ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

ՄԱՐԴԱՍԵՐ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ, ԲԱՐԵԽՈՍԻ՜Ր ՔԵԶ ՍԻՐՈՂՆԵՐԻ ՀՈԳՈՒ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՄԱՐԴԱՍԵՐ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ, ԲԱՐԵԽՈՍԻ՜Ր ՔԵԶ ՍԻՐՈՂՆԵՐԻ ՀՈԳՈՒ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
20.01.2012 | 00:00

Սովորաբար նման դեպքերում մահախոսական կամ դամբանական են ասում, բայց հիմա հրաժեշտի խոսք է ասվելու մեկի մասին, որին հեռակա կարգով հազարավորներն են ճանաչում, առանց անձամբ ծանոթ լինելու ՎԱՐԱԶԴԱՏ ԱՎԱԳՅԱՆԻՆ, ի տարբերություն իր քեռու՝ Վահագն Դավթյանի, որին համայն ազգն է ճանաչել և արժանացրել մարմարակերտ արձանի, որն այժմ Կոմիտասի փողոցի այգիներից մեկում է տեղադրվել։
Լինելով մասնագիտությամբ բանասեր, Վարազդատը քաջ գիտակ էր հայոց լեզվի խորախորհուրդ նրբություններին։ Այս խոսքերը թող չընդունվեն որպես լոկ հաճոյախոսություն մեր ննջեցյալ եղբորն ու նաև ընկերոջը։ Ժամանակին նա բառարանագիտությամբ է զբաղվել, սերտ համագործակցելով ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանի հետ։ Նույնիսկ այդ առիթով մի զավեշտալի պատմություն պատմեց մի անգամ։ Հարգարժան ակադեմիկոսը բառարանագիտական ինչ-որ նյութ էր հրապարակել, որի հետ ծանոթանալով, դեռ այդ ասպարեզում սկսնակ Վարազդատը, չերկնչելով, որ իր առջև հանրաճանաչ ակադեմիկոս է, քննադատում է այդ հոդվածի մի քանի դրույթներ ու տանում թերթերից մեկի խմբագրություն։ Այնտեղ, տեսնելով, թե խոսքն ում մասին է, հրաժարվում են տպագրելուց, վախենալով հետագա բարդություններից։ Բայց և այնպես, Վարազդատի հոդվածն առանց տպագրելու տալիս են, որ ակադեմիկոսը կարդա։ Նա էլ, ծանոթանալով գրվածքին, զարմանում է սկսնակ բանասերի մտքի թարմությունից ու ասվածի ճշմարտությունից, ինչպես և հոդվածագրի համարձակությամբ հիանալով, ինքն էլ գիտնականին ոչ պակաս արժանավայել քայլ է անում. Վարազդատ Ավագյանի հոդվածն անձամբ տանում է խմբագրություն և պահանջում, որ անպայման տպագրեն։ Կոմունիստների ժամանակ չլսված ազնվություն։ Եվ այս ամենը դրանով չի ավարտվում. մեծարգո գիտնականը Վարազդատին այդ օրերի համար մի լավ պաշտոն է առաջարկում։ Երևի դա էլ պատճառ հանդիսացավ, որ տարիներ անց Վարազդատին ավելի բարձր պաշտոնի նշանակեցին. տեղափոխվեց Մոսկվա և դարձավ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նամակների հայկական բաժնի ավագ խորհրդականը։
Մինչև Սովետի փլուզումը, նա աշխատեց այդ պատասխանատու պաշտոնում։ Պատասխանատու, որովհետև շատերս գիտենք, թե այդ տարիներին բողոքների ու «կլյաուզաների» ինչպիսի հեղեղ էր գնում Խորհրդային Միության մայրաքաղաք։ Ասենք ավելին. գաղտնի համարվող այդ նամակների բովանդակություններից Վարազդատը բոլորից թաքուն դուրս էր գրում առավել զավեշտական ու մարդկային մտքից վեր, տարօրինակ և ինչ-որ տեղ նաև զվարճալի մտքերը։ Հետո դրանց հիման վրա հրատարակեց իր առաջին ու վերջին գիրքը` «Մոսկվայի Կռատան արխիվներից» վերնագրով, որը շատ արագ սպառվեց ու այլևս չվերահրատարակվեց։ Լինելով նաև ընտիր թարգմանիչ, նա մի քանի տարում որոշ ընդհատումներով ու մեծ ջանքերով, քանի որ թարգմանությունը լոկ բառերի կուտակում չէր դիտում, այլ գեղարվեստական շնորհ, թարգմանեց Բիլլի Գրեհեմի «Խաղաղություն Աստծո հետ» գիրքը, որի միջոցով, հավատացած եմ, շատերը, իսկապես ճանաչելով Հիսուս Քրիստոսին, խաղաղություն գտան։ Հետո «300-ի կոմիտե» ծավալուն գիրքը թարգմանեց, որտեղ համաշխարհային մասոնական շարժման մասին ուշագրավ ու ահազանգող, նաև զգուշացնող տողեր կային։ Վերջին գործը դարձավ Յուլիա Վոզնեսենսկայայի «Իմ հետմահու ճանապարհորդությունը» գիրքը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանի գրած առաջաբանով։ Այդ գրքի միջոցով բազում ընթերցողներ ապագայի աչքերով տեսան իրենց հետմահու սպասվելիք վիճակները ու, թերևս, լուրջ հետևություններ արեցին կյանքի մնացած տարիները շտկելու համար։
Երբ տարիներ առաջ Սովետի հետ հարցերը փակվեցին, նա առաջիններից մեկը եղավ, որ իր մոսկովյան հարմարավետ ու տաքուկ բնակարանը փոխանակեց հայաստանյան սառն ու մութ մեկսենյականոցի հետ։ Դժնդակ այդ տարիներին հնարավորության սահմաններում նաև օգնում էր կարիքավորներին։
Ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասենք, որ ներքնապես արվեստագետի պրպտող հոգի ունենալով, երբեմն էլ ձեռքը երկարում էր (այն էլ երբեմն չափից ավելի երկար) օղու բաժակին։ Դե՛, ո՞ւմ հետ չի պատահում։ Բայց նրա խումարային օրերն իսկապես վերածվում էին խոսքով իրեն խարազանման ապաշխարանքի մղձավանջային օրերի։ Նման մի դեպքից հետո, երբ այցելեցի Վարազդատին, մեղավոր հայացքով լսեց իմ հերթական խրատական հանդիմանանքը, քանզի նրան իսկապես հակացուցված էր օղին, որովհետև մեծ դժվարությամբ ու սրտի տառապանքով էր թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես «մարսում» դրա հետևանքը։ Երբ այդ անգամ մտա խոհանոց, որ ջուր բերեմ իրեն, տեսա առաստաղի լամպի տակից մի կեսլիտրանոց օղու սև շիշ է կախած։ Զարմացած հարցրի, թե ինչ նպատակով է կախել այդ դատարկ շիշը։ Նա լրջորեն պատասխանեց. «Հատուկ եմ այդ սև գույնի շիշը կախել, որ ինձ հիշեցնի խմելու «սև» հետևանքները»։
Ինչևէ, մարդկային նրա տկարության մասին այս միջանկյալ շարադրանքը թող ընթերցողը չդիտի որպես քննադատություն, այլ նրա բնութագրի անհրաժեշտ գեղարվեստական ստվերագիծ։ Մանկան նման պարզ էր ու անկեղծ իր, թեկուզ ոչ դրական, արարքների մեջ ևս. հատկություն, որ ժամանակակից մարդու մեջ լույսով էլ փնտրես, դժվար թե գտնես, այդ պատճառով ներում էին մերձավորները, ինչպես մանուկներին կներեին։ Այս առիթով հիշեցի մի դիպված։ Հերթական խումարի օրերին, երբ այցելեցի նրան, տեսա, որ դրությունը լուրջ է, ձեռքս վերցրի «Նարեկի» աղոթամատյանն ու սկսեցի կարդալ մահճակալի մոտ կանգնած։ Կլանված ընթերցում էի, պատշգամբի բաց դռնից աննշմարելի լռիկ շարժում զգացի, բայց ուշադրություն չդարձնելով, շարունակեցի Գրիգոր Նարեկացու լուսավորյալ խոսքերով մեր ու աշխարհի մեղքերը ճեղքելով` երկինք «մագլցել» ու եղբոր համար կյանք ու բժշկություն խնդրել։ Երբ ընթերցումն ավարտեցի, Վարազդատը կարծես խոր թմբիրից արթնացավ ու պառկած տեղից մահճակալի կողքը նայեց։ Ես էլ նրա հայացքի ուղղությամբ սևեռեցի հայացքս. երկուսս էլ զարմացած տեսանք, որ մի միայնակ տատրակ էր տոտիկ-տոտիկ, լուռ ու մունջ քայլում սենյակի մի քանի քառակուսի մետրանոց ազատ տարածքում։ Ապշած ու համր նայում էինք նարեկյան աղոթքի