2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐԻՆ

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐԻՆ
03.12.2010 | 00:00

Որ հանգուցյալ հոգիներն անօգնական են, հաստատում են և՛ Աստվածաշունչը, և՛ Եկեղեցու սուրբ հայրերը։ Ըստ Աստվածաշնչի` սա է. «Ողորմե՜ք, ողորմե՜ք ինձ, բարեկամներ, քանզի Տիրոջ ձեռքը դիպավ ինձ» (Հոբի գիրք), իսկ ըստ սուրբ հայրերի, հանձին Գրիգոր Տաթևացու. «Պետք է ողորմենք և աղոթենք նրանց համար, ովքեր հույսով ու հավատով ննջեցին ի Քրիստոս, և աշխարհի սխալանքներից ինչ-ինչ բաներ մնացին նրանց մոտ։
Եվ այսպես, սուրբերին պետք է հիշել որպես բարեխոսների, իսկ մեղավորներին՝ նրանց համար ներում խնդրելով։ Եվ առհասարակ, պետք է հիշել բոլորին՝ թե՛ անծանոթներին, թե՛ մեր խնամքին հանձնված երախտավորներին, թե՛ սուրբ պատարագի ընթացքում, թե՛ ամենօրյա աղոթքներում»։
Եվ այսպես, բացի հարազատների գերեզմաններ մեր անձնական այցելություններից, նրանց համար խունկ ծխելուց և մեր աղոթքներից, ամենակարևորն է սուրբ պատարագի ժամանակ եկեղեցու սպասավորների միջոցով նրանց համար աղոթելը, քանի որ յուրաքանչյուր ոք, ով մկրտվում է եկեղեցում, դառնում է եկեղեցու անդամ, ու եկեղեցին սուրբ պատարագներով օգնում և բավարարում է նրա հոգևոր կարիքները և՛ այս կյանքում, և՛ այն։ Եվ երբ ննջեցյալի հարազատները որոշում են սուրբ պատարագի միջոցով օգնել իրենց ննջեցյալին, մանավանդ ննջման օրից մինչև քառասունք, ապա նրանք, ըստ եկեղեցու ընդունած կանոնի, հնարավորության դեպքում, այլ ոչ թե պարտադրաբար, իրենց հետ բերում են, ինչպես նշել է հոդվածագիրը («Իրատես de facto», թիվ 22(232), 2.11-4.11. 2010), գինի, ձեթ և ալյուր. գինին ու ալյուրը Հաղորդության անհրաժեշտ նյութերն են, քանի որ ալյուրից նշխարք է թխվում, և գինու հետ սրբագործվելով, տրվում է որպես սուրբ Հաղորդություն, իսկ ձեթը եկեղեցու կանթեղների լուսավորման համար է։ Սպիտակ մոմերը, որոնք իսկապես վերջերս կրկնակի թանկացան, անհրաժեշտ պայման չեն այդ արարողության համար, այլ կամավոր ընծայաբերություն, քանի որ պատարագների ժամանակ սուրբ խորանի վրա մոմեր են վառում։ Իսկ թե ինչու է 13 հատ ասվել, դա էլ Հիսուսի և Իր 12 առաքյալների թվով է եղել։ Պատարագի վերջում Ավետարանն ու Խաչը համբուրելն ու ափսեի մեջ դրամ գցելը նույնպես կամավորության կարգով են կատարվում, ոչ թե պարտադրաբար։ Այնպես որ, հոդվածագիր մեր հայրենակիցը թող իմանա, որ թե՛ ինքը, թե՛ մենք, որպես եկեղեցու անդամներ, մեր չափով պատասխանատվություն ունենք, ինչպես հնում են արել հավատավոր մարդիկ և իրենց ստացվածքի տասանորդն են բերել Աստծո տուն։
Զարմանալին այն է, որ այսօր աղանդավոր ու բողոքական խմբերի քրիստոնյաները այս բանում առավել ջանասեր են, ու իրենց ստացվածքից անխտիր տասանորդ են վճարում, իսկ ահա մեր մայր եկեղեցու անդամները զլանում են այս կարևոր ու օգտաշատ հարցում։ Իսկ թե ինչու է կարևոր և օգտաշատ, կկարդանք քիչ հետո։ Եվ ընդհանրապես, թող մեր առաքելական եկեղեցու յուրաքանչյուր քրիստոնյա իմանա, որ այդ նյութական փոքրիկ ընծայաբերություններն ու դրամական օգնություններն ապացույց են այն բանի, որ մենք նույն ազգի, նույն հոգևոր ընտանիքի անդամներն ենք, ու մեր հույսը չդնենք, թե հարուստները մի բան կտան եկեղեցու բարօրության համար, իսկ մենք կողքից կօգտվենք այդ բարիքներից։ Սխալ ու վնասարար մտածելակերպ է։ Այդ է ապացուցում նաև Գրիգոր Տաթևացի եռամեծ վարդապետը, որը