Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱՀԱՆԳՈՎ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ ԻՐԱՆ»

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱՀԱՆԳՈՎ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ ԻՐԱՆ»
29.01.2010 | 00:00

Քաղաքական վերջին զարգացումների շուրջ իր դիտարկումներն է ներկայացնում ՀԱԿ-ի ներկայացուցիչ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԲՌՆԵԼ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՔԻԼԼԵՍՅԱՆ ԳԱՐՇԱՊԱՐԸ»
-Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների և Մինսկի խմբի համախագահների հանդիպումը հերթական «պտիչկան» դնելու համա՞ր էր, թե՞ ինչ-որ ինտրիգ, այդուհանդերձ, կար։
-Մեծ «մարաթոնի» հերթական կանգառն էր։ Եվրոպական կառույցները, միջազգային ուժային կենտրոնները հետաքրքիր, փորձված տակտիկա են կիրառում, շատ փոքր քայլերով ձգտում են առաջընթացի, որպեսզի այսբերգի ներքևի մասը չերևա, իսկ արձագանքն էլ շատ թույլ լինի։ Խնդրի բարձր հնչեղության, Հայաստանում, Ադրբեջանում, Ղարաբաղում առկա հիվանդոտ մոտեցման պատճառով է, որ այսպիսի մեթոդ է կիրառվում։ Փոքր քայլերում էլ մեկ այլ մեթոդական մոտեցում կա` հետդարձ չկա։ Ցանկացած նոր հանդիպում հնի վրա մի չնչին բան է ավելացնում, որն այլևս անբեկանելի է։ Այս և նախորդ փուլերում ևս ընդունվել են որոշումներ, համաձայնություններ են կայացվել, որոնք գերտերությունների երաշխավորմամբ հիմնարար են ու կայուն։ Այս առումով մեր արտաքին դիվանագիտության ձախողումները շատ հստակ են։ Ով ինչ ասի, միևնույն է, Ղարաբաղն այլևս սուբյեկտ չէ, խնդիրը Ղարաբաղի և Ադրբեջանի միջև չէ, ինքնորոշման խնդիրը դոմինանտ չէ, Հայաստանն էլ չունի միջազգային կառույցների աջակցությունը։ Սրանք հիմնական կորուստներն են։
-Ձեռքբերում չե՞նք կարող համարել այն փաստը, որ այս հանդիպման ընթացքում Ղարաբաղի` բանակցային կողմ դառնալու մասին խոսվեց։
-Կարծում եմ` այդ հայտարարությունները ներքին օգտագործման համար են։ Եթե անգամ ստորագրման փուլում Ղարաբաղը ներկա լինի, այլևս ոչինչ չի փոխվի։ Արձանագրված կորուստներն անդառնալի են։ Արդեն որերորդ փաստաթուղթն է (ստամբուլյան, մադրիդյան, պրահյան սկզբունքներ, մայնդորֆյան, աթենքյան պայմանավորվածություններ), որում տարածքային ամբողջականությունը գերակա արժեք է դիտվում։ Եթե հիմա կամ հետագայում միևնույն հարթությունում դիտարկվեն տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշման իրավունքը, ապա դա ամենևին չի ենթադրի ազգային ինքնորոշման իրավունքի գերակայություն։ Եթե երկուսն իրար հետ կիրառվեն, կնշանակի ինքնորոշման իրավունք` տարածքային ամբողջականության շրջանակում։ Ասել է` ամրագրվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության փաստը։
-Փաստորեն, այլևս ոչինչ հնարավոր չէ՞ փոխել, եթե Ղարաբաղն իսկապես մասնակցի բանակցություններին։
