38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ԱՇԽԱՏԱՎՈՐ ՄԵՂՈՒՆԵՐԻ» ԵՎ «ԲՈՌԵՐԻ» ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

«ԱՇԽԱՏԱՎՈՐ ՄԵՂՈՒՆԵՐԻ» ԵՎ «ԲՈՌԵՐԻ» ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
11.10.2011 | 00:00

«Աճախտի» կամ մեզ ճարակած խնդիրների (որոնց մասին խոսվել է հոդվածի արդեն հրապարակված մասում) որոշ դրսևորումներ ավելի քան 20-30 տարվա ակունքներ ունեն։ Սա մի էժանագին փորձ չէ առաջին հերթին մեր կամ էլ մեկ ուրիշի ուսերից թոթափելու պատասխանատվությունն այն բանի, ինչ մեզ հետ կատարվել և կատարվում է։ Առավել ևս արատավոր անպատասխանատվությունն ու կույր ապերախտությունը, առաջին հերթին, սեփական հոր կամ պապի նկատմամբ, ովքեր տարբեր ազգերի և դավանանքի բազմամիլիոն մարդկանց հետ ազնվորեն կառուցել ու շենացրել են մեր ապագան և անձնվիրաբար պայքարել են օջախի պահպանության և անվտանգության համար։
(սկիզբը` 57, 58-ում)

Հարկ չեմ համարում խոսել այդ պատմական շերտերի և դրանցում տեղ գտած պայմանների մասին, որոնք և ի հայտ են բերել «աճախտի» որոշ դրսևորումներ («Այլ բան տրված չէ», Յ. Աֆանասևի խմբագրությամբ, 1988 թ.)։ Բայց հանրության մեջ տեղի ունեցող ապակակողմնորոշիչ գործընթացների, շահերի բացարձակ անհամատեղելիության ու աններդաշնակության, չմտածված ու չմոդելավորված (գոնե մի կերպ) «արագացման» և «վերակառուցման», շուկայի և արտադրական կոոպերացիայի հիմքերի անպատասխանատու և անհեռանկար ավերման (և այլ ցավալի երևույթների) առնչությամբ անձամբ իմ առաջին զգացողությունները կապված են պատմության ծալքերում թաղված, բայց իր նողկալի շոշափուկներով մեզ դեռևս իր մասին հիշեցնող ԽՄԿԿ Կենտկոմի 1985 թ. ապրիլյան պլենումի հետ։ Երիցս ճիշտ էր հին ժամանակների բժշկագետն ու իմաստասերը, պնդելով, թե «միայն չափի շնորհիվ է, որ նյութը դառնում է կա՛մ թույն, կա՛մ դարման»։
Հենց դրանից հետո էր, որ մենք սկսեցինք մեծ կորուստներ կրել։ Մենք, նվաճումների կողքին, արժեքավոր շատ բան կորցրինք և տեղը տեղին «հարամեցինք» ոչ միայն այն, ինչ առնչվում է «նյութական բարիքների», արժեքների ու միջոցների դաշտին, այլև, որ ամենագլխավորն է, այն, որ կոչվում են «մարդկային պարզ հարաբերություններ» և «հոգևոր արժեքներ»։ Ավելի ու ավելի հազվադեպ կարելի էր նկատել, որ աստիճաններով ցած վազող աշակերտը, տեսնելով բարձրացող ուսուցչուհուն, կանգ առներ, աչքերը խոնարհած սեղմվեր պատին և ճանապարհը զիջեր նրան։ Ավելի ու ավելի հազվադեպ կարելի էր վկա լինել, որ փողոցում պատահական անցորդը մի առանձնակի ակնածանքով սեղմեր մեր թատրոնի ու կինոյի պատվարժան մեծերից որևէ մեկի ձեռքը և մի քանի րոպե զրուցեր մեր մասին, աշխարհի անցուդարձի մասին։ Այսօր գրեթե անհնար է տեսնել, որ, անգամ գյուղական վայրերում, խնջույքի սեղանի շուրջ նստածները մեծարեն և հարգանքի տուրք մատուցեն դպրոցի տնօրենին կամ վիրաբույժին ոչ պակաս, քան, ասենք, գյուղապետին։ Այսօր գրեթե անհնար է նկատել, որ մարդիկ հերթ կանգնած լինեն գրախանութներում կամ հարցնելիս լինեն, թե երբ է վաճառքի հանվելու Սևակի ստեղծագործությունների նոր հինգհատորյակը։