մի ընդարձակ քարոզ է գրել հատուկ այս մասին, հորդորելով բոլորիս. «Ողորմության տուրքը երկու կերպ է լինում՝ ողորմություն աղքատներին՝ «Ողորմությունն ու հավատը թող չպակասեն քեզնից» (Առակաց 3.3) և ընծա Աստծուն՝ «Պատվիր Տիրոջը քո արդար վաստակից» (Առակաց 3.9)։ «Ողորմությունը վարձատրվում է միայն հանդերձյալ կյանքում, իսկ Աստծուն մատուցած ընծան՝ երկու կյանքում էլ»։ Այնտեղ Տերը հոգևորն է փոխհատուցում, իսկ այստեղ` նյութականը, ինչպես գրված է. «Որպեսզի լցվեն քո շտեմարանները ցորենի լիությամբ, և հնձաններդ ավելի շատ գինի բխեցնեն» (Առակաց 3.10)։
Քանի որ մարդը հոգի է և մարմին, հարկավոր է հոգով փառք մատուցել, իսկ մարմնով՝ պատիվ։ Փառքն արտահայտվում է մտքով և խոսքով՝ օրհնելով, գովելով, բարեբանելով, իսկ պատիվը՝ ծնրադրելով, հանուն Աստծո չարչարվելով, ընծա և նվեր մատուցելով։ Վերջինս չորս պատճառ ունի:
Նախ՝ պետք է ունեցածից բաժին տալ Աստծուն, և քանի որ մարդու երկրային գոյությունը պայմանավորված է հոգով և մարմնով, այնպես էլ ունեցվածքով, ուստի պետք է և հոգու կողմից՝ աղոթք, մարմնի կողմից՝ ծունր, իսկ ունեցվածքից՝ մի մաս ընծայել Աստծուն։
Երկրորդ՝ պետք է նյութական իրերի միջոցով բարեկամանալ Աստծո հետ՝ ըստ այս խրատի. «Անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ ձեռք բերեք, որպեսզի երբ այն պակասի, հավիտենական հարկերում ընդունեն ձեզ» (Ղուկաս 16.9)։
Երրորդ՝ այս ընծաներով մարդու միտքը և հույսը բարձրանում են առ Աստված և հաստատվում, որովհետև՝ «ՈՒր որ մեր գանձերն են, այնտեղ էլ մեր սրտերը կլինեն» (Մատթ. 6.21)։
Չորրորդ՝ նյութական ընծան ցույց է տալիս Նրա հանդեպ մեր սերը, քանի որ սրտի սերը ձեռքի տուրքից է երևում։ ՈՒստի Աստծո սիրուց է, որ մեր ունեցածն Աստծուն ենք ընծայում։
Ինչպես ասվեց, տուրքը երկու կերպ է լինում։ Արդ, ո՞րն է առավել գովելի՝ ողորմությունն աղքատների՞ն, թե՞ նվերն Աստծուն։ Ասենք, որ երկուսն էլ պատվական են, քանզի աղքատին ողորմելով, փոխ ենք տալիս Աստծուն (Առակ. 19.17), որովհետև դա Նրա սիրուց ենք անում։ Սակայն սրանց միջև տարբերություններ կան։
Նախ՝ ողորմությունն արտահայտում է սերն ընկերոջ հանդեպ, իսկ ընծան՝ Աստծո, և ինչպես Աստծո սերն է առավել պատվական, քան ընկերոջը, այնպես էլ ընծան առավել պատվական է, քան ողորմությունը։
Երկրորդ՝ ընծան նվեր է անմիջականորեն Աստծուն, իսկ ողորմությունը՝ աղքատի միջնորդությամբ, քանզի մեկն ուղղակի Աստծուն է մատուցվում, իսկ մյուսը` հանուն Աստծո։
Աստված Օրենքում Մովսեսին հրամայեց ամեն ինչից տասանորդ տալ, քանզի տասը կատարյալ թիվ է, իսկ աղքատներին ողորմելը կամավոր է։
Այսպիսով, Աստծուն տրված ընծան առավել գովելի է, քան ողորմության տուրքը։ Եվ պետք է գիտենալ, որ եթե ողորմությունը տրվում է աղքատներին, ապա Աստծո ընծան պետք է բերել Աստծո տուն և տալ քահանաներին, որովհետև նախ` Մովսեսն ավանդեց նվերները, բոլոր տեսակի զոհերը բերել տաճար և տալ քահանային։ Նույնը կանոնեցին և առաքյալները։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, սուրբ Սահակ Պարթևը և մյուս հայրապետները ևս պատվիրեցին առաջին բերքը և մյուս ընծաները տանել եկեղեցի և տալ քահանաներին։
Երկրորդ՝ ինչպես թագավորին բերված ընծան հանձնվում է ծառաներին, այդպես էլ Երկնային Թագավորինը մատուցվում է քահանաներին, որովհետև երկրի վրա նրանք են Աստծո տան սպասավորները, ինչպես երկնքում հրեշտակներն են։
