Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

ԴԱՎԻԹ ԲԵՋԱՆՅԱՆԸ` ԳԱՎԱԹԱԿԻՐ ՈՒ ԱՇԽԱՐՀԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ

ԴԱՎԻԹ ԲԵՋԱՆՅԱՆԸ` ԳԱՎԱԹԱԿԻՐ ՈՒ ԱՇԽԱՐՀԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ
20.12.2011 | 00:00

Բելգորոդում ավարտվեց Ռուսաստանի Դաշնության նախագահի գավաթի անդրանիկ խաղարկությունը, որին մասնակցում էին ծանր քաշերը ներկայացնող ծանրորդ-ծանրորդուհիներ: Հակառակ սպասումներին (բացի այն, որ տարեվերջ է, մրցաշարն էլ իր նշանակությամբ ոչ մի կերպ չես համեմատի ֆիզիկական ու հոգեբանական գերագույն խտացում պահանջող աշխարհի, Եվրոպայի առաջնությունների հետ), արձանագրվեցին ֆենոմենալ արդյունքներ: Անչափ ուրախալի է, որ դրանց հեղինակների մեջ է նաև հայազգի Դավիթ Բեջանյանը: Սակայն` ամեն ինչի մասին հերթով:
94 կգ քաշային կարգում աշխարհի անցած տարվա չեմպիոն Ալեքսանդր Իվանովի հետ համառ մրցակցությունում երկամարտի 387 կգ արդյունքով հաղթեց աշխարհամասի գործող չեմպիոն Անդրեյ Դեմանովը: Սա առանձնապես բարձր արդյունք չէ, և թերևս առավել հետաքրքրական էր Ռուսաստանի Դաշնության ունեցած մոտակա ռեզերվներից մեկի` պատանիների աշխարհի գործող չեմպիոն, տասնյոթամյա Ալեքսեյ Կոսովի մասնակցությունը, ով պոկում վարժությունում գլխավերևում պահեց 174 կգ կշռող ծանրաձողը` դառնալով իր տարիքային խմբի աշխարհի նոր ռեկորդի հեղինակ: Անհաջողության մատնվեց երիտասարդների աշխարհի չեմպիոն, մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սայիդ Մոհամադպուրը, ով ձախողեց պոկում վարժության բոլոր երեք մոտեցումները:
Այնուհետև մրցահարթակ դուրս եկան 75 կգ քաշային կարգը ներկայացնող ծանրորդուհիները: Թեպետ մասնակիցները երեքն էին, սակայն, ինչպես կասեին ռուսները, պայքարն ստացվեց «на все сто»: Վնասվածքի պատճառով Փարիզի վերջին առաջնությունը բաց թողած Նատալյա Զաբոլոտնայան և՛ պոկում, և՛ հրում վարժություններում, և՛ երկամարտում սահմանեց աշխարհի ռեկորդներ (296=135+161)` ցույց տալով, որ չափից դուրս վաղաժամ է օլիմպիադա մեկնողների կազմում իր թեկնածությունը չդիտարկելը, թեպետ Լոնդոն կարող է մեկնել ընդամենը չորս մարզուհի, իսկ աշխարհի վերջին առաջնության արդյունքներով, ի դեմս Սվետլանա Ցառուկաևայի, Օքսանա Սլիվենկոյի, Նադեժդա Եվստյուխինայի, Ռուսաստանն ունի աշխարհի գործող երեք չեմպիոն, մեկական փոխչեմպիոն ու բրոնզե մեդալակիր (Տատյանա Կաշիրինա, Տատյանա Մատվեևա):
Մրցումների առաջին օրվա եզրափակիչ ելույթում ռուսական մարզական կորպուսի խաղաքարտերն ամբողջովին խառնեց ու լուրջ գլուխկոտրուկի առաջ կանգնեցրեց մեր հայրենակից Դավիթ Բեջանյանը (105 կգ քաշային կարգ), ով հաղթող դարձավ երկամարտի 423 կգ արդյունքով` հրում վարժությունում սահմանելով աշխարհի նոր ռեկորդ` 238 կիլոգրամ: Թարմացվեց աշխարհի «հնաբնակ», միաժամանակ ֆանտաստիկի համարում ունեցող ռեկորդներից մեկը: Սակայն այստեղ Բեջանյանի ցույց տված քաշն էլ այնքան կարևոր չէ, որքան հավաստումն այն բանի, որ քսաներեքամյա մարզիկը մտել է կայուն մրցելույթների փուլ: Վկան` ընդամենը մեկ շաբաթ առաջ ավարտված Ռուսաստանի գավաթի խաղարկությունը, որտեղ նա հաղթել է երկամարտի 430 (190+240) կիլոգրամ արդյունքով` հրում վարժությունում բարձրացնելով աշխարհի ռեկորդը երեք կիլոգրամով գերազանցող, 240 կգ կշռող ծանրաձողը (ՌԴ գավաթի խաղարկության կարգավիճակը հնարավորություն չի տալիս քաշը ֆիքսել որպես աշխարհի ռեկորդ): Ավելորդ չհամարենք նշել, որ Ռուսաստանի հավաքականում այս քաշային կարգում Լոնդոնի օլիմպիական ուղեգրերը հարյուր տոկոսով ապահոված (համենայն դեպս, այդպես էին համարում մինչ Դավիթ Բեջանյանի վերջին երկու մրցելույթը) աշխարհի վերջին առաջնության չեմպիոն Հաջիմուրադ Ակաևն ու արծաթե մեդալակիր Դմիտրի Կլոչկովը Փարիզում ցույց են տվել 430 ու 428 կգ արդյունք:
Քաշային այս կարգում չափազանց տպավորիչ էր տասնյոթամյա Թիմուր Նանիևի մրցելույթը: Տասնյոթամյա պատանին երկամարտում սանձահարեց 389 կգ (179+210) կշռող ծանրաձողը` ամիսներ առաջ Մալայզիայում կայացած երիտասարդների աշխարհի առաջնությունում ցույց տված արդյունքը միանգամից տասնինը կիլոգրամով ծանրացնելով, ինչը խոսում է այս մարզիկի օր օրի աճելու մասին:
Մրցումների ավարտական օրը կրկին նշանավորվեց աշխարհի ռեկորդով: Տատյանա Կաշիրինան ևս մեկ կիլոգրամով ավելացրեց պոկում վարժությունում Փարիզի վերջին առաջնությունում ցույց տված 147-ը` երկամարտում ցույց տալով 323 (148+175) կգ արդյունք: Նա մոտ էր նաև երկամարտի ռեկորդի թարմացմանը, սակայն 181 կգ կշռող ծանրաձողն այս անգամ մնաց անհաղթահարելի:
Տղամարդկանց գերծանր քաշայինների կարգում հաղթեց Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող Ռուսլան Ալբեգովը: Երկամարտի նրա արդյունքը 435 (195+240) կիլոգրամ էր:
Վերջում հավելենք, որ գավաթի խաղարկությունը կոմերցիոն բնույթի էր ու, որպես այդպիսին, ծանրորդների համար ֆինանսական վիճակը փոքրիշատե շտկելու լավ հնարավորություն:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1284

Մեկնաբանություններ