ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«ՄԵՐ ԽԱՉՎԱԾ ՓՐԿՉԻ ՅՈԹ ԽՈՍՔԵՐԸ»

«ՄԵՐ ԽԱՉՎԱԾ ՓՐԿՉԻ ՅՈԹ ԽՈՍՔԵՐԸ»
29.06.2010 | 00:00

Երաժշտական արվեստն իր բարձունքներին հասավ, երբ «փարվեց» ու շաղախվեց Աստվածաշնչի կենարար խոսքերին` ի դեմս Բախի, Հենդելի, Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի, Կոմիտասի և այլ մեծերի գլուխգործոցների։ Միևնույն սաղմոսը կամ ավետարանական դրվագը յուրովի է արտացոլվել տարբեր ժամանակների կոմպոզիտորների գործերում։ Օրինակ, «Մեր խաչված Փրկչի յոթ խոսքերը» վերնագրով երկեր են հորինել Հայնրիխ Շյուտցը` 17-րդ, Յոզեֆ Հայդնը` 18-րդ, Սոֆյա Գուբայդուլինան` 20-րդ դարում։ Ընդ որում, ինչպես նշում է Վալենտինա Խոլոպովան, որպես հանգերգ, Գուբայդուլինան իր հորինվածքում մեջբերում է Շյուտցի համանուն օրատորիայից մի դարձված, որ պարբերաբար հնչում է 1-ին, 3-րդ և 5-րդ մասերում։ Այն մեջբերել է նաև Թոմաս Բուխհոլցը` իր 7-րդ սիմֆոնիայում («Exequi»)։
Ահա չորս ավետարաններից քաղված Հիսուսի վերջին յոթ խոսքերը.
1. Երբ հասան Գագաթ կոչված տեղը, այնտեղ նրան խաչը հանեցին, և չարագործներին էլ` մեկին աջ կողմը, մյուսին ձախ կողմը` խաչեցին։ Եվ Հիսուս ասաց. «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկաս, գլ. 23, 34)։
2. Իսկ Հիսուսի խաչի մոտ կանգնած էին նրա մայրը և նրա մորաքույրը` Կղեովպասի կին Մարիամը և Մարիամ Մագդաղենացին։ Երբ Հիսուս տեսավ մորը և այն աշակերտին, որ մոտ էր կանգնած, որին նա սիրում էր, մորն ասաց. «Ո՛վ կին, ահա՛ քո որդին»։ Ապա աշակերտին ասաց. «Ահա՛ քո մայրը» (Հովհաննես, գլ. 19, 26-27)։
3. Իսկ կախված չարագործներից մեկը հայհոյում էր նրան ու ասում. «Դու չե՞ս Քրիստոսը. փրկի՛ր ինքդ քեզ և մեզ»։ Նրա ընկերը նրան սաստելով` պատասխան տվեց և ասաց. «Աստծուց չե՞ս վախենում, դու, որ նույն պատիժն ես կրում։ Եվ մենք իրավացիորեն արժանի հատուցումն ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, իսկ սա որևէ վատ բան չի արել»։ Եվ ասաց Հիսուսին. «Հիշի՛ր ինձ, Տե՛ր, երբ գաս քո արքայությամբ»։ Եվ Հիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես» (Ղուկաս, գլ. 23, 39-43)։
4. Եվ վեցերորդ ժամից սկսած ամբողջ երկրի վրա խավար եղավ մինչև իններորդ ժամը։ Իններորդ ժամի մոտ Հիսուս բարձր ձայնով գոչեց ու ասաց. «Էլի՛, էլի՛ լա՞մա սաբաքթանի», այսինքն` «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ» (Մատթեոս, գլ. 27, 45-47)։
5. Այնուհետև Հիսուս, գիտենալով, թե ահա ամեն ինչ կատարված է, որպեսզի կատարվի գրվածը, ասաց. «Ծարավ եմ» (Հովհաննես, գլ. 19, 28-29)։
6. Եվ այնտեղ քացախով լի աման կար. նրանք լեղախառն քացախով մի սպունգ թրջեցին և այն դրին եղեգի ծայրին ու մոտեցրին նրա բերանին։ Երբ Հիսուս լեղախառն քացախը բերանն առավ, ասաց. «Ամեն ինչ կատարված է» (Հովհաննես, գլ. 19, 29-30)։
7. Եվ շուրջ վեցերորդ ժամն էր. և խավար եղավ ամբողջ երկրի վրա մինչև իններորդ ժամը, արեգակը խավարեց։ Եվ տաճարի վարագույրը մեջտեղից պատռվեց։ Եվ Հիսուս բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Հա՛յր, քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին» (Ղուկաս, գլ. 44-46)։
