Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

2:1` ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՊԵ՛Պ

2:1` ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՊԵ՛Պ
20.01.2012 | 00:00

70 թիվն էր` պլյուս-մինուս մի տարի: Համաքաղաքային շարադրություն էինք գրելու «Իմ հայրենի քաղաքը» թեմայով: Հաշվի առնելով դպրոցի համար հարցի կարևորությունը` նախօրեին տնօրենը հանդիպել էր հորս ու պահանջել տվյալ օրվա համար առանձնահատուկ ուշադիր լինել իմ ռեժիմի նկատմամբ, որ թարմ գլխով պատրաստ լինեմ «դարակազմիկ» իրադարձությանը: Դպրոցի հարվածային ուժիս «թարմ գլխի» պահանջի տակ, հասկանալի է, թաքնված էր եղել ժամանակին քնել-քունն առնել հասկացությունը: Սակայն ի՜նչ քնելու մասին կարող էր լինել խոսքը: Նախօրեին, ուշ գիշերով, ցույց էին տալու ԽՍՀՄ-Հյուսիսային Իռլանդիա ֆուտբոլային խաղը, ու հայրս, ինքն էլ ֆուտբոլի մոլի երկրպագու, բացառության կարգով (ասաց` հաշվի առնելով ուսմանդ առաջադիմությունն ու օրինակելի վարքդ) թույլ տվեց նայել ֆուտբոլային հանդիպումը: Ընդամենը մի քանի ժամ առաջ ավարտված այդ խաղն առավոտյան տեղ գտավ իմ շարադրությունում, հիմա ինքս էլ լավ չեմ հասկանում` ինչ կերպ շաղկապվելով քաղաքի անցած հերոսական ուղուն:
Սակայն այստեղ այնքան էլ կարևոր չէ շարադրությանս մրցանակի արժանանալու փաստը, ինչպես կարևոր չէ շողացող դեմքով տնօրենի կողմից այն անձամբ, հանդիսավոր պայմաններում ինձ հանձնելու իրողությունը: Վեց-յոթերորդ դասարանցուս համար այն ժամանակ շատ ավելի տպավորիչն իր կուռքի` Ջորջ Բեսթի խաղը տեսնելն էր, ֆուտբոլիստ, որ միշտ խաղադաշտ էր դուրս գալիս կիսավարտիքի մեջ չդրած մայկայով ու կախ ընկած զուգագուլպաներով: Թերթերի մատուցմամբ ես էլ էի փաստն ընկալում որպես ֆուտբոլիստի «թափթփված լինելու» արտահայտություն, մինչև մի գեղեցիկ օր կարդացի, թե որն է նրա նման պահվածքի պատճառը: Պարզվում է` թույլ տեսողության պատճառով մայրը չի կարողանում որդուն զանազանել մյուս խաղացողներից, ու տեսանելի լինելու համար է ֆուտբոլիստը մարզազգեստը «պատշաճ» կրելու հարցում անփույթ: Հա, խաղից մեկ էլ տպավորվել էր այն, որ Լևոն Իշտոյանն առաջին խաղակեսի քսանութերորդ րոպեին մոտեցավ ու ձախ ձեռքով թփթփացրեց ջուր խմող Բեսթի աջ այտին: Հետո պատմում էին, թե լենինականցիները, իբր, Մոսկվա մեկնելուց առաջ Իշտոյանին ասել էին` գոլ էլ չխփես, մե հատըմ ձեռք կուտաս էդ Բեսթին, տեսնինք ըդիկ իսկակա՞ն է, թե՞ չէ:
Ինչո՞ւ հիշեցի այս ամենը: Արքայական գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակներում մեր ժամանակով (կա՜յֆ է, չէ՞, ժամի առումով էլ մերն ուրիշ է) երեկ կայացած «Ռեալ»-«Բարսելոն» խաղի ընթացքում մադրիդցիների թիմի կեսից ավելին անմահացավ Մեսիի անվան կողքին իր անունը լսեցնելու առումով` բացարձակապես խտրականություն չդնելով միջոցների մեջ: Է՜լ գցեցին, է՜լ գնդակի պես գլորեցին, է՜լ որտեղին ասես հարվածեցին, հաշվի չառնելով` խաղային իրավիճակո՞վ թելադրված կոնտակտ է, թե՞ ոչ (ի դեպ, առավել «հաջողվածը» եղավ Պեպեն` Մեսիի ձեռքի վրա խուլիգանի պես կանգնելը (տե՛ս լուսանկարը) զուգորդելով նույնքան խուլիգանական հարվածով):
Եվ ինչի՞ հասան:
Բան չունեմ ասելու` չթողեցին, որ «Սանտա Բեռնաբեուում» արգենտինացին իր հերթական գոլը խփի, ու Մեսի-Ռոնալդու մրցապայքարում հաշիվը լինի 1:0` հօգուտ առաջինի, բայց հո՞ «Բարսելոնի» հաղթական գոլը խփվեց ֆուտբոլային կախարդի ոսկերչական փոխանցումով (գոլի հեղինակն Աբիդալն է, ով նախկինում միայն Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում է դարպաս գրավել ու նաև այս կերպ անմահացել մարզչի ծննդյան օրը), հո՞ իր ներկայությամբ աշխարհի թիվ մեկ ֆուտբոլիստը խաղից կտրեց նվազագույնը երկու մադրիդցու` ծավալվելու անհամեմատ լայն դաշտ թողնելով խաղընկերներին:
«Բարսելոնը» հերթական անգամ հաղթեց «Ռեալին»: Հերթական անգամ Գվարդիոլան Մադրիդի աշխարհահռչակ խաղադաշտը լքեց անպարտ: Հերթական անգամ կատալոնյան ակումբը գիշերվա վատ երազի պես թևածեց արքայական ակումբի գլխին: Հերթական անգամ Մոուրինյոն հասկացավ` քանի դեռ իսպանական ֆուտբոլում Պեպը կա, ինքը հավերժական երկրորդ է, և ժամանակն է վերադառնալու մառախլապատ Ալբիոն, որտեղ, ճիշտ է, կա ֆանտաստիկ տաղանդավոր ու հեղինակավոր Ալան Ֆերգյուսոն, սակայն, տարիքով պայմանավորված, վերջինիս պարագայում ժամանակն սկսում է գործել հետհաշվարկով:
«Էլ կլասիկոն» այս անգամ էլ հմայեց: Այս անգամ էլ ֆուտբոլային աշխարհը քուն մտավ մեծ ու մեծագույն թիմերի խաղով տպավորված: Եվ այս ի՜նչ հրաշք է, որ կան Մադրիդի «Ռեալ» ու կատալոնյան «Բարսելոն»: Ցնծա՜, ֆուտբոլային աշխարհ, ցնծա ֆուտբոլի անդավաճան երկրպագու: Քեզ իսկապես կարելի է նախանձել, որովհետև գեղեցիկի հետ հանդիպումներդ շարունակվում են:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2016

Մեկնաբանություններ