Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«ԱՅՆ ՊՈՏԵՆՑԻԱԼԸ, ՈՐ ՈՒՆԵՆՔ ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ, ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ՉԻՐԱՑՆԵԼ»

«ԱՅՆ ՊՈՏԵՆՑԻԱԼԸ, ՈՐ ՈՒՆԵՆՔ ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ, ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ՉԻՐԱՑՆԵԼ»
21.01.2011 | 00:00

Կառավարության 2010 թ. վերջին նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, խոսելով նախորդ տարի տնտեսությունում արձանագրված ձեռքբերումների մասին, առանձնացրեց տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը՝ ընդգծելով, որ այստեղ ունեցել ենք նշանակալի արդյունքներ։ «Մասնավորապես, 3G ստանդարտով ծածկվել է Հայաստանի ամբողջ տարածքը, առաջին անգամ ՀՀ-ում գործարկվել է 4G կապի տեխնոլոգիաների ստանդարտը. այս առումով ՀՀ-ն առաջինն է ԱՊՀ շրջանակում և մտնում է աշխարհի 10 պետությունների շարքը, որոնք փորձարկել են 4G ստանդարտը: Չափազանց կարևոր է, որ 2010 թ. արագագործ ինտերնետի մանրածախ սակագինը 15 հազար դրամից իջել է մինչև 8 հազար դրամ 1 մեգաբիթի համար: Սա նույնպես կարևոր ձեռքբերում է, որն ստեղծում է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բարենպաստ միջավայր: Երկու անգամ ավելացել են մեր ինտերնետ սպառողները: Նրանց թիվը հասել է 173 հազարի, իսկ եթե խոսենք նաև հեռախոսային կապի միջոցով ինտերնետից օգտվողների թվի մասին, ապա այն գերազանցում է 1,5 միլիոնը: Եվ չափազանց կարևոր է, որ նաև մեծածախ ինտերնետային սակագները նվազել են շուրջ 2 անգամ: Սա նշանակում է, որ 2011 թ. տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար Հայաստանում ավելի բարենպաստ միջավայր է ձևավորվում, և դա կառավարության գերակայություններից մեկն է»,- ասել էր վարչապետը:
Ինչպե՞ս են իրենք՝ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները, ամփոփում 2010-ը և ի՞նչ ծրագրեր ունեն 2011-ի համար։ Այս հարցերի շուրջ ենք զրուցում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ։
-ՏՏ ոլորտի գնահատման երկու մեկնարկային կետ կա,- ասում է ԻՏՁՄ գործադիր տնօրենը։- Մեկն այն է, որ գնահատումներն ու համեմատումներն անցկացնում ենք եղածի, մյուսը՝ անհրաժեշտի կամ ունեցած ներուժի հետ։ ՏՏ ոլորտն արդեն տասը տարի անընդմեջ աճ է արձանագրում, և թե՛ կառավարությունը, թե՛ հասարակությունը պետք է այդ իմաստով գոհ լինեն։ Բայց ոլորտի զարգացումն անհրաժեշտության և առկա ներուժի տեսանկյունից դիտարկելիս, պետք է փաստեմ, որ այն պոտենցիալը, որ մենք ունենք, շարունակում ենք չիրացնել, և դա պայմանավորված է երկու հիմնական հանգամանքով։ Նախ՝ կրթության համակարգում անհրաժեշտ փոփոխություններ այդպես էլ չեն կատարվում, ինչը թույլ չի տալիս արձանագրել որակական աճ, աճ, որն իրապես կփոխի իրավիճակը և՛ տնտեսության մեջ, և՛ հասարակության շրջանում։ Երկրորդ խնդիրը, որ խոչընդոտում է ՏՏ ոլորտի զարգացմանը, հանրապետությունում ընդհանրապես ձեռներեցության և մասնավորապես տեխնոլոգիական ձեռներեցության զարգացման ոչ բավարար պայմաններն են։ Տեխնոլոգիաները շարունակում են քիչ կիրառվել տնտեսության մեջ, և դրա հիմնական պատճառը տնտեսությունում մրցակցության բացակայությունն է, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների փոքր նպատակներն ու գավառականությունը։ Քիչ են այն ընկերությունները, որոնք ձգտում են միջազգային ասպարեզում մրցունակ լինել, իսկ մրցունակ լինելու ցանկության բացակայությունը հանգեցնում է նրան, որ նրանք տեխնոլոգիաներ կիրառելու կարիք չեն ունենում։ Բացի այդ, երիտասարդ մասնագետներն այսօր ավելի շուտ նախընտրում են ծրագրային որևէ փաթեթ սովորել և ծրագրավորող աշխատել, քան ստանձնել ավելի ռիսկային կյանքի ուղի՝ տեխնոլոգիական ոլորտում զբաղվելով ձեռներեցությամբ։
