Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ՈՉ ՄԻ ՄԱՐԴՈՒ ՊԱՏՇԱՃ ՉԷ ԲԱՄԲԱՍԵԼ, ՄԱՆԱՎԱՆԴ ՀԱՅՈՑ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻՆ

ՈՉ ՄԻ ՄԱՐԴՈՒ ՊԱՏՇԱՃ ՉԷ ԲԱՄԲԱՍԵԼ, ՄԱՆԱՎԱՆԴ ՀԱՅՈՑ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻՆ
21.10.2011 | 00:00

Հեռուստաեթերից Գևորգ Ալթունյանը, որ առողջ քննախոսություններ է անում, Աստվա՛ծ օրհնի, հայտնեց, թե «գոմիկների», «Եհովայի վկաների» և նման ազգային դեմք ու ինքնություն դրսից, դրամի բլիթների դիմաց քայքայող մի շարք անհարգարժան, մեր սուրբ հայրերից նզովված խմբավորումների իրավաբաններ միաբանվել ու պահանջում են... նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այլ բան չի կարդացվում այս իրավաբանների հայտարարության տակ, քան այն, որ դժգոհում են, թե` նախագահն իրենց անհարգարժան հովանավորյալներին «քաղցր աչքով չի նայում» և կամ իրենց ախտավորներին հովանավորելը որպես «ազգային արժևորում» չի դիտում-ընդունում: Փա՜ռք Աստծո, որ այդպես է: Բնականաբար, դրսի ստրատեգները, եթե նախագահների իշխանության լծակներն ու իրավունքները չտկարացնեին, մեր նախագահն ավելի առաջ էլ կգնար և աստվածաշնչյան վերաբերմունք էլ պիտի ցույց տար, ըստ մեր վեհամեծ սուրբ հայրերի կանոնագրքերի և օրենքների, այնպես, ինչպես արժան է Նոյ և Հայկ նահապետներ, Մաշտոց ու Նարեկացի, Սասունցի Դավթի ժառանգավորական ոգեկոչ ունեցող ժողովրդի ու նրա քրիստոնյա առաջնորդների համար:
Նույնպես էլ կաթողիկոսի հրաժարական պահանջողները արդյոք դրսից դրդված չե՞ն անում: Ինչո՞ւ եմ այդպես ասում, որովհետև կաթողիկոսի դեմ խոսող ԶԼՄ-ների նոր, խրոխտացող, «ներսային» հրապարակումներում առավել աշխարհիկ-քաղաքական, դրսային դրույթներ են հնչում, քան հոգևոր, ինչպես, օրինակ, թերթերից մեկում հրապարակված բողոք նամակում, որ գրել է Ներսես Ներսոյանը, վկայելով, թե` մի խումբ հոգևորականների անունից է այդ անում: Ճիշտ է, բողոք նամակում այն մեծ արհավիրքների մասին է խոսվում, որ համաշխարհային Նեռի մեր ժամանակներում մտահոգել ու մտահոգելու են ամենքիս, սակայն դրդումը, ցավոք, դրսային-քաղաքական է թվում, երբ եկեղեցին, վեհ լինելով, ապաքաղաքական կառույց է: Այդ ասում եմ հոդվածի հետևյալ նախադասությունից. «Մեզանում արդեն հասունացել է քաղաքական և սոցիալական վերափոխումների տրամադրությունը, սակայն մեր խոր համոզմամբ` այն պետք է սկսել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնից` փրկելու համար նախ Հայոց եկեղեցու հեղինակությունը»: Վտանգավոր չէ՞ արդյոք, քաղաքական, սոցիալական բարեփոխումները, որ հաճախ երերուն ալեկոծումներ են, հեղափոխություններ (որոնց մասին Սուրբ գիրքն ասում է, թե կործանարար են, և Աստված զզվում է հեղափոխականներից), ամուր, կայուն հենարան դիտել «Հայոց եկեղեցու հեղինակությունը փրկելու համար», չէ՞ որ Աստծո Տունն է այն միակ հենակետը, որին նայելով պիտի բարեփոխվեն, առողջանան մյուս բոլոր բարեփոխումները: Մանավանդ, երբ Նեռի «Մեծ Բաբելոն» կառուցելու ժամանակներում ենք ապրում, «Մեծ Բաբելոն»-գլոբալացում, որին Հայտնության գիրքն ասում է. «Մայրն է երկրի պոռնիկների և գարշելիների»: Որ այնպիսի սանձարձակ ազատության օրենքներ է սահմանել` դրսից քո Հայրենիքի մեջ էլ, որ ստիպված ես այլանդակություններ դիտել ու լսել, և այդ կրակի պատժի արժանի բաներն անվանում են կիրթ կամ քաղաքակիրթ մարդ լինելու չափանիշներ. «Թո՛ւհ, ինչքան բան կա կյանքում ատելի, ես չգիտեի»,- կասեր Պարույր Սևակը:
Իսկ դրսից սարքվող բարեփոխումները հաճախ միայն անունով են բարեփոխումներ և ավելի հաճախ վերածվում են չարափոխումների, ինչպես սոցքարտային «սոցիալական բարեփոխումը», տարբեր քարտերով հասունանալով, վերածվելու է մարդու աջ ձեռքին սրսկվող 666 գազանի նշանով չիպերի, որի մասին զգուշացրել է նույն Հայտնության գիրքը: Սրանք ակնհայտ, արդեն այսօրեական բաներ են, որ հայտնի են անում, թե աստվածաշնչյան նկարագրված գազանն է արդեն ի հայտ աշխարհում, գրեթե ամենուրեք: Ելել է մաշեցնելու ժողովուրդների առաքինությունը, վերացնելու հավատը` դարձնելով այն կեղծ ու ձևական, ժառանգախեղ սննդամթերքով ապականելու մարդկությանը` այդպես ծնելությունն անկում տանելով, որովհետև նպատակ ունի երկրի մոտ 6 միլիարդ բնակչությունը վերացնելու, թողնելով իր որոնած «ոսկե միլիարդը»: Այսինքն` ահեղ գործընթացների օրերում ենք ապրում, մի պատերազմ, որտեղ պաշտպանդ ամենազորեղն է` Աստծո Որդին, եթե Նրան հավատարմես: Հեռուստաեթերից մի գիտնական զրույցի ժամանակ վկայում էր, որ մկներին Նեռի մարդատյաց այդ ծրագրերից մեկով ժառանգախեղ սոյա են կերցրել, և նրանց երրորդ սերունդն արդեն ծնել է... սատկած ձագեր: Բնականաբար, փորձերն արվել են` մարդկանց վրա տեղափոխելու համար: Այսինքն, աշխարհի վրա այսօր Նեռի սարքած փոթորիկներն են, որոնց միայն կարելի է դիմադրել Քրիստոսով ու քրիստոնեական ավանդները ամուր պահել-պահպանելով: Սակայն, երևում է, հոդվածագիրը շատ շատերիս նման այնքան է հեռու մնացել իր ժամանակների սթափ քննություն կատարելուց, որ եկեղեցու վրա է հրավիրում Նեռի ծրագրային չարաբաստիկ այդ համակարգից մի շարք աղաղակող դրույթներ:
