիտակ քարե սնդուկի նմանվող մի գերեզման: Երբ զգուշությամբ բացեցին այն, ապա հուրախություն նրանց, կնոջ զարդարանքներով մի կմախք գտան, իսկ ներսից եբրայերեն լեզվով փորագրված էր հետևյալ մակագրությունը. «Հեղինե թագուհի. կին հայոց Աբգար թագավորի»: Այդ սուրբ ու թանկագին մասունքները նրանք ուղարկում են Փարիզ, իսկ գերեզմանը դարձնում սրբատեղի: Ահա այսպե՛ս. ոչ ավելի, ոչ պակաս, սիրելի հայորդի ընթերցող, իմացի՛ր ով ես դու և ում նախորդներից ես ընձյուղվել: Կարդալով այս մասին, ես փափագեցի անձամբ տեսնել այդ վայրը, որը չգիտես ինչու, շատ քչերին էր հայտնի, բայց երբ մի գիտակ հրեա ուղեկցորդի միջոցով եղա այդ վայրում, հասկացա, որ հրեական կառավարությունն աշխատում է տեղեկագրերում այդ մասին քիչ գովազդել, որովհետև այն գտնվում էր Երուսաղեմի արաբական թաղամասում: Ինչևէ, երբ տեղ հասանք և ցածրիկ ու նեղլիկ ժայռափոր դռնով ներս մտանք այդ կիսամութ, խորհրդավոր սառնություն փչող թագավորական դամբարանատեղին, մի պահ ինձ արկածային ֆիլմի մասնակից զգացի, որը հինավուրց փարավոնյան դարաշրջանի գերեզմանատեղի է հայտնաբերում, որովհետև լայնածավալ ու խորանարդաձև միջանցքի աջ ու ձախ կողմերում ևս երկու ուղղություններով փորված դամբարանաշարքեր երևացին, որտեղ մի ժամանակ հանգչել են Ադիաբենի, այսինքն՝ Աբգար թագավորի կնոջ` Հեղինեի և նրա թագավորական տոհմի հարազատների զմռսված մարմինները: Տեղը շատ տպավորիչ էր, և դեպի այդ հին աշխարհի երևելիների դամբարանները տանող ամբողջովին ժայռափոր լայնանիստ աստիճանները մեզ հուշում էին, որ ով ուզում ես եղիր, ինչ հարստություն ուզում ես ունեցիր, միևնույն է, կյանքիդ օրերի աստիճանները քեզ դեպի սառը լռությունն են ուղեկցելու, ու քանի դեռ ժամանակը քո ձեռքում է, իմաստություն խնդրիր Արարչից, որ պատրաստվես հավիտենական հանգիստդ մտնելու: Ըստ հրեա պատմաբանների, այդ բարեպաշտ կինը, երբ Սուրբ երկիր է եկել, բուն պատճառը իբր եղել է այն, որ նա Մովսեսական կրոնն է ընդունել: Այդպես են մտածել նաև կոմունիստական մտածելակերպ ունեցող մի քանի հայ գիտնականներ, ովքեր իրենց առավել իմաստուն են համարել, քան Մովսես Խորենացին: Բայց մեր ունեցած պատմական փաստերն ու սթափ միտքն ասում են, որ դա քիչ հավանական է, քանի որ այդ ժամանակ Եդեսիայում գտնվող հրեաները, բացի ճարպիկ առևտրից ու արհեստներ բանեցնելուց, այլ ուշագրավ ոչինչ չեն ցուցաբերել, որ մարդիկ հոժարեին ու նրանց հավատին հարեին: Երբ Փլաբիոս պատմիչն ասում է, որ Հեղինեն հրեական կրոնն ընդունեց, պետք է հասկանալ քրիստոնեությունը, որովհետև այդ ժամանակվա մնացած հեթանոս ազգերի համար այն նույնպես հրեական կրոն էր համարվում, քանի որ առաջին քարոզիչները, նույնիսկ առաքյալներից շատերը, նորադարձներին պարտադրում էին թլպատվելու հրեական սովորության համաձայն, ինչը առաքելական ժողովից հետո արգելվեց (Գործք 15): Բայց մենք լավ գիտենք, որ Հեղինե թագուհին իր ամուսնու ճշմարիտ հավատին հարելով, հրաժարվել է հեթանոսությունից, և դրանից հետո նա կոչվում էր քույր և կին Աբգար թագավորի: Սա մի խոր իմաստ է տալիս այդ բարեպաշտ ամուսինների զարմանալի հավատքին, քանի որ քրիստոնեական կրոնի անաղարտության ու սրբության բարձրագույն աստիճանի հասնելու համար, երբեմնի ամուսինները միմյանց փոխհամաձայնությամբ հրաժարվում են հետագա ամուսնական սեռական հարաբերությունից և դառնում են եղբայր ու քույր: Ինչպես վարվեցին Գրիգոր Լուսավորիչն ու իր կինը և հետագայում շատ բարեպաշտ քրիստոնյաներ: Եվ հենց այդպիսին են եղել Աբգար թագավորի և Հեղինե թագուհու հարաբերությունները: Նման հոգևոր սխրանքը, անշուշտ, բոլորին չէ, որ տրված է, այլ նրանց, ովքեր այդ բանի համար կանչված են, քանզի կամենալն ու անելը Տիրոջ զորությամբ է:
Այս նյութը պեղումներով շարունակելու համար օգտվենք ավետարանական մի դրվագից. «Այնտեղ կային նաև որոշ թվով հեթանոսներ՝ նրանց մեջ, որ Երուսաղեմ էին եկել, որպեսզի տոնի ժամանակ երկրպագություն անեն: Նրանք մոտեցան Փիլիպոսին, որ Գալիլիայի Բեթսայիդա քաղաքից էր. աղաչում էին նրան ու ասում. «Տե՛ր, ուզում ենք Հիսուսին տեսնել»: Փիլիպոսը եկավ և Անդրեասին ասաց: Անդրեասն ու Փիլիպոսն էլ Հիսուսին ասացին: Եվ Հիսուս նրանց պատասխանեց ու ասաց. «Հասավ ժամը, որ փառավորվի մարդու Որդին: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա» (Հովհ. 12.20-24): Ըստ լուրջ աստվածաբանների, այս դրվագը վերագրվում է Աբգարի հայ դեսպաններին, որոնք նրա հրամանով թագավորական նամակն էին բերել Հիսուսին, և ըստ Մովսես Խորենացու արդեն տեղեկացանք, որ Հիսուսը պատասխանել է այդ նամակին: Եվ դա ճշմարիտ է, որովհետև ազգերի միջից ոչ թե հույները, այլ հայերը, որպես մեռնող ու հառնող ցորնահատ, կենաց ու մահվան պայքարով առաջինը փառավորեցին Տիրոջը: Հայտնի է նաև, որ Տերն Իր համբարձումից առաջ պատվիրեց առաքյալներին ու աշակերտներին. «Գնացե՛ք ամբողջ աշխարհով մեկ և քարոզեցե՛ք Ավետարանը բոլոր արարածներին» (Մարկոս 16. 15): Այդպես էլ եղավ, Տիրոջ կենարար խոսքը սերմանվում է աշխարհով մեկ՝ բոլոր ազգերին: Բայց ով սերմանում է, բերքի հույսով է սերմանում: Տերը սպասեց երեք հարյուր տարի, մինչև առաջինը հայոց ազգը ծիլ տվեց, հասունացավ ու դարձավ Սուրբ Հոգու բերքի առաջին երախայրին: Իսկ երբ Հռիփսիմյանց կույսերը եկան Հայաստան` աշխարհում սերմանվածը ոռոգեցին իրենց նահատակության կուսական արյամբ, քանզի այդ էր Արարչի կամքը, որ Կուսածին Որդու մեծ ու փառավոր Անունը կրելու համար դրախտաբույր այդ երկիրը ոռոգվեր սուրբ ու անարատ կույսերի արյունով: Այս առիթով մի թաքնված խորհուրդ ևս կա. երբ կույս աղջնակ Հռիփսիմեն մարտնչում էր ամեհի ու զորավոր Տրդատի հետ, այդ պահին խորախորհուրդ պայքար էր գնում «կույս»՝ արտաքնապես տկար թվացող քրիստոնեության և բիրտ ու մարմնավոր հեթանոսության միջև: Եվ ամոթահար պարտվեց ամեհի Տրդատը՝ իր հետ և հեթանոսությունը՝ ծնկելով Կուսածին Քրիստոսի առաջ, Նրան Տեր ու Աստված դավանելով: Երկնեց Սիոնը ու Սուրբ Հոգին ծնեց Քրիստոսի Սուրբ Անունը դավանողներից անդրանիկին՝ Հայկոսին (անվանենք Նոր կտակարանին համահունչ այս նորահնար անունով, քանզի հներն անցան և ամեն բան նոր եղավ): Եվ դեռ նոր վերահաստատված Տրդատի թագավորությանը բախտ վիճակվեց առաջինը Քրիստոս Աստծո համար խաչը վերցնել ու Նրան հետևել, պատերազմելով հռոմեական իշխանության դեմ ու հաղթող լինել: Բայց սատանան իր ոխը մինչև վերջ պահեց այդ քաջ ու նվիրյալ Աստծո ծառայի՝ Տրդատի հանդեպ, քանզի նրան իր դեռևս հեթանոս, գողամիտ ու պղծասեր նախարարների միջոցով մահաթույն խմեցնելով հայոց մեծաբորբոք ջահը մարեցին, խավարեցնելով Հայաստան աշխարհը: ՈՒ չտարակուսենք Տիրոջ նախասահմանյալ խորհուրդների այդ թողտվության համար, քանզի ինչպես կանանցից ծնվածներից ամենամեծը՝ Հովհաննես Մկրտիչը, կնոջ ձեռքով գլխատվեց, այդպես էլ հեթանոս արքաներից ամենաքաջը մի կույս աղջնակից պարտության մատնվեց և վերջում էլ հեթանոս հայորդիների ձեռքով նահատակության բաժակն ըմպեց: Այդպես է՝ մարդկային մտքից ու իմաստությունից վեր է Տիրոջ գործելակերպը, քանզի Նրա ծրագրերը հավիտենականությունից են բխում:
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3964

Մեկնաբանություններ