-Դուք այդ խոչընդոտներն արդեն մի քանի տարի բարձրաձայնում ենք, սակայն դրանց վերացման ուղղությամբ կարծես լուրջ քայլեր չեն ձեռնարկվում։
-Հիմնական պատճառն այն է, որ առայսօր մենք չգիտենք, թե երկիրն ինչ տնտեսական նպատակներ ունի։ Դրանք, ըստ էության, հստակորեն ֆիքսված չեն։ Պետք է հստակեցնել՝ մենք ինչ երկիր ենք ուզում՝ տուրիստակա՞ն, ագրարայի՞ն, տեխնոլոգիակա՞ն։ Բոլոր այդ ուղղությունները նշվում են որպես գերակա, սակայն, այդուհանդերձ, որևէ լուրջ բան այդ ոլորտներում չի արվում։ Զարգացումներն էլ, բնականաբար, դժվար են ընթանում։
-Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանը թեև ձեռքբերումներ ունի, բայց աշխարհում այս բնագավառն անհամեմատ արագ, կարելի է ասել, հեղափոխական զարգացում է ապրում։ Մենք կարողանո՞ւմ ենք համաշխարհային առաջընթացին համընթաց քայլել։
-Նայած ինչ տեսանկյունից ենք դիտարկում խնդիրը։ Տնտեսության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման առումով` ո՛չ, չենք կարող, լավ տեխնոլոգիական լուծումներ տալու առումով, իհարկե, կարող ենք համեմատվել համաշխարհային գործընթացների հետ։ ՏՏ ոլորտի խնդիրներից է նաև արտադրողականության բարձրացումը (գոնե 2-3 անգամ), որպեսզի ունեցած ինժեներական ներուժով ավելի շատ արտադրանք տանք և ավելի մեծ մասնաբաժին ունենանք ընդհանուր տնտեսական աշխատանքի բաժանման մեջ։
-Համաձայն պաշտոնական տվյալների, Հայաստանում կտրուկ ավելացել է համացանցից օգտվողների թիվը. լայնաշերտ ինտերնետից օգտվում է մոտ 175 հազար մարդ, բջջային կապի միջոցով ինտերնետից օգտվողների թիվը մոտ 1,5 միլիոն է։ Որքանո՞վ են այս տվյալներն իրատեսական։
-Կարծում եմ՝ իրատեսական են։ Սակայն բջջային կապի միջոցով համացանցից օգտվողներին պետք չէ հաշվառման մեջ մտցնել, քանի որ դա այն ծավալը չէ, որ ՏՏ ոլորտում կարող է լուրջ փոփոխություններ արձանագրել։ Բջջային հեռախոսով կարող ես ստուգել էլեկտրոնային փոստը, բայց դրանով աշխատել չես կարող։ Այնպես որ, պետք է հիմք ընդունել լայնաշերտ ինտերնետից օգտվողների թիվը։ Այսինքն, մենք ունենք մոտ 175 հազար ինտերնետ օգտագործող, որը շատ բարձր թիվ չէ, եթե հաշվի առնենք նաև, թե ինչ նպատակով է համացանցն օգտագործվում։ Այդ 175 հազարից շատ քչերն են դա կիրառում կրթական, արտադրական նպատակներով։ Հայաստանում հիմնականում համացանցից օգտվում են սոցիալական, զվարճանքի կայքեր այցելելու, խաղեր խաղալու համար։ Կարծում եմ՝ այստեղ մենք թվային փոփոխությունից բացի, նաև որակական փոփոխության կարիք ունենք։
-Դուք մշտապես շեշտում եք ՏՏ ոլորտին արտոնություններ տալու անհրաժեշտությունը, սակայն դրանք այդպես էլ չեն տրվում։
