Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻՆ «ՀԱՅԱՑԱԾ ԵՎ ՀԱՅՈՑ ՄԵՋ ԳՈՐԾՈՂ ՄԻ ԱՍՈՐԻ ԷՐ»

ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻՆ «ՀԱՅԱՑԱԾ ԵՎ ՀԱՅՈՑ ՄԵՋ ԳՈՐԾՈՂ ՄԻ ԱՍՈՐԻ ԷՐ»
19.11.2010 | 00:00

Զարմանալի բաներ են կատարվում մեր աշխարհում։ Փոքրիկ և ինձ համար արդեն շատ թանկ դարձած գրքույկները, որոնցից մեկը ծոցատետրի չափ է, իսկ մյուսը` նոթատետրի, գրված են, իսկ ավելի ճիշտ, ասված են, իմա` «ասացեալ» են սուրբ Եփրեմ Խուրի Ասորու ձեռքով, այո՛, այո՛, մի՛ զարմացեք, մեր հայկազյան գրաբար (այլ ոչ թե, ինչպես պնդում են, ասորական) լեզվով, չորրորդ դարում։
Եփրեմ Ասորին եկեղեցու տասներկու տիեզերական վարդապետներից մեկն է։ Նա ապրել և գործել է այն ժամանակ (306-373 թթ.), երբ հայերս (ըստ «հեղինակավոր» գիտնականների և եկեղեցականների) «չենք ունեցել» սեփական գրեր, և ինչպես բոլորիս ստիպել են սերտել` մեր տառերը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը, և վե՛րջ։
Իհարկե, չէի ցանկանա, որ իմ այս համեստ, փոքրիկ ակնարկը դառնա «մի կաթիլ մեղր», բայց ճշմարտությունն ավելի թանկ է, քան որևէ հաշվարկ։ Հետևապես զարգացնեմ ինձ համակած միտքը։
Հիշատակածս գրքերից մեկը, որը ծոցատետրի չափ է, կոչվում է «Գիրք աղօթից ասացեալ սրբոյն Եփրեմի Խուրին Ասորւոյ, Երուսաղէմ, 1848», իսկ մյուսը` «Գիրք աղօթից»։
Խնդրում եմ ընթերցողի ուշադրությունը` «տպագրեալ արդեամբք Իգնատիոս վարդապետի Այվազեան Միաբանի Սեւանայ վանից» և վերջում` «Վաղարշապատ ի տպարանի սրբոյ կաթողիկէ Էջմիածնի ՌՅԼԸ-1889»։ Գրքույկը, ի տարբերություն վերը նշվածի, չունի ոչ մի առաջաբան, կարծես Իգնատիոս վարդապետն անխոս ինչ-որ բան է հուշում և՛ իր ժամանակակիցներին, և՛ մեզ` 21-րդ դարի թշվառներիս, որ փորձում ենք շոշափել մոռացված նախնիների ստվերները։ Ի՞նչն է ստիպել աղքատ վարդապետին իր «արդեամբք» խղճուկ եկամտից կատարել այս թանկագին գործը, թողնել այս ընծան ապագա սերունդներին։ Եթե ուշադիր, և անպայման բարձրաձայն, մի քանի անգամ կարդաք այս աղոթքները, դուք պարզապես կցնցվեք ու կցնծաք, հանկարծակիի գալով` նման բան կյանքում դեռ չեք կարդացել ու չեք էլ կարդալու, որովհետև մեր Տերը և՛ տնտեսող է, և՛ խնամող։
Այն իրողությունը, որ այս աղոթքներն ասված և գրված են հայերեն տառերով, կասկածի ենթակա չէ։ Իսկ եթե կգտնվեն մարդիկ, ովքեր իրենց սիրտն ու խիղճը մի կողմ թողած, կսկսեն գլուխները տարուբերել և վկայակոչել, թե ո՛ր «հեղինակությունն» ինչ է ասել այս հարցի վերաբերյալ, ապա կլինեմ հակիրճ` վաղուց ժամանակն է անտեսելու նմաններին։
Տարբեր գիտնականներ բազմիցս են հայտարարել, որ Մեսրոպ Մաշտոցից առաջ մենք ունեցել ենք և՛ գիր, և՛ գրականություն։ Բայց այդ գիտնականները, դժբախտաբար, ուշադիր և անպայման բարձրաձայն, մի քանի անգամ չեն կարդացել Եփրեմ Ասորու աղոթքները, որ հիմա մենք չբախվեինք այն տխուր և ապակողմնորոշող «փաստերին», որոնք առկա են գիտական և եկեղեցական գրեթե բոլոր նյութերում, թե` Եփրեմ Ասորին գրել է ասորերեն, բայց ոչինչ չի պահպանվել այդ ասորերենով գրածից ու թե ինչ-որ բան էլ պահպանվել է, ապա միայն գրաբարով։
