(սկիզբը` N 79-ում)
Հարության ժամանակ բոլո՞ր անդամները հարություն կառնեն. Աստծո համար դժվարին ոչինչ չկա: Այդպիսին է և Նրա ուխտը: Մարդկային տկարությանը և մարդկային բանականությանը դա կարծես թվում է անհնար: Ինչպես Աստված, վերցնելով փոշին ու հողը, ստեղծեց կարծես թե մի այլ էություն, այսինքն` հողին ոչ նման մարմնավոր էություն, և ստեղծեց բնությունների բազում տեսակներ, այն է` մազեր, մաշկ, ոսկորներ, ջլեր. և ինչպես կրակի մեջ գցված ասեղը փոխում է գույնը և դառնում է կրակ, մինչդեռ երկաթի բնությունը չի ոչնչանում, այլ մնում է նույնը, այդպես և հարության ժամանակ բոլոր անդամները հարություն կառնեն, և ըստ գրվածի` ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի (Ղուկ., 21, 18), և ամենը կդառնա լուսեղեն: Ամեն ինչ ընկղմվելով` կվերափոխվի լույսի և կրակի, սակայն չի ապականվի և կրակ չի դառնա այնպես, որ նախկին բնությունը գոյություն չունենա, ինչպես պնդում են ոմանք: Քանի որ Պետրոսը մնում է Պետրոս, Պողոսը` Պողոս, Փիլիպոսը` Փիլիպոս. յուրաքանչյուրը, լցվելով հոգով, պահպանում է իր սեփական բնությունն ու էությունը: Իսկ երբ պնդում ես, որ բնությունը փոխվել է, ապա ուրեմն այլևս Պետրոսը կամ Պողոսը չկա, այլ բոլորի մեջ և ամենուր Աստված է, և գեհեն գնացողները պատիժ չեն զգա, իսկ արքայություն գնացողները՝ բարերարություն:
Պատկերացրու մի այգի, որտեղ կան ամեն տեսակի պտղատու ծառեր, այնտեղ կային տանձենի, խնձորենի և խաղողի վազ` պտուղներով և տերևներով, բայց և՛ այգին, և՛ բոլոր ծառերն ու տերևները փոխվել են և ստացել մի այլ բնություն, և նախկին ամեն ինչ դարձել է լուսեղեն: Այդպես և մարդիկ կփոխվեն հարության ժամանակ, և նրանց անդամները կդառնան սուրբ և լուսեղեն:
Ինչպես Տիրոջ մարմինը, երբ Նա բարձրացավ լեռը, փառավորվեց և պայծառակերպվեց աստվածային փառքի և անհատնում լույսի, այդպես և սրբերի մարմինները փառավորվում են և դառնում են ճաճանչափայլ: Քանզի, ինչպես Քրիստոսի ներքին փառքը այդ չափով տարածվեց և ճառագում էր Քրիստոսի մարմնի վրա, այդպես էլ սրբերի ներսում ներկա Քրիստոսի զորությունը այն օրը կհեղվի և կսփռվի նրանց մարմինների վրա, քանի որ նրանք դեռևս այստեղ իրենց մտքով հաղորդ են Քրիստոսի էությանը և Քրիստոսի բնությանը: Քանզի գրված է` Նա, որ սրբացնում է, նրանք, որ սրբացվում են, բոլորն էլ Մեկի՛ց են (Եբր. 2, 11), նաև` Եվ ես տվեցի նրանց այն փառքը, որ դու Ինձ տվեցիր (Հովհ., 17, 22):
Ինչպես մի կրակով լուցանվում են բազում կանթեղներ, այդպես պարտ է և սրբերի մարմիններին` Քրիստոսի այդ անդամներին, մեկ դառնալ Իր` Քրիստոսի հետ:
Նաև կատարյալները, քանի դեռ մարմնի մեջ են, թեև ազատ են, բայց հոգսերից զերծ չեն և վախի մեջ են, այդ պատճառով էլ նրանց թույլատրվում են փորձություններ: Իսկ երբ հոգին մտնի սրբերի այն քաղաքը, միայն այդժամ կլինի առանց վշտերի և փորձությունների, քանի որ այնտեղ չկան ոչ հոգսեր, ոչ վշտեր, կամ նեղություններ, կամ ծերություն, կամ սատանաներ, կամ պատերազմներ, այլ այնտեղ կա հանգիստ, ուրախություն, խաղաղություն և փրկություն: Այդտեղ նրանց մեջ է Տերը, ՈՒմ անվանում են Փրկիչ, քանի որ փրկում է գերվածներին, անվանում են Բժիշկ, քանի որ տալիս է երկնային և Աստվածային բժշկություն և բուժում է ինչ-որ չափով մարդուն տիրող հոգու կրքերը: Մի խոսքով` Հիսուսը թագավոր է և Աստված, իսկ սատանան` չարչարող և չար իշխան:
Քանի որ ոմանք վաճառում են ունեցվածքը, ազատություն են շնորհում ստրուկներին, կատարում են պատվիրանները, սակայն չեն փափագում այս կյանքում ընդունել Հոգին, ապա այս կերպ ապրելով, մի՞թե նրանք չեն մտնի Երկնային Արքայություն: Դա քննարկման նուրբ առարկա է: Քանզի ոմանք պնդում են, որ մեկ Արքայություն է և մեկ գեհեն, իսկ մենք ասում ենք, որ բազում աստիճաններ, տարբերություններ և չափեր կան այդ նույն արքայությունում և այդ նույն գեհենում: Ինչպես բոլոր անդամների մեջ մեկ հոգի է, և վերևում այն գործում է ուղեղում, իսկ ներքևում շարժման մեջ է դնում ոտքերը, այդպես և Աստված է ընդգրկում ողջ արարածներին, և՛ երկնայիններին, և՛ անդունդից վար եղողներին, և ամենուր բովանդակապես արարածների մեջ է, չնայած իր անչափելիությամբ և անընդգրկելիությամբ Նա նաև դուրս է արարածներից: Այդ պատճառով էլ Աստված Ինքն է լսում մարդկանց և ամեն ինչ տնօրինում իմաստությամբ: Եվ քանի որ ոմանք աղոթում են, չիմանալով ինչ են խնդրում, ուրիշները պաս են պահում, մյուսները ծառայության մեջ են, ապա Աստված` արդար Դատավորը, յուրաքանչյուրին պարգևներ է տալիս ըստ նրա հավատի չափի: Քանզի ինչ որ անում են նրանք, անում են Աստծուց երկյուղելով, բայց նրանք ոչ բոլորն են որդիներ, թագավորներ, ժառանգներ:
Աշխարհում ոմանք մարդասպաններ են, ուրիշները` շնացողներ, մյուսները` կողոպտիչներ, իսկ ոմանք էլ հավասարապես բաժանում են իրենց սեփական ունեցվածքն աղքատներին: Տերը նայում է և՛ նրանց, և՛ մյուսներին, և բարիք գործողներին տալիս է հանգիստ և պարգևներ. կա չափի լիություն և չափի սակավություն, և հենց լույսի մեջ և փառքի մեջ էլ կա զանազանություն: Գեհենում և պատժի մեջ կան թունավորողներ ու ավազակներ և փոքր բաներում մեղանչածներ: Իսկ ովքեր պնդում են, որ մեկ է արքայությունը, և մեկ է դժոխքը, և աստիճաններ չկան, նրանք սխալվում են: Հիմա ինչքան աշխարհիկ մարդիկ կան, որոնք տարված են հանդիսություններով և այլ անառակություններով: Եվ ինչքան էլ դեռ կան հիմա այնպիսիները, որոնք աղոթում են Աստծուն և երկյուղում Նրանից: Աստված նայում է և՛ նրանց, և՛ մյուսներին, և որպես արդար Դատավոր պատրաստում է ոմանց հանգիստ, մյուսներին` պատիժ:
(Սուրբ Մակար Մեծ, «Հոգևոր խրատներ» գրքից)
ՄԱԿԱՐԻՈՍ ԵՐԱՆԵԼԻ
Այժմ փաստենք, որ անդրաշխարհային իրականության մասին Եկեղեցու ամենաբեղմնավոր գրականություն մեզ թողել է սուրբ Մակարիոս Մեծը (IV դար): Մակարիոս թարգմանվում է երանելի, և իսկապես նրա կյանքը հենց այդպիսին է եղել, ինչում կհամոզվեք ինքներդ։
