Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ`ՀՈԳՈՒ ԴԵՄ

ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ`ՀՈԳՈՒ ԴԵՄ
14.12.2010 | 00:00

Ինչպես գիտենք, մարդը հոգի, շունչ և մարմին եռամիասնությունից է բաղկացած, և նա միակն է որպես այդպիսին համայն արարչության մեջ, քանզի հրեշտակները միայն հոգի են, կենդանական աշխարհը՝ մարմին, իսկ մարդ արարածը` դրանց զարմանահրաշ համատեղությունը։ Մարդու եռամիասնության մասին Պողոս առաքյալը գրում է. «Ձեր ամբողջ հոգին, շունչը և մարմինը թող անարատ պահվեն մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը» (Ա Թեսաղ. 5.23)։ Եվ շնչավոր մասում է ընդգրկվում ու գործում մարդու բանական-գիտակցական մասը։ Եվ շնչավոր մարդը, չհավատալով աներևույթ Աստծո, մարդկային անտեսանելի հոգու գոյությանը, իր բնույթով հակադրվում է հոգևորին, և նրա համար այն, ինչ տեսանելի, շոշափելի, զգալի է ու ենթարկվում է տրամաբանությանը՝ ընդունելի է, իսկ մնացածը՝ այսինքն հոգևոր բնագավառի անտեսանելի իրականությունը շնչավոր մարդու համար անընդունելի ու մերժելի է։ Այս ամենը խոհական մտքի մզվածք չէ, այլ Սուրբ Գրքի ճշմարտությունից քաղված իրականություն։ Իսկ շնչավորի ու հոգևորի տարբերության մասին նույն առաքյալն այսպես է գրում. «Եվ ինչ հայտնում ենք, ոչ թե ճարտար խոսքերի մարդկային ուսուցումով է, այլ Հոգու վարդապետությամբ. հոգևոր բաները հոգևոր խոսքերով ենք բացատրում. քանզի ոչ հոգևոր մարդը Աստծու Հոգուց եկած ճշմարտութունները չի ընդունում, որովհետև այդ հիմարություն է նրա համար. և չի կարող հասկանալ, քանզի հոգևոր կերպով են քննվում դրանք: Իսկ հոգևոր մարդը քննում է ամեն ինչ» (Ա Կորնթ. 3.10-15)։
Եվ դարձյալ այս նույն բանի մասին. «Այսպես է նաև մեռելների հարությունը… սերմանվում է շնչավոր մարմին և հարություն է առնում հոգևոր մարմին. եթե կա շնչավոր մարմին, կա և հոգևոր: Այսպես էլ գրված է. Առաջին մարդը՝ Ադամը, եղավ կենդանի շունչ, վերջին Ադամը՝ կենդանարար հոգի» (Ա Կորնթ. 15.41-44)։
Ըստ սուրբ առաքյալի խոսքի` ադամական մարդը մնում է շնչավոր, իսկ շնչավորը չի կարողանում ընդունել հոգևոր արժեքները, քանզի մերժում է Երկրորդ Ադամին՝ Քրիստոս Հիսուսին։
Այս ամենը գրվեց, որ իբրև հիմնաբան, անդրադառնանք «Իրատես de facto»-ի թիվ 26-ում «Արժեհամակարգ» ենթավերնագրի ներքո զետեղված այն տողերին, որտեղ, ըստ հեղինակի, Գրիգոր Լուսավորիչը ոչնչացրել է հեթանոսական մեր արժեքները։ Բայց այս անհիմն գաղափարի մեր պատմամշակութային ներկայիս մի քանի ջատագովները, չգիտես ինչու, մոռանում են, որ դա առանց Տրդատ արքայի ու նրա զորքի հնարավոր չէր իրագործել, Տրդատի, որն իր քաջագործություններով հայտնի էր հեթանոսական աշխարհին, և ինքն էլ այն ժամանակվա «աստվածների», հանձին Անահիտ դիցուհու, ամենամոլեռանդ երկրպագողներից էր, ինչի նախանձախնդրությունից առաջնորդված անլուր տանջանքների ենթարկել տվեց իր հավատարիմ գործակցին՝ Գրիգոր Պարթևին, ով պաշտում և հավատում էր երկինքն ու երկիրը ստեղծող միակ Աստծուն՝ հանձին Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի։ Այդ գուցե շատերին