Նույնը, ի դեպ, գրված է և մեր փառահեղ Գրիգոր Լուսավորչի մասին, թե նրա արտասանած ճառերը, որոնք, փա՜ռք Աստծո, պահպանված են հերոս մարդկանց ջանքերով, և կոչվում են «Հաճախապատում» (հաճախ արտասանած ճառեր), գրել է ոչ թե Գրիգոր Լուսավորիչը, այլ Մեսրոպ Մաշտոցը։ Մեսրոպ Մաշտոցը եթե կենդանի լիներ, ապա չեմ կասկածում, որ հիշյալ «գիտնականները» կհայտնվեին աննախանձելի վիճակում։
Արդեն 17 դար թութակի պես անդադար կրկնում ենք (ենթարկվելով «հեղինակությունների» կարծիքին), թե հայերս մինչև Մեսրոպ Մաշտոցի գյուտն օգտվել ենք այլ ժողովուրդների տառերից։ Այս աբսուրդը դեռ երկար կշարունակվի, որովհետև մենք ստրուկներ ենք։ Այո՛, չեմ խորշի փաստելուց` ստամոքսի ստրուկներ։ Իսկ եթե ավելի ստույգ, ապա ինչպես սուրբ հայրերն են վկայել, վերջին ժամանակներում մարդիկ պետք է դառնան սնափառության, բղջախոհության և որկրամոլության զոհեր։ ՈՒշադիր նայեք և կհամոզվեք` մեզ շրջապատում են հաստավիզ, հաստափոր, սարսափելի էակներ, որոնց բերաններից ծուխ է դուրս գալիս, կարծես մեր հին հեքիաթների վիշապները լինեն։ Ամաչում ես սրանց առաջ խոսել նվիրական բաներից` դիցուք, Ասորին ասորերե՞ն է գրել, թե՞ հայերեն։
Մենք սովորել ենք մի բան` մեր Նարեկացի՜ն, մեր Նարեկացի՜ն։ Սակայն ողջ կյանքում Նարեկացուց չկարդալով գոնե մի տող։ Իսկ եթե թույլ ենք տալիս մեզ կարդալ, ապա միայն աշխարհաբար, ինչը հավասարազոր է նրան, թե ծարավդ զուլալ ջրի փոխարեն «Պեպսի-կոլայով» կամ «Սփրայթով» փորձես հագեցնել ու ավելի գրգռել։
Այժմ, սիրելի ընթերցող, միասին կարդանք մի հատված Ասորու հենց առաջին աղոթքից. «Տես, Տէր, զտառապանս իմ և զցաւս հոգւոյ իմոյ բազմամեղիս. դարձ` ներես և ի քեզ առաջնորդես, որ ասացեր` դարձարուք առ իս, և ես դառնամ առ ձեզ։ Ինձ լքելոյս ողորմեա, ինձ եղկելոյս օգնեա, ինձ խավարելոյս ճառագայթեա, ինձ մոլորելոյս առաջնորդեա՜»... Հիմա փորձեք սա թարգմանել մեր ռամկական աշխարհաբարով։
Համոզված եմ, եթե հիմա որևէ երիտասարդ բարեհաճի կարդալ այս տողերը, միակ բանը, որ կծագի նրա հոգնած ուղեղում (որովհետև սիրտը Կալիֆոռնիայում է)` ախր ո՞ւմ է պետք այդ Եփրեմ Ասորին, նրանով փոր կկշտացնե՞ս։ Իսկ ո՞վ է նրանց դարձրել այդպիսին։ Մենք։ Սակայն թողնենք այս տհաճ բաները և մտքի թռիչքով հասնենք մեր փառավոր 4-րդ դար` մեր աննման Լուսավորչի և իր սուրբ որդիների ու ժամանակակիցների մոտ, որոնցից ամենահանճարեղը եղել է Եփրեմ Ասորին։ Սուրբ Գրիգոր Լուսավորչի հոգևոր զավակներից էր և Դանիել Ասորի քորեպիսկոպոսը, որը, ըստ Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի, «հայացած և հայոց մէջ գործող ասորի մըն» էր։ Ինձ թվում է, որ Եփրեմ Ասորին էլ «հայացած և հայոց մեջ գործող մի ասորի էր», բայց աշխարհ կոչվածը որոշեց այլ կերպ։
