Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

«ԼԱՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԳՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»

«ԼԱՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԳՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»
21.10.2011 | 00:00

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի (նախագահ` Մարիամ Շահինյան, տնօրեն` Գարիկ Նազարյան) աննահանջ հետևողականությամբ տարեցտարի ամրակայվում է դասական երաժշտության վերադարձը մեր հոգևոր-մշակութային կյանք: Ավանդականի իրենց կենսունակությունը հավաստած տարաբնույթ մյուս նախաձեռնություններից «Վերադարձի» փառատոնն էապես առանձնանում է հստակ գաղափարախոսությամբ: ՈՒղղորդելով արտերկրում փառավորապես բնավորված հայազգի «կռունկների աշնանային չվերթը» դեպի Հայաստան` մեր ժողովրդի հոգևոր ներուժի հանդեպ հույսի նորահայտ շողերն է ուժգնացնում: Հանրահայտ երաժիշտների «hինգերորդ երամը» հայրենի համերգասրահները շարունակում է հեղեղել տաղանդավոր նոր կատարումներով. դաշնակահարներ Աշոտ Խաչատուրյան (Գերմանիա), Մարիաննա Շիրինյան (Դանիա) և Վազգեն Վարդանյան (ՌԴ), ֆլեյտահար-երգեհոնահար Վալերի Տոլստով (Շվեյցարիա): Կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Ջոն Հոդյանը (ԱՄՆ) «Լույս» վոկալ կվինտետի ու «Երևան» լարային կվարտետի համադաշնությամբ Մկրտիչ Նաղաշի տաղերի հիման վրա պանդխտության իր մորմոքն է հնչեցնում ակապելլա պատարագով:
«Երաժիշտ հայրենադարձների միջանցիկ քարավանով» Հայաստան ժամանած ջութակահար ՀՐԱՉՅԱ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ (Բելգիա) «Իրատես de facto»-ի հետ առանձնազրույցում արժևորում է իր իննամյա «հարկադիր-կամավոր» տարագրությունը: Ժան Տեր-Մերկերյանի ու Ռուբեն Ահարոնյանի մերօրյա հետնորդների` Նիկոլայ Մադոյանի, Սերգեյ Խաչատրյանի հետ կողք կողքի 25-ամյա շնորհառատ երաժիշտը հայ կատարողական արվեստի միջազգային փառքն է վերահաստատում:

«ԱՐՅՈՒՆՈՏ ՏԱՂԱՆԴԸ»` ԲԵԼԳԻԱՅԻՑ
-«Վերադարձի» հոբելյանական մեկնարկն Օպերային թատրոնում տոնական բարձրակետին հասավ Չայկովսկու ջութակի կոնցերտի Ձեր հուզառատ մենանվագով: Լեփ-լեցուն հանդիսասրահը համոզվեց, որ ամենևին էլ պատահական չէր 14-րդ մրցույթին ներկայացված երեք հարյուրից ավելի հայտերից ընտրված քսանում Ձերը հայտնվելը:
-Փափագում էի հայրենիքում հավաստել մրցունակությունս: Միջազգային երաժշտական այդ օլիմպիադան կարևորում էի երկու պատճառով: Նախ, ժյուրիում Վալերի Գերգիևն էր`անաչառ ու աշխարհահռչակ մի անհատականություն, ապա` բազմամիլիոն Թուրքիայի ու Ադրբեջանի հայտերից որևէ մեկը մրցունակ չէր ճանաչվել:
-Ո՞րն է եղել Ձեր առաջին երաժշտական վառ տպավորությունը:
-Որքան էլ տարօրինակ թվա, հենց Չայկովսկու անվան մրցույթը: Երկու տարեկան էի, ծնողներս հեռուստացույցով հետևում էին մե՛րթ ջութակահարների, մե՛րթ դաշնակահարների ելույթներին: Հանկարծ նկատեցին, որ ուշադիր լսում եմ առաջիններին, իսկ հենց էկրանին երևում են դաշնակահարները, անդադար լալիս եմ: Լինելով երաժիշտներ (մայրս դաշնակահար է, հայրս` կոմպոզիտոր-ֆլեյտահար)` կտրականապես ընդդիմացան ջութակ նվագել սովորելու ցանկությանս: Երկար բացատրում էին, որ կզրկվեմ մանկությունից, ժամանակ չեմ ունենա բակի երեխաների հետ խաղալու, զվարճանալու: Իրենք անցել էին այդ փշոտ ճանապարհը: Ես չէի պատկերացնում, թե ինչպես կարող է երաժշտությունը դառնացնել մարդու կյանքը, որն ինձ այնքան հարազատացել էր ծննդյան օրից: Ժամերով լսում էի հատկապես գնչուական, իսպանական մեղեդիների ջութակային կատարումները: Հաղթեց համառ ձգտումս: Առաջին ջութակս նվեր ստացա: Տարբեր ուսուցիչներ ունեցա: Հայաստանում լավագույնը Արտաշես Մկրտչյանը եղավ: Ծնողներս միջոցներ չէին խնայում թե՛ դասական, թե՛ ժամանակակից լավագույն ձայնագրություններին ու կենդանի համերգներին ինձ հաղորդակից դարձնելու համար: Հիշում եմ, թե ինչպես փոքրիկ ջութակս գրկած հայրիկիս հետ սպասում էի Տիբուր Վարգային կամ Խաչիկ Հարությունյանին, նվագում նրանց համար: Տեղեկատվական բազան ցանկացած արվեստագետի կայացման պարտադիր պայմաններից է: Այս առումով որևէ խնդիր չեմ ունեցել:
-Ինչպե՞ս բացվեցին Եվրոպայի երաժշտակրթարանների դռները Ձեր առաջ:
-Շատ դժվար: Հայրիկիս հիմնած «Փոքրիկ վիրտուոզներ» անսամբլով շատ ենք ճամփորդել: Տարբեր երկրներում ինչ-ինչ կապեր հաստատել էինք, բայց փնտրում էինք վիրտուոզ ուսուցչի: Երջանիկ դիպվածով Բելգիայում գտանք Իգոր Օյստրախին: Ինձ համար նոր հորիզոններ բացվեցին: Զրոյից չսկսեց, իհարկե, սակայն մանրակրկիտ աշխատեց ունակություններիս ամբողջացման վրա: Մենք հաճախ էինք բանավիճում երաժշտական հին ու նոր մեկնաբանությունների նրբերանգների շուրջ: Խորհրդային մտածողության կարծրատիպերից նա ձերբազատվել էր` երկար տարիներ ապրելով արտասահմանում, բայց պահպանում էր նախանձելի կենսափորձով իրենում արմատավորված ընկալման ու մատուցման որոշակի արժեհամակարգեր: Լինելով պահանջկոտ ու բծախնդիր` չէր պարտադրում ոչինչ: Հաճախ ուղարկում էր ուրիշ վարպետների դասերին: Համեստ և իմաստուն մարդ էր, տաղանդավոր ուսուցիչ: Իմ բախտը ամեն առումով էր բերել: Նա քսաներորդ դարի երաժշտության հանրագիտարան էր: Շատ կոմպոզիտորների հետ մտերիմ էր եղել, միասին էին կոնկրետ գործերի կատարումը պատրաստել: Նրա բացատրությունների բնօրինակային համոզչականությունն ինձ օգնում էր ճիշտ կողմնորոշումս գտնելու դրանք յուրացնելիս: Շոստակովիչը, կարելի է ասել, մեկ ամիս իր կոնցերտի ամեն նոտայի հնչողության գաղտնիքը պարզաբանել է նրա հետ: Խաչատրյանը, Պրոկոֆևը, Սիբելիուսը, ուրիշ անվանիներ նույնպես:
-Երբ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում բաց դաս էիք վարում, թե՛ ուսուցիչների, թե՛ իրենց նվագը ներկայացնող աշակերտների տարակարծությունները սիրահոժար էիք ընդունում:
-Բայց երբ ինքս եմ նույն գործը նվագում, ունեմ միայն մի տարբերակ, որին անվերապահորեն եմ հավատում:
-Ասում են` Ձեր նվագացանկի թագն ու պսակը Շոստակովիչի կոնցերտն է: Լավագույնը ճանաչված առաջին ձայնասկավառակը Վիետանի թիվ երկու կոնցերտի կատարումով է թողարկվել:
-Վիետանի յոթ կոնցերտները Դումեյի սաներիս կատարմամբ ձայնագրելը եզակի նախագիծ էր: Ինչ վերաբերում է Շոստակովիչին, նրա կոնցերտն իմ կատարմամբ պարզապես լավ է ստացվում, քանի որ դրանում ամփոփված անձնական ողբերգությունը շերտ առ շերտ հուզել է ինձ: Նախ, Օյստրախի մանրամասն, ապրված տեղեկատվությամբ, ապա հայրիկիս պապիկի անցած աքսորի ու հալածանքի ճամփաների պատմություններով, որոնցով լի է խորհրդային ժողովուրդների կենսամատյանը: Գուցե և սխալվում եմ, բայց ինձ համար այդ կոնցերտում խտացված է հայից անբաժան թախիծը:
-Ո՞Ւմ եք նախապատվությունը տալիս ներկայիս նվագացանկում:
-Տարիքի ու կենսափորձի հետ փոփոխվում են նախասիրություններս, բայց Բեթհովենն անհասանելի գագաթ է մնում: Թե՛ զգացմունքներով, թե՛ ինտելեկտով նա համաքայլ է ընթանում իմ ժամանակին: Լսում ես նրա կվարտետները` 14-ը, 15-ը, թվում է, թե մոդեռն երաժշտություն ես լսում:
-Ո՞ր հաղթանակն էր, որ հաջողության ալիքը սանձելու ինքնավստահություն տվեց: Ո՞րն էր, որ ամենից դժվար տրվեց:
-Առաջին լուրջ հաղթանակը, անշուշտ, Եհուդի Մենուհինի անվան առաջին մրցանակն էր (2006 թ.), ամենադժվարը` Կառլ Նիլսենինը (2008 թ.): Երբ Նիլսենն իմացավ, որ իր ատոնալ, չափազանց բարդ կոնցերտը մտադիր եմ մրցույթից մեկուկես ամիս առաջ պատրաստել, զարմացավ` գժվե՞լ ես, ինչ է: Վենգերովը խոստովանեց, որ իրենից երկու տարի է խլել գործը սովորելը: Մրցութային ութ օրում հինգ լարված փուլ անցա: Այնքան լարված, որ չէի հավատում հաղթանակին: Չնայած այնքան շատ էի աշխատել, որ վզիս կոշտուկը մրցույթի ժամանակ արնահոսեց: Դանիայի թերթերն այդ պատճառով էլ ինձ «արյունոտ տաղանդ» կոչեցին:
«ԲԱՐՁՐ ԱՐՎԵՍՏԸ ՆՅՈՒԹԱՊԵՍ ՊԻՏԻ ԽՐԱԽՈՒՍՎԻ»
-Ի՞նչ են տալիս մրցույթները երաժիշտներին` ճանաչում, հետագա գործունեության, ուղիների ու կապերի բացահայտում, բարձր բարեկեցության նյութական լծակներ…
-Իրականում` անկանխատեսելի են: Սպորտ չէ, որ հաղթող ճանաչվի առաջինը վերջնագծին հասնողը: Ճաշակի, այլևայլ պահանջների բավարարման հարց է: Մենուհինից ուղիղ երկու շաբաթ առաջ մասնակցեցի ժամանակակից դասական երաժշտության բելգիական մի փոքրիկ մրցույթի, որի գոյության մասին քչերը գիտեն: ՈՒզում էի ինքս ինձ ստուգել: Պատկերացրեք, չթողեցին երկրորդ փուլին մասնակցել: Ժյուրիի կողմից մի երկար բացատրագիր ստացա: Ինձ մեղադրում էին իմ անհատականությունն առաջին պլան բերելու, կոմպոզիտորի հեղինակությունը չհարգելու և չգիտեմ, թե էլ ինչի համար: Այնքան էի ընկճվել, որ մտածում էի հրաժարվել Մենուհինից: Հակառակ մտավախություններիս, նույն «մեղքերի» համար այստեղ հաղթող ճանաչվեցի: Ինձնով սկսեցին լրջորեն հետաքրքրվել տարբեր գործակալներ: Հաջորդ մրցույթներում սթրեսային գործոնն արդեն նվազագույն էր:
-Եղիսաբեթ թագուհու անվան երաժշտական քոլեջում Ավգուստին Դումեյին աշակերտելիս Ձեզ տրամադրվեց Ստրադիվարիուսի 1717-ին պատրաստած «Piatti» ջութակը, որը երկար տարիներ նվագել է լեգենդար Նիկոլո Պագանինին: Մասունքի հաղորդակցվելու արտասովոր զգացողություններ չե՞ք ունենում գործիքին դիպչելիս:
-Ակնածանք ու հպարտություն: Ջութակի կախարդանքի հոմանիշ է դարձել նրա անունը: Մասնագիտացման առաջին քայլերն անելիս շատ էի լսում գործերը, կարդում նրա մասին: Նույնիսկ ոչ երաժիշտներին է ապշեցրել Պագանինիի տիեզերական էությունը: Ի դեպ, Վիետանի կոնցերտները գրվել են Պագանինիի ազդեցությամբ, բարդացման ակնհայտ միտումով: ՈՒրախ եմ, որ արվեստակից ընկերներիս հետ կարողացանք հաղթահարել: Հիմա արդեն հրապարակի վրա է իմ ու հայտնի դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանի առաջին համատեղ ձայնասկավառակը` Դվորժակի կոնցերտի ու չորս ռոմանտիկ պիեսների կատարումներով:
-Դանիայի թագավորական կոնսերվատորիայի պրոֆեսոր, մենակատար ու կամերային երաժիշտ Մարիաննա Շիրինյանի հետ Ձեր ելույթը «Վերադարձի» ուշագրավ կամերային երեկոներից էր, ջութակի ու դաշնամուրի մտերմիկ երկխոսություն:
-Երկուսս էլ բազմազանության ջատագովներ ենք: Տարբեր դարաշրջանի, խառնվածքի, ազգության երաժիշտների սոնատներ համատեղելով` փորձել էինք բարձր արվեստի համամարդկային շեշտադրությունն ընդգծել: Վախենում էինք, որ Շնիտկեն անհասկանալի կլինի, բայց Ֆրանկին, Դվորժակին ու Շումանին համարժեք ջերմությամբ ընդունվեց: Դժվարամարս համարվող նրա սոնատում մեր կյանքի նեգատիվ երևույթների սարկազմը կա, աբսուրդը: ՈՒնկնդրին ցանկացած գործ հարազատացնողը մենք պիտի լինենք` երաժիշտներս: Եթե կարողանանք ճիշտ վերապրել ու փոխանցել իրականության հնչյունային իմաստավորումը, մարդիկ գուցե անհամեմատ լրջորեն մտահոգվեն չարիքն արմատախիլ անելու խնդրով: Պոեզիայի միջոցով, ըստ իս, չափազանց դյուրին է մարդկանց գիտակցության վրա ներգործելը:
-Բանաստեղծություններ փորձե՞լ եք գրել երաժշտության թեմայի ներգործությամբ:
-Ցավոք, միայն անգլերեն: Հրապարակելու համար չեն, ինքնարտահայտման ներքին պահանջից են ծնվում:
-Ձեր կատարումները ցայտուն արտիստականությամբ են ներթափանցված:
-Երաժիշտներն էլ պիտի կարողանան խաղալ, գտնել երաժշտական գործի կերպարն ու դիտարժան մարմնավորել:
-Արվեստի մյուս ճյուղերից որո՞նց եք տուրք տալիս:
-Երաժշտությունը կլանում է գրեթե ամբողջ ժամանակս` ամենօրյա պարապմունք վաղ առավոտից, ուսումնառություն, համերգներ: Արդեն երեք տարի է` դիրիժորություն եմ սովորում: Սիրում եմ աբստրակտ, սիմվոլիստական ֆիլմերը: Փիլիսոփայություն եմ ուսումնասիրում:
-Մեր երաժշտական կյանքը երբ համեմատում եք եվրոպականի հետ, ֆինանսականից զատ, ի՞նչ տարբերություններ եք նկատում:
-Ամենացայտունն ու որոշիչը ֆինանսականն է: Երբ նվագախմբի հետ առաջին փորձս էի անում, ֆագոտահարը չկար: Ասացին` հարսանիքում է նվագում: Լավ կյանքից չէ, իհարկե: Ապրել է պետք: Բարձր արվեստը նյութապես պիտի խրախուսվի, որպեսզի արվեստագետը կարողանա լիովին տրվել իր գործին: Հասարակությունը, մանկան նման, հասունանալու կարիք ունի: Ինչո՞ւ են գերիշխող դարձել հիմա ցածրորակ շոուն, սերիալը, երաժշտական շիլաշփոթը, մի խոսքով` ռաբիսը: Որովհետև լուրջ մտահոգություն չկա մարդկանց, հասարակ ժողովրդին հոգևոր առողջ կերակուր մատուցելու խնդրում: Հայ նորահարուստների ընդհանուր զարգացումն է կաղում, ճաշակն ու քիմքը թյուր կողմնորոշիչներ ունեն: Եվրոպայում համակողմանի բարեկիրթ փոքրաթիվ խավը վերից է նայում անգրագետների բազմությանը: Խոր անջրպետ կա նրանց միջև: Մեզ մոտ, գուցե խորհրդային իներցիայով, դեռ իսպառ չի վերացել ինտելեկտուալների միջին շերտը: Մշակութային ընդհանուր, թող որ տարաճաշակ խանդավառություն կա: Դրսում բարձր արվեստը գնահատող վերնախավը զարմանալիորեն կարծրասիրտ է, պոետիկ թրթիռներից զերծ: Քիչ երկրներում է, որ հոգում են ընդհանուր մակարդակը միջին կայուն նշաձողի վրա պահելու մասին: Նրանց տարրական երաժշտական կրթությունը հեղհեղուկ է: Մեծ է հակասությունը դպրոցի ու կոնսերվատորիայի միջև: Ամենատաղանդավոր երեխան անգամ չի կարող դպրոցի տված գիտելիքներով կոնսերվատորիա ընդունվել: Մեզ մոտ, որքան էլ դժգոհենք, երեխան սոլֆեջիո է սովորում, հարմոնիա, երաժշտության պատմություն:
-Աշխարհի հեղինակավոր համերգասրահներից որո՞նք են առավել աչքի ընկնում իրենց տեխնիկական հագեցվածությամբ, տրամադրող միջավայրով: Ո՞ր երկրի ունկնդիրն է ավելի խանդավառ կատարման մղում:
-Երևի զարմանաք` Ճապոնիան: Եվ ոչ միայն մայրաքաղաքում: Դասական երաժշտությունն ամենուր է պրոպագանդվում: ՈՒնկնդրի հետ համերգից առաջ հատուկ բացատրական հանրամատչելի աշխատանք է տարվում: Դահլիճի համակ կենտրոնացումը սովորական երևույթ է: Մասսայական երաժշտասերը ոչ միայն անհարկի ծափերով չի ընդմիջում ծավալուն գործի կատարման բնականոն ընթացքը, այլև փակում է բերանը հատուկ դիմակով, որպեսզի պատահական հազով չխանգարի սրահի քար լռությունը: Կարծում եմ` ամբողջ աշխարհը ճապոնացիներից սովորելու շատ բան ունի:
-Հետաքրքիր է, ինչպե՞ս ընկալեցին նրանք Ձեր մատուցած Կոմիտասը:
-Պատկերացրեք, հայերից ոչ պակաս հուզմունքով: Մենք ենք հեռանում ազգային երաժշտության վճիտ ակունքներից, հեռանում ինքներս մեզնից: Լավ երաժշտությունն ազգություն չունի և, ճիշտ մատուցելու դեպքում, չի կարող անտարբեր թողնել որևէ մեկին, նույնիսկ մտքով ու հոգով խեղվածներին: Վստահ եմ, որ երաժշտությունն ու բանաստեղծությունն ի զորու են հրաշագործելու ամեն տեսակի ախտերից հյուծվող Երկիր մոլորակի բոլոր զուգահեռականներում:
Զրուցեց Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1520

Մեկնաբանություններ