-Որևէ բան կտրուկ չի կարող փոխվել։ Միջազգային կառույցները մեծ հաջողությամբ ամուր բռնել են Հայաստանի իշխանությունների աքիլլեսյան գարշապարը, որի օգնությամբ փորձելու են լուծել ոչ միայն ղարաբաղյան հակամարտությունը, այլև հայ-թուրքական հարաբերությունները։ Որքան էլ իշխանությունները պնդեն, թե ղարաբաղյան հիմնախնդիրն ու հայ-թուրքական հարաբերությունները շաղկապված չեն, իրականությունն այլ է։ Գործընթացներն առաջ են գնում համատեղ, համաձայնեցված։ Միջազգային հանրության համար երբեք այսքան բարենպաստ վիճակ չի ստեղծվել, երբ կարող են հանգիստ իրենց ցանկությունները թելադրել Հայաստանի իշխանություններին։ Սրանով է պայմանավորված նաև ընդդիմության նկատմամբ իշխանության թշնամական վերաբերմունքը, որովհետև դրսից նրանք քարտ բլանշ են ստացել։ ԱՄՆ-ին ևս ձեռնտու է տարածաշրջանում ունենալ թելադրվող իրավիճակ։ Նպատակ կա Իրանի ատոմային ցանկությունները զսպելու։ Պարզ է, որ Ղարաբաղի հարավային երեք ազատագրված շրջանների հանձնումը բոլորովին ձեռնտու չէ Իրանին, բայց այստեղ համընկնում են Ադրբեջանի, Թուրքիայի ու միջազգային հանրության շահերը։ Դրանց սահմանակից բնակավայրերն Իրանի համար ամենաթույլ, անվերահսկելի տարածքներն են։ Այսօր Հայաստանը դեպքերի վրա ազդող սուբյեկտ չէ, գործիք է։ Միակ բանը, որ կարող է Հայաստանն անել, որոշումների հետաձգումն է, այսինքն` ժամանակի վրա խաղալը։ Մենք բազմիցս կանխատեսել ենք դեպքերի այսպիսի զարգացում։ Գործընթացները կասեցնելու միայն մի ձև կա` Հայաստանը գործոն պետք է դառնա։ Սա հնարավոր է, եթե լինի ներքին լեգիտիմություն, վստահություն իշխանության հանդեպ։ Այս ռեժիմի համար արտաքին մարտահրավերներն ու Ղարաբաղի հիմնախնդրի լուծումն ավելի քիչ են կարևորվում, քան իշխանության պահպանումը։ Եթե խելոք լինեին, հրաժարական կտային, որպեսզի օրինական, ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունը կարողանա այս գործընթացներում որոշ բաներ հետ բերել։ Չնայած շատ բան հետ բերել հնարավոր չէ։
-Սոչիում ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ բանակցությունների ժամանակ կողմերը համաձայնության են եկել ներածական մասի (պրեամբուլայի) շուրջ։ Ի՞նչ է սա նշանակում։
-Համաձայնեցված են այն կետերը, որոնց շուրջ նախորդ փաստաթղթերում արդեն իսկ պայմանավորվածություններ ձեռք էին բերվել։ Դրանք են` զենքի չկիրառում, հարցի խաղաղ լուծում, տարածքային ամբողջականություն, ազգային ինքնորոշման սկզբունք։ Այժմ ընդամենը ժամկետների ճշգրտման խնդիրն է դրված։ Հիմնական սկզբունքները համաձայնեցված են, մերոնք պարզապես ժամանակ են ձգում։
-Տարին վճռորո՞շ կլինի Ղարաբաղի համար։
-Այո՛։ Չնայած շատերը կարծում են, որ Սերժ Սարգսյանը չի գնա այդ քայլին, բայց փաստերն այլ բան են հուշում։ Մինչև իշխանության գալն են այս մարդիկ համաձայնություն կայացրել։ Այսպիսի թույլ, խոցելի, անփորձ իշխանությունը միայն պարտություններ է գրանցելու։ Խորհրդարանն անընդհատ լցվում է անգրագետներով, չկա թիմային աշխատանք, միակ գերնպատակը իշխանությունը մեկ օր ավելի պահելն է։ Այսօր մենք վաստակում ենք այն, ինչ տասը տարի ցանել են աթոռից կառչած մի խումբ մարդիկ, որոնք աչքի չեն ընկնում ո՛չ գրագիտությամբ, ո՛չ բարոյականությամբ, ո՛չ քաղաքավարությամբ, ո՛չ քաղաքագիտական գիտելիքներով։ Փող, կրիմինալ` սա է նրանց ուղղորդիչ ուժը։