Երջանկահիշատակ (այսօր շա՜տ են սիրում նման ճոռոմ բառերը) Նիկողայոս Մառը (օգտվելով առիթից հիշեցնենք ընթերցողին, որ նրա մայրը հայ էր) ասում էր, որ կա երկու հայոց լեզու. մեկը գրաբար է` հայկազյանը, մյուսը` աշխարհաբար` ռամկականը։ Աստծո, թագավորների և ազնվականների հետ խոսում էին գրաբարով։ Այսօրվա Էջմիածինը մեր սուրբ հայրերին սկսել է ներկայացնել միայն աշխարհաբարով, չնայած այն փաստին, որ նույնիսկ կոմունիստները տպագրում էին այդ ամենը գրաբարով` զուգահեռաբար ներկայացնելով աշխարհաբար։ Միայն աշխարհաբարով տպագրելը, ըստ իս, վնասակար է և անօգուտ` այդ գրքերը փտում են Էջմիածնի պահեստներում, իսկ դրանց հովանավորները պարծենում են իրենց տաքուկ «սփյուռքում», չմտածելով, որ իրենց պարզապես խաբում են։ Մեկ-մեկ մտածում ես. իսկ գուցե ճի՞շտ էր քահանա Պավել Ֆլորենսկին (մոր կողմից հայ), որ մեր ազգն այնքան է հնացել, որ արյունը սկսել է քարանալ (մոտավորապես այսպես, անգիր չեմ հիշում)։ Գուցե այդ պատճառո՞վ է, որ մեր երիտասարդությունը «թքած ունի ամեն ինչի վրա» (իրենք հենց այդպես էլ անում են` փողոցում թքում են ամեն տեղ ու անընդհատ, թքում են իրենց բախտի վրա)։
Անցյալ դարում Երևանում կար հանճարեղ ու շատ տանջված մի մարդ` Էդմոն Ավետյանը, փիլիսոփա, լեզվաբան, փայլուն դասախոս և, ի վերջո, շատ նուրբ հոգու տեր մի մարդ։ Մի անգամ զրույցի ժամանակ նա ասաց. «Մարդը կարող է շատ լեզուներ իմանալ, բայց ստեղծագործել հնարավոր է միայն մեկ լեզվով»։ Եփրեմ Ասորին, որ ծնվել էր Հայաստանում, Մծբին քաղաքում, մանուկ հասակից աշակերտել Հակոբ Մծբնա Հայրապետի մոտ, և որի կողքին է եղել մինչև նրա մահը` 338-ը, անհնար է, որ ստեղծագործեր ասորերեն։ Չի բացառվում, գուցե թարգմանություններ էլ է արել, որովհետև փայլուն գիտեր ժամանակի բոլոր կարևոր լեզուները` եբրայերեն, հունարեն, ասորերեն, պարսկերեն և այլն, սակայն ստեղծագործել է միայն իր սիրած գրաբարով։ Նրա գրաբարն իր փառավորությամբ հիշեցնում է միայն Լուսավորչի լեզուն, որը նույնպես աննկարագրելի գեղեցիկ է, քնարական և խորունկ։
Չէի ցանկանա ավելորդ բաներ ասել, բայց առանց անգիր անելու սուրբ Գրիգոր Լուսավորչի «Հաճախապատումը» և սուրբ Եփրեմ Խուրի Ասորու գոնե 300000 երգերից մի քանիսը (ըստ Սոզոփենոսի` 3 միլիոն երկտող քերթված) մենք չենք կարող մուտք գործել սուրբ Ներսես Շնորհալու կամ սուրբ Գրիգոր Նարեկացու աշխարհները։ Եվ հետո, ամբողջ աշխարհը Եփրեմ Ասորուն եկեղեցու հայրերից ամենամեծն է համարում։
