Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

«ՄՆՈՒՄ Է ԱՄԵՆ ԻՆՉ ՆՈՐՄԱԼ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՈՒՆԻ ՄԵՋ ԴՆԵԼ»

«ՄՆՈՒՄ Է ԱՄԵՆ ԻՆՉ ՆՈՐՄԱԼ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՈՒՆԻ ՄԵՋ ԴՆԵԼ»
31.01.2012 | 00:00

Շաբաթ օրը խուլ-համրերի պալատում ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց ու կանանց հերթական առաջնությունը, որին մասնակցեցին հանրապետության բոլոր ուժեղագույն մարզիկները: Ազգային հավաքականի անդամներից միակ բացառությունն արվել էր Եվրոպայի չեմպիոն, պեկինյան օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Հրաչիկ Ջավախյանին (64 կգ), ով առողջական վիճակի պատճառով էր բաց թողնում այն: Առաջնությանը մասնակցեցին նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ինչպես նաև արտերկրից (հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից) ժամանած հայազգի մարզիկներ: Սա նրանց համար յուրօրինակ փորձաշրջան էր, որը հաջող անցնելու դեպքում կարող էին հայտնվել երկրի հավաքականների մարզիչների ուշադրության կենտրոնում:
Բոլոր քաշային կարգերում էլ, առանց բացառության, չեմպիոնական տիտղոսի համար ծավալվեց լարված պայքար, իսկ առաջնության թագը դարձավ 49-կիլոգրամայինների մրցավեճը: Ձևավորված բարի ավանդույթի համաձայն, մասնավորապես այս քաշային կարգում, մենք միշտ էլ ամենաբարձր կարգի մրցաշարերի ու առաջնությունների պահանջներին համապատասխանող մարզիկներ ենք ունեցել: Վերջին տարիներին այս քաշային կարգում տեր ու տնօրինություն էր անում բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող, Եվրոպա-2010-ի չեմպիոն Հովհաննես Դանիելյանը, ում կողքին արագ տեմպերով սկսել է հասակ առնել Կորյուն Սողոմոնյանը: Աշխարհամասի չեմպիոնի և երիտասարդների աշխարհի 2009-ի, Եվրոպայի 2010-ի հաղթողի մրցավեճը ոչ միայն հանրապետության չեմպիոնի կոչման համար էր, այլև այն բանի, թե այստեղ ով է լինելու ազգային հավաքականի առաջին համարը: Հաղթեց առավել երիտասարդ Սողոմոնյանը (ի դեպ, առաջնության արդյունքով նա ճանաչվեց նաև լավագույն մարզիկ): Ցավոք, ռինգում բորբոքված կրքերը փոխանցվեցին երկրպագուներին (մրցավարների որոշման հետ չհամաձայնած Դանիելյանը, ի նշան բողոքի, երկար ժամանակ չէր լքում ռինգը) ու սկսվեց զանգվածային քաշքշուկ, ինչը հարթելու համար անհրաժեշտ եղավ հասարակական կարգը պահպանելուն կոչված ոստիկանների միջամտությունը:
Անհամեմատ փոքր մասշտաբի նման մի բան էլ եղավ 64-կիլոգրամայիններ Արա Պուլուզյան-Արթուր Քիրաջյան մրցապայքարից հետո: Սակայն եթե առաջին դեպքում ոստիկանների ակտիվ միջամտությունը կատարելապես արդարացված էր (իրար էին խառնվել մարզիկներ, մարզիչներ, երկրպագուներ), երկրորդ դեպքում նույն այդ ոստիկաններն ավելի շատ եղան նախաձեռնողի դերում: ՈՒրիշ ի՞նչ գնահատական տալ երևույթին, երբ օրենքի պահապանը թևավոր արծվի պես հարձակվում է պարտությունից դառնացած ու մի քիչ էլ տաքացած մարզիկի վրա: Բարեբախտաբար, երիտասարդ ոստիկանի ավագ ծառայակիցներն ավելի խելամիտ գտնվեցին, ու միջադեպն արագ հարթվեց:
Դիտարժանության առումով պակաս հետա-քրքրական չէին նաև 52 կգ քաշայիններ Ռադիկ Թամոյան-Նարեկ Աբգարյան (այս ու այսուհետ զույգերի մեջ առաջինը նշվում է հաղթողի անունը- Մ.Հ.), Արամ Ավագյան-Դերենիկ Գիժլարյան (56 կգ), Հրայր Մաթևոսյան-Վոլոդյա Մարգարյան (69 կգ) մրցամարտերը: Ինչպես սպասվում էր, 60, 75 և 81 կգ քաշային կարգերում հաղթանակ տարան ազգային հավաքականի առաջին համարներ Վլադիմիր Սարուխանյանը, Անդրանիկ Հակոբյանը, Արթուր Խաչատրյանը:
91-կիլոգրամայինների մեջ չափազանց վառ ելույթ ունեցավ Ռուսաստանի Դաշնությունից ժամանած Ալեքսանդր Կարագյոզյանը: Նա բոլոր մարտերն ավարտեց ժամկետից շուտ` բացահայտ առավելությամբ: Անկասկած է, որ, ի դեմս այս երիտասարդի, Հայաստանի հավաքականը ձեռք է բերել հեռանկարային մարզիկի (չենք կարծում, որ համապատասխան օղակները կձգձգեն նրա քաղաքացիությունը լուծելու հարցը): Ինչ վերաբերում է գերծանր քաշայիններին, հանրապետության չեմպիոն հռչակվեց Սերգո Պողոսյանը:
Դառնալով կանանց մրցապայքարին` նրանք չեմպիոնական տիտղոսները վիճարկեցին չորս քաշային կարգում: Անշուշտ, առաջնությանն առանձնահատուկ հմայք հաղորդեց Եվրոպայի անցած տարվա երկրորդ մրցանակակիր Արմինե Սինաբյանի ելույթը (60 կգ): Հանրապետության չեմպիոններ դարձան նաև Քրիստինե Սարգսյանը, Լիանա Ղուկասյանը, Աշխեն Սիմոնյանը` համապատասխանաբար 51, 57, 75 կգ քաշային կարգերում: Հիշեցնենք, որ Լոնդոնի օլիմպիական խաղերում առաջին անգամ (առայժմ երեք քաշային կարգերում) ռինգ դուրս գալու հնարավորություն են ստացել նաև կանայք:
Առաջնությունից հետո մենք զրուցեցինք ազգային հավաքականի գլխավոր մարզիչ ԿԱՐԵՆ ԱՂԱՄԱԼՅԱՆԻ հետ: Բնականաբար, ամենից առաջ մեզ հետաքրքրում էր հավաքականի անդամների պատրաստվածության հարցը: Ահա թե, ի մասնավորի, ինչ ասաց նա.
-Ինչպես և խոստացել էի մեր նախորդ զրույցում, առաջնությանը պետք է մասնակցեին ազգային հավաքականի բոլոր մարզիկները, ու այդպես էլ եղավ: Ես մնում եմ հավատարիմ իմ խոստմանը. հավաքականը կազմվելու է առաջնության առաջին համարներով: Ինչ վերաբերում է ազգայինի կտրվածքով նշանառության տակ եղած մարզիկների պատրաստվածությանը, այս փուլի համար այն ինձ բավարարեց: Ափսոսում եմ, որ վնասվածքի պատճառով գործի մեջ չկարողացանք տեսնել Հրաչիկ Ջավախյանին: Հնաբնակների կողքին լավ եմ գնահատում Արամ Ավագյանի, հավաքականի դռները տևական ժամանակ ծեծող Հրայր Մաթևոսյանի, Ռուսաստանից ժամանած Ալեքսանդր Կարագյոզյանի ելույթները: Եղան և այլ դիտարժան մարտեր: Ամենակարևորը` առաջնությունը հետաքրքիր ստացվեց: Մնում է ամեն ինչ նորմալ զարգացման հունի մեջ դնել:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1699

Մեկնաբանություններ