հարգող, հայոց մտավորական հոդվածագիրը, ի թիվս շատ ու շատ (դժբախտաբար) իր նման կարծիք ունեցողների, դարձյալ ուզում է դարերի փոշու տակ ծվարած, ոչ թե եղելության ժամանակից խամրած, բայց անգնահատելի գանձերը ի հայտ բերել, այլ դրանց վրա շերտացած ցեխն ու աղբը։ Բայց հայորդի մեր զավակներ, ինչո՞ւ եք մոռանում շեշտել, որ այդ նույն արքան, որ Գրիգորին մահապարտների գուբը նետեց, ու ամոթահար լինելով` Հռիփսիմե կույսից պարտվելով, սուրբ Գայանյանց ու Հռիփսիմյանց 37 քրիստոնյա կույսերին նահատակեց հանուն իր պաշտած կուռքերի։ Իսկ երբ այսահարվելով այդ կուռքերի հետևում կանգնած դևերից ու խոզակերպ արտաքինով ճահճուտներում էր արածում, երբ ժամանակը լրացավ, ու Գրիգորը 14 տարի հետո Խոր վիրապից դուրս կանչվեց, առաջին գործերից մեկը եղավ այն, որ նա աղոթքով բժշկեց Տրդատ արքային ու ազատեց նրան տանջող դևերից։ Եվ հայոց հեթանոս թագավորը, Բաբելոնի Նաբուգոդոնոսոր հզոր արքայի նման, որը Տիրոջ հրամանով անասունի կերպարանք հագավ ու խոտաճարակ դարձավ, հասկացավ, որ միայն Բարձրյալն է տիրում աշխարհի ու նրա բոլոր թագավորների վրա։ ՈՒ նա՝ Տրդատը, մի ամբողջ զորաբանակ հատկացրեց, որ Գրիգոր Լուսավորչի առաջնորդությամբ գնան ու հեթանոսական խավարի դիվատները քանդեն ու տեղը Հիսուսի հաղթական Խաչը կանգնեցնեն։
Ո՞Ւր էին Տրդատի փորձության ժամանակ կռատների դարավոր հմտությունն ու զորությունը, որ օգնեին Տրդատ արքային ու բժշկեին դիվահարությունից և ազատեին խոզակերպ կապանքներից. նրանք անզոր էին Տիրոջ խրատող հարվածի դեմ։
Իսկ հետո այդ նույն կռատների քուրմերի զավակները, որոնք տեսան Տիրոջ Աջով կատարվող բժշկություններն ու զորությունները, իրենք էլ մերժեցին իրենց հայրերի մոլորությունը և մկրտվելով քրիստոնեություն ընդունեցին` դառնալով կազմավորվող եկեղեցու առաջին եպիսկոպոսները։
Հետագայում դեռ հեթանոսական մոլոր հավատի ջատագովները՝ հայոց մի քանի նախարարներ, որոնց հետնորդները, ինչպես համոզվում ենք, մինչև հիմա դեռևս կան մեր ազգի մեջ, հայոց երկիրը պարսիկների ձեռքից ազատագրած ու կես դար թշնամիների դեմ բազում հաղթանակներ տարած քրիստոնյա Տրդատ արքային նենգորեն թունավորելով, սպանեցին։ Այդպես վարվեցին նաև սուրբ Ներսես Մեծի և այլոց հետ, որոնք իսպառ մերժել էին հեթանոսության մոլար, շատ դեպքերում նաև` պիղծ, արժեքները։ Այո՛, պիղծ, որովհետև մեր իմաստուն նախնիները մեզնից լավ գիտեին, թե հեթանոսական տաճարներում ինչ այլասերություն ու պղծություն էին տարածվել այն ժամանակներում։ Այս մասին արդեն գրվել է, բայց կրկնելով դարձյալ հիշեցվում է, որ բանն այնտեղ էր հասել, որ դիվապաշտ ու մոլորյալ հեթանոս հայ ծնողները, իրենց անարատ ու դեռատի կույս աղջիկներին տաճարական «առնականների», այսպես կոչված, «սուրբ ցուլերի» մոտ էին տանում, որ տաճարներում առանձնացված «սրբարաններում» նրանց կուսությունից զրկելով՝ «սրբացնեն», որից հետո հեթանոս «բարեպաշտները» հաճույքով ամուսնանում էին այդ «սրբացած» կանանց հետ ու արդեն պղծությամբ հղացված պոռնկածիններ բազմացնում: Դե ի՛նչ, ավելի՞ խորանանք հեթանոսական գարշաղբի մեջ, կանացի ու տղամարդկանց սեռական անդամների՝ ֆալլոսների երկրպագությո՞ւնը գովերգենք, որոնց սիրահոժար գրկախառնվում ու համբուրում էին պղծամոլ ու վավաշամիտ կռապաշտ հեթանոսները։
