ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

ԵՐԿՐԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԴԵՌ ՉԲԱՑՎԱԾ` ԵՐԿՆԱՅԻՆ «ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» «ԲԱՑՈՒՄՆ» ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ԱՆԵԼ ՎԵՐՍՏԻՆ ՕԾՄԱՄԲ

ԵՐԿՐԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԴԵՌ ՉԲԱՑՎԱԾ` ԵՐԿՆԱՅԻՆ «ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» «ԲԱՑՈՒՄՆ» ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ԱՆԵԼ ՎԵՐՍՏԻՆ ՕԾՄԱՄԲ
06.11.2009 | 00:00

Ինչպես տեղեկացանք լրատվական միջոցներից, նոյեմբերի 7-8-ին պետք է վերաօծվի Թուրքիայի տարածքում գտնվող հինավուրց Կեսարիայի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Նաև ասվեց, որ, դժբախտաբար, Հայաստանից ոչ մի ներկայացուցիչ չպետք է լինի` ո՛չ հոգևորական, ո՛չ էլ աշխարհիկ իշխանական դասից։
Չգիտենք, թե ինչն է պատճառը, որ մեզնից ոչ մեկն այնտեղ չպետք է ներկա լինի. գուցե չեն հասցրել նախնական համաձայնության գալ, կամ էլ…
Ավելի լավ է գուշակություններ չանենք, այլ պարզապես ուրախ լինենք, որ նման արարողություն է կատարվելու պատմական Հայաստանին կից Կապադովկիայի ամենակարևոր քաղաքներից մեկի` Կեսարիայի ամենակարևոր` Գրիգոր Լուսավորչի անունը կրող եկեղեցում, որտեղ չորրորդ դարի սկզբում ձեռնադրվել է Գրիգոր Պարթևը` դառնալով քրիստոնեությունը որպես հավատքի դավանանք ընդունած հայոց առաջին հայրապետը։
Այս հոդվածն այսքանով էլ կավարտվեր, եթե տողերիս հեղինակը 2006-ին բարեբախտություն չունենար մի խումբ ուխտավորներով այցելելու Ավետարանական Հովհաննեսի Հայտնության յոթ եկեղեցիները, որոնք նույնպես (առ)այժմ գտնվում են Թուրքիայի տարածքում։ Մեր ավտոբուսը երբ հասավ Կայսերի քաղաք, այսինքն` նախկին Կեսարիա, իսկույն հիշեցինք, որ Աստծո հրամանով և Տրդատ թագավորի հորդորներով ու մեծ շքախմբով այստեղ է եկել Գրիգոր Լուսավորիչը, որպեսզի Ղևոնդիոս եպիսկոպոսի ձեռքով որպես հոգևորական ձեռնադրվի և օծվի։ Քաղաքը մեծ շուքով ու խանդավառությամբ է դիմավորում կենդանի նահատակ սրբին, որովհետև արդեն այստեղ էլ էր հասել Գրիգորի` Խոր վիրապի հետ կապված զարմանահրաշ դեպքի լուրը, նաև դրա շնորհիվ բժշկված դիվահար Տրդատ թագավորի մասին լուրը։
Հետագայում Կեսարիա քաղաքի այդ եկեղեցին վերակառուցելով` կոչեցին Գրիգոր Լուսավորչի անունով։
Մեր ուխտախումբը, որի կազմում էր նաև Երուսաղեմի սուրբ Հակոբյանց միաբանության եպիսկոպոս Արիս Շիրվանյանը, որոշեց առանձնանալ ընդհանուր խմբից ու ամեն գնով այցելել Գրիգոր Լուսավորչի այդ եկեղեցին։ Տեղացիներից հարց ու փորձ անելով իմացանք տեղը և, միկրոավտոբուս վարձելով, մոտ տասը հոգով շտապեցինք այնտեղ։ Տեղ հասանք ու փակ դուռը բախեցինք, հուրախություն մեզ` այն բացեց տեղացի հայ դռնապանը։ Երբ մտանք հինավուրց ու խորհրդավոր եկեղեցին, բոլորս զարմացած տեսանք մի հիասքանչ ու զարդարուն եկեղեցի, որը հրաշքով կանգուն էր մնացել այդքան դարեր, ու թուրքի ավերիչ ձեռքը չէր դիպել նրան։ Նախ` մի «կուշտ» աղոթեցինք ամենքս մեզ համար և, իհարկե, «մի բուռ» Հայաստանի «կես բուռ» մնացած հայորդիների համար, մոմ վառեցինք, շուրջբոլորը դիտեցինք, բայց մի բան, որ ամենակարևորն էր բոլորից` աղոթք ու պաղատանք հղեցինք առ Աստված մեր նահատակ նախնիների և եղեռնի զոհերի համար։ ՈՒ քանի որ մեր խմբում եպիսկոպոս կար, վերջում հոգեհանգստյան արարողակարգ կատարվեց` հիշատակելով հայոց հավատավորներին ու ննջեցյալներին, որոնք Քրիստոսի անվան լույս կանթեղը դարերով վառ պահեցին։ Հուզիչ էին այդ արարողության թե՛ պահը, թե՛ բնույթը, քանզի երկնառաք աղոթքների շնորհիվ կարծես մի պահ ամբողջացավ ու հոգեղենացավ զորավոր պետությունների ճիրաններում պատառ-պատառ եղած երբեմնի Հայաստան աշխարհը։ Իսկ հոգին, որ հավիտենական է, կարևորվում է Աստծով, մնացածը ժամանակավոր է և ունայն։
Եկեղեցու դռնապանը, որ մեզ հետ էր այդ արարողության ժամանակ, հուզմունքից ոգևորված, կարծես թառամած ծաղկի նման, հենց նոր ինքն էլ ոռոգվեց աղոթքի երկնային ցողով։ Ով գիտե, թե մեկ էլ երբ էր հայաբույր, հայաստանաբույր աղոթքներ ճաշակել Գրիգոր Լուսավորչի այդ թրքահպատակ գառը։
Մի քանի ժամ այնտեղ մնալուց հետո, երբ ուզում էինք դուրս գալ, մի քանի թուրք երեխաների տեսանք, որոնք ներքին, գայլային հոտառությամբ զգացին, որ հայ ենք, կարծես իրենց նախնիների բնազդն արթնացավ մեջները, բայց քանի որ անզոր էին, բացականչելով վազեցին մեծերին իմաց տալու «գյավուրներիս» այցելության մասին։ Միկրոավտոբուսի վարորդն իրավիճակը ճիշտ գնահատեց և իսկույն այդ հոգեհարազատ, բայց արդեն մոռացության աստիճանի օտարացած վայրից մեզ հեռացրեց։ Չհասցրինք նույնիսկ եկեղեցին դրսից լուսանկարել, այդ պատճառով բավարարվենք ներսի սրահի խորանի ու գմբեթի այս լուսանկարներով։
Դե, ինչ, Հայաստանի ու Թուրքիայի երկրային սահմանները դեռ չբացված, երկնային «սահմանների» «բացումն» են փորձում անել վերստին օծմամբ։
Աստված թող բարին օրհնի, իսկ չարը խափանի։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1615

Մեկնաբանություններ