Մի քանի հեղինակներ պնդում են, որ Եփրեմն ասորի քրմապետի զավակ էր, որին քրիստոնեական ոգով դաստիարակել էր հայուհի մայրը։ Շատ դասական ու ճշմարտանման տարբերակ է, այսպես կոչված, «հայի բախտ»։ Հայրն իմանում է դրա մասին և զայրացած դուրս վռնդում Եփրեմին։ Իսկ Եփրեմը դառնում է ճգնավոր։ Նրա արտաքին տեսքի մասին «Հայսմավուրքն» այսպես է ասում (ըստ Շնորհք պատրիարքի)` «թխամորթ, քարձ (կարճահասակ կամ «քէոսէ») և ալեւոր, խնդումերես եւ Աստուծոյ շնորհքով լեցուն»։ Այդ «Արեգակ Ասորւոց», «Սիոն Եկեղեցւոյ», «Քնար Ս. Հոգւոյն» հրեշտականման, բայց մարդկային գեշ կերպարանքով (ինչը նույնպես Աստծո շնորհն էր, որ խնամվի նրան շնորհված էներգիան) թողել է մեզ այսօր չափազանց այժմեական, «Զորավոր» երկարաշունչ աղոթքը (141 գլուխ), որը, ինչպես հայտնի է, մեծ տարածում է ունեցել Հայոց աշխարհում, և սուրբ Եփրեմի անունն այս իսկ աղոթքով է հռչակված եղել հայ ժողովրդի մեջ։ Իսկ նոթատետրի չափ գրքույկը կոչվում է նաև «Հորդորակ ապաշխարության», որը կազմված է 40 փոքր գլուխներից (ամբողջ գրքույկը 79 էջ է)։ Թերևս հարկ է ճշտել, բայց, իմ կարծիքով, աշխարհում չի եղել նման աղոթքի տեսակ` 40 գլուխներում մեզ հետ խոսում է Ինքը` Հիսուս Քրիստոսը։ Բարձրաձայն կարդում ես այս երկնային աղոթքներն ու բոլորովին չես նկատում, թե ինչպես են թռչում ժամերը` ո՛չ սով ես զգում, ո՛չ ծարավ։ Եվ սկսում ես հասկանալ, որ սուրբ ճգնավորներին իսկապես երկրային ոչինչ պետք չէր. նրանք կարող էին զրուցել Աստծո հետ առանց հացի ու ջրի, սակայն երբեք չեն մոռացել խնդրել և բարեխոսել մեզ համար, մեր փրկության համար։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ
Հ. Գ. -Մոռացա կարևոր մի հանգամանք (դիսերտացիա գրողների համար)` Եփրեմ Ասորու Աղոթագրքում (էջ 100-101), եթե ուշադիր լինեք, 12-րդ տողում կկարդաք. «Ողորմեա ինձ Աստուած ըստ մեծի ողորմութեան քում, և ըստ բազում գթութեան քաւեա զանօրենութիւնս իմ»։ Եթե դուք երբևիցե գրաբարով կարդացել եք Աստվածաշունչը, ապա Գիրք Սաղմոսացի Ծ (50) սաղմոսի առաջին տողը հնչում է հենց այդպես։ Սուրբ Եփրեմը, լավ ճանաչելով մարդկանց նենգությունը, իր աղոթքի 12-րդ տողում տեղավորել է այս ծածուկ հեռագիրը (1700 տարվա հեռվից)։ Ի՞նչ է նշանակում սա։ Սա նշանակում է, որ հազար անգամ ճիշտ էր Աշոտ Գարեգինի Աբրահամյանը («Հայոց գիր և գրչություն», Երևան, 1973), երբ իր գրքի նախաբանում (էջ 18) գրում էր. «Ակնարկներ կան, որ մաշտոցյան դպրոցի Աստվածաշնչի թարգմանությունից առաջ գոյություն է ունեցել 4-րդ դարի հայերեն թարգմանություն, որի թարգմանիչն է համարվել Գրիգոր Լուսավորիչը»։ Հիմա հասկացա՞ք` որն է իրողությունը։ Սուրբ Լուսավորիչն իր աշակերտների և համախոհների հետ, հավաքելով առաջին դարից (դեռ Աբգար թագավորի ժամանակներից) մնացած թարգմանության բոլոր բեկորները, կատարում է ամենակարևորը, ինչը և Մեսրոպ Մաշտոցի համար հաստատուն հիմք է դառնում։ Իսկ Սաղմոսների թարգմանությունը Լուսավորիչը վստահեց իր սիրելի հրաշամանուկ Եփրեմին։
Եվ վերջում փաստենք, որ Եփրեմ նշանակում է պարարտ հող։ Տա՛ Աստված, որ մենք ձգտենք հասնել մարմնով կարճահասակ, բայց հոգով վիթխարի հրեշտակային այդ էակին` «սրբոյն Եփրեմի Խուրին Ասորւոյ»։

Դիտվել է՝ 5069

Մեկնաբանություններ