38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՄԵՐ ՆԵՐՍԻ ԹՇՆԱՄԻՆ

ՄԵՐ ՆԵՐՍԻ ԹՇՆԱՄԻՆ
06.05.2011 | 00:00

ԱՄԵՆ ՀԱՆԱԾ ՔԱՐ ՏԱՊԱՆԱՔԱՐ Է ԴԱՌՆՈՒՄ
Կանգուն է դեռ միջնաբերդը՝ Աստծո կամոք: Մենք ներսում ենք, իսկ թշնամին՝ մեր ներսում, մեր հոգու մեջ: Դրսի թշնամին հայ-հո՜ւյ է անում, մենք էլ ենք անում: Մեր ներսում եղած թշնամին մեզ ասում է՝ գնա միջնաբերդի պատից քար հանիր, բեր, քո տունը շարիր: Մենք ուրախանում ենք, երբ բոլորից շատ քարեր ենք հանում. չենք հասկանում, որ ամեն հանած քար տապանաքար է դառնում մեր սերունդների համար:
Մեր դրսի թշնամին ցույց է տալիս, որ չգիտե, թե մեր ներսում թշնամի կա, ցույց է տալիս իրեն, որ մենք գլխի չընկնենք: Մենք էլ ենք ցույց տալիս, բայց ինքներս մեզ, որ մեր ներսում չկա թշնամի, որ ամեն ինչ դրսից է. պիտի մեր թշնամուն խնդրենք, որ մեզ համար գործարաններ կառուցի, ճանապարհներ, մեր ջուրը մեզ տա, մեր հոսանքը մեզ տա, մեր հողը մեզ տա, մեր երեխաներին մեզ տա, մեր կանանց մեզ տա:
Կանգուն է միջնաբերդը: Աստված է շինում, մենք՝ քանդում. Աստված մեկ է, մենք երկուսով ենք՝ մենք ու մեր ներսի թշնամին: Մենք ու մեր թշնամին ձեռք ձեռքի տված, միտք մտքի տված պայքարում ենք Արարչի դեմ՝ քանդում ենք մեր միջնաբերդը:
Ամեն մեկս ինքը պետք է որոշի, թե որն է մեր միջնաբերդը. լեզո՞ւն, ընտանի՞քը, դպրո՞ցը, ավանդույթնե՞րը, հավա՞տը, մշակո՞ւյթը, ազգային պետականությո՞ւնը: Ամեն մեկս ինքը թող մտածի, թե դրանցից որ մեկն է ապականում, եղծում՝ իր տգիտությամբ, ագահությամբ, նեղմտությամբ, կուսակցամոլությամբ:
Ամեն մեկը թող հիշի, որ դրանով սնում է իր ներսում եղած թշնամուն, որը վաղը իր կոկորդն է սեղմելու և ստրկացնելու է իր զավակներին: Ես ճանաչում եմ միջնաբերդը հորթի հրճվանքով քանդողի քո տեսակը, որ մեզ ուղեկցել է պատմության ամբողջ ընթացքում:
Ես քեզ շա՜տ վաղուց եմ ճանաչում. հայ ժողովրդի ծննդյան օրից ի վեր: Երբ Հայկն իր որդիներին արգելեց բաբելոնյան աշտարակաշինությանը մասնակցել, դու ծպտյալ գնացիր, գնացիր ու խառնակեցիր քո լեզուն: Ես այսօր կխոսեմ քո էության, բնավորության միայն մի կողմի մասին՝ աստվածատուր քո լեզվի նկատմամբ քո ունեցած վերաբերմունքի մասին: Դու հունախոս էիր, հետո թրքախոս, պարսկախոս, ռուսախոս, անգլիախոս: Այսօր էլ դու հայախոս ու հայերեն մտածող չես: Դու այսօր էլ բանսարկություն կգրեիր Չարենցի դեմ՝ նշելով, որ նա ազգայնամոլ է՝ սիրում է իր լեզուն ու հայրենիքը: Կգրեիր Շիրազի դեմ, Րաֆֆու դեմ, Աբովյանի դեմ, Կողբացու դեմ, Հայկի դեմ: Եվ գրո՛ւմ ես՝ առնվազն ինքդ քեզ համար, քո մեջ:
Ես ճանաչում եմ քեզ: Դու այսօր քո անկախ պետության մեջ, քո մայրաքաղաքի սրտում ստեղծում ես արձանախումբ՝ նվիրված «Տղամարդիկ» կինոնկարին (սա հիանալի է), սակայն այդ արձանախումբը դնում ես մի պատվանդանի վրա, որի վրա ոչ մի հայերեն տառ չկա. դու ուղղակի չես զգում, թե որքան ծիծաղելի և որքան ողբերգական է դա, և որքան զավեշտալի են քո պատճառաբանությունները:
Ես ճանաչում եմ քեզ: Տարիներ առաջ` խորհրդային թունդ ժամանակներում, դու պաշտոնյա էիր և համոզված էիր ու պնդում էիր, որ հայերենը մի 20-25 տարի հետո կվերանա, ու երեխաներիդ տվել էիր օտար կրթության:
Այսօր դու խանութպան ես ու թքած ունես «Լեզվի մասին» օրենքի վրա. քո ցուցանակը գրում ես օտար լեզվով, քաղաքը զարդարում ես օտար խորհրդանիշերով, մեր մանուկների մեջ թերարժեքության բարդույթ ես սերմանում քո լեզվի, քո ազգայինի, քո աստվածայինի հանդեպ:
Ես ճանաչում եմ քեզ: Դու լավ գիտես, կամ թվում է, թե լավ գիտես օտարինը, քեզ այսօր էլ պետք չէ հայերենը, դու քեզ լավ ես զգում Հայաստանում՝ գրել-կարդալ չիմանալով հայերեն: Դու խոսում ես հեռուստատեսությամբ, քեզ հայրենասեր ես հորջորջում, սակայն հայերեն չգիտես, և ուրեմն՝