Նոյեմբերի 16-18-ին Երևանում անցկացվեց հերթական 11-րդ միջազգային մասնագիտացված եռօրյա ցուցահանդեսը՝ «Կրթություն և կարիերա EXPO-2010» խորագրով: Ցուցահանդեսին մասնակցում են Հայաստանում և արտասահմանում գործող կրթօջախներ (բուհեր, քոլեջներ, ավագ դպրոցներ, ուսուցման կենտրոններ), միջազգային դոնոր կազմակերպություններ և կրթության ոլորտում գործունեություն ծավալող այլ կազմակերպություններ: Ցուցահանդեսի նպատակն էր դպրոցականներին և ուսանողներին տեղեկություն տրամադրել կրթության ոլորտի վերաբերյալ, նպաստել ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների կայացմանը, տեղեկացնել աշխատանքային շուկայում առավել պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին, ինչպես նաև հանդիպումներ կազմակերպել մասնագետների և իրական գործատուների միջև:
Կրթական համակարգում ավագ դպրոցը բոլորովին նոր համակարգ է, և թիվ 198 ավագ դպրոցի ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրեն ՍԱՐԳԻՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ նշեց, որ հանրության շրջանում դեռևս ամբողջական պատկերացում չկա ավագ դպրոցի կառուցվածքի մասին։ Ցուցահանդեսի հիմնական նպատակն է տեղեկացնել այցելուներին, որ ավագ դպրոցում հոսքային կրթություն է իրականացվում 10-12-րդ դասարաններում։ «Ի վերջո, ավագ դպրոցի նպատակն այն է, որ երեխան առանց կրկնուսույցի մոտ պարապելու կարողանա ընդունվել բուհ։ Թիվ 198 դպրոցը 3-րդ տարին է, որ գործում է որպես ավագ դպրոց, արդեն ունենք շրջանավարտներ, որոնք ընդունվել են բուհ, ընդ որում, մոտ 30 տոկոսը՝ անվճար կրթության համակարգ։ Նրանց մեծ մասն առանց որևէ լրացուցիչ պարապմունքի կարողացել է հաղթահարել ընդունելության քննությունները»։ Փոխտնօրենը կարծում է, որ իրենց դպրոցն ուսուցիչների աշխատանքի և դպրոցի նյութատեխնիկական հագեցվածության շնորհիվ կարողացել է վստահություն ձեռք բերել հանրության շրջանում։ Դրա ապացույցն այն է, որ իրենց մոտ են հաճախում աշակերտներ մայրաքաղաքի ամենատարբեր ծայրերից։ Դպրոցն այս պահին ունի 650 աշակերտ։ Վերջին օրերին գնահատման և թեստավորման կենտրոնը հանրապետության բոլոր 91 ավագ դպրոցների 10-րդ դասարաններում «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից անցկացրել է արտաքին գնահատումներ, ընդ որում, ԳԹԿ ղեկավարությունը նշում է, որ արդյունքները բավականին ցածր են։ Թիվ 198 ավագ դպրոցի փոխտնօրենը գոհ է իրենց աշակերտների արդյունքներից. ընդամենը 21 տոկոսն է ստացել անբավարար գնահատական. «Այդ 21 տոկոսից ընդամենը 3 տոկոսն է մեր հիմնական դպրոցի աշակերտ, մյուս 18 տոկոսը տարբեր հիմնական դպրոցներից մեզ մոտ եկած երեխաներ են, որոնց հետ դեռևս լուրջ աշխատանքներ ունենք տանելու։ Եթե մենք չկարողանանք կայուն որակ ապահովել, ապա ընդամենը 1-2 տարի հետո աշակերտների հոսքը մեր դպրոց կդադարի, և կկորցնենք վստահությունը հանրության շրջանում»։
Նորաստեղծ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամն առաջին անգամ է մասնակցում ցուցահանդեսների։ ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված և 2009-ից մասնագիտական կրթության ոլորտում գործունեություն ծավալող այս հաստատությունը բուհերում, քոլեջներում և ուսումնարաններում հետամուտ է լինելու որակի ապահովման խնդիրների լուծմանն ու նպաստելու է կրթության որակի շարունակական բարելավմանը։ Ինչպես նշում է մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հանրային կապերի բաժնի պետ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ, մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը մեր երկրում իրականացնելու է մասնագիտական ուսումնական հաստատությունների կրթական ծառայությունների որակի փորձաքննություն և հավատարմագրում։ Կրթության որակի բարելավման նպատակով կենտրոնը մատուցելու է նաև խորհրդատվական ծառայություններ։ Միջազգային կառույցների կողմից մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի գործունեության որակի ճանաչման շնորհիվ կենտրոնի հավատարմագրման արդյունքն ընդունելի կլինի միջազգային մակարդակում։ Բացի այդ, նորաստեղծ կենտրոնի գործառույթներից է հանրությանը մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթության որակի առկա վիճակի մասին իրազեկելը՝ նպատակ ունենալով վստահություն ձևավորել որակյալ ծառայություններ մատուցող հաստատությունների կրթության կազմակերպման և իրականացման չափանիշների նկատմամբ։ Կենտրոնը նաև տեղեկատվական վստահելի աղբյուր է լինելու ՀՀ կառավարության համար։ Մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթության որակի առկա վիճակի մասին կենտրոնի տրամադրած տեղեկությունները կարող են մեկնակետ լինել պետական քաղաքականության հստակեցման համար։
Լիլիթ Գալստյանը տեղեկացրեց նաև, որ մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն այս պահին և՛ մասնավոր, և՛ պետական մի քանի բուհերում իրականացնում է որակի ինստիտուցիոնալ փորձաքննության ծրագիր, որի նպատակը մշակված ինստիտուցիոնալ փորձաքննության չափորոշիչների գործունակության ստուգումն է։
Կառավարության աշխատակազմի գնահատման և թեստավորման կենտրոնն էլ «Կրթություն և կարիերա» ցուցահանդեսում ներկայացնում էր հանրակրթության ոլորտում կենտրոնի իրականացրած աշխատանքների վերլուծությունները։ Նկատի ունենալով, որ ցուցահանդեսին մեծ թվով դպրոցների ապագա շրջանավարտներ ու բուհերի դիմորդներ են լինելու՝ ցուցադրվում էին նրանց հասցեագրված ֆիլմեր՝ ավելի պատկերավոր դարձնելով, թե ինչպես պետք է մասնակցեն քննություններին, լրացնեն ձևաթուղթը։ ԳԹԿ-ն ներկայացրել էր նաև առարկայական ուղեցույցներ, երաշխավորված գրքեր ու օժանդակ ձեռնարկներ, որոնք օգտակար կլինեն ուսուցիչներին և աշակերտներին։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