Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

«ՍԻՐԻՐ ԸՆԿԵՐՈՋԴ, ԻՆՉՊԵՍ ՔՈ ԱՆՁԸ»

«ՍԻՐԻՐ ԸՆԿԵՐՈՋԴ, ԻՆՉՊԵՍ ՔՈ ԱՆՁԸ»
28.01.2011 | 00:00

Տարիներ առաջ խիստ փոքր ու խիստ խոնավ խցիկս մտավ լեգենդար ԿՈՄԱՆԴՈՍԸ։ Նա ներս մտավ այն պահին, երբ համակարգչով «Հոգևոր խաչբառեր» թերթի հերթական համարն էի տպագրության պատրաստում:
-Դիոգենեսի այս տակառում ի՞նչ ես անում,- հարցրեց գեներալը:
-«Հոգևոր խաչբառեր» թերթն եմ պատրաստում, տպագրելուց հետո ուղարկում եմ Հայաստանի և Արցախի բանտեր:
-Մենա՞կ ես աշխատում։
-Հա՛,- ասացի,- Աստծո օգնությամբ:
ՈՒրախացավ ազգային հերոսը և լուսավոր ժպիտով ասաց.
-Աշխարհում միայն հայը կարող է միայնակ թերթ ու գիրք տպագրել, այն էլ նման պայմաններում:
Նա ԴՕՍԱԱՖ-ի գարաժում ինձ մի լուսավոր վագոն-տնակ հատկացրեց` իր առանձին բակով, որ աշխատանքներս կարողանայի ավելի պատշաճ պայմաններում շարունակել, իսկ բակում հանգստանայի:
Այս վագոն-տնակում տպագրության պատրաստեցի Թաթուլ Բադասյանի հրատարակած «Հայ իրավական մտքի հուշարձաններ» շարքի վեց հատորները` Մխիթար Գոշ, Սմբատ Սպարապետ, Ներսես Շնորհալի, Ներսես Լամբրոնացի, Հովհաննես Օձնեցի, Դավիթ Ալավկա Որդի, «Սաղմոսարանի» գրաբարից փոխադրությունը, «Լուսաբացի» հրատարակած «Հոգևոր Նժդեհը», հոգևոր օրացույցներ, բազմաթիվ բուկլետներ, հոդվածներ:
Ազատամարտիկ ԱՖՈՆ (Ալֆրեդ Ներսիսյանը), որ փոխնախարար է, ԴՕՍԱԱՖ-ի գարաժում հանդիպելով լեգենդար հերոսին, ասաց.
-Երբ այս մշակ մարդուն տեղ ես տվել, դու Կոմանդոս ես ո՛չ միայն մարտի դաշտում, այլև մեր երկրի բարի պատերազմների մեջ:- Եվ այդպես էլ կար: Կոմանդոսը Ավետարանի «Բարի սամարացին» եղավ ինձ համար, որ կացարանի խոնավությունից, ինչից հիվանդացել էի, հանեց և բերեց արևոտ տեղ:
Պատմական հերոսի օգնությունը Աստծուց էր, և ես յուրաքանչյուր մշակության գործ ավարտելիս օրհնում եմ Աստծուն և Կոմանդոսին, որ Փրկչի` Քրիստոսի բարի կամքը գործադրեց, անտարբեր չանցավ նեղության մեջ հայտնվածիս կողքով, թե. «Ես զորավար եմ, և իմ ի՞նչ գործն է Հայոց գրչության, հոգևոր մշակությունը, թող ա՛յլք հոգան»: Սակայն Կոմանդոսն ինձ նեղությունից փրկելով` կյանք տվեց և իմ գործերին:
Սրան նման էր Հայաստանում ամենամեծ գրքասերի` ԹԱԹՈՒԼ ԲԱԴԱՍՅԱՆԻ հետ իմ հանդիպումը: Մեծ գրքասերը գրականությունը որպես թղթի թափոն հանձնողներից տարիներ ի վեր գնեց մոտ յոթ հարյուր հազար արժեքավոր գրականություն ու դրանցով բացեց «Գրքի գյուտ» գրադարանը: Մեծ գրքասերին, երբ իրավական մատենաշարն էր տպագրում, և երրորդ հատորին էինք հասել, ասացի` տկար եմ, հոգնած, գուցե այսքանը բավակա՞ն է, կամ` հետաձգենք, պատասխանեց. «Այս գրքերի հոգևոր օրենքները վաղվա նոր Հայաստանի հիմքերն են: Իսկ դու գիտե՞ս ինչ միջոցներով եմ տպագրում. տանս