Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
24.02.2012 | 00:00

Երեքշաբթի-չորեքշաբթի կայացած վերջին չորս հանդիպումներով ավարտվեցին Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդ եզրափակչի առաջին խաղերը: Մեկ օրվա տարբերությամբ նույն վիճակն է նաև Եվրոպայի լիգայի խաղարկությունում:

ԳԼԽԻՑ ՎԵՐ ՑԱՏԿԵՑ
Ինչ-որ առումով անակնկալ մատուցեց Մոսկվայի ԲԿՄԱ-ն: Ռուսական ցո՞ւրտն էր, արհեստական խոտածա՞ծկը, իներցիայի ո՞ւժը (Եվրագավաթների խաղարկությունում ռուսական ակումբը ցայսօր չի պարտվել իսպանական թիմերին), թե՞ մեկ ուրիշ գործոն, փաստը մնում է փաստ, որ տարվա իրենց առաջին խաղը բանակայինները պատվով անցկացրին` սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղալով Մադրիդի «Ռեալի» հետ: Ընդ որում, ուշագրավ է, որ մեկ միավորն անհամեմատ հեղինակավոր մրցակցից կորզվեց խաղի վերջին վայրկյաններին:
Արդ` ԲԿՄԱ-ի նմանօրինակ ինքնակազմակերպվել-ինքնահավաքվելը թույլ տալի՞ս է ենթադրել, թե երկու հանդիպումների արդյունքով ռուսական ակումբը պահպանում է մեկ քառորդ եզրափակիչ դուրս գալու հնարավորությունը:
Սկզբունքորեն, ինչ խոսք, կարելի է ամեն ինչ էլ ենթադրել, որովհետև սա ֆուտբոլ է, որտեղ հնարավոր է ամեն ինչ: Սակայն, անկեղծ ասած, սա նման կլինի նրան, որ մեկուկես տարեկան թոռանդ հետ հավասար հավատաս, թե Ամանորի գիշերը տոնածառի տակ տնեցիների դրած նվերների տոպրակը Ձմեռ պապի ձեռքի գործն է:
Իսկ որ պատվերով համերգի հանգույն իրականացավ ԲԿՄԱ-ի մարզիչ Սլուցկու կանխատեսումը` հաջողության հասնելու համար բավարար չէ ուժեղ խաղալ, հարկ է, որ Մոուրինյոյի սաներն էլ անհաջող խաղան, սա արդեն միանշանակ է:

ՀԻՇԵՑՐԵՑ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՆԵՐԸ
Արտակարգ գեղեցիկ խաղ ստացվեց «Նապոլի»-«Չելսի» հանդիպումում: Իտալական ակումբն ասես քսան տարով հետ էր գնացել դեպի երանելի ժամանակներ, երբ իր կազմում ուներ հրաշագործ Դիեգո Մարադոնա, հարձակողական գործողությունների ահռելի պոտենցիալ` համեմված հրաշալի պաշտպանությամբ, ստեղծագործորեն գործող միջին գծով: Մի խոսքով` կատարյալ ներդաշնակություն:
Հին ու բարի ժամանակների ոգով, ի հաշիվ մրցակցին պարտադրած խելահեղ տեմպի ու հարձակման ավարտական փուլում առավել արդյունավետ գործելու, «Նապոլին» հաղթեց 3:1 հաշվով` տանելով կամային հաղթանակ: Սակայն, որքան էլ այդ հաղթանակն անքննարկելի է, այդուհանդերձ, չեմ կարծում, թե մրցամարտի ելքը վերջնականապես վճռված է: Պարզապես պիտի արձանագրել, որ ցանկալի ընդհանուր արդյունքի համար լավ հիմք է ստեղծված ու` վերջ:
Ինչ վերաբերում է ավելի աստղային կազմ ունեցող «Չելսիին», դրությունը շտկելու համար այն պիտի հնարավոր ու անհնար ամեն ինչ անի, որովհետև այստեղ առանձին վերցրած թիմի հեղինակության հարցը չէ սոսկ (թեպետ միայն առաջինն էլ պակաս վճռորոշ գործոն չէ):
Հիշենք, որ մեկ շաբաթ առաջ էլ «Արսենալն» է զիջել իտալական մեկ այլ թիմի` «Միլանին», պարտվել է 0:4 հաշվով, ու կարող է այնպես ստացվել, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Անգլիան այդ նույն իտալական ակումբների «թեթև ձեռքով» չունենա ներկայացուցիչ: Իսկ սա չի ներվի արդեն ոչ մեկին, առավել ևս «Չելսիի» մարզիչ Վիլաշ- Բոյաշին, ով այդպես էլ, կարծես, չի արդարացնում ոչ միայն իրեն տրված ավանսը, այլև ռուսական հսկայական ներդրումներից ակնկալվող սպասումները:

«ՔԱՂԱՔԱԲՆԱԿՆԵՐԸ» ԴԱՐՁԱՆ ԱՌԱՋԻՆԸ
Ինչ վերաբերում է Եվրագավաթների խաղարկության երկրորդ օրվան, այստեղ սկզբունքորեն ստեղծվել էր բավականին պարադոքսալ վիճակ: Տրամաբանորեն Չեմպիոնների լիգայի խաղարկությունը կարգով ավելի բարձր է Եվրալիգայի մրցաշարից, սակայն վերջինիս շրջանակներում կայանալիք «Մանչեստր Սիթի»-«Պորտու» խաղն ավելի անհամբերությամբ էր սպասվում, քան «Բազել»-«Բավարիա», «Մարսել»-«Ինտեր» դիմակայությունը, ու սա ոչ միայն նրա համար, որ անգլո-պորտուգալական մրցակցությունում վերջնականապես որոշվելու էր մեկ ութերորդ եզրափակիչի ուղեգրի տերը (հիշենք, որ սեփական հարկի տակ Եվրալիգայի գործող չեմպիոնը 2:1 հաշվով զիջել էր անգլիական «Մանչեստր Սիթիին» ու հայտնվել ծանր վիճակում):
Սակայն նախ այն մասին, թե ինչու էր այս խաղն առանձնացվել մյուսներից ու անցկացվում չորեքշաբթի:
Բանն այն է, որ հինգշաբթի «Մանչեստր Յունայթեդը» ընդունելու էր Ամստերդամի «Այաքսին», և քաղաքային ոստիկանությունը տագնապ ուներ, որ մանչեստրյան երկու թիմերի անհաշտ երկրպագուները տուն վերադառնալիս կարող էին հանդիպել իրար ու բուռն ոգևորության մեջ պարզապես ավերել քաղաքը: Ինչ վերաբերում է «Մանչեստր Սիթի»-«Պորտու» դիմակայությանը, ինչպես և կանխագուշակել էինք մեր նախորդ նյութում, «քաղաքաբնակները» հազիվ թե ձեռքից բաց թողնեին հնարավորությունը:
Այդպես էլ եղավ:
Արդեն առաջին րոպեի քսաներորդ վայրկյանին Ագուերոն խաղի ընդհանրական հաշիվը դարձրեց 3:1, ինչը պորտուգալացիների համար սկզբունքորեն նշանակում էր բոլոր հույսերի կործանում: Գոլին հաջորդեց ևս երկու կատաղի հարձակում, որոնցից մեկի ժամանակ գնդակը հետ մղեց դարպասաձողը: Ճիշտ է, թեպետ «Պորտուն» էլ ձեռքերը ծալած չմնաց, սակայն հաշվի մեջ փոփոխություն մտցնել էլ չկարողացավ, և թիմերը գնացին հանգստի` հանդիսատեսին ընդամենը այդ մեկ խփած գոլի հաճույքը թողած:
Պորտուգալական ակումբի համար մահվան դատավճռի պես հնչեց երկրորդ խաղակեսում տուգանային հրապարակի անկյունում Հալկին գցելն անտեսելը, ու, այդ պահից սկսած, թիմի խաղը կազմաքանդվեց, որովհետև հետևած շեշտակի գրոհից հետո «քաղաքաբնակները» հաշվի տարբերությունն իսկույն մեծացրին: Վերջնահաշվում այդ օրը «Պորտուն» պարտվեց 4:0 հաշվով ու դուրս մնաց չեմպիոնության համար պայքարից: Այսպիսով, Եվրոպայի լիգայում «Մանչեստր Սիթին» դարձավ մեկ ութերորդի ուղեգիր նվաճած առաջին թիմը:

ՈՉԻՆՉ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՉԷ
Դառնալով Չեմպիոնների լիգայի շրջանակում կայացած «Մարսել»-«Ինտեր», «Բազել»-«Բավարիա» դիմակայությանը, ասենք, որ առաջինում ֆավորիտը միանշանակ ֆրանսիական, երկրորդում գերմանական ակումբներն էին, թեև իրենց համար սկզբունքային խաղերին նրանք ներկայացել էին մեկնարկային տարբեր հարթակներից:
Այսպես, եթե «Ինտերի» հետ խաղում «Մարսելն» ակտիվում ուներ տասնհինգ անպարտ խաղի շարան, ապա վերջին շրջանում անհարթ մրցելույթներով ոչ հաճելիորեն առանձնացող «Բավարիան» ներքին առաջնությունում չէր կարողացել հաղթահարել «Ֆրայբուրգ» բավականին համեստ թիմի արգելքն անգամ: Սակայն վերն ասվածը բնավ էլ չի նշանակում, թե, զորօրինակ, այդ նույն «Բավարիայի» հետ խաղում շվեյցարական «Բազելն» ունակ չէր անակնկալ մատուցելու: Բավական է հիշել Չեմպիոնների լիգայի խմբային փուլը, որտեղ շվեյցարական ակումբը ծնկի բերեց ամենազոր «Մանչեստր Յունայթեդին», իսկ նման բաներն այնքան էլ պատահական չեն լինում: Ի դեպ, նույնը կարելի է ասել իտալական «Ինտերի» առնչությամբ, որքան էլ վերջին ժամանակներս այն անկայուն խաղ է ցուցադրում, դարձյալ չի նշանակում, թե «Մարսելի» համար «հեշտ ծամելու» բան կլիներ: Հիշենք ժողովրդական առածը` «ՈՒղտն ինչքան էլ ընկած լինի, կաշին մի իշաբեռ կլինի»: Իսկ խոշոր հաշվով ընդամենը երեկ էր, որ «Ինտերը» հաղթեց Չեմպիոնների լիգայում, որքան էլ այդ երեկը երկու տարվա վաղեմություն ունի: Ինչևէ:
Չխորանալով մանրամասների մեջ` ասենք միայն, որ տանտերերը մրցակիցների նկատմամբ առավելության հասան միևնույն 1:0 հաշվով, ինչը սակայն ո՛չ «Բազելին», ո՛չ էլ «Մարսելին» չի խոստանում հանգիստ կյանք պատասխան հանդիպումներում, քանի որ ինչպես «Բավարիան», այնպես էլ «Ինտերը» հեշտորեն չեն հրաժարվի Չեմպիոնների լիգայում պայքարը շարունակելու մտադրությունից:
Երեկ ուշ երեկոյան մեկնարկեցին Եվրոպայի լիգայի մնացած խաղերը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1310

Մեկնաբանություններ