Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

ՄԻ ՏԽՈՒՐ ԽԱՂԱԼԻՔ` ՄԱՐԶԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՈՒՐԱԽ ՏՈՆԱԾԱՌԻՆ

ՄԻ ՏԽՈՒՐ ԽԱՂԱԼԻՔ` ՄԱՐԶԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՈՒՐԱԽ ՏՈՆԱԾԱՌԻՆ
23.12.2011 | 00:00

Երբ խմբագրությունից առաջարկ ստացա թերթի տարեվերջյան համարի մարզական էջը դարձնելու մարզական կյանքի ձեռքբերումների ու ձախողումների ամփոփում-ընդհանրական վերլուծություն, անկեղծ ասած, լրջորեն տխրեցի: Տխրեցի ոչ այն բանի համար, որ էջեր թերթելու, համեմատելու, փաստերը, արդյունքները համադրելու ահագին գործ է բացվում: Տխրեցի մեր` ժամանակից դուրս ապրելու համար, որովհետև քաղաքակիրթ աշխարհում վաղուց ի վեր չկա մարզական կյանքի սեզոնային բաժանում, և այդ մենք ու մեզ նմաններն են, որ դեռ ապրում են պայմանականությունների տիրույթում, այդ մեզ ու մեզ նմանների համար է ձմեռը ոչ թե մարզական կյանքի շարունակականության վկայություն, այլ ֆինանսական սուղ միջոցների մեջ հրաշքով տեղավորվելու ու տան ցուրտը մի կերպ մեղմելու հոգս: Մինչդեռ, ունենալ այսքան տևական ձմեռ ու չունենալ ձմեռային մարզաձևեր, դրանց զարգացած ենթակառուցվածքներ, առնվազն խելապակասություն է: Սակայն դրության ամբողջ զավեշտն էլ այն է, որ մեզ այդ «տագնապը» չի սպառնում ու, անկեղծ ասած, չի էլ կարող սպառնալ գործերի ու իրողությունների այս դրվածքի դեպքում, քանի դեռ ունենք նման վերաբերմունք մարզական կյանքի մի խոշոր բաղկացուցչի նկատմամբ, ինչը քաղաքակիրթ աշխարհի համար վաղո՜ւց դարձել է կեցության կերպ ու նորմա:
Այսի՞նքն:
Այսինքնը ո՞րն է: Վերցրեք հեռուստացույցի հեռակառավարման վահանակն ու տեսեք` ձմեռային մարզաձևերի ի՜նչ բազմազանություն է ու ի՜նչ դիտարժանություն, իրենց սարերն ու դաշտերը, լեռներն ու անտառները (էլ չեմ խոսում ծածկովի մարզակառույցների ու նրանց ընձեռած հնարավորությունների մասին) մրցության ի՜նչ հրաշալի վայրեր են դարձրել այդ «անամոթ» քաղաքակրթվածները` ազգին գոնե երեք-չորս ամիս ձմեռային քուն մտնել թույլ չտալու իրենց ակնհայտ «լկտիությամբ»:
Չէ, մենք տաք զգացողությունների ու «տաք» մարզաձևերի երկիր ենք, ձմեռայինները մեր բանը չեն, համ էլ ավելորդ ծանրաբեռնումով մարզական ֆունկցիոներներին ու նրանց սպասարկու լրագրողներին (համքարության մեր ազնիվ գործընկերներին նկատի չունենք) կխանգարեն տարին ամփոփելու. չէ՞ որ մարզական կյանքի առումով մեզ նման երկրների համար գոյություն ունի հստակ գրաֆիկ` օրացուցային տարվա սկիզբ-օրացուցային տարվա վերջ տարանջատմամբ, և ի՞նչ իմաստ ունի կյանքի բնականոնությունը խաթարել:
Հիմա տեղեկացված ընթերցողը կասի. «Մի րո՜պե, ընկեր ջան, էդ դու չէի՞ր, որ դեռևս ամառվա կեսին տաք-տաք գրչով ավետեցիր Սերգեյ Միքայելյանի` երիտասարդների աշխարհի չեմպիոն դառնալու մասին` սևով սպիտակի վրա գրելով. «Օգոստոսի 10-ն ուղենշային եղավ հայկական դահուկային սպորտի համար»»: Ե՛ս եմ գրել, բա ո՞ր սև սատանան է գրել ու, ձմեռային թեմայից կտրուկ անցում անելով, ավելացնում եմ, որ իմ գրչին են պատկանում նաև հետևյալ տողերը. «Մոսկվայում ավարտված երիտասարդական առաջնությունից աշխարհի փոխչեմպիոնի կարգավիճակով վերադարձավ հեծանվորդ Մհեր Մկրտչյանը: Տասնութամյա մարզիկի մեդալները (Մհերը երկու արծաթե մեդալ է շահել) նույնպես նոր էջ են բացում մեր հեծանվային սպորտում»:
Ես հասկանում եմ, որ այս կտրուկ անցումներով, ամառ-ձմեռ իրար խառնելով ընթերցողին վերջնականապես հունից հանում եմ, բայց ստիպված եմ ապավինելու նրա իմացությանն ու շատ բաներ կեսբերան ասելու, որովհետև թերթի ձևաչափը կոկորդս բռնած խեղդում է ու ծավալվելու դաշտ չի թողնում։ Իսկ որ Սերգեյի ու Մհերի մասին հիշեցնում եմ, ոչ այնքան նրա համար է, որ տարվա լավագույնների տասնյակում տեղ չեն գտել, թեպետ նրանցից մեկը, հիշեցնում եմ, աշխարհի չեմպիոն է, մյուսը` կրկնակի փոխչեմպիոն: Նրանք իրենցն արել են ու արածով իսկ պատմություն են` անկախ ֆունկցիոներների, վայ-լրագրողների կամքից, ամեն տեսակի լավագույն տասնյակներից: Հատկապես` Սերգեյը (Մհերը նախորդներ ունեցել է, պարզապես երկու տասնամյակի բաց է փակել ընդամենը, թեպետ այս պարագայում «ընդամենը» կոչվա՞ծն ինչ մեղքս է):
Լավագույն տասնյակ։ Նայում ես ու չգիտես` խնդա՞ս, թե՞ լաս: Լավ, որ ոչ մեկին վիրավորած չլինեմ, հրապարակված սույնի առնչությամբ, օրինակը բերեմ իմ նախընտրած մարզաձևերից երեքից` ծանրամարտից, բռնցքամարտից ու ըմբշամարտից, որովհետև տղաներս լավ գիտեն, թե իրենց որքան եմ սիրում ու ինչ առանձնահատուկ վերաբերմունք ունեմ իրենց անձի հանդեպ: Տասնյակում, պարզվում է, Գոռիկիս` աշխարհի պատանիների չեմպիոն, պոկում վարժությունից աշխարհի երիտասարդների չեմպիոն, աշխարհի պատանեկան ռեկորդակիր, հսկայի քայլերով աճող Գոռ Մինասյանիս համար տեղ չկա, ու տեղ կա համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն Աղասի Աղասյանիս համար:
Է, եղա՞վ:
Տասնյակում, ուրեմն, տեղ չկա Հայաստանի ընտրանուն շախմատի աշխարհի չեմպիոնություն բերած Գաբրիել Սարգսյանի (անձամբ ճանաչում եմ) ու տեղ կա իմ առանձնահատուկ հիացքի` Վլադիմիր Սարուխանյանի համար (ոչ թե ճանաչում եմ, այլ լավ եմ ճանաչում), տեղ չկա երիտասարդների աշխարհի չեմպիոններ, ըմբշամարտիկներ Ռաֆայել Մանուկյանի ու Նարեկ Խաչատրյանի (անձամբ չեմ ճանաչում) ու տեղ կա ֆլանքյասի ու ֆստանքյասի համար (երկուսին էլ անձամբ ճանաչում եմ):
Չէ, արժեքային համակարգը մեզ մոտ լրիվ խախտված է, ու ամեն ինչ բերված է անձնական համակրանքների ու հակակրանքների մակարդակի: Ինչ-որ մի տեղ սա էլ կարելի է հանդուրժել` առաջնորդվելով` «ես մարդ եմ ու մարդկային ոչինչ ինձ օտար չէ» ինչ-որ տեղ տխուր, ինչ-որ տեղ արդարացված բանաձևումով, բայց որ սեփական անձի չիմացությունն է, չտեղեկացվածությունն է դրվում գնահատման չափանիշների մեջ, սա արդեն ողբերգություն է:
Դառնամ հիմա ինձ համար ցավոտ լեգեոներության թեմային` չվախենալով, որ կարող եմ մեղադրվել տեղական պատրիոտիզմի մեջ (չիմանաք, թե բառի հայերեն համարժեքը չգիտեմ, էս անգամ սիրտս էսպես ուզեց, ներող կլինեք):
Չեք պատկերացնում, թե քեֆս ինչպես ու ինչքան բերեց հայկական ըմբշամարտի հեղինակության համար վերջին տարիներին այնքան շատ բան արած Յուրի Պատրիկեևի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներից մեկի հետ, որտեղ մարդը պարզ, տղամարդավարի խոր ցավ էր ապրում, որ իր նվաճած մեդալները կարող էին լինել ի՛ր հայրենի երկրի համար, ու քաղցր կյանքից չէ, որ հանդես է գալիս ուրիշ երկրի դրոշի ներքո:
Ես չեմ ասում վաստակ ուրացող լինենք, բայց և չեմ կարող չհարցնել` իսկ այդ ո՞ր ըմբշամարտիկ լեգեոներին ենք Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալու համար սև հացի փող տալիս, ու այդ ո՞ր մեկն է մեր սիրուն աչքերի համար Հայաստանը ներկայացնում:
Մինչ կփորձեք հարցիս պատասխանը գտնել, ես դառնամ օրեր առաջ ծանրքաշային ծանրորդների միջև խաղարկված Ռուսաստանի Դաշնության նախագահի մրցանակին ու հետն էլ հինգ հազար ամերիկյան դոլար ստացած Դավիթ Բեջանյանին, ում սահմանած աշխարհի ռեկորդը` 238 կիլոգրամ, մասնագետների միահամուռ գնահատմամբ, ֆանտաստիկ արդյունք է, իսկ Ռուսաստանի ծանրամարտի ընտրանու գլխավոր մարզիչ Դավիթ Ռիգերտը լրագրողի` «քաշային կարգում Հաջիմուրադ Ակաև ու Դմիտրի Կլոկով ունենալու դեպքում հիմա ինչպե՞ս վարվել Դավիթ Բեջանյանի պարագայում» հարցին պատասխանում է այսպես. «Ավելի լավ է գլուխ ցավեցնել ուժեղ մարզիկներից նախապատվությունն ում տալու գլուխկոտրուկի, քան այն բանի վրա, թե որտեղից ճարել ուժեղ մարզիկներ»:
Նման դեպքերին ընկերներիցս մեկն արձագանքում է կարճ, բայց մեջն ամբողջ իր հիացքը դրած «ջա՛ն» բառ-նախադասությամբ:
Դե հիմա Ռիգերտի այս պատասխանից հետո փորձեք հասկանալ իմ տարակուսանքը, երբ հայկական ծանրամարտի փոքրամարմին, բայց բավականին ազդեցիկություն ունեցող ֆունկցիոներին հարցնում եմ. «Մարզաձևը մասսայականացնելու ուղղությամբ ինչո՞ւ առանձին տարածաշրջաններում աշխատանք չենք տանում», պատասխանում է իր բանջարանաբոստանային գիտելիքների բարձրությունից. «Սոխի սեյրակն է լավը»:
Բան չունեմ ասելու` կարող է և սոխի նոսր ցանածն է լավը (քաղաքի ասֆալտի վրա մեծացածիս ուղեղին այնքան էլ հասու չեն ծանրամարտի վտվտիկի գիտելիքները հայկական գյուղատնտեսությունից), բայց որ այդ «սեյրակի» արդյունքները վայելեցինք թե՛ աշխարհամասի, թե՛ աշխարհի առաջնություններում, աներկբա է:
Ինչ վերաբերում է սրանից տարի-տարիուկես առաջ հայկական ծանրամարտի ծանրքաշայինին (բառիս ուղղակի ու անուղղակի առումներով) տված հարցին, թե ինչո՞ւ Բեջանյանին չենք բերում Հայաստան, պատասխանը հետևյալը եղավ. «Ռուսաստանի ֆեդերացիայի նախագահի հետ խոսել եմ Դավթի հարցով, ասել եմ` մեկ է, որ օլիմպիադա չեք տանելու, տվեք ինձ, ասաց` տար, թե կարող ես: Բայց դե դու էլ գիտես` Ռուսաստանում էդ տղերքն ինչ փողեր են ստանում»:
Ռուսաստանում տղերքն իսկապես լավ փող են առնում, ու հալալ է, որ առնում են, բայց որ էստեղ ունեցած մեր լեգեոներներից ավելի չեն ստանում, վստահեցնում եմ: Համենայն դեպս` Պատրիկեևից որ հաստատ: Ի՞նչ է ստացվում` բոլորի համար փող ունենք, Դավթի ու նրա նմանների համար չունե՞նք: Նորից եմ ասում` Դավթի, ում, Ռուսաստանի գավաթը (չշփոթեք ՌԴ նախագահի գավաթի խաղարկության հետ) տանելուց հետո, Ստավրոպոլի երկրամասի նահանգապետը դիմավորել է որպես արքայի (արքա բառի վրա ստրուկի նման չժպտաք հանկարծ ծայրամասի բնակչի խեղճուկրակի դիրքերից. ես բառացի մեջբերում եմ ռուս մեկնաբանի ասածը, որ հեռարձակվել է ողջ Ռուսաստանով ու «ՀՏրրՌ 2» հեռուստաալիքը բռնող երկրներով մեկ):
Բայց ո՞վ է ասել, որ փող չունենք:
Էս ամառ չէ՞ր, որ մի փեշ փող թափեցինք Համահայկական խաղերի համար, որն այդպես էլ ամեն ինչի ծառայում է, բացի իր բուն նշանակությունից` մարզական: Է, կարծիք չհայտնեցի՞նք, որ «վաղուց եկել է դրա բարձր անվան մեջ դրված բուն կոչվածությունն առաջին պլան մղելու ժամանակը, մանավանդ որ այսօր աշխարհի շատ երկրներում ունենք հայազգի բազմաթիվ մարզիկներ, ովքեր եղանակ են ստեղծում իրենց ներկայացրած մարզաձևերում՝ տվյալ երկրի հիմնը հնչեցնել ու դրոշը բարձրացնել տալով: Ինչո՞ւ նույն այս համահայկականի դրոշի տակ չփորձել միավորել նրանց, բարձրացնել մեր խաղերի կարգավիճակը, տալ միջազգային կարգի խաղերի քաշ ու կշիռ՝ նաև այս կերպ նույն այդ միջազգային հանրության ուշադրությունը բևեռելով մեր երկրի վրա: Չենք կարծում, որ Հայաստան անունն ի լուր աշխարհի շատ ավելի հնչեցնելը պակաս ռեսուրս է աշխարհի կողմից առավել ճանաչելի դառնալու կտրվածքով»:
Թե՞ ազնիվ չէր տագնապը, երբ զգուշացնելու պես ասում էինք. «Եթե չանենք այս քայլը, ապա Համահայկական խաղերը ճարպիկ մարդկանց ձեռքին որակական այն նույն բովանդակությունը կստանան, ինչ ստացել է որոշ հեռուստաընկերությունների կողմից լայնորեն շրջանառության մեջ դրված «համահայկական աշխարհ» արտահայտությունը, որն ավելի շատ նման է ջուրծեծոցիի: Եկեք մեզ համար մեկընդմիշտ ամրագրենք, որ չի կարելի գաղափարի հետ անփույթ վերաբերվել, որովհետև բումերանգի էֆեկտով այն հետ կդառնա ու առաջինը հենց մեզ կհարվածի: Ընդ որում` սարսափելի ցավոտ: Սա, կարծում ենք, խնդիր է, որի մասին արժե լրջորեն մտածել՝ չխնայելով ջանք ու եռանդ, ֆինանսական միջոց»:
Փող կա ու շատ կա: Պարզապես պետականությանը միտված մտածողությունն է կաղում:
Այսքան բան:
Անկեղծ ասած` գրածս, դասական առումով, չստացվեց մարզական տարին ամփոփոխ նյութ: Ո՛չ նախարար հիշատակվեց, ո՛չ ՀԱՕԿ-ի նախագահ, ո՛չ ես շատ գիտեմ, թե ուրիշ էլ ով ու ինչ: Մեջտեղն ինձ համար սիրելի, եթե մի մասն էլ այդպիսին չէ, գոնե ընդունելի մարդիկ каток-ի տակ ընկան ու, եթե ճիշտն ուզում եք իմանաք, հոդվածից հետո զանգելու են, թե` էս ի՞նչ ես արել, ա՛յ ախպեր ջան, ա՛յ Հուրիխանյան ջան ու «ջան»-ով վերջացող այլ դիմելաձևեր (մեծամտություն չհամարեք, բայց ես այդ իրավունքը նվաճել եմ իմ ճիշտ պահվածքով, իմ ապրելակերպով, քաղաքացիական իմ դիրքորոշմամբ):
Սակայն էս ամեն ինչի մեջ ցավալին այն է, որ ինչի մասին չխոսեցի, էդ խեղճ մարդկանց գլխին եմ թափելու մնացած զայրույթս ու ավելի եմ նեղվելու իրենց նեղվելու համար: Բայց այս ամենի մեջ սփոփիչ մի բան էլ կա. ճիշտ է, նեղվելու են, սակայն միաժամանակ ներքուստ ավելի են ուրախանալու, որ իրենց այդքան շատ եմ սիրում: Եթե վերջինը արանքից հանեմ` իրենց ներքուստ ուրախանալն ու իմ` իրենց սիրելու մեջ կրկին համոզվելը, խոշոր հաշվով, մարզական տարվա ավարտականի վերաբերյալ նյութ գրելու (հարցս ուղղում եմ ինձ) իմ օգուտը ո՞րը եղավ, բացի նյարդերս քայքայելուց: Եթե խմբագրությունն ի զորու է հարցիս պատասխանելու, ականջալուր եմ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հ. Գ.- Քիչ էր մնում խայտառակվեի: Ախր մոռացա մեր տղաների ու աղջիկների, մարզչական կորպուսի, մարզական աշխարհը ներկայացնող մյուսների Ամանորն ու Սուրբ ծնունդը շնորհավորել, ցանկանալ, որ լինեն առողջ, երջանիկ ու հաջողակ, օլիմպիադայից էլ ոսկե մեդալով գան:

Դիտվել է՝ 1470

Մեկնաբանություններ