կառույցն եմ ընդհատել ու այդ դրամով եմ հրատարակում, որովհետև նախ` վաղվա Հայաստան տունը, հետո` մեր անձնական տները: Այսօր շատերը չեն հասկանում այս գրքերի արժեքը, վաղն այդպես չի լինելու` հասկացողների համար: Իսկ դու ասում ես` կողքի քաշվեմ, հոգնած եմ, հանգստանամ»: Թաթուլի նվիրումը զինաթափեց ինձ, հոգնածությունս, տկարությունս Աստծով վանեցի, ավելի սկսեցի աղոթքով Աստծո աջակցությունը խնդրել և մեծ գրքասերի հետ երկու տարում, ասես վազքի մեջ, ութ արժեքավոր գիրք հրատարակեցինք: Գիտեր, որ մահանում է, և Թաթուլի կյանքի վերջին մի քանի տարին ինձ արծվի հաղթական թռիչք է հիշեցնում: Թռիչք, որն իր քաջությամբ հաղթեց մահին: Իսկ մահից առաջ, ո՛չ թե որպես մեռնող, այլ հեռու տեղ գնացող մեկը, որ պիտի գա, հանձնարարեց. «Իմ` Աստծո մոտ գնալուց հետո չմոռանաս մանավանդ իրավական հատորները, համաշխարհային պոեզիայի մատենաշարին ևս ուշադրություն կդարձնես» (այս մատենաշարը Թաթուլն էր նախաձեռնել, և արդեն երեսունչորս հատոր լույս է ընծայվել):
Թեպետ ես գիշեր-ցերեկ մշակություն արեցի, և միայն Գոշի «Դատաստանագրքի» համար էի Թաթուլին խնդրել, որ հրատարակի, բայց իրավական մյուս հատորների հաղթանակը Թաթուլի մեծ նվիրումն էր, որով և տկարիս շարունակ քաջալերում էր, համոզում, թե վաղվա Հայաստանի համար մեր այս աշխարհային կյանքի ժամանակը հնարավորինս ավելի օգտակար ու հաղթական դարձնենք, անգամ անկարելին էլ ջանալով անել: Մեծ գրքասերը մահից մի քանի օր առաջ լավ, պատշաճ հագնված եկավ աշխատանքի, և որպես հեռու տեղ գնացող մեկը, որ անպայման վերադառնալու է, յուրաքանչյուր աշխատողի հանձնարարականներ տվեց և այդպես, որպես Քրիստոսի սիրով հաղթող, իրեն յուրահատուկ քաջությամբ հեռացավ այս աշխարհից:
Տարիներ առաջ իմ բանաստեղծ ընկերն ու բարեկամը, հոգևոր եղբայր ՍՈՒՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ, որ ըստ մկրտության իմ սանիկն է, ծննդյանս օրվա առիթով նվիրեց Սաղմոսարանի գրաբար օրինակը: Այնպիսի ներքին խնդությամբ, սիրո բավարարվածությամբ նվիրեց, որ այդ ուրախության մաղթանքը և բարի կամեցողությունը տարիներ ի վեր, թվում է` անվերջ, գրքի հետ էին: Ի վերջո, այդ սիրելի գիրքը գրաբարից փոխադրեցի այսօրվա հայերենի, և փոխադրության մեջ այն սերն ու բարի կամեցողության հոգին տպավորվեց, որով բարեկամս գիրքը նվիրեց: Ահա բարի կամեցողությունը ծիլ տվեց, աճեց ու պտուղ դարձավ: Այսօր իմ այդ ճգնագնա աշխատանքը կյանքիս լավագույն էջերից եմ համարում, և այդպես էլ կա: Եվ գիրքը մեծ գրքասերը` Թաթուլ Բադասյանը տպագրեց, նախապես գուրգուրանքով ու փայփայանքով, շողշողացող աչքերով խոսելով այդ հոգևոր հացի արժանավոր հրատարակման մասին:
Նույնպես և, նույնի նման, շատ մտածելով, թե ինչը ինձ կուրախացներ` ծննդյանս օրը լավագույն մի նվեր որդիս արեց` բերելով ինձ Նարեկացու «Մատյանի» 150 ձեռագրերի համեմատական լավագույն բնագրի համակարգչային տարբերակը: Եվ համակարգչով առանձին մի գիրք- ծրագիր էր ստեղծել, երբ որ գլուխն էլ կամենայի` անմիջապես, գլխի թիվը նշելով` գլուխը բացվեր իմ առաջ: Այս գեղեցիկ, ինձ համար ավանդական անփոխարինելի մեծ ընծան, ի վերջո, տարիներ նայելով ու սիրելով, դարձավ ինձ մաղթանք, մինչև որ այդ մաղթանքն աճեց, ավելացավ Մատյանի նոր փոխադրությանն իմ անդրադարձով, դեռ վաթսունութ գլուխ եմ փոխադրել ու ասես լույսի օվկիանի մեջ հայտնված լինեմ կամ գիտակից նավարկության: Հաճախ ասես լող եմ տալիս մաքուր մի լճի մեջ: Իսկ որ նոր փոխադրության հարկ կար, այդ պատճառները ևս ունեի, որ ինձ համար լուրջ էին. քանի որ ջանում եմ «Նարեկը» դարձնել շատերի համար առավել մատչելի, մանավանդ կարող երիտասարդության համար` գրեթե անփոխարինելի ընթերցարան:
Եվ հիշելով, թե որդիս ինչ խնդությամբ բնագիրն ընծայեց, ամեն անգամ օրհնում եմ որդուս, որ Տիրոջով պատճառ դարձավ այս նոր փոխադրության համար:
Տարիներ ի վեր, արևելահայերեն Աստվածաշունչ չունենալով, մտածում էի, որոնում, փորձում Գրքի համակարգչային շարվածքն ունենալ, որ մեջբերվող հատվածները կրկին չշարեի և կամ ինչ հատված անհրաժեշտ էր, դյուրությամբ գտնեի` գործածելու: Լսելով ինչ եմ որոնում, մեր ավագ, նվիրյալ եղբայրներից ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ սկսեց որոնել, հետաքրքրվել և ահա մի օր վեհ ու գեղեցիկ նվեր արեց. ողջ Աստվածաշնչի արևելահայերեն թարգմանության համակարգչային օրինակն ինձ հանձնելով, որից ամեն անգամ օգտվելիս` օրհնում եմ Խաչիկին:
Մի նվեր էլ ստացա. Աստվածաշունչը` Կյանքի գիրքը: Նվիրողը չկամ մի քարոզիչ էր: Սա երբ լսեց, որ արևելահայերեն Աստվածաշունչ եմ փնտրում, և, ցավոք, դրամ դեռ չունեմ, որ գնեմ, ասաց, թե` չորս կամ հինգ օրինակ (նոր հրատարակությունից) տանն ունի, մեկը կնվիրի: Նրա մականունը մտքիս մեջ «Նավս» էի դրել, որ ասես` նենգություն գուրգուրելիս լիներ, ու այդ բնավորությունն իմանալով, ասացի` չէ, Աստծուն խնդրել եմ, երբ կարևոր համարի, կտա: Պետք չէ, ասացի: Չէ՛, պնդեց, կնվիրե՛մ: Եվ ես իզուր համաձայնեցի, Գիրքն ունենալու ցանկությունից էր, որ համաձայնեցի, երբ գրվածքն ասում է. «Մի՛ ցանկացիր», որովհետև գիտեի, որ նրանից մաքուր, անմեղ բան անկարելի էր սպասել: Այդ զրույցից հասկացա, որ «Եղբայրությունում են տվել գրքի օրինակները, որ անվճար էլ բաժանեն», որովհետև այդ տարիներին Մայր եկեղեցին, Սուրբ գիրք հրատարակելիս, միշտ ինչ-որ քանակ նվիրում էր եղբայրությանը: Գիրքը բերեց, բայց ո՛չ նոր օրինակներից, այլ իր անձնական, տարիներով օգտագործածը, ոչ թե խոստացած նորը: Թեպետ ինձ համար հաճելի