38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ԵՐՋԱՆԿԱՑՆԵԼՈՒ ԱՆԴՈՒԼ ՋԱՆՔԵՐԸ ՉԻ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ

ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ԵՐՋԱՆԿԱՑՆԵԼՈՒ ԱՆԴՈՒԼ ՋԱՆՔԵՐԸ ՉԻ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
15.02.2011 | 00:00

Աստծո անցած յոթ օրում աշխարհում եղան տեղատվություններ ու մակընթացություններ, ինչպես և կարգն է:
Արտահերթ նախագահական ընտրությունները Ղազախստանում նշանակված են 2011 թ. ապրիլի 3-ին: Գործող նախագահը, որը 20 տարի իշխանության գլուխ է (ընտրվել է 1991-ին, 1999-ին, 2005-ին, 1995-ին հանրաքվեի միջոցով լիազորությունները երկարացվել են), չորրորդ անգամ է քվեարկվելու: Փետրվարի 11-ին «Նուր օթան»` «Հայրենիքի լույս», իշխող կուսակցությունն իր ղեկավարին պաշտոնապես առաջադրեց նախագահի թեկնածու: Առաջին խոչընդոտը հաղթահարված է. Նուրսուլթան Նազարբաևը հաջողությամբ հանձնեց պետական լեզվի` ղազախերենի քննությունը, որի ազատ տիրապետումը թեկնածուին ներկայացվող պահանջ է: Նրանից բացի, այդ փուլը հաղթահարել է բնապահպանական շարժման ղեկավար Մուսագալի Դուամբեկովը և հայտարարել է, որ մասնակցում է ընտրություններին, բայց հաղթանակի հավակնություններ չունի:
Բռնաբարության մեղադրանքը չհերքված` Ջուլիան Ասանժին նոր մեղադրանք է ներկայացվել` նա կոպիտ է վարվում կատուների հետ: Գերմանացի Դանիել Դոմշայտ-Բերգը գիրք է գրել` «WikiLeaks»-ի ներսում», ուր պատմում է, որ 2009-ին Վիսբադենում Ասանժի հետ բնակվելիս ականատես է եղել, որ Ջուլիանը քաշում էր կատու Շմիդտի պոչից և բռնում վզից, իսկ Շմիդտը նրան ճանկռում էր: Վիրավորված գերմանացին երկու տարի անց որոշել է ավստրալացուց պաշտպանել կատվին:
Ընդդեմ բազմամշակութայնության Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Կեմերոնից ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից հետո հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: France-Presse-ը փոխանցել է նախագահի խոսքերը` «անկասկած, ձախողում է»: Նա կարծում է, որ եթե ինչ-որ մեկը գալիս է Ֆրանսիա, պետք է ազգի մաս կազմի, եթե չի ցանկանում, ցանկալի հյուր չէ: Սարկոզին ընդգծել է, որ Ֆրանսիան չի փոխելու իր կենսակերպը, չի վերանայելու կանանց ու տղամարդկանց հավասարության իր հայեցակարգը և չի համակերպվելու, որ ինչ-որ մեկը կարող է աղջիկներին արգելել դպրոց գնալ: Բացի այդ, ֆրանսիացիները չեն ցանկանում, որ փողոցներում ի տես բոլորի աղոթեն: «Մենք չափազանց մտահոգված էինք եկվորների նույնականությամբ և բավարար ուշադրություն չէինք դարձնում եկվորներին ընդունող երկրի նույնականությանը», ասել է Սարկոզին:
Եվրամիությունը դեմ է Բելառուսի մասնակցությանը Արևելյան գործընկերության ծրագրին, որը հետխորհրդային 6 հանրապետությունների հետ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների սերտացմանն է ուղղված: Հարցը կորոշվի մարտին` Բրյուսելում անցկացվելիք նիստում: ԵՄ-ն արդեն իսկ արգելել է 158 բելառուս պաշտոնյաների մուտքը Եվրամիության տարածք:
Պակիստանի Ռավալպինդի քաղաքի դատարանը նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆի ձերբակալության հրաման է տվել` նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի սպանության առնչությամբ: Պակիստանի Հետաքննության դաշնային գործակալությունը նշում է, որ Մուշարաֆը չի կարողացել ապահովել 2007-ի դեկտեմբերի 27-ին ահաբեկչության զոհ դարձած Բհուտոյի անվտանգությունը, որի համար անձամբ էր պատասխանատու: Լոնդոնում բնակվող Մուշարաֆն արդեն պատասխանել է, որ չի պատրաստվում դատարան ներկայանալ:
Հարավային Սուդանում հայտարարվել են ինքնորոշման հանրաքվեի արդյունքները` քվեարկել է բնակչության 97 տոկոսը (3,8 միլիոն), նրանց 98,83 տոկոսը (3,792 մլն) կողմ է անկախությանը: Նոր երկրի անունը դեռ չի որոշվել, չի բացառվում, որ պահպանվի Հարավային Սուդան անվանումը:
Հեղափոխության 18-րդ օրը` փետրվարի 11-ին, հրաժարական տվեց Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Հոսնի Մուբարաքը, որ 30 տարի ղեկավարում էր երկիրը: Թունիսի հեղափոխությունից ոգևորված` հունվարի 25-ից Կահիրեի Ալ Թահրիր հրապարակում հավաքված եգիպտացիներից 300-ը հաղթանակի բերկրանքը չեն ապրի այլևս: Եգիպտոսին սպասում են խորհրդարանական և նախագահական ընտրություններ` իշխանությունը ստանձնած ռազմական խորհուրդն արդեն ցրել է խորհրդարանը և կասեցրել Սահմանադրության գործունեությունը: Մինչև ընտրությունները գործելու է նաև կառավարությունը:
Ստամբուլի դատարանի որոշմամբ ձերբակալվել է 163 բարձրաստիճան զինվորական. նրանք կասկածվում են 2003 թ. վարչապետ Էրդողանի կառավարության դեմ հեղաշրջման կազմակերպման մեջ: «Բալիոզի» գործով ձերբակալված են գեներալներ ու ծովակալներ` և՛ գործող, և՛ զորացրված, առաջին անգամ Թուրքիայի պատմության մեջ նրանց դատը վարում է քաղաքացիական դատարանը: Պետական մեղադրողն առաջարկել է 15-20 տարվա ազատազրկում:
ԱՄՆ-ի «Stratfor» հետազոտական կենտրոնի փորձագետները կարծում են, որ Հայաստանում լայնամասշտաբ բողոքի ակցիաների և անկարգությունների նախադրյալներ չկան: Փորձագետները համարում են, որ ՀԱԿ-ի փետրվարի 18-ի հանրահավաքին 10000 մասնակիցների ներկայությունն ընդդիմության համար մեծ ոգևորության աղբյուր կլինի, քանի որ վերջին շրջանում այդ ակցիաներին մի քանի հարյուր մարդ է մասնակցում: Նրանք եզրակացրել են, որ «իշխանությունների հետ պայքարի առումով Հայաստանի ընդդիմության կարողությունները շարունակում են սահմանափակ մնալ, այդ պատճառով Հայաստանը խնդրահարույց երկրների շարքում ամենաքիչ ռիսկայինն է»: Եթե այդքան կասկածելի են «Stratfor»-ի տվյալները, որքա՞ն է հավաստի նրանց եզրակացությունը:
ԱՄՆ-ի Jane’s Intelligence հետազոտական կենտրոնի գնահատմամբ` նավթից և բնական գազից ստացվող շահույթների հաշվին Ադրբեջանը փորձում է փոխել 17 տարվա ստատուս քվոն, և այդ նպատակով Բաքուն 2011 թ. անվտանգությանն ու ռազմական ոլորտին հատկացրել է 3,1 միլիարդ դոլար, որը 6 անգամ գերազանցում է Հայաստանի նույն ոլորտներին տրամադրած գումարը: «Չնայած ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ վերջին տարիներին գործադրված բազմաթիվ դիվանագիտական ջանքերին` հակամարտությունը շարունակում է բորբոքվել»,- համոզված են Jane’s Intelligence-ում: Այնուամենայնիվ, նրանք սահմանափակ են համարում պատերազմի հնարավորությունը:
ՈՒզբեկստանում ԻԻՀ դեսպան Մուհամեդ Քեշավարաձեն չի բացառում Թեհրանի մասնակցությունը NABUCCO-ին` հաշվի առնելով, որ համաձայնագիրը ստորագրած երկրների ներուժը բավարար չէ, իսկ «Իրանը կարող է ապահովել այդ գազատարը գազի մեծ քանակով»: Դեսպանը նաև ասել է, որ Թեհրանը չի խրախուսում Տրանսկասպիական գազատարի շինարարությունը. «Իրանը միշտ զգոն վերաբերմունք է ունեցել բնապահպանական խնդիրների նկատմամբ, բացի այդ, դեռ որոշարկված չէ Կասպից ծովի կարգավիճակը»:
«Միջազգային հանրության և ԵԱՀԿ ՄԽ միակ խնդիրը Հայաստանին պարտադրելն է, որ ընդունի բանակցությունների սեղանին եղած առաջարկները», ANS հեռուստաալիքին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Նովրուզ Մամեդովը: Ըստ նրա, բանակցություններում հաջողության չհասնելու դեպքում ռազմական ճանապարհով տարածքները վերադարձնելու կոչերը բնական են:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ կոնֆլիկտի խաղաղ լուծում հնարավոր է միայն այն դեպքում, երբ Հայաստանը հրաժարվի օկուպացիոն քաղաքականությունից: Նա նկատել է, որ Ադրբեջանը լրջորեն նախապատրաստվում է օկուպացված տարածքների ազատագրմանը: «Համանման իրավիճակում բոլոր պետություններն էլ այդպես կվարվեին, և ոչ ոք իրավունք չունի ինչ-որ հարցում Ադրբեջանին մեղադրելու»,- ասել է նախարարը:
Փետրվարի 8-11-ին` տարածաշրջանային այցից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Բեռնար Ֆասիեն, Իգոր Պոպովը հայտարարել են, որ «եկել է խաղաղության դիրքերից Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու ժամանակը»: Նրանք պնդում են, որ «2010 թ. Աստրախանի գագաթնաժողովից հետո կատարված աշխատանքի արդյունքում դրական առաջընթաց է եղել», և հորդորում են շարունակել առաջխաղացումը, որպեսզի «խաղաղ գործընթացն անցնի հաջորդ փուլ»: Խաղաղությանը նպաստող միջավայր ձևավորելու համար համանախագահները կողմերին կրկին հորդորում են զսպվածություն ցուցաբերել գործողություններում ու հայտարարություններում:
Հայ հասարակությանը երջանկացնելու անդուլ ջանքերը չի դադարեցնում Ռոբերտ Քոչարյանը: Նախորդ նախագահը նորից ինքնահարցազրույց է տվել և «որոշ քաղաքական գործիչների» հիշեցրել, որ իրենց «հիշողությունը, ցավոք, չափազանց կարճ է»: Իր փորձից ելնելով` նրան «հրամայական է թվում գալիք խորհրդարանական ընտրություններին արդար քաղաքական մրցակցության անհրաժեշտությունը»: Նա համեստորեն խոստովանել է, որ 2003 և 2007 թթ. իր հետ անուն առ անուն համաձայնեցվել է ՀՀԿ նախընտրական ցուցակը, եթե անկեղծ լիներ, նվազագույնը պիտի ասեր` ոչ միայն ՀՀԿ նախընտրական ցուցակը: Ակնհայտորեն դեռ չի եկել Ռոբերտ Քոչարյանի անկեղծության պահը:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1125

Մեկնաբանություններ