-Արտոնությունը տնտեսական քաղաքականության լինել-չլինելու խնդիր է։ Եթե դու արտոնություն չես տալիս որևէ ոլորտի, նշանակում է՝ տնտեսական քաղաքականություն չունես։ Այսինքն՝ լոկոմոտիվ չես ստեղծում, որն իր հետևից կտանի տնտեսության մյուս ճյուղերը։ Ես հասկանում եմ, որ արտոնությունների բացակայությունն այս տարիներին միջազգային կառույցների ճնշմամբ էր պայմանավորված, սակայն իրավիճակն այդպես մնալ չի կարող, քանի որ Վրաստանն արդեն ընդունել է արտոնություններ ՏՏ ոլորտի համար, Ադրբեջանում հարցը խորհրդարանի քննարկման առարկա է, ՌԴ-ն նույնպես որոշակի արտոնություններ սահմանել է, նույնը Բելառուսում է, ՈՒկրաինայում։ Հայաստանը երկար չի կարող դիմանալ նման ճնշման, որովհետև այն, ի վերջո, կհանգեցնի մասնագետների մեծ արտահոսքի, ինչն էապես կհարվածի մեր տնտեսությանը։ Արտոնություններն ինքնանպատակ չեն, դրանք պետք է դիտարկվեն համակարգի մեջ, որովհետև, եթե մենք տեխնոլոգիական ձեռներեցությունը չենք զարգացնում, ապա ո՞ւմ ենք տալիս արտոնություն, չկա արտոնության սուբյեկտ։ Մենք նախևառաջ պետք է զարկ տանք տեխնոլոգիական ձեռներեցության կայացմանը, ապա միայն արտոնություն սահմանենք։ Այդ փոքր ձեռնարկությունների լինելու խնդիրը պետք է առաջնահերթ լուծվի, նոր միայն մտածենք արտոնությունների մասին։
-2011-ից ի՞նչ ակնկալիքներ ունեք, ձեր աշխատանքներում ի՞նչ հիմնական ուղղությունների վրա է շեշտը դրվելու։
-Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը տեխնոլոգիական ձեռներեցությանը զարկ տալու մի քանի ծրագրեր ունի. ցանկանում ենք ենթակառուցվածք ստեղծել, որպեսզի տեխնոլոգիական ձեռներեցությունը գրավիչ լինի երիտասարդների համար։ Կառավարության հետ համատեղ կփորձենք լուծել պետության խնդիրները. նախնական ծրագրեր կան, որոնց մասին չեմ ուզում բարձրաձայնել, մինչև չիրականանան։ Մյուս ուղղությունն այլ ոլորտներում տեխնոլոգիաների կիրառումն է։ Այս հարցում մենք՝ որպես ասոցիացիա, փորձելու ենք համագործակցել այլ ասոցիացիաների հետ (շինարարների, գինեգործների, դեղագործների և այլն)։ Կշարունակենք Հայաստանը դիրքավորել որպես բարձր տեխնոլոգիական երկիր։ Այստեղ մեր հիմնական գործիքներից մեկը «DigiTec» ցուցահանդեսն է։ 2010-ին մենք այս ցուցահանդեսում 35 տոկոս աճ ունեցանք թե՛ այցելուների, թե՛ մասնակիցների առումով։ Ակնկալում ենք, որ այս տարի նույնպես մոտ 30 տոկոս աճ կունենանք՝ ցուցադրվող ընկերությունների քանակը հասցնելով 100-ի, իսկ այցելուներինը՝ 20 հազարի։ Շատ եմ կարևորում նաև Լեռնային Ղարաբաղի հետ համագործակցությունը, որի հիմքերը դրվել են 2010-ին։ ԼՂՀ-ում տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ ակնկալում եմ հաջողություններ, որովհետև երկուստեք հետաքրքրություն կա և՛ ԼՂՀ կառավարության, և՛ ՀՀ ՏՏ համայնքի կողմից։ Մյուս կարևոր, չօգտագործված բաղադրիչը Հայաստանի պաշտպանական համակարգն է։ Գրեթե բոլոր երկրներում տեխնոլոգիաների զարգացման հիմնական լոկոմոտիվը պաշտպանության և անվտանգության համակարգերն են։ Խոսքը մասնավորապես զենքի արդիականացման, բանակի կառավարման մասին է։ Հուսով եմ, որ միմյանց ճիշտ չհասկանալու առկա պատնեշը կվերանա, և նորմալ համագործակցություն կձևավորվի զինված ուժերի հետ։ Կարծում եմ՝ ոչ միայն բանակի, այլև պետության և ՏՏ ոլորտի միջև առկա անջրպետը պայմանավորված է նրանով, որ մեր չինովնիկները շատ անգամ չեն հավատում, թե հայ մարդը կարող է նորմալ տեխնոլոգիական լուծումներ առաջարկել և ապահովել դրանց իրականացումը։ Սեփական ուժերի նկատմամբ այդ թերահավատությունը հիմնականում անտեղյակության, երկխոսության պակասի հետևանք է։ Հուսով եմ՝ 2011-ը կլինի այս անջրպետի վերացման տարի։
Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2505

Մեկնաբանություններ