Երկնքի արքայությունը թանկարժեք մարգարտի է նման, որի արժեքը միայն հավիտենական արժեքներ փնտրող հոգիները կհասկանան: Եվ մեր ազգը, իր հոգու դեռ հեթանոսական անիմանալի խորքերից փնտրելով, առաջինը գտավ հավիտենական թագավորությունը տանող Դուռը՝ Նրան՝ մեր Փրկչին, որից հետո, շա՜տ հետո, ավելի զորավոր կարծված ազգեր, մեզ որպես բարի օրինակ ունենալով, համարձակվեցին իրենց չաստվածների դեմ ելնել ու իրենց հեթանոսական տաճարներն ավերել, սատանայախորհուրդ որջեր համարելով դրանք, այդ թվում և` հունական մշակույթի այրերը:
Հայորդի դեռևս հեթանոս զավակներ, դուք, որ մերժելով քսան դարերի հոգևոր ու մշակութային ազգային մեր արժեքները, ուզում եք դարձյալ արժեքավորել հայոց նախնի իմաստուն հայրերի մերժած հեթանոսական հավատն ու սովորությունները, գոնե մի անգամ սկզբից մինչև վերջ կարդացե՞լ եք մեր ազգի համար սուրբ համարվող գիրքը՝ Աստվածաշունչը, որի դեմ եք բարբառում հիմա։ ՈՒնե՞ք արդյոք ձեր սրտերում հավիտենական կյանքի արժեքներ ու դեպի այն տանող ճանապարհը։ Եթե ոչ, ապա կույրերի նման ուզում եք ձեզ նման ուրիշ կույրերի առաջնորդել` չիմանալով թե ուր, և, ի վերջո, մեղքի ու կորստի փոսը պետք է ընկնեք։
Եվ դարձյալ. Գրիգոր Լուսավորչին մի անսուրբ բարբարոս համարելով, որն իբր մեր ազգին թշնամություն անելով ոչնչացրել է հեթանոսական ժամանակների մեր ունեցած արժեքները, դրանով իսկ դուք անմիտների ու անսուրբների շարքն եք դասում մեր բոլոր հայոց սրբերին ու իմաստուն մեծերին, որոնք նման անմիտ հանդգնություն չեն խորհել, այլ եղածն ընդունել են որպես անհրաժեշտություն՝ հին ապականյալը քանդվել է, որ նորն ու ապրեցնողը հաստատվի։
Եվ, ի վերջո, եթե մեր քրիստոնյա սուրբ նախնիները սուրբը անսուրբից, օգտակարը վնասակարից չեն կարողացել տարբերել, ուրեմն մենք ազգովին քսան դար մոլորության մեջ ենք դեգերել, ու ներկայիս սերունդն էլ ընդամենը դրանց խղճուկ մնացորդն է։ Այդ չէ՞ արդյոք պատճառը, որ մեր անարմատ հակառակորդ ազերիներն իրենց այս հինավուրց երկրի բնիկ ժողովուրդն են համարում։
Որպես հաստատում վերը գրվածի, հիմա կարդանք ու համոզվենք, որ այս մասին դեռ դարեր առաջ Սուրբ Գրքի մարգարեական խոսքով զգուշացվել է մեզ՝ եկող սերնդիս. «Սուրբ Հոգին հայտնապես ասում է, թե վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հավատից և իրենց ուշադրությունը պիտի դարձնեն մոլորեցնող ոգիների վրա և դևերի վարդապետությունների վրա» (Ա Տիմոթ. 4.1)։
Հիրավի, ճշմարիտ է նաև Պետրոս առաքյալի այս գրածը. «Նրանց հարմար է գալիս այն իմաստուն, ճշմարիտ առածը, թե՝ շունը վերստին է դառնում իր փսխածին, և թե՝ լվացված խոզը վերստին է թավալվում տիղմի մեջ» (Բ Պետրոս 21.22):
ՈՒրեմն, իմանալով այս զգուշացումը, չլինի թե մոլար ոգիների վարդապետությունների հետևորդ ազգ դառնանք ու դրանով իսկ Աստծո օրհնության փոխարեն Նրա բարկությունը դիզենք մեզ վրա։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1345

Մեկնաբանություններ