Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

ԱՐՈՆՅԱՆԸ` ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՈՒԻՄԲԼԴՈՆԻ ՀԱՂԹՈՂ

ԱՐՈՆՅԱՆԸ` ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՈՒԻՄԲԼԴՈՆԻ ՀԱՂԹՈՂ
31.01.2012 | 00:00

Հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում կիրակի օրն ավարտվեց Tata Steel շախմատային փառատոնը: Քսանմեկերորդ կարգի հարգ ունեցող ավանդական գերմրցաշարում փաստացի ներկայացված էր մոլորակի շախմատային գրեթե ողջ վերնախավը (բացակայում էին միայն աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդն ու աշխարհում երրորդ վարկանիշն ունեցող Վլադիմիր Կրամնիկը): Տասնչորս հզոր գրոսմայստերների մրցապայքարում պարզապես փայլուն մրցելույթ ունեցավ Լևոն Արոնյանը: Տանելով յոթ հաղթանակ, չորս պարտիա ավարտելով ոչ-ոքի և կրելով երկու պարտություն` տաղանդավոր հայ գրոսմայստերը հավաքեց ինը միավոր` դառնալով առաջնության միանձնյա հաղթող: Ավելորդ չհամարենք հիշել, որ շախմատային աշխարհում շախմատային ՈՒիմբլդոնի համարում ունեցող Վեյկ ան Զեեն մեր գրոսմայստերի համար միշտ էլ հաջողակ է եղել: Այստեղ նա մրցաշարի գլխավոր մրցանակը շահել է թե՛ 2007 թվին Վեսելին Տոպալովի ու Թեյմուր Ռաջաբովի հետ մեկտեղ, թե՛ 2008-ին` Մագնուս Կառլսենի ընկերակցությամբ: Եվ ահա 2012-ի այս բացարձակ հաղթանակը:
Վիճակագրության սիրահարների համար նշենք, որ արդեն տասներորդ տուրից հետո Արոնյանը մեկուկես միավորով առաջ էր անցել մրցակիցներից ու, փաստորեն, լուծել իր հիմնական խնդիրը, սակայն հաջորդ տուրում մրցաշարի հետնապահ Դավիդ Նավարայից սպիտակ խաղաքարերով կրած պարտությունն էապես սրեց չեմպիոնական տիտղոսի համար մրցակցությունը, քանի որ, հաղթելով Վեսելին Տոպալովին ու Վուղար Հաշիմովին, Մագնուս Կառլսենն ու Թեյմուր Ռաջաբովը հավաքեցին յոթական միավոր ու ընդհուպ մոտեցան մեր գրոսմայստերին: Բարեբախտաբար, հաջորդ իսկ տուրում սև խաղաքարերով հանդես եկած հայ շախմատիստն ուղղեց սխալն ու միավոր վաստակեց արդեն գարնանն աշխարհի շախմատային թագի համար Վիշվանաթան Անանդի հետ պայքարի ելնող Բորիս Գելֆանդից` ժամանակից շուտ դառնալով մրցաշարի հաղթող: Այս հաղթանակից հետո Արոնյանը կրկին մեկ միավորով առաջ անցավ նախօրեին երկրորդ-երրորդ տեղեր դուրս եկած նորվեգացուց ու ադրբեջանցուց, ովքեր միավոր կիսեցին Գատա Կամսկու և Վասիլի Իվանչուկի հետ մրցապայքարում:
Վերջին տուրից առաջ հայ գրոսմայստերի մրցակիցը Թեյմուր Ռաջաբովն էր: Սպիտակներով խաղացող Արոնյանը մրցակցին գերազանցելու դեպքում դառնում էր նաև համաշխարհային դասակարգման առաջատար, սակայն Ռաջաբովն իրեն հայտնի և մեզ համար սոսկ ենթադրելի պատճառներով գնաց քայլերի կրկնման, ու արդեն տասներկուերորդ քայլում կողմերը խաղաղ դաշն կնքեցին (պարտիան շահելու դեպքում ադրբեջանցին կարող էր միավորներով հավասարվել մեր շախմատիստին ու նրա հետ կիսել հաղթանակի դափնին): Մրցաշարային աղյուսակում ութական միավորով մեր գրոսմայստերին հաջորդեցին Կառլսենը, Կարուանան ու Ռաջաբովը:
Մրցաշարում հաղթելու համար Լևոն Արոնյանն արժանացավ նաև տասը հազար եվրո պարգևավճարի: Եթե հիշենք, որ կազմակերպիչներն ամեն տուրի լավագույն պարտիայի համար սահմանել էին նաև հինգ հարյուր եվրո մրցանակ, իսկ մեր գրոսմայստերի երեք մրցախաղ ճանաչվել էր այդպիսին, ապա Վեյկ ան Զեեն հայ գրոսմայստերի համար հիշարժան եղավ ոչ միայն մարզական առումով:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1323

Մեկնաբանություններ