Ներսոյանի հոդված նամակում, ցավոք, մոռացության է տրված «Նեռի ժամանակը», որ նշանակում է, թե, կրկին ցավոք, մեր եկեղեցու հոգևոր բարձրագույն խորհուրդն ասես բացատրական աշխատանք չի տարել հոգևորականների հետ` համաշխարհային գազանի հայտնվելու, նրա բերած մեծ վտանգների և ծանր հետևանքների մասին: Եթե ոչ, հոդվածագիրը ձեռքը խղճին դրած պիտի խոստովաներ, որ աշխարհի բազմաթիվ եկեղեցիներում Նեռի սերմնացանության չար հետևանքներն ավելի ահավոր են, քան մեզ մոտ կամ` դեռ մեզ մոտ, և այդ` շնորհիվ մեր ժողովրդի և հոգևորականների ավանդապահության: Սակայն, ըստ Հայտնության գրքի և սուրբ հայրերի զգուշացումների, դեռ ավելի վատ բաներ էլ պիտի լինեն Նեռի ցանած սերմերի չար պտուղներից: Որոնք հարկ է իմանալ` առավել քրիստոնեավայել ապրելու համար: Այնպես որ, հարկ է մեր եկեղեցուն ամուր միաբանության մեջ մնալ և ո՛չ թե մտնել բամբասանքների դաշտ: Բնականաբար, նման ժամանակներում, կաթողիկոսի ավելի խիստ լինելը, թվում է, արդարացված է, որից բողոքում է Ներսոյանը. «Սուրճ էլ չի թողնում խմել» կամ. «Չի թողնում բարեկամներդ այցելեն» և այլն: Պատճառաբանություններ, որոնց համար կաթողիկոս փոխելը զավեշտի է հասնում: Այսօր խիստ, սակայն բարի խիստ լինելը կարևոր է, քանի որ խիստ չեղար ավանդներ պահել, կամ ժուժկալ լինել, ավելի մեծ կորուստներ կունենաս: Բայց այդ խստությունն էլ, եթե չափազանցվի, կամ բարության սահմաններից եթե անցնի, այն աստիճան, որ մարդն անկարող լինի տանել, կրկին վնասաբեր կլինի: Լավ է Վեհափառին խնդրենք, որ սուրճ խմելը թույլատրի, բայց ո՛չ ծառայության ժամին: Բայց այս հարցերը հասարակության առջև դրվելիք գերան հարցե՞ր են միթե: Մի՞թե հոգևոր բարձրագույն խորհուրդն այս հարցերը չէր կարող լավագույնս լուծել, որ հոգևորականները Ներսոյանի միջոցով հումորի նման դրել են հասարակության սեղանին: Սակայն մեզ առավել անհանգստացրին հոդված նամակում մերկապարանոց մի քանի այլ հայտարարություններ, որոնք հենված են ստերի վրա: Մի՞թե աստվածայինը ստի կարիք ունի, երբ գործում է միայն Ճշմարտության Հոգով, իսկ սուտը Տերն անվանում է սատանայի տիրույթ, սատանային էլ անվանում. «Ստի և ստախոսության հայր և մարդասպան»:
«Չի կարելի գահակալել մեր ժամանակներում` չիմանալով ո՛չ մի օտար լեզու և չունենալով նորմալ բարձրագույն կրթություն...», «վկայում է» հոդվածագիրը` տրտնջալով Հայոց կաթողիկոսից: Մենք չզլացանք համացանցով ճշտել պարոն Ներսոյանի այս խիստ կասկածելի, անհաստատուն հայտարարությունը, և ահա թե ինչ պարզվեց. «Գարեգին Երկրորդ կաթողիկոսը 1965-71 թթ. սովորել է Գևորգյան ճեմարանում և ավարտել է գերազանց վկայականով: 1972-ին ընդունվել է Վիեննայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը: 