Նրա հայրենիքը Եգիպտոսն է՝ Պտինիպար աննշան գյուղը։ Ապագա սրբի ծնողները, որոնք Աբրահամ նահապետի և նրա կնոջ՝ Սառայի անվանակիցներն էին, նրանց նման մինչև ծերություն երեխա չունեին։ Իրենց անպտուղ կյանքը զարդարում էին ժուժկալությամբ, ամուսնական անկողնից զերծ մնալով, պահքով, աղոթքներով ու հսկողություններով, ինչպես նաև հյուրընկալությամբ և այլ բարեգործություններով։
Երբ Աստծո թույլտվությամբ Եգիպտոսի վրա բարբարոսները հարձակվեցին, Մակարիոսի ծնողները զրկվեցին ողջ ունեցվածքից ու որոշեցին թողնել հայրենիքը և պանդխտության գնալ։ Մի գիշեր, երբ ծնողները քնած էին, Աբրահամին երևում է արևի նման փայլող հագուստով Աբրահամ նահապետը։ Նա մխիթարում էր ապագա սրբի հորն ու հորդորում Աստծուն հուսալ և Եգիպտոսից չհեռանալ, այլ մոտիկ մի գյուղ մեկնել՝ Պտինիպար անունով, ու չզրկել միմյանց ամուսնական հարաբերությունից, քանի որ. «Աստված կամենում է ձեզ օրհնել երանելի պտուղով, ինչպես ինձ օրհնեց, ծերության օրերին ինձ զավակ պարգևելով»։
Աբրահամը քնից վեր կենալով, կնոջը պատմեց տեսիլքն ու ժամանակ չկորցնելով, տեղափոխվեցին երազում անվանված գյուղը։ Բայց այնտեղ Աբրահամը ծանր հիվանդացավ, և արդեն մահամերձ էր։ Այդ ժամանակ, ինչպես իրեն թվաց, նա Աստծո հրեշտակին տեսավ, որը մոտենալով նրան, ասաց. «Աբրահամ, Աբրահամ, վե՛ր կաց անկողնուց»։ Աբրահամը պատասխանեց. «Հիվանդ եմ ես, տեր, և չեմ կարող կանգնել»։ Այդ ժամանակ հրեշտակը քնքշաբար նրա ձեռքից բռնեց, ասելով. «Տերը ողորմեց քեզ, Նա վերցնում է քո հիվանդությունը, ու տալիս Իր օրհնությունը. քո կինը՝ Սառան քեզ որդի կծնի, որը երանելի անունը կկրի ու Սուրբ Հոգու բնակարան կլինի, և երկրի վրա հրեշտակների նման կապրի, ու նրա միջոցով շատերը Աստծուն կդառնան»։
Զարթնելով քնից, հիվանդն իսկույն լավ զգաց, և Տիրոջ երկյուղով լցվելով, վեր կացավ մահճից ու տեսածը պատմեց Սառային։
Տեսածի ճշմարտացիությունը հաստատվեց Աբրահամի հիվանդության բուժմամբ, և նրանք գոհացան Աստծուց։
Իսկ շատ չանցած Սառան իսկապես ծննդաբերեց և իր պառավության օրերին տղա երեխա ծնեց, և անունը Մակարիոս դրեցին։
ԽՈՍՈՂ ԳԱՆԳԸ
Ահա այդ Մակարիոս Եգիպտացին (IV դար), երբ արդեն ճգնավոր վանական է դառնում, մի օր քայլում էր անապատով, հանկարծ մարդու մի գանգ տեսավ։ Երբ ճգնավորն իր գավազանով դիպավ դրան, թվաց, թե գանգը ձայն հանեց։ Ծերը հարցրեց` ո՞վ է նա, ու գանգը պատասխանեց. «Ես կռապաշտների քրմապետն էի, որ այս վայրում էի բնակվում, իսկ դո՛ւ՝ Աբբա Մակարիոս, լցված Սուրբ Հոգով, երբ դու աղոթում ես մեզ՝ տանջանքների մեջ գտնվողներիս համար, ապա մենք որոշ ուրախություն ենք ունենում»։