Այսօր դժվար է երևակայել այնպիսի մի բան, ինչ մի ժամանակ հնարավոր էր դեռահասի համար` դռան արանքից միայն հետևելու, թե ինչպես է իր արվեստանոցում աշխատում մեծ Սարյանը։
Այսօր դժվար թե տեսնես, որ մարդկանց զանգվածը, առանց որևէ հրահանգի, անբարբառ ու հարգալից, հետ է ընկրկում` ճամփա բացելով գրողի, կոմպոզիտորի, ակադեմիկոսի, պետության ղեկավարներից որևէ մեկի կամ Ամենայն հայոց կաթողիկոսի առջև։ Այո, այսօր, ցավոք, դեռ այսպես է։
Կարծում եմ, շատերի հետ է այսպես պատահում. քեզ մինչ օրս, ասես, լավ ծանոթ իրերը, հասկացություններն ու իրողությունները դու հանկարծ սկսում ես զգալ ու գիտակցել ընկալման միանգամայն այլ մակարդակով, երբ դու, հզոր դիպվածի բերումով, բախվում, վկան կամ մասնակիցն ես դառնում վիթխարի երևույթի։ Նման վիթխարի երևույթ կարող է լինել ինչպես մարդը կամ նրա ոչ պակաս կոթողային քերթվածքը, այնպես էլ մի ինչ-որ իրադարձություն, որը նշանակալիությամբ և խոր հուզականությամբ շոշափում է շատ շատերի, երբեմն նաև ամբողջ ժողովրդի, շատ ու շատ ժողովուրդների, հաճախ էլ ամբողջ մարդկության շահերն ու զգացումները։
Ահա ես էլ մի անգամ, դառնալով մի իրադարձության (կասեի` երևույթի) վկան, ընկալման միանգամայն այլ մակարդակում, թույլ տվեք ասել, իմ հոգու և մարմնի բոլոր ընկալիչներով, ինձ համար վերստին հայտնագործեցի այնպիսի ճշմարտություններ, ինչպիսիք են`
Լև Տոլստոյի «մարդկանց միավորում է ըմբռնողությունը»,
Ֆ. Դոստոևսկու «գեղեցկությունը սովորեցնում են»,
Ս. Կապուտիկյանի «Հաշվետու եմ...»,
Ջիվանու «Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան,
Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան» և այլն...

...Կառչած ձեռնարկության պատուհաններից, որտեղից լավ երևում էր Ծիծեռնակաբերդի բլուրը, ակնդետ հետևում էինք մարզահամերգային համալիրից բարձրացող սև ծխի թանձր քուլաներին ու խորքից ելնող բոցի լեզուներին, սպասում էինք` ուր որ է կրակը կմարի։ Որ հիմա վրա կհասնեն քաղաքի բոլոր հրշեջ անձնակազմերը և կմարեն։ Կամ կգործի համալիրի ներքին հակահրդեհային համակարգը։ Մի խոսքով` կմարեն, համոզված էինք։ Բայց ծխի ամպը գնալով խտանում էր, կրակը` տարածվում։ Մարդկանց հոծ ամբոխ էր հավաքվել Հալաբյան-Լենինգրադյան խաչմերուկում, էլի ամեն կողմից գալիս էին ու գալիս։ Ճամփեզրով օգնության շտապող մարդկանց (բուն փողոցով հրշեջ մեքենաներն էին սլանում) հոսքում մեծ ու փոքր, շարքային երևանցիներ և բարձրաստիճան պաշտոնատար անձինք էին։
Մի 100 մետր էլ չէինք անցել, շշուկներ լսվեցին` «Կաթողիկոսը, կաթողիկոսը»։ Ճամփեզրերին գրեթե անշարժացած մարդկանց աչքի առջև Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինն էր, որ չնայած պատկառելի տարիքին, երկու ձեռքով սև կապայի փեշերը հավաքած, լայն քայլերով, տարիքին անհամապատասխան արագությամբ բարձրանում էր զառիվեր ծառուղով և շնչակտուր, հազիվ լսելի ձայնով մեկ բան էր հասցեում աջ ու ահյակ` «Չվհատվիք», «Չվհատվիք...»։ Մարդկանց ալիքը տեղից շարժվեց միայն այն պահին, երբ Վեհափառը, ուղեկցող հոգևորականների փոքրաթիվ խմբով, հավասարվեց ու առաջ անցավ, ակամա գլխավորելով, ասես, հույս ու հավատ առած թափորը (այնքա՛ն հույս ունեմ, որ այդ պահին նրան ուղեկցող հոգևորականներից որևէ մեկն ամենայն մանրամասնությամբ թղթին կհանձնի այդ օրվա իրադարձություններին Նորին Սուրբ Օծության մասնակցությունը)։