կլիներ նորը, մանավանդ երբ կար, բայց կարևորը Գիրքն էր, եթե սրտանց, խնդությամբ ու պատշաճին տրվեր: Բայց հինն ո՞վ է ուրախությամբ նվեր տալիս: Այդ էլ մի կողմ, բանն այն էր, որ այդ օրինակի մեջ, էջերի արանքներում գրոտած բազմաթիվ, գուցե հարյուր-հարյուր հիսունից ավելի թերթեր ու թերթիկներ, թղթիկներ էին: Ըստ երևույթին իր քարոզների նախապատրաստման թերթիկներն էին կամ իր մեծ մտքերը, կամ գուցե վա՞տ բաներ էլ կային: Եվ ինձ ամենևին չհետաքրքրեց, որ ուսումնասիրեմ դրանք, որովհետև անհաճո մարդ էր ինձ համար: Աստված գիտե, ինչեր են: Դրանցից մի խուրձ էլ խցկել էր գրքին հագցրած կազմի արանքում: Եվ ավելի շատ գրբացի կամ գիրկապի գիրք էր հիշեցնում, քան Աստվածաշունչ: Ասացի` այս բազմաթիվ գրոտումներն ինձ պետք չեն, հանե՛մ, ասաց` չէ, թող մնան: Ստացվում էր, որ ինքն էր որոշողը, հրամայողը, թե իր նվերի մեջ ինչ պիտի լինի։ Այսինքն` պարտադրաբա՛ր, այսինքն` կեղծ նվեր էր` մի բան, որ չէի խնդրել Աստծուց, պարզապես «Նավսը» իր գիրքն էր թողնում ինձ մոտ` վարձո՞վ, թե՞ պարտքով, միայն ինքը գիտեր և Աստված, և անդուր մի վիճակ առաջացավ: Գիրքը, որպես նրա սեփականություն, դրեցի մի անկյունում, որովհետև արդեն հաճելի չէր ուրիշի գրոտումներով լցված այդ գրքին ձեռք տալը կամ դրանից օգտվելը, այլ առաջվա պես, ավելի առողջ ու լավ էի համարում, երբ արևմտահայերենից հարկավոր հատվածը նորից էի փոխադրում, քան թե «Նավսի» գրքից արդեն պատրաստին քաղելու: Տարիներ տևեց այս ամենը: Նայում ես Գրքին, որ սիրում ես, պաշտում ներսում եղած կենդանի խոսքը, բայց իր գրոտումներով` տվողի կերպարը շարունակ վերհիշելով, մի օր իսկ հաճելի չեղավ ի սրտե գործածել: Նման «նվերը» Աստծուց չէ՛ր կարող լինել: Գիրքն այդպես գրադարակին էլ երկար անգործ մնաց, և տվողի ոգին իր գանձի շուրջ էր շարունակ պտտվում, ասես մի շարք անգամ կարդացածս ամեն բառն էլ հետ պահանջելով, թե` «Այստեղ բոլոր գրվածքներն ի՛մն են, ի՛մ սեփականությունն են, ի՛մ Գիրքն է, ինչ կարդացիր` պա՛րտք ես` քո՛ կյանքով»: Գիրքը` այո՛, իրենն էր, բայց ո՛չ Աստծո խոսքը: Աստծո խոսքը որևէ մեկինը չէր կարող լինել և որևէ մեկ անձի չէր կարող պատկանել: Բայց լավ էր Գրքի նորմալ օրինակ գտնեի, փոխանակ օդի իշխանի հետ անհեթեթ այդ պատերազմով փոթորկվելու և նրա ճարպիկ մեքենայություններով խաղաղությունս ամեն օր կորցնելու:
Ի վերջո, և փառք Աստծո, ինչպես ասացի, երբ Խաչիկն ինձ սիրով նվիրեց Աստվածաշնչի արևելահայերեն համակարգչային օրինակը, ինչպես և մի շարք այլ, կյանքի համար կարևոր բաներ` քրիստոնեական եղբայրասիրությամբ, մեր առաքելական եկեղեցու հոգածու համ ու հոտով, այդժամ, ես էլ իմ հերթին` ինձ տանջող որոգայթ նվերը` գրոտումներով լեցուն, ասես հոգի անխաղաղեցնելու բազմաթիվ թերթիկներից բեռնաթափեցի