«Շուրջ երեք տարի իշխանությանը պարտադրել երկրի խնդիրների առնչությամբ բանակցությունների սեղանի շուրջ նստել հեշտ չէր, ուստի չենք էլ ցանկանում այդքան հեշտ այն ընդհատվի: Չպետք է այս կարևոր գործընթացն ընդհատվի իշխանության կամակորության պատճառով»,- մեզ հետ զրույցի սկզբում, առկախված երկխոսությանն անդրադառնալով, ասաց ՍԴՀԿ ատենապետ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ:
-Երեք տարի շարունակ ՀԱԿ-ի նախապայմանն է եղել երկխոսություն՝ առանց քաղբանտարկյալների,- շարունակեց տիկին Սարգսյանը:- Տիգրան Առաքելյանը, եթե նույնիսկ ինչ-որ սխալներ է թույլ տվել, դա դեռևս հաստատված չէ: Ավելին, այս առնչությամբ կոնգրեսը լրիվ այլ տեսակետ ունի: ՈՒստի իշխանություններին ոչ թե փակուղու առաջ ենք կանգնեցնում, այլ ընդամենն առաջարկում ենք՝ կարևորել երկխոսությունը: Այս հարցում իշխանությունների որդեգրած քաղաքականությունն ակնհայտ է՝ Տիգրանին բաց չթողնելով` փորձում են խափանել գործընթացը: Կարելի է հետևություն անել, որ արտահերթ ընտրությունների առնչությամբ կոնգրեսի ներկայացրած փաստաթղթին հակադարձող շատ թույլ հակափաստարկներ ունեին: Նրանց վախեցրեց գործընթացի շարունակությունը, որի արդյունքում իրենց հակափաստարկները համոզիչ չէին լինելու:
-Երկխոսությունը խափանելու հարցում ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը, նրանք էլ ասում են, որ ձեզ համար սա երկխոսությունը դադարեցնելու պատրվակ էր:
-Դա ընդամենը շահարկում է և ՀԱԿ-ին վարկաբեկելու անհաջող փորձ: Եթե իշխանությունն իրոք ուժեղ լիներ, պիտի սթափ գնահատեր երկրի վիճակը, կարևորեր երկխոսության փաստը, հասկանար, որ սա ռեալ հնարավորություն է խաղաղ ճանապարհով փոխըմբռնման հասնելու և չբորբոքելու կրքերը, ժողովրդին չստիպելու իր արդարացի դժգոհությունն արտահայտել փողոցում, ինչի հետևանքով ավելի արագ կլինի իշխանության անկումը: Ընդդիմության հետ երկխոսելու հնարավորությունը նրանց տրված էր, որն ըստ արժանվույն չգնահատվեց, ավելին, տղայական մոտեցում դրսևորեցին:
-Ի սկզբանե ՀԱԿ-ի համար սպասելի չէ՞ր, որ արտահերթ ընտրություններով օրակարգի ձևավորումն անհեռանկար է, քանի որ իշխանական կողմը բազմիցս պնդել է, որ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա:
- Իհարկե, սպասելի էր, բայց դա այն ճանապարհն էր, որ հանուն մեր երկրի ապագայի պիտի անցնեինք: Մենք պիտի փորձեինք բոլոր խաղաղ միջոցները թե՛ դրական, թե՛ բացասական արդյունքով սպառել: Սակայն այն կարծիքը, որ վաղուց արդեն ձևավորվել էր իշխանությունների մասին, վերահաստատվեց: ՈՒժեղ իշխանությունն իր ուժը գործով է ապացուցում, ոչ թե խոսքով: Իրենք իրենց են փորձում համոզել, որ ուժեղ են՝ մոռանալով, որ իշխանության ուժը ժողովուրդն է, որը նրանք չունեն:
-ՀՀԿ փոխնախագահն էլ կարծում է, թե երկխոսությունը ՀԱԿ-ին քաղաքական «ճահճից հանեց», այլապես այն կհայտնվեր լուսանցքում:
-ՀԱԿ-ն այն միակ քաղաքական ուժն է, որին լուսանցքում հայտնվելու վտանգ չի սպառնում: Կոնգրեսն ավելի քան երեք տարի պայքարում է բռնապետության դեմ, ժողովրդի ոտնահարված իրավունքների համար, ահազանգում երկրում առկա խնդիրների մասին, որոնք հրատապ լուծման կարիք ունեն: «Վիկիլիքսի» վերջին հրապարակումներին ուշադրություն դարձնելով, պիտի նկատել, որ իսկապես երկրում անկախ իրավական համակարգ չկա: Եթե Սահմանադրական դատարանի վրա, որը ժողովրդավարության հիմքերից մեկն է, նախագահականն ի վիճակի է ճնշումներ գործադրելու, որ անարդարացի վճիռ կայացվի, էլ ուր մնաց իշխանական մյուս օղակներն անկախ լինեն: Հաշվի առնելով նաև այս աղաղակող փաստերը, ուղղակի անհրաժեշտություն է արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը, քանի որ ժողովրդին պիտի վերադարձնել իրենից գողացված իշխանությունը:
-Նույն «Վիկիլիքսի» հրապարակումներից մեկում էլ խոսվում է Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, թե նա կապ ունի թմրաբիզնեսի հետ: Հավատա՞լ, ուրեմն, այդ հրապարակումներին:
-Նախ այդ մասին առարկայական ոչ մի փաստ չկա, վիրտուալ է խոսվում: Իսկ վերոհիշյալ հրապարակման մեջ կոնկրետ անուններ ու փաստեր են վկայակոչվում: Ի դեպ, այս փաստերի անմիջական վկաները մենք ենք եղել, որը հաստատում է նաև ՍԴ դատավորը: Մենք մեր իրականությունը շատ լավ գիտենք, ու լավ է, որ հասարակության լայն շրջանակներին ևս այդ փաստերը հասու կդառնան: Ի վերջո, այդ ժամանակահատվածում հանգուցային պաշտոններ է զբաղեցրել նաև Սերժ Սարգսյանը, այս առումով հարցեր կարող եք ուղղել նաև նրան:
-Սեպտեմբերի 9-ին նախատեսված է կոնգրեսի հերթական հանրահավաքը: Առկախված երկխոսությունը շարունակել-չշարունակելու հարցի պատասխանը կհնչի՞։
-Նախ, կարծում եմ, ժողովրդական ֆորումի գաղափարը հարկավոր է վերականգնել և ժողովրդի կամքն իր իսկ ակտիվ դերակատարությամբ ի կատար ածել: Ինչ վերաբերում է երկխոսության շարունակությանը, դա միայն իշխանության կամքից է կախված: Եթե ունենան այդ կամքը, մենք պատրաստ ենք երկխոսությունը շարունակելու և հասնելու արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների:
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