Երրորդ՝ քանի որ քահանաների ժառանգությունը Ինքն Աստված է (քանի որ այլ երկրային ժառանգություն չունեն), դրա համար էլ Աստծո բաժինը՝ ընծան, քահանաներին ենք տալիս։ Այդ պատճառով Աստված ասաց Սամուելին. «Ոչ թե քեզ անարգեցին, այլ Ինձ» (Ա Թագավ. 8.7)։ Ինչպես և առաքյալներին են ասում. «Ով ձեզ է ընդունում, Ինձ է ընդունում» (Մատթ. 10.10)։
Չորրորդ՝ քանի որ քահանան է ժողովրդի քավիչը և ուսուցիչը, ինչպես գրված է. «Իմ ժողովրդի մեղքերը կքավվեն» (Ղևտ. 4.20), «Երեցները կրկնակի պատվի կարժանան» (Ա Տիմոթ. 5.17), «Եվ արժանի է մշակն իր կերակրին» (Մատթ. 10.10)։ Ով սերմանում է հոգևորը, պետք է մարմնավորը հնձի, այս պատճառով Աստծո ընծան տրվում է քահանաներին։
…Իսկ ինչո՞ւ է ասում. «Որպեսզի լցվեն քո շտեմարանները ցորենի լիությամբ, և հնձաններդ ավելի շատ գինի բխեցնեն» (Առակաց 2.10)։ Սրանով Տերը, նախ, հավաստում է, որ ոչ միայն հանդերձյալում փոխարենը կստանանք, այլև ներկայում, որովհետև Աստված հատուցում է թե՛ մարմնապես, թե՛ հոգեպես։
Ասենք, որ նյութական բարիքն առատանում է բազում պատճառներով։ Նախ՝ այն աճում է բնականորեն, ինչպես մարդու հասակը, բույսերը, ինչպես փոփոխվում է լուսինը, աճում և նվազում են ջրերը, աղբյուրները, մազը, եղունգը և այլն։ Այդպես էլ մի փոքր թթխմորն աճեցնում է ողջ զանգվածը։ ՈՒստի Աստծո կամքով են ինչքերն աճում և առատանում։
Երևում է հակառակ օրինակից. եթե Աստծո բաժինը թաքցնելիս վերանում է նրա պահպանությունը, և հափշտակությունն է վրա հասնում, ապա հավատով ու հույսով ընծայողների ունեցվածքը հույժ առատանում է։
Վերջին ժամանակների իրականությունից. արևմտյան քրիստոնյա ազգերն ամեն տարի տասանորդ են տալիս Աստծուն, և դրա շնորհիվ նրանց հարստությունն աճում է, մինչդեռ արևելյան ազգերը, որ այժմ ժլատ ու անհավան են, ընծայում են դժկամությամբ, այն էլ անպիտանն ու խոտանը։ Այդ պատճառով շարունակ մաշվում ու տառապում են աղքատության մեջ. շատ են չարչարվում և քիչ են վաստակում, շատ են սերմանում, քիչ են հնձում, և չի առատանում նրանց ունեցվածքը, քանի որ Աստծո բաժինը չեն տալիս, և Նրա օրհնությունն ինչքերին չի խառնվում։
Նյութական օրինակներից. անոթը երբ լի է ջրով, այլևս չեն լցնում, իսկ երբ դատարկվում է, լցնում են։ Այդպես էլ մարդը, երբ իրեն է պահում Աստծո բաժինը, այլևս չի ստանում Նրանից, իսկ երբ ընծայում է, վերստին ստանում է առատապես։
ՈՒրեմն, երբ Աստծուն բաժին չենք հանում, մեր ունեցվածքը սպառվում է։
Աղբյուրի օրինակից. որքան վերցնում ենք, ջուրը չի պակասում, այլ տեղը լցվում է, իսկ երբ չենք վերցնում, նույն չափն էլ մնում է և չի ավելանում։ Նմանապես, որքան վերցնում ենք ողորմության աղբյուրից, այն չի պակասում, այլ լրացվում է, իսկ երբ չենք վերցնում, մնում է նույնքան ու չի ավելանում։ Այս պատճառով Տերն ասում է. «Տվե՛ք, և պիտի տրվի ձեզ, ձեր գոգը պիտի լցնեն առատ չափով՝ թաթախուն, շարժուն, զեղուն։ Այն չափով, որով չափում եք, նույն չափով պիտի չափվի ձեզ համար» (Ղուկաս 6.38)։
«Եվ սա՝ թե՛ այս կյանքում և թե՛ հանդերձյալում» (հատվածաբար՝ Գրիգոր Տաթևացի, Քարոզ նվիրատվության մասին. Ամառան հատոր)։
Այսքանից հետո մեզ մնում է ավելացնել. իսկ եթե եկեղեցու ծառան, ստանալով այս ամենը, չարաշահի ունեցվածքն ու չծառայեցնի Աստծո փառքին, ապա ինքն ավելի շատ ծեծ պիտի ուտի Տիրոջից. քանզի ում շատ է տրված, նրանից էլ շատ է պահանջվելու։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1715

Մեկնաբանություններ