հուսադրող կենդանի ավետիսին ու սսկվել էինք, որ տեսնեինք մնացածը։ Այդպես, մի քանի պտույտ անելով սենյակում, կարծես մենք իսպառ չկայինք, կամ էլ մեղավորներիս անհաս ինչ-որ բան էր հասկացնում, նույն հանդարտությամբ, անշտապ «ճեմեց» դռնից դուրս ու թռավ. երկնակապույտին ձուլվեց։ Ինչքան հնարավոր էր, բիրտ ու մեղավորիս էր հասու, հասկացա, որ Վարազդատ եղբայրս պետք է այս անգամ առողջացած վեր կենա մահճից։ Այդպես էլ եղավ, տատրակի այցելությունը մեծ հուսադրություն ներշնչեց նրան, ու նա վերստին կյանք վերադարձավ, ինչի համար որ Արարիչ Տերն է կանչել։
Լինելով միայնակասեր, կարող էր օրերով դուրս չգալ տնից, եթե մի քանի օրվա ապրուստ ունենար։ Սակավապետ էր, չտեսածս, չլսածս աստիճանի, տան միակ սենյակի կահ-կարասին մի հին գրապահարան էր, մի գրասեղան, մի մահճակալ, մի աթոռ, մի ցածրիկ սեղանիկ, որը երբեք ազատ չէր լինում, որովհետև վրան միշտ դարսված էին բազմաթիվ հաստափոր բառարաններ, հատկապես իր սիրած Մալխասյանցի բառարանի չորսհատորյակը։ Ստեփանոս Մալխասյանցի հանդեպ յուրահատուկ հարգանք ուներ, փաստելով այն հանգամանքը, որ նա 60 տարեկանից հետո կարողացել է հրատարակության հասցնել նման ծավալուն և ընտիր բացատրական բառարանը։ Հա՛, մոռացա ավելացնել, որ մի թախտ էլ ուներ, այն էլ միայն վրայի մասը, քանի որ տակի մասի փոխարեն ստվարաթղթե տուփերի մեջ դարսած Մոսկվայից բերած իր արխիվային նյութերն ու գրքերն էր հարմարեցրել որպես ոտքեր։ Ասում եմ արխիվային, որովհետև չափազանց շատ կարևոր գրառումներ էր արել, որոնք հին ու նոր գանձերի նման հանում ու կամաց-կամաց հոդվածների էր վերածում, որոնցից յուրաքանչյուրը ցանկացած խմբագրի համար հայտնագործության հավասար գործ էր։ Թող որպես հաճոյախոսություն չհնչի, բայց դրանում մեկ անգամ ևս կհամոզվեք, երբ ծանոթանաք նրա «Իրատես de facto»-ի խմբագրություն բերած վերջին գրվածքին, որը չհասցրեց իր կյանքի օրոք հրապարակված տեսնել։
Պաշտելու աստիճանի մեծարում էր Ամենայն հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանին, իսկ երբ Տիրամոր անունների մասին անվանացանկ կազմելիս սկսեց մանրամասն ուսումնասիրել Գրիգոր Նարեկացու աղոթամատյանը, ապշելու աստիճանի զարմանում էր այդ հանճարի խոսքի անհատակ հոգու խորության վրա։
Նրա հետ մի քանի գրքույկներ հրատարակեցինք, որոնցից երկուսը շատ ընթերցողների սիրված գրքերը դարձան։ Առաջինը «Բան բժշկության» գիրքն էր, որտեղ Ավետարանի, Սաղմոսների և «Նարեկի» միջոցով մարդկանց բժշկությունների աղոթացանկերն են զետեղված, մի քանի վկայություններով հաստատված, իսկ մյուսը Սուրբ Շարբելի մասին գիրքն էր, ում բարեխոսությամբ նույնպես, Աստծուց բժշկարար զորություն է իջնում հիվանդների վրա ու շատերին օգնում։ Սա նշված գրքերի գովազդի պատճառ չդիտվի, քանի որ դրանք արդեն իրենց մասին շատերին են ասել և համոզել աղոթքով Աստծո բժշկարար զորության իրականության մասին։ Իսկ երրորդ գիրքը, որ տասը տարի առաջ էի հրատարակել, պարզապես վերահրատարակելու համար խնդրեցի, որ Վարազդատն իր հմտությամբ նորից խմբագրի, որ տպագրության հանձնվի։ Այդ աշխատանքը կատարելու ժամանակ նա մի օր խոստովանեց, որ մինչև հիմա մեր Սուրբ Աստվածածնի մասին քիչ է մտածել, բայց ծանոթանալով Տիրամոր ննջման զարմանալի վկայությանը, իր