«Իսկ ինչպիսի՞ ուրախություն կամ տանջանքներ ունեք»,- հարցրեց Մակարիոսը։ Գանգն աղաղակեց. «Ինչպես որ հսկայական է երկնքի և երկրի միջև հեռավորությունը, այդպես էլ մեծ է այն կրակը, որտեղ մենք ենք գտնվում, այրվելով ոտքից մինչև գլուխ։ Նաև մենք հնարավորություն չունենք միմյանց տեսնելու, իսկ երբ դու աղոթում ես մեզ համար, ապա մենք մի փոքր տեսնում ենք միմյանց, ու դա մեզ համար ուրախություն է լինում»։ Լսելով այս, ծերն արցունքոտվեց. «Վա՜յ այն օրվան, երբ մարդը զանց առավ Աստծո պատվիրանը»։ Եվ նորից հարց տվեց. «Կա՞ արդյոք ավելի մեծ տանջանք»։ Գանգը բացատրեց. «Կան ինձնից ավելի ներքև գտնվողներ։ Մենք՝ Աստծուն չճանաչողներս, դեռ մի փոքր զգում ենք մեզ վրա Աստծո ողորմությունը, իսկ նրանք, ովքեր ճանաչելով Աստծուն, բայց մերժեցին Նրան ու չկատարեցին Նրա պատվիրանները, տաջվում են մեր ներքևում առավել ահավոր ու աներևակայելի տանջանքներով»։
«Ամեն բան Աստծո խոսքով է,- մտածեց Մակարիոսը,- գրված է Սուրբ Գրքում. «Այն ծառան, որ գիտեր Տիրոջ կամքը, ու չկատարեց այն, ավելի շատ ծեծ պիտի ուտի, քան նա, ով չգիտի և պատժի արժանի բան է արել, ավելի քիչ ծեծ պիտի ուտի» (Ղուկաս 12. 47-48)։
Դրանից հետո Մակարիոսը թաղեց գանգը հողի մեջ ու գնաց։
ՄԵՌԵԼՆԵՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հերակլիտը մի հերետիկոս էր, որ ասում էր, թե մեռելների հարություն չի լինելու։ ՈՒ Եգիպտոսից վերադառնալով` այս մոլորեցնող ուսմունքն էր տարածում եղբայրների մեջ։ Ապա եկավ Մակարիոսի մոտ ու այդ մասին վիճում էր եղբայրների ներկայությամբ, այն էլ խորամանկաբար ծռմռելով գրվածքներն ու նույնիսկ ծիծաղում ճգնավորի պարզ խոսքերի վրա։
Մակարիոսը տեսնելով, որ եղբայրներից ոմանք սկսում են կասկածել մեռելների հարությանը, ասաց հերետիկոսին. «Ի՞նչ կարիք կա խոսքերով վիճաբանելու, որն ավելի է խճճում լսողներին, քան հաստատում ճշմարտության մեջ։ Ավելի լավ է գնանք գերեզմաններ ու անցյալում Տիրոջով մեռածների մոտ, և մեզանից ում հաջողվի Աստծո կամքով մեռելներից մեկին հարություն տալ, ուրեմն նրա հավատը ճշմարիտ կլինի՝ վկայված անձամբ Աստծո կողմից»։
Ճգնավորի այս խոսքերն ընդունելի եղան բոլոր եղբայրների համար, ու վեր կացան գնացին գերեզմանները։ Երբ տեղ հասան, Մակարիոսն ասաց Հերակլիտին, որ նա կանչի մեռելներից մեկին, որ նա դագաղից դուրս գա։ Բայց նա դողալով, պատասխանեց նրան. «Նախ դու արա այդ, ինչ ինքդ մտածեցիր»։
Մակարիոսը Տիրոջ առջև ձեռքերը տարածեց աղոթքի ու երկար ժամանակ աղոթեց, ու հայացքը վեր բարձրացնելով, ասաց. «Դո՛ւ, Տեր, օգնիր հասկանալու, մեր երկուսից ո՞վ է ճշմարիտ, երբ հրամայես այստեղ մեռածը կանգնի»։ Այս ասելով, վերջերում ննջած եղբայրներից մեկի անունը տվեց, ու հենց այդ պահին դագաղում պառկած մեռելը ձայն տվեց։ Քանդելով հողը, ու բացելով դագաղը, մեռածին կենդանացած գտան, ու դագաղից դուրս հանեցին։
Այս տեսնելով` Հերակլիտը սարսափեց ու փախավ այնտեղից, իսկ եղբայրները հետևից ընկած քշեցին նրան վանքի տարածքից, որպես ճշմարտության թշնամու։
(շարունակելի)
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