-Այս օրերին Հայաստանում էին հարևան երկրների բարձր պաշտոնյաները` Վրաստանի վարչապետը, Իրանի արտգործնախարարը, որոնց նախորդել էր Ռոբերտ Քոչարյանի այցն Իրան։ Եթե Հայաստանը սուբյեկտ չէ, ինչպես ասում եք, ինչո՞ւ է նման հետաքրքրություն ցուցաբերվում մեր երկրի հանդեպ։ Հետո էլ` այս բոլոր այցերն արդյոք փոխկապակցվա՞ծ են։
-Անշուշտ, փոխկապակցված են։ Հարավային Կովկասը շատ շուտով դառնալու է լուրջ բախումների կենտրոն, հետաքրքրությունների կիզակետ։ Յուրաքանչյուր երկիր կոնֆլիկտների հանգուցալուծման մոտենալիս փորձում է առավելագույնը շահել։ Այս շրջանակում են տեղավորվում բոլոր այցերը։ Հայաստանը գիտի` ովքեր են գործընթացին դեմ, ուստի փորձում է գործընկերներ գտնել` ի դեմս Իրանի։ Սերժ Սարգսյանի հրահանգով է Ռոբերտ Քոչարյանն այցելել Իրան` ինչ-որ բան պոկելու, ժամկետներ ձգելու համար։ Վրացիներին շահավետ է խնդիրների արագ լուծումը, ինտեգրման փուլում այս խնդիրները նրանց խանգարում են։ Կարծում եմ, Վրաստանը նույնիսկ Հարավային Օսիայի հարցում կգնա զիջումների, որպեսզի այն չխանգարի եվրաինտեգրման գործընթացին։ Այս առումով, Վրաստանին ձեռնտու է տարածաշրջանում լուծված տեսնել բոլոր կոնֆլիկտները։ Իրանը մեր ռազմավարական գործընկերն է, բայց օրթոդոքս ուղղվածությունը դեպի մի երկիր, որը համաշխարհային հանրությունը, մեղմ ասած, ժողովրդավար չի ընկալում, դիվանագիտական թուլիկություն է։ Սա նշանակում է նաև մյուս բոլոր խաղացողներին քո դեմ հանել։
«ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍԲԵՐԳԻ ՆՄԱՆ Է»
-2009-ն ավարտվեց հայ-թուրքական արձանագրությունների շուրջ ակտիվ քննարկումներով, 2010-ն սկսվեց Ղարաբաղի հիմնախնդիրը մեռյալ կետից շարժելուն միտված զարգացումներով։ Այսօր ո՞ւմ մեղքով է սառեցվել հայ-թուրքական գործընթացը։
-Երկրորդեմ` այդ երկու գործընթացները փոխշաղկապված են։ Թուրքերի պնդմամբ` արձանագրություններում առաջընթաց կլինի, երբ ղարաբաղյան բանակցություններում ադրբեջանանպաստ առաջընթաց արձանագրվի։ Ողջ տարածաշրջանում առաջնային խանգարող հարցը Ղարաբաղի հիմնախնդիրն է։ Զուտ այս պատճառով է, որ Ղարաբաղը կես քայլ առաջ է ընկել հայ-թուրքական գործընթացից։ Սպասում են մի փոքր առաջխաղացման, որին անմիջապես կրնկակոխ կհետևեն հայ-թուրքական զարգացումները։
-Ասել է` Թուրքիան կշարունակի՞ ընթացակարգով ենթադրվող քայլերը։