Դա, իրոք, մի երևույթ էր, որն անանց տպավորություն և անջնջելի հուշեր թողեց շատերիս սրտում։ Սակայն, օգտվելով առիթից, հիշեմ նաև մեկ այլ` «աշխարհիկ» դրվագ. գրեթե մոտեցել էինք համալիրի հրապարակին, երբ նկատեցինք ճամփեզրի առվի մեջ թաղված մի ծանր հրշեջ մեքենա, որը հռնդյունով ու «հետառաջ տալով» փորձում էր դուրս պրծնել ցեխի գերությունից, բայց ապարդյուն։ Այդ պահին տասնյակ տղամարդիկ, առանց հրահանգի կամ խնդրանքի, նետվեցին դեպի մեքենան, և բառացիորեն մեկ-երկու րոպեից այն արդեն սլանում էր դեպի համալիր։
Ամենայն հարգանքով դեպի ծնողներս, որոնք ամեն ինչ արել են մեզ` իրենց զավակներին, համակ հայ դաստիարակելու համար, դեպի մեր ուսուցիչներն ու դաստիարակները, որոնք մեզ շատ ու շատ բաներ են ուսուցանել, դեպի հեղինակները, որոնք իրենց գրքերով մեզ անանց ու անփոխարիների գիտելիքներ են տվել, դեպի այն հոգևորականը, որը մկրտել է ինձ մանուկ հասակում, այնուամենայնիվ, հենց այդ հիշարժան օրն եմ ես իրավամբ մկրտվել ու սերվել իբրև հայ և հայ գենի կրող։ Ես խոսում եմ ոչ թե վերին առանձնաշնորհների, այլ պատասխանատվության մասին, և ի հաստատումն դրա ուզում եմ ավելացնել. մինչ օրս ես հիվանդագին զգում եմ իմ մի տեսակ անլիարժեքությունը, թեկուզ և այն պատճառով, որ երբ հարկ է լինում գրելու լուրջ բաների մասին, ստիպված եմ այդ բանն անել ոչ թե իմ մայրենի հայերենով, այլ ռուսերեն։ Այս տեքստը հայերենի է վերածվել իմ բարեկամ թարգմանչի` Ֆելիքս Ենգիբարյանի բարեհաճ աջակցությամբ։
Մեզնից ոչ ոք այն ժամանակ չէր կարող գուշակել, որ արդեն մի քանի տարի հետո մենք առիթ էինք ունենալու բախվելու այնպիսի իրադարձությունների և մարտահրավերների, որոնք մեզնից պահանջելու էին ոգու, պատասխանատվության, սեփական և համամարդկային իդեալներին անմնացորդ նվիրումի է՛լ ավելի նշանակալի միասնություն, զրկանքներին, ցավին, կորուստներին դիմանալու, ինչպես բնական աղետներին, այնպես էլ, ավա՜ղ, աշխարհում դեռևս ոչ հազվադեպ հանդիպող անարդարություններին, թալանին, բռնությանը, սպանդին ու ագահությանը դիմակայելու կարողություն։
Բայց հենց այն ժամանակ, երբ այրվում էր մարզահամերգային համալիրը, երբ տեսնում էինք ածխացած գույքը, և կարճ ժամանակ (կարծես մեկ տարի) հետո, երբ վերականգնված շենքում նոր սարքավորումներ էին տեղադրվում, մեզնից շատերն ընկալման միանգամայն այլ մակարդակով սկսեցին վերաբերվել շատ երևույթների և իրողությունների։ Այդ իրողություններն ու կենսահաստատ երևույթներն այնքան էլ ցցուն չեն արտահայտված մեր առօրյա կենցաղում։ Դրանք դրսևորվում են միայն էքստրեմալ ու ճակատագրական ժամերին, և դա շատ բնական է ու հասկանալի։ Ամեն օր չի պապն իր սիրելի թոռնիկին փաղաքշում։
Հենց այն օրերին մեզնից շատերը, տեսնելով երանելի հարաբերություններն իրենց ամբողջ խորությամբ, իրենց համար պարզեցին շատ բաներ, որոնք ձևավորեցին նրանց հետագա աշխարհազգացողությունն ու աշխարհընկալումը.