1975-ից ուսումը շարունակել է Բոննի համալսարանում: 1979-ին ընդունվել է Զագորսկի ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրան: Տիրապետում է անգլերենին, գերմաներենին, ռուսերենին...»: Գուցե այլ լեզուների էլ: Իսկ բուհ ասելով, պարոն Ներսոյանը գուցե Հայաստանի պետական բուհե՞րը նկատի ունի. երբ հայտնի է, որ միայն Գևորգյան ճեմարանի շրջանավարտը մի քանի գլուխ ավելի բարձր կրթություն է ձեռք բերում, քան մեր իմացած բուհերի շրջանավարտները: Բայց պարզվում է, որ պարոն Ներսոյանի համար Վիեննայի համալսարանը կամ Բոննի համալսարանը և կամ Զագորսկի հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրան բուհեր չեն: Կասկածելի և վիրավորական չէ՞ միթե այդ պատվարժան ուսումնական հաստատությունների համար, երբ ի լուր աշխարհի հայտարարենք, թե դրանք բուհեր չեն, անգամ... ակադեմիան, որովհետև հոդվածագիրն ու նրա համախոհներն այդպես են փափագում, իրենց այդպես է հարմար: Իսկ եթե եկեղեցու ներսից հոգևորականն է նման սուտը հասարակայնացնում, որպես 100-տոկոսանոց ճշմարտություն ասած լինի, արդեն նման հեղինակի մյուս ասածներին էլ չես կարող աչքերդ փակ վստահել: Մտածում ես, մյուս ասածների մեջ էլ, եթե ծեղեր էլ կան` գերաններ սարքած կլինի: Հոդվածագիրը բողոքում է որոշ հոգևորականների (մի փոքր ազնիվ ու խելամիտ մարդը չի հավատա, թե բոլորն այդպիսին են, ինքս էլ բազմաթիվ, ընտիր, հայրենանվեր ու Աստվածընծա քահանաների եմ ճանաչում) հարբեցողության, անառակ վարք ու բարքի մասին, բայց նմանները բոլոր ժամանակներում, անգամ սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի օրերին կային` անվայել բարքով ոչ սակավ հոգևորականներ, այդ գիտենք պատմությունից և սրբի «Ընդհանրական թղթից»: ՈՒստի և արդար չէ ամեն բանի համար կաթողիկոսին մեղադրել կամ բամբասել, կամ բշտել, չարախոսել` շյուղերը գերաններ ցույց տալով, իսկ սեփական գերանները` շյուղեր: Բնականաբար, կաթողիկոսն էլ մարդ լինելով` անսխալական չի կարող լինել: Բնականաբար, կոչված է մեծ խաչ կրելու, և առավե՛լ ու առավե՛լ լինել: Աղոթենք այդ բանի համար: Ամե՛ն: Բայց զզվելի բան է ստով ու բամբասանքով արդարացի հարցերի լուծումներ որոնելը: Եվ ինչի՞ նման է բողոքի պատճառաբանության հետևյալ արտահայտությունը` չի կարող գահակալել, կաթողիկոս լինել, քանի որ «գիտական կոչում չունի»: Հումո՞ր է, թե՞ ինչ: Առավել լավ է, որ այստեղ լրջորեն մեջբերենք, ինչ համացանցի եկեղեցական կայքից հայթայթեցինք Գարեգին Երկրորդ կաթողիկոսի կրթության, գիտական կոչումների և եկեղեցաշեն գործերի մասին, հրավիրելով առողջ, քրիստոնեական հետևությունների.

