2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՆ ԱՅՆ ՉԷ, ՈՐ ԱՅՍՕՐ ԾՐԱԳՐԵՍ, ՎԱՂՆ ԻՐԱԳՈՐԾԵՍ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՆ ԱՅՆ ՉԷ, ՈՐ ԱՅՍՕՐ ԾՐԱԳՐԵՍ, ՎԱՂՆ ԻՐԱԳՈՐԾԵՍ»
14.12.2010 | 00:00

2010-ի «պահոցում» հաշված օրեր են մնացել: Ժամանակն է անցածը գնահատելու, հետևություններ անելու: Ինչպես մյուս ոլորտներում, քաղաքականությունում էլ կարիք կա ևս մեկ անգամ անդրադառնալու ձեռքբերումներին ու կորուստներին: Մեզ հետ զրույցում ՀՀՇ վարչության անդամ ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԸ խոսեց տարվա ընթացքում ընդդիմության ձեռնարկած գործողությունների մասին և` ոչ միայն:
-2010-ն ինչպիսի՞ն էր արտախորհրդարանական ընդդիմության համար:
-Տարին շատ կարևոր էր ինստիտուցիոնալ աշխատանքների կազմակերպման առումով: Կոնգրեսը մեծ թվով փաստաթղթեր ստեղծեց, որոնք գնահատում են երկրի տարբեր բնագավառների առկա վիճակը: ՀԱԿ-ը, որպես միակ իրական ընդդիմություն, պահպանեց իր դերը՝ շարունակելով ինքնակազմակերպվել, ակտիվ գործել: Այցելություններ եղան մարզերում, որոնք այս օրերին ևս կոնգրեսի օրակարգում են: Կարելի է երկար թվարկել այս տարվա ընթացքում ընդդիմության ձեռնարկած քայլերն ու գործողությունները: Ասել է՝ ստեղծված իրավիճակում կոնգրեսն անում է այն առավելագույնը, ինչը տրամաբանական և ընդունելի է:
-Այդուհանդերձ, ՀԱԿ-ին այս տարի չհաջողվեց իրական արդյունքի հասնել, ինչի համար ստեղծվել է այդ կառույցը: Ավելին, հաճախ էին հնչում կարծիքներ, թե շարժումը մարել է, համակիրները` հիասթափվել: Սա կարելի՞ է համարել մարտավարական ու ռազմավարական թերացում:
-Եթե սպասում են, որ վաղը իշխանափոխություն կլինի, սխալվում են: Ի դեպ, նման կարծիք հայտնում են միայն կոնգրեսի հակառակորդները: Հիասթափության խնդիր պարզապես չկա, որովհետև իրավիճակը ոչ մի բանով դեպի լավը չի փոխվել, այլ հակառակը: Ընդդիմությունն իր գործողությունները կատարում է բացարձակապես օրենքի շրջանակներում և այդ մեթոդով հասնելու է իշխանափոխության: Համաժողովրդական շարժումն ինչ ստեղծվել է, չի եղել մի տարի, որ չխոսեն հիասթափության, մարման մասին, բայց ընդդիմությունը շարունակում է մնալ իր դիրքերում: Քաղաքական գործն այն չէ, որ այսօր ծրագրես, վաղն իրագործես: Հնարավոր է, վաղն էլ առաջանա կոնկրետ էքստրեմալ իրավիճակ, որը կհանգեցնի իշխանափոխության, բայց դա կարող է և տարիներ տևել: Դա քաղաքական պայքարի տրամաբանությունն է:
-Այս տարվա ընթացքում ինչ-որ ժամանակ կոնգրեսը դադարեցրեց հանրահավաքային միջոցառումները՝ պայմանավորելով դա ղարաբաղյան հիմնախնդրով: Նախօրեին խորհրդարանական ընդդիմության՝ «Ժառանգության»` Ղարաբաղի անկախության ճանաչման նախագիծը ևս հաջողության չհասավ: Ըստ Ձեզ, այս գործընթացն ինչո՞ւ կասեցվեց:
-Այո, կոնգրեսն իշխանություններին հնարավորություն տվեց, որ արտաքին բարդ իրադրությունում մտածված քայլեր կատարեն ու Հայաստանի շահերն առաջ տանեն: Սակայն այս իշխանությունն անգրագետ քաղաքականության պատճառով ի վիճակի չեղավ հօգուտ մեր պետության խնդիրները կարգավորել: Ինչ վերաբերում է «Ժառանգության» նախաձեռնությանը, իշխանության դիրքորոշումը կանխատեսելի էր: Ընդհանուր առմամբ, «Ժառանգության» նպատակներն այս նախագծի առնչությամբ, կարծում եմ, մինչև վերջ մտածված չէին: Այս քայլը նաև միջազգայնորեն որոշակի խնդիրներ էր ստեղծելու: Կարող էր անգամ կոպիտ հակաքայլերի դրդել և՛ միջազգային հանրությանը, և՛ Ադրբեջանին: Այս պահին այնպիսի իրադրություն չի ստեղծվել, որ մենք մեզ նման քայլ թույլ տանք: Ղարաբաղի անկախությունը կարելի է ճանաչել առաջիկա հնարավոր պատերազմից հետո, երբ մենք կհաղթենք, կամ էլ, երբ Ադրբեջանն այնպիսի քայլեր կկատարի, որ պատերազմի վերսկսմանը համարժեք կլինեն: Իսկ այսօր ճանաչումը, բացի վնասելուց, ոչինչ չի տալու մեզ: Սրա օգուտը ես չեմ հասկանում: Սա, ըստ էության, ձևական քայլ էր: Ղարաբաղյան հիմնախնդրում ռեալ փոփոխությունների կարելի է հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, միջազգային կառույցների օժանդակությամբ, եթե, իհարկե, Հայաստանը նախաձեռնող լինի ու հասկանա, որ հարցն այլևս չպետք է ձգձգել:
-Ասել է՝ համամի՞տ եք այն տեսակետին, թե այսօր Ղարաբաղի անկախության ճանաչումը կվնասի բանակցային գործընթացին:
-Այո, ներկա պայմաններում որոշակիորեն վնասելու է: Պարզապես դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում: «Ժառանգությունը» հաշվարկե՞լ է` դրանից հետո ինչ կարող է լինել, ի՞նչ է տալիս դա Հայաստանին: Թող այս հարցերին պատասխանեն, ես իմ կարծիքը կփոխեմ:
-Անդրադառնանք նաև վերջին օրերի թիվ մեկ ներքաղաքական թեմային` քաղաքապետի հրաժարական և արդարադատության նախարարի պաշտոնանկություն: Ձեր գնահատականը:
-Արդեն նախկին քաղաքապետը և բոլոր նրանք, ովքեր քրեորեն դատապարտելի արարք են կատարել, պիտի պատժվեն: Յուրաքանչյուր ոք, ով օրենք է խախտում, պիտի ստանա իր պատիժը: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Ավելորդ է այս դեպքն այլ տեսանկյունից դիտարկելը:
-Բայց խոսքը սովորական քաղաքացու մասին չէ, այլ պաշտոնյայի:
-Առավել ևս, պաշտոնյան նման գործողություններ չպետք է իրեն թույլ տա:
-Ասում են՝ նախագահը նման քայլերով փորձում է դաշտը մաքրել ամենաթողությունից։
-Եթե այդպես է, պետք է ամբողջ շրջապատը մաքրել: Իսկ իրողությունն այն է, որ քաղաքապետը կնոջ աթոռի համար կարող է մարդ ծեծել: Էլ ինչի մասին է խոսքը: Դեպքը հայտնի է դարձել, ու հարկավոր էր ինչ-որ քայլ ձեռնարկել, ինչն էլ արվել է:
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 990

Մեկնաբանություններ