.ինչպես է մարդ հաճախ զգում կողքինի կարիքը,
.ինչպես կարող է մեկ մարդը փրկել 12 խեղդվողների,
.ինչպես են միմյանց հարգում և հոգատարությամբ շրջապատում ժողովուրդն ու երևելի մեկը,
.ինչպես են միմյանց վերաբերվում ժողովուրդն ու պետությունը,
.ինչ չափով է մեզնից և թվարկվածներից (ժողովուրդ, անվանի մարդիկ, պետական այրեր և այլք) յուրաքանչյուրն իրականում զգում պատասխանատվության իր մասը,
.ինչպես են մարդիկ վերաբերվում «նորին մեծություն» անհրաժեշտությանը,
.ինչպիսի, շատ հազվադեպ Աստծո լույսին արժանացող, տիտանակուռ ճոպանով ենք մենք կապված.
ա) Յակուտիայից մինչև Եգիպտոս և Ավստրալիայից մինչև ՈՒրուգվայ ապրող ամեն հայի հետ,
բ) մեր Արարատի ու Էջմիածնի հետ,
գ) մեր փոքր ու մեծ հայրենիքի` Հայաստանի ու Երկրագնդի հետ,
դ) մեր մեղեդու, գուներանգի ու պատմության հետ,
ե) մեր Երևանի ու 20-ամյա նորանկախ Հայաստանի Հանրապետության հետ և այլն։
Հենց նման օրերին ես սկսում հստակորեն հասկանալ, թե այդ ինչ հզոր ուժ է մի բուռ մարդկանց դրդել հիմնելու և զարգացնելու (այստեղ` Հայաստանում) առաջավոր ու ամբողջ քաղաքակրթության համար զարգացման հեռանկարներ բացող մեր սեփական դպրոցները աստղաֆիզիկայում, միջուկային ֆիզիկայում, տեղեկատվական տեխնոլոգիաներում... Եվ այս ամենն այստեղ` Հայաստանում, այն ժողովրդի շրջանում, որն ընդամենը մի կես դար դրանից առաջ հոշոտվել է ու բզկտվել շատ ժողովուրդների կողքին իր տոնն էլ ունենալու ցանկության համար։ Անշուշտ, այդ մարդիկ դեռևս այն ժամանակ` անցած դարի հեռավոր 50-60-ականներին, իրենց մտքի, կամքի ու ժողովրդի հանդեպ հավատի շնորհիվ հստակորեն հասկացել էին սեփական ազգի առջև ծառացած անհրաժեշտությունները, ինչպես հետո ցույց տվեց ժամանակը, բավականին ճշգրիտ գնահատել էին սեփական ժողովրդի ունակությունները և, վերջապես, ուսյալ այրերին վայել պատասխանատվությամբ մոտեցել բացվող հնարավորությունների պատկերացման ու նկարագրման հարցերին։
Այդ մի բուռ երևելի հայերի ու նրանց գաղափարակից սերունդների շնորհիվ այսօր մենք կարող ենք հպարտորեն խոսել հայկական ռազմարդյունաբերական համալիրի, տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում մեր հաջողությունների առթիվ միջազգային կազմակերպությունների դրական գնահատականների, շախմատային տերություն լինելու, միջուկային բժշկական կենտրոն ստեղծելու նախագծի մասին և այլն։
Երևելի հայերի այդ փոքրիկ խումբը հրաշալի էր պատկերացնում Նիկոլա Տեսլայի տեսությունը, ուստի և գիտեր, որ «հարկավոր տեղում գործադրված փոքրիկ ճիգերն անգամ կարող են լայնաճակատ պատասխան ալիքներ առաջացնել»։
Բացառված չէ, որ ոմանց վաղուց և քաջ հայտնի փաստերի հիշատակումն ու դրանից բխող մտահանգումները կթվան (կամ վաղուց արդեն ընկալվում են) ծայրահեղություններ, ձանձրացուցիչ տափակություններ, վաղուց անցած-գնացած ու մեր այսօրվա իրականության, առավել ևս ապագայի հետ ընդհանուր ոչինչ չունեցող մեծախոսություն։ Բայց այդպես չէ։ Համոզված եմ, որ ամեն լուրջ գործ, նախաձեռնություն, փուլակազմիկ ուղի սկսելուց առաջ մենք բոլորս պետք է մեկ անգամ ևս դիմենք իդեալներին, աքսիոմներին, հավատքին, անցած ուղուն և ժառանգած արժեքներին։ Ինչպես լեռնագնացների խմբի ղեկավարն է դժվարին վերելքից առաջ մեկ անգամ ևս ստուգում հանդերձանքը, երթուղին, օդերևութաբանական տվյալները, մարդկանց հոգեկան, ֆիզիկական ու առողջական վիճակը։ Ինչպես ռազմիկն է ճակատամարտից առաջ մտաբերում իր մերձավորներին ու աչքերը վեր հառած հայցում Բարձրյալի աջակցությունը։ Եվ դա միանգամայն բնական է։ Սա գալիս է մարդու բնույթից, պրոֆեսիոնալիզմից, իր գործի ու շրջապատի նկատմամբ հարգալից վերաբերմունքից։