Բազում կոթողների շարքում վեր է խոյանում Միքելանջելոյի «Պիետա» քանդակը։ Անշուշտ, սքանչելի սրբապատկերներ կան նաև բյուզանդական, ռուսական և հայկական արվեստում։ Անդրադառնալով վերջինիս, Ավետ Ավետիսյանը նշում է. «Դրա լավագույն օրինակը... Մոմիկի գործն է» (14-րդ դ.)։ Իսկ 17-18-րդ դդ. անանուն մի նմուշի մասին գրում է. «Աստվածամոր այս պատկերը Հովսեփ վարդապետ Աստապատցու նվերն է Սուրբ Էջմիածնին»։ Ղուկաս ավետարանչին վերագրվող «Յօթվիրաց» սրբապատկերի հրաշագործ ուժի մասին վկայում է Արտակ եպիսկոպոս Սմբատյանը. «1851 թվին Ներսես Ե կաթողիկոսը հիվանդ լինելով, տանել է տալիս պատկերը Էջմիածին` աղոթելու համար, ապա Աղեքսանդրապոլի ժողովրդի դիմումներին զիջելով, 1852 թվին վերադարձնում են պատկերը և դնում Ս. Աստվածածին եկեղեցում» (Յոթվերք)։ Նկարում պատկերված Մարիամի սիրտը խոցված է յոթ սրերով, որոնք խորհրդանշում են Հիսուսի հիշյալ յոթ խոսքերը։ Այս կերպարը հարստացրել է նաև պոեզիան։ Օրինակ, Վահան Տերյանը բազմաչարչար Հայաստանը բնորոշում է որպես «Յոթնապատիկ խոցված Տիրամայր»...
Հիշենք նաև, որ 7 թիվը նախ և առաջ խորհրդանշում է հենց Արարչին։ Փրկչի յոթ խոսքերի հիման վրա իր «յոթնապատումը» Հայդնը կերտել է 1785 թվականին։ Այն հասցեագրված է լարայինների, փողայինների, լիտավրների նվագախմբին և բաս ձայնի ռեչիտատիվին։ Գործը պատվիրել էր Քադիքսի եկեղեցին։ Հայդնն այնքան էր սիրում այս ստեղծագործությունը, որ այն փոխադրեց լարային քառյակի, ինչպես նաև դաշնամուրի համար։ Իսկ Անգլիա կատարած իր երկրորդ այցելությունից հետո այս գործը վերափոխեց օրատորիայի։ Երկու երգչախմբի և նվագախմբի համար գրված օրատորիան բաղկացած է երկու խոշոր բաժիններից, որոնք սկսվում են ինտրոդուկցիաներով։ Ընդ որում, առաջին բաժինն ընդգրկում է չորս, իսկ երկրորդը` երեք համար։ Ստեղծագործությունը եզրափակվում է վերջաբանով, որը պատկերում է երկրաշարժի տեսարանը, արևի խավարումը։
Նվագախմբային տարբերակում յուրաքանչյուր համարից առաջ, որպես բնաբան, ասմունքողն ընթերցում է Ավետարանի համապատասխան համարը, որը և պարունակում է Փրկչի խոսքը։
Երաժշտագետ Յուլի Կրեմլյովը նշում է Հայդնի աշակերտ Մոցարտի ազդեցությունն այս երկի վրա, մասնավորապես, մեղեդայնությունը և գորովանքը։
Սրան ավելացնենք նաև «ռե-մինոր» տոնայնությունը, որից Մոցարտը պիտի սկսեր իր անմահ «Ռեքվիեմը»։ Նշենք նաև նմանությունը նույն Մոցարտի «դո-մինոր» դաշնամուրային մեծ կոնցերտի 1-ին թեմայի պաթետիկ պոռթկումին, որն արտահայտված է փոքրացրած սեպտիմա առանցքային ինտերվալի թռիչքով։ Վառ կերպարներով առլեցուն Հայդնի այս գլուխգործոցում կարելի է լսել դեպի Գողգոթա տանող ծանր քայլերը, Հիսուսի ձեռքերն ու ոտքերը խաչին գամող մուրճի հարվածները, Տիրամոր ողբը, տաճարի վարագույրի պատռվելը և Գողգոթայում կատարվածի այլ արձագանքներ։ Այս տեսարանները կատարելապես պատկերված են նաև Յոհան Սեբաստիան Բախի «Չարչարանքներ ըստ Հովհաննու» պասիոնում։
Ահավասիկ, տենորի (թիվ 32) արիայի մասին Ալբերտ Շվայցերը գրել է. «Ժպիտ` արցունքի միջով։ Թվում է, թե տեղափոխված ես մի դաշտ, ուր ծաղկում են զանգակածաղիկներ։ Արիայի նվագարանային ձայնագծերի կամարներում երևում է մի ծիածան, որը սփռվում է մեղքերից սրբված աշխարհի վրա»։
Հատկանշական է, որ Սոֆյա Գուբայդուլինայի հիշյալ գործը վերլուծելիս Վալենտինա Խոլոպովան նույնպես համեմատություններ է անում ծիածանի հետ։ Մարդուն Արարչի հետ հաշտեցնող այդ խաղաղարար ծիածանը, հանց լուսապսակ, շողշողում է ու թրթռում նաև Յոզեֆ Հայդնի այս բիբլիական ստեղծագործության հնչյունային տիեզերքում։
Դանիել ԵՐԱԺԻՇՏ
Հ. Գ.- Յոզեֆ Հայդնի «Մեր խաչված Փրկչի յոթ խոսքերը» ստեղծագործությունը «Շարականի» կատարմամբ տեղի կունենա 2010 թ. հունիսի 30-ին, ժամը 19-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։

Դիտվել է՝ 5491

Մեկնաբանություններ