«Ն.Ս.0.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
Կենսագրական ակնարկ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը (ավազանի անունով` Կտրիճ) ծնվել է 1951 թ., Էջմիածնի շրջանի Ոսկեհատ գյուղում: Նախնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում: 1965 թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան: 1970 թ. դեկտեմբերի 25-ին` Սուրբ Ստեփանոս նախասարկավագի տոնի օրը, ձեռնադրվել է սարկավագ: 1971 թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը և նշանակվել տեսչի օգնական` միաժամանակ դասավանդելով «Նոր կտակարան» առարկան:
1972 թ. գերաշնորհ Տ. Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանի ձեռամբ, ձեռնադրվել է կուսակրոն քահանա` վերանվանվելով Գարեգին աբեղա: Նույն թվականին երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ մեկնել է Վիեննա` ուսումը շարունակելու Վիեննայի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետում: 1975 թ. նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ, միաժամանակ շարունակել է աստվածաբանական ուսումը Բոննի համալսարանում: 1979 թ. վերադարձել է Մայր Աթոռ և Վազգեն Ա կաթողիկոսի տնօրինությամբ մեկնել Զագորսկ` ուսումնառությունը շարունակելու ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրայում:
1980 թ. նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի օգնական, 1983 թ. ապրիլին` առաջնորդական փոխանորդ: Նույն տարվա հոկտեմբեր ամսին ձեռնադրվել է եպիսկոպոս, իսկ 1992 թ. ստացել արքության պատիվ և տիտղոս:
1989 թ. Արարատյան Հայրապետական թեմի հովանու ներքո Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը հիմնել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցը:
1992 թ. նրա ջանքերով մայրաքաղաքում գտնվող նախկին պիոներ-պալատներից երեքը վերակազմավորվել են իբրև Հայորդյաց տներ, որտեղ հազարավոր երեխաներ ստանում են հոգևոր ու գեղագիտական կրթություն:
1990 թ. Արարատյան Հայրապետական թեմում հիմնել է Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, որը համակարգում է եկեղեցու կողմից թեմի տարածքում իրականացվող քրիստոնեական դաստիարակությունը` թվով 56 հանրակրթական դպրոցներում:
1990 թ. Նորին Սրբությունը Գերագույն Հոգևոր խորհրդի անդամ է:
1995 թ. կաթողիկոսական ընտրության ժամանակ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը հավանական թեկնածուներից մեկն էր: Ընտրության երրորդ փուլում նա հանեց իր թեկնածությունը` հօգուտ Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսի:
1998 թ. Գարեգին Ա կաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ:
1999 թ. հոկտեմբերի 27-ին ազգային-եկեղեցական սրբագումար ժողովում Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանն ընտրվել է Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոս, իսկ նոյեմբերի 4-ին ստացել է կաթողիկոսական ձեռնադրություն և օծում:
Գարեգին Բ Հայրապետն առայսօր պարգևատրվել է` Հորդանանի բարձրագույն Ա կարգի շքանշանով (2000 թ.), «Բեթղեհեմ-2000», Ռումինիայի ազգային բարձրագույն պարգև` «Ռումինիայի աստղ» շքանշանով (2000 թ.), ՈՒկրաինայի Հանրապետության «Իշխան Յարոսլավ Իմաստուն» 5-րդ աստիճանի շքանշանով (2001 թ.), Ֆրանսիայի Պատվո լեգեոնի կոմանդորի (2001 թ.), Ռուս ուղղափառ եկեղեցու սուրբ Անդրեաս առաքյալի բարձրագույն շքանշանով (2004 թ.), Ռուսաստանի Դաշնության «Բարեկամության շքանշան»-ով (2006 թ.), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանով (2007 թ.), Հայաստանի Հանրապետության «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով (2009 թ.):
2010 թ. պարգևատրվել է «ՈՒղղափառ ժողովուրդների միասնության ամրապնդման գործում հատկանշական գործունեության, հասարակության կյանքում քրիստոնեական արժեքների հաստատման և ամրապնդման համար» Ալեքսի Բ պատրիարքի անվան 2009 թ. մրցանակով:
2000 թ. Նորին սրբությանը շնորհվել է Արցախի պետական համալսարանի, իսկ 2004 թ. Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի և ՄԱԿ-ի տնտեսական ու սոցիալական խորհրդի կողմից Վեհափառ Հայրապետն առաջադրվել է վերոհիշյալ ակադեմիայի անդամ, իսկ 2001 թ. ակադեմիայի տնօրինության կողմից Նորին Սրբությանը շնորհվել է փիլիսոփայության դոկտորի կոչում: 2003 թ. Ամենայն հայոց հայրապետին շնորհվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամի կոչում: 2008 թ. Նորին սրբությանը շնորհվել է Սալեզիանի պապական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:
Նորին սրբությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, Հայկական բարեգործական ընդհանուր միության հոգաբարձուների խորհրդի պատվո անդամ, ինչպես նաև «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի նախագահն է:

Ն.Ս.0.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԵԿԵՂԵՑԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Գարեգին Բ Հայրապետի գահակալությունից հետո օծվել են նորանոր եկեղեցիներ, դրվել են նոր եկեղեցիների հիմքեր: Վեհափառ Հայրապետի ձեռամբ մասնավորապես օծվել են Սպիտակի Սուրբ Հարություն, Երևանի Սուրբ Սարգիս, Վայքի Սուրբ Տրդատ, Տաշիրի Սուրբ Սարգիս, Մալիշկայի Սուրբ Աննա, Չարենցավանի Սուրբ Ամենափրկիչ, Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի, Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց, Առինջի Սուրբ Աստվածածին, Գյումրիի Սուրբ Հակոբ, Մարմարաշենի Սուրբ Գևորգ նորակառույց եկեղեցիները, ինչպես նաև Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու զանգակատունը, Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցին, Պյատիգորսկ քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցին, Լվովի Սուրբ Աստվածածնի վերափոխման եկեղեցին: Վերասրբագործվել են Դվինի Սուրբ Հարություն, Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե եկեղեցին, Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին, Սաղմոսավանքը, Ծաղկաձորի Կեչառիսի վանական համալիրը, Լոնդոնի Սուրբ Եղիշե, Ապարանի Սուրբ խաչ եկեղեցիները: Վեհափառ Հայրապետի ձեռամբ վերասրբագործվել են ՀՀ Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցու հիմքերը: Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում կառուցվել են Բաց խորանը և Սուրբ Էջմիածնի նոր գլխավոր մուտքը, որը կրում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը: 2001 թ. սեպտեմբերի 23-ին Վեհափառ Հայրապետի ձեռամբ կատարվել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու օծումը: Եկեղեցաշինական հսկայածավալ աշխատանքներն առայսօր արդյունավետորեն շարունակվում են ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի»:

Ինչպես տեսնում ենք մի շարք պատվավոր կոչումներ ունի Հայոց կաթողիկոսը: Բացի այդ էլ, լավ չէ՞ իմանանք, որ Աստծո առաջ նախ հոգևոր կոչումն է կարևոր և ո՛չ թե «գիտական անվանումը»: Իսկ «գումարներն էլ չէր կարող հիմնովին մոխրացնել», վկա հսկայական եկեղեցաշինական, մինչև 2000 թ. կատարած այն գործերի, որոնց ոչ լրիվ ցանկը մեջբերման մեջ ներկայացրինք: Եվ լավ է հարկին ապաշխարենք, հարգելի Ներսոյան, ինչու հոգի խառնենք դեմոկրատիկ սայթաքումներին, որովհետև Տերը չի հանդուրժելու իր օծյալների վրա ձեռք բարձրացնողներին, լինի դա խոսքով և կամ զենքով:
Իսկ Սուրբ Սահակ Պարթևի տեսիլքում խոսվում է, թե Նեռի ժամանակում Հայոց կաթողիկոսը մեծ հալածանքների է ենթարկվելու: Կարծում եմ, ավելի մեծ հալածանք, քան հարազատ միաբանների թեկուզև մի խմբի հալածանքը, չկա, որովհետև քրիստոնեական խաղաղությունը միաբանությամբ է միայն լինում, իսկ եթե միաբանություն չլինի, կամ միաբանությունը եթե պառակտվում է, քո պարտավոր գործերն էլ չես կարող լավ կատարել:
Աղոթենք. թող Աստված ամենաբարին կատարի Հայոց եկեղեցու ու հայ ժողովրդի համար. ամեն։
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1244

Մեկնաբանություններ