Ինչպես և վայել է մեր դարավոր ավանդույթներին (ուսուցչի հանդեպ աշակերտի հարգանքը, ջերմ ու բարյացակամ փոխհարաբերությունները, այդ թվում` քաղաքի փողոցներում, մեր մեծերի մատչելիությունը շարքային մարդկանց հետ շփումներում, որոնք կարող են ենթակա լինել միայն էթիկայի կանոններին, իր երևելիների նկատմամբ ժողովրդի պատկառանքն ու անմնացորդ սերը, համատարած ակնածանքն այն ամենի նկատմամբ, ինչ կապված է, ասենք, Սևակի ու Սարյանի, մեր բոլոր մեծերի անվան հետ, առաջավոր գիտությամբ զբաղվելու հնարավորությունը և այլն, և այսպես շարունակ), կյանքի անարատ համը մեզնից առհավետ երես չի թեքել։ Մենք, ինչպես լինում է նաև այլ ժողովուրդների կյանքում, գուցե և մի քիչ «ցնցղել» ենք այն, բայց չենք կորցրել առհավետ։ Եվ սա ամենևին էլ արդարացում չէ, այլ սոսկ բացատրության փորձ։
Սակայն շուտով, շատ շուտով կյանքի այս ամբողջ իսկական հմայքը, մեր կեցության մեղմ և մարդկայնորեն ջերմ կերպը կվերադառնա գրեթե լիակատար ծավալով։ Որովհետև առանց որևէ չափազանցության ու պաթոսի պետք է ասեմ, որ դա մեր ժառանգությունն է, մեր ճշմարիտ նկարագիրն ու մեր կերպարը, մեր գենետիկան և, եթե կուզեք, գոյության միակ ձևը, որը կարող է պտղաբերել հանուն մեր բարօրության և համամարդկային երանգապնակի հարստացման։ Կարծում եմ, իրենց վաղեմի արժեքներին այլ ժողովուրդների ու պետությունների վերադարձի պատմական օրինակներն այստեղ ավելի քան տեղին չեն լինի։ Մեզանում չի կարող լինել ֆեոդալիզմ, ցարիզմ, հանրության կաստայական բաժանում և ավտորիտարիզմ հիշեցնող չափազանց ուժեղ ու տևական որևէ դրսևորում։ Մեր պատմական ուղին մեր նախարարներով ու արքաներով, մեր հարուստներով ու աղքատներով, այդուամենայնիվ, փոքր-ինչ այլ գույն ու երանգ է ունեցել։ Մենք, մեծ հաշվով, զուսպ ու ասկետական ենք եղել ոչ միայն նախարարական դղյակների ու ամրոցների, այլև, որ առանձնապես կարևոր է, մեր եկեղեցիների առումով։ Այն եկեղեցիների (քարից կերտված, ուրեմն և բոլորին տեսանելի), որոնք հարյուրամյակներ շարունակ, գենետիկ հիշողության, լեզվի ու ավանդույթների հետ մեկտեղ, եղել են ամբողջ հայ ժողովրդին չափի ու կարգի հասկացություն հրամցնող միակ կանգուն կամերտոնը։ Եվ մեզ, որպես այդպիսիներին, այնքան երկար են սովորեցրել ու դաստիարակություն տվել, որ ոչ մի վաղանցիկ «ախտ» ու «մանրէ» չեն կարող փոխել մեր ճշմարիտ դեմքն ու մեր ճշմարիտ էությունը։
Հենց այդպես եմ ես պատկերացնում ժառանգված արժեքավորի այն միջուկը, որ պետք է մեզ միավորի շատ մոտ ապագայում։ Միավորի հանուն մեր նոր նկարագրի արագ ձեռքբերման։ Կրկնեմ` սա ոչ միայն շատ շատերի ցանկությունն է, այլև ժամանակի և «համաքաղաքակրթական գործընթացի» օրինաչափությունների թելադրանքը։
(շարունակելի)
Հրաչյա ԲԱԴԱԼՅԱՆ

Դիտվել է՝ 1439

Մեկնաբանություններ