կյանքը զգալիորեն փոխվեց։ Նա ձեռք բերեց մի գեղեցիկ օրացույց Կույս Մարիամի պատկերով, այդպես էլ պատից չիջեցրեց, այն դարձնելով իր աղոթքի համար սրբապատկեր։ Մի անգամ էլ տեսա, որ այդ պատկերի կողքին հարմարեցված մի պարզունակ ծաղկաման է կախել, որի մեջ ծաղիկ չլինելու դեպքում, երբեմն Տիրամորը մեծարման տողեր էր գրում, դնում։ Իսկ այդպիսի տողերով լի հազարավոր թերթիկներ ուներ, որովհետև վերջին հինգ տարում նա, բացի այլ հոդվածներ գրելուց, հիմնականում զբաղված էր հայ գրականությունից ու շարականներից Տիրամորը նվիրված ձոներ ու մեծարման և գովաբանական խոսքեր դուրս բերելով։ ՈՒ միշտ կրկնում էր, որ այս գործն ավարտելուց հետո մեծ բան պիտի լինի։ Ես մտածում էի, որ այդ աշխատության առավել ծավալուն տարբերակը պիտի սկսի, որովհետև Աստվածամորը նվիրված բյուրավոր անուններ կան համաշխարհային գրականության մեջ։ Երբ անցյալ տարվա վերջին ամիսներին նա կարողացավ Արարատյան թեմի «Շողակն» թերթում երեք շարունակական հոդվածներով տպագրել տալ «Անկեզ Մորենի»` հազարազանգ աղոթք առ Աստվածածին գործը, կարծես թևեր առած սկսեց Հիսուս Քրիստոսի գովաբանական ու մեծարման անունների հետ կապված մեծածավալ աշխատանքը, որը, ավա՜ղ, ավարտին չհասցրեց։
Լինելով մարդասեր հոգի, Վարազդատը ննջելուց մոտ մեկ շաբաթ առաջ զանգահարեց ու վշտով ասաց, որ իր հարազատներից մեկը Ռուսաստանում անհետ կորել է, ու երկար ժամանակ է ոչ մի լուր չունեն նրանից։ Խորհուրդ տվեցի աղոթել այդ մեկի համար, ողջ լինի, թե կենդանի, միևնույն է, երկու դեպքում էլ նրա համար օգտակար կլինեն աղոթքները։ Իսկ ննջելուց մեկ օր առաջ, երեկոյան նորից զանգահարեց և ասաց, որ լավ չի զգում, ու չմանրամասնեց, թե ինչու, այլ որպես տեղեկություն ասաց, որ իր բնակարանի դուռը բաց կթողնի, ո՜վ գիտի, միգուցե «գնալու» լինի, ավելորդ գլխացավանքի տեղիք չտա փակ դուռը։
Չգիտեմ, Վարազդատը մի բան կանխազգալով այդ ասաց, թե պարզապես հերթական մարդասիրությունը ցուցաբերեց ավելորդ հոգս չպատճառելու համար, բայց այդպես էլ եղավ, այդ նույն գիշեր նրա համար բացվեց նաև երկնային դուռը…
Վերջում որպես հրաժեշտի ձոն զետեղենք Վարազդատ Ավագյանի «Անկեզ Մորենի» ապագա գրքից մի քանի տող, որոնք թող բարեխոսական աղոթքների վերածվեն նրա և մեզ` շատերիս համար մեծագույն բարեխոսամայր Կույս Աստվածածնի մոտ և Իր Միածին Որդու` Հիսուս Քրիստոսի առջև։

ԱՂՈԹԱՄՈՒՏՔ
Բան Մ. Մահվան նահանջիչ. մահվան ստվերների փարատիչ. Մայր ազատարար Թագավորի. Մայր ամենայն վշտացյալների. Մայր ամենքի Փրկչի. Մայր անմահության. Մայր անմահ Թագավորի. Մայր անարատ Լույսի. Մայր, անարատ Կույս. Մայր անբիծ. Մայր անճառելի Լույսի. Մայր աստվածային շնորհների. Մայր Աստվածորդու. Մայր բարձրյալ Տեր Հիսուսի. Մայր բոլոր հավատացյալների. Մայր մաքրագույն. Մայր Միածնի. Մայր ողորմության. Մայր Սրբության. Մայր սուրբ. Մայր սքանչելի. Մայր տերերի Տիրոջ. Մայր Փրկչի. Մայր օծյալ Թագավորի. Մայր Օծյալի. Մայրական սիրո անշեջ հուր. Մայրերի մայր. Մանանայի ոսկե սափոր. Մարգարիտ անգին. Մարդասեր Ասվածածին, բարեխոսի՜ր Քեզ սիրողների, մանավանդ նորոգ ննջեցյալ Վարազդատ Ավագյանի հոգու փրկության համար, ամեն։
Հրաժեշտի սիրով՝ Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3279

Մեկնաբանություններ