և նվիրեցի բանտի հիվանդանոցին ու ազատվեցի այն խայտառակ ու խիստ տհաճ, ամեն օր հոգի խռովող ծանր վիճակից, որի մեջ կամա-ակամա հայտնվել էի: Թվում է, մի որոգայթ էր, որ իմ ու Աստվածաշնչի մեջ ատելություն էր սերմանում կամ որոնում, դրդում նման չարության: Իսկ նվիրատուն ամեն անգամ նայում էր վրաս այնպես, ասես անմարելի պարտքեր ունեմ իր հանդեպ, ե՞րբ պիտի հատուցեմ: Մի տեղ կարդացել էի, որ ոչ աստվածային կամքով նվերները, «տվողի աչքը վրան խցկած կամ անխաղաղեցնող կամ որոգայթի համար», կամ պիտի կրակի տալ, կամ սրբագործել հատուկ ծիսական արարողությամբ և կամ աղքատներին բաժանել. ըստ այդ խորհրդի էլ նվիրեցի ամենաաղքատներին` բանտարկյալներին:
Եվ ավելի վեր բերածս օրինակներում` հաղթանակողը ճշմարիտ Աստծո սերն է, թե ինչ սրտով ես որևէ մեկին որևէ բան տալիս, այդպես էլ պտուղն է առաջանում: Այդ բանի համար Հիսուս ասաց, եթե մի բան եք նվիրում կամ ողորմում, բարիք գործում, ապա, անգամ ինքներդ ձեր ձախից էլ թաքուն, ծածո՛ւկ արեք այդ. «Ինչ տալիս եք աջ ձեռքով, թող ձեր ձախը չիմանա այդ մասին»,- այդպես իրեններին պատվիրեց ամենքի Փրկիչը Լեռան քարոզում: Իսկ այդքան գրոտումներ «նվերի» մեջ դնելով, անկարելի էլ էր, որ «Նավսի» ձախը աջի տվածը մտովի հետ չպահանջեր կամ գիշեր-ցերեկ սիրտն իր տվածի հետ դրած` չհալածեր իմ սերն Աստծո հանդեպ, այսինքն, անկարելի է, որ «նվերը» դիվական չդարձներ: Այսինքն` առանց հետին մտքի, մաքուր սրտով պիտի ճշմարիտ քրիստոնյան որևէ բան տա, առավել ևս` Աստվածաշունչը, որ Աստծո խոսքը պիտի համարի այնպես, ինչպես կա, և ո՛չ թե իր սեփական իրը կամ իր իշխանությանը ենթակա ապրանքը: Այնքան բացարձակ մաքրությամբ պիտի այդ խոսքը տալ, որ «Ձախդ էլ չիմանա, թե աջդ ինչ տվեց», քանի որ մարդկային ձախում մարդու էգոն է, անձնապաշտությունը, դեռ տհաս, ստորին մասը, ինքնահավանը, ինքնաբավը, հպարտը, շահամոլը, նենգողը, այլոց չկամեցողը կամ ձրի առածը` որպես ծանր պարտք հրամցնողը, իր աչքն ու քիթը` տվածի մեջ շարունակ պատեհ-անպատեհ առաջ ու ավելի խոր խցկողը, կյանք բռնագրավելու չափ խիստ ու գութն ուրացած` զարհուրելի, մահ բերող պարտատերը, անչափելի շարունակ վարձ ակնկալողն ու շարունակ քո դեմ դատ սարքելով հոգոցով պարտքի հատուցում խեղդող-պնդողը` իր ձրի տվածի դիմաց ամեն օր տվածի չափ` վճար գանձելու զինվորվածը, իսկը սև «Նավս», երբ Տերունի Խոսքն ասում է. «Ինչ ձրի առաք` ձրի էլ տվեք»: Սակայն ձախը ձրին իր միտք ու սրտի մեջ որպես պարտք կհայտարարի, պարտքն էլ` ագահորեն անբավ կհամարի, իսկ աջի տվածը` կդարձնի գլխիդ չարիք, փորձանք ու որոգայթ ու տհաճ, ասես հավիտենական մահահոտ հուշերի մշտապես ցավոտ շղթաներ ձեռքերիդ հագցնելով:
Նման մեկին անհեթեթ է արդեն ընկեր անվանելը կամ, առավել անհեթեթ է, «սրտակից եղբայր» ընդունելը: Եվ մի քանի տասնամյակ կեղծ եղբորից բավականաչափ մի մեծ շարք նման «նվերներ» ճաշակելուց հետո, որ նրա մեջ, ասես, բնական-հաստատուն բնավորության գիծ լիներ, և ամենևին առնչություն չուներ «Սիրիր ընկերոջդ, ինչպես քո անձը» պատվիրանի հետ, այսինքն` քրիստոնեության հետ ամենևին կապ չուներ ու ամեն անգամ դառը փորձությամբ, տևականորեն, նման բաներով լավ չարչարվելուց հետո, ի վերջո, արգելեցի այդ մարդուն ինձ հետ հարաբերվել և իմ բնակատեղին գալ, իսկ պատահականորեն հանդիպելիս էլ` նրա նման վարմունքներից դրվագներ հիշելով` ցնցվում եմ, ինչպես թունավոր օձի խայթից:
Այսինքն, «աչք դնելով», անկամորդ սրտով տվածը և ոչ մի բանով քրիստոնեավայել չէր և անգամ Սուրբ Գիրք լինելով էլ` ինձ չծառայեց, բացի այն ծանոթացումից, որ քրիստոնյայի անվան տակ նման բաներ էլ կարող են լինել: Իսկ Աստված թույլ տվեց այդ փորձությունը, որովհետև մեղավոր մարդ ես, փորձության ենթակա, և որ ամեն մեկի առջև որևէ բան չխնդրես ու սիրտդ չբացես, երբ նման մարդիկ կան, որ մի բան տալով կյանքդ պատրաստ են մատնելու ստրկության ու հոգու անապատի, երբ հակառակը` ամեն տեսակ ստրկություններից ազատելուն, փրկելուն է կոչված Աստված` Իր սուրբ Ավետարանով: Սակայն ամենակատարյալ պատասխանն այն է, որ «Մենք փորձության ենք մատնվում մեր մեղքերի, մեր ցանկությունների պատճառով», ինչպես Պողոս առաքյալն է երևույթը լավ քննելով ասել, և որ` բարեկամներդ նրանք են, որ տրտմում են փորձության մեջ ընկնելուդ ժամանակ, հենարան դառնում, ջանում, որ կրկին ելնես ընկածդ տեղից, ինչպես վերջերս, երբ հիվանդացա, քրիստոնյա մերձավորներս իրար անցան և հոգացին ու օգնեցին շարունակ, և հանգստացան այն ժամանակ, երբ ոտքի կանգնեցի, և շատերը, որ կարծում էին, թե ո՛չ ոք չունեմ, ու զարմացել էին այդքան վայելուչ ու պատշաճավոր մարդկանց այցելություններից, ցնծում էի զարմացողների առաջ ու պարծենում, թե. «Ահա ա՛յս է քրիստոնեական սերը, երբ փորձությանդ պահին Աստված քո կողքին է` իրեններով, որ երկնային սիրով են ընկեր ու եղբայր` մեկ Երկնային Հոգով», իսկ նույն պահին, փորձչից դրդվածները տկար տեղերիցդ օգտվելով` ջանում են մինչ վերջին հյուլեդ գցել, խոցել, թալանել ու ավերակել քեզ, ու դրանից ուրախանալ, բավարարվել, որպես պատերազմի ժամանակ թշնամուց գրավված բնակավայրն են դատապարտում անհույս ոչնչացման:
Քաջ լինենք, ըստ Աստծո սիրո քրիստոնյաներ լինենք, և ո՛չ թե միայն Գրքից քաղված շարունակական, իրենց իսկ դեռ չըմբռնած անգիրներով, որ որոշ տկարամիտ քարոզիչներ են սովոր շարունակաբար անելու:
Ամենաբարին Ամենաբարուց` Աստծուց մաղթենք Իր բարիներին` Քրիստոս մեր Տիրոջով: Ամե՛ն:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2747

Մեկնաբանություններ