-Կարծում եմ` Թուրքիան կվավերացնի արձանագրությունները, որովհետև պետք է, նախ, խնդիրները դիտել խոշոր ռակուրսով։ Հայ-թուրքական սահմանի բացումը մեծ ծրագրի մի մասնիկն է։ Այդ ծրագրի մաս են տարածաշրջանում խաղաղության հաստատումը, էներգետիկ ուղիների շահագործումը, էներգակիրների խաղաղ տեղափոխումը Եվրոպա և այլն։ Այս խնդիրներով շահագրգռված են եվրոպական բոլոր երկրները, միջազգային կառույցները։ Եթե այս տեսանկյունից դիտարկենք հայ-թուրքական սահմանի բացումը, հասկանալի կլինի, որ դա սոսկ հայ-թուրքական խնդիր չէ։ Ասել է` այս գործընթացին խոչընդոտելը բավականին դժվար է։
-Բայց և չեն դադարում թուրք պաշտոնյաների հայտարարությունները, որոնք հիմքեր չեն տալիս պնդելու, թե գործընթացը տրամաբանական ավարտին կհասնի։
-Դիվանագիտությունն այսբերգի նման է, մի մասը ներկայացվում է ժողովրդին աղմուկ հանելու համար, մյուս մասը հանրության աչք ու ականջից գաղտնի է պահվում։
-Մինչև ապրիլի 24-ը վավերացման գործընթացն ավարտին կհասնի՞։
-ԱՄՆ-ը մինչև ապրիլի վերջ պետք է հստակ դիրքորոշում արտահայտի։ Պետք է աշխատեն նաև էներգատար ուղիները։ Նավթատար ու գազատար խողովակներով միայն նավթ ու գազ չեն հոսում, այլև քաղաքականություն։ Այս իմաստով, կարծում եմ, շտապողականություն կլինի, բայց ոչ այնքան, որ գործընթացներին վնասի, որպեսզի ըմբոստացում չլինի։ Դժվար լուծվող կոնֆլիկտներն առաջ են մղվում մաթեմատիկական էպսիլոն հասկացության տրամաբանությամբ, այսինքն` շատ փոքր քայլերով։
«ՉԵՆՔ ՀՈԳՆԵԼ, ՉԵՆՔ ԼՔԵԼ ՀՐԱՊԱՐԱԿԸ»
-Եվրախորհրդում Հայաստանի պատվիրակության լիազորությունները հաստատել-չհաստատելն ինչո՞վ եք պայմանավորում։
-Նշածս միջազգային ուժային կառույցներից է նաև Եվրախորհուրդը, բայց սա էլ պատժամիջոց չի կիրառի Հայաստանի նկատմամբ։ Ավելին, աջակցելու է, որպեսզի հիմնական խնդիրները` հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան հիմնախնդիրը, լուծվեն իր միջամտությամբ։ Ամեն ինչ պետք է դիտարկել այս շրջանակում։
-Տվյալ դեպքում խոսքն ավելի նեղ խնդրի մասին չէ՞։
-Ամենևին։ Հայաստանի իշխանություններին խնդիրները լուծելու վերջին շանսն է տրված, որի համար նրանց ներվելու է ամեն ինչ։ ԵԽԽՎ-ում չեն քննարկվում քաղբանտարկյալների, Հայաստանում ժողովրդավարության, մամուլի ազատության հետ կապված հարցերը և այլն։ Սա միայն այն պատճառով, որ հարցերը լուծելու համար կարճ ժամանակ է տրված։
-Դուք խոսեցիք Հայաստանին սպառնացող մարտահրավերների, իշխանության սխալների մասին։ Իսկ ո՞ւր է ընդդիմությունը, ինչո՞ւ չի արձագանքում այդ իրադարձություններին։
-Մեզ համար Հայաստանի ռազմավարական շահը շատ ավելի կարևոր է։ Հանրահավաքային դադար վերցնելու Տեր-Պետրոսյանի հայտարարությունները նպատակ ունեին արտաքին մարտահրավերները դիմագրավելու ճանապարհին չթուլացնել Հայաստանի իշխանություններին։ Սա հայրենասիրական մոտեցում է։ Բայց ընդդիմությունը պահում է մարմրող կրակը։ Չենք հոգնել, չենք լքել հրապարակը, բոլոր գործընթացները շարունակվում են։ Գարնանը, երբ որոշ գործընթացներ ակնհայտ կդառնան, միջազգային հանրության ակտիվ դիրքորոշումներին զուգահեռ կակտիվանա նաև շարժումը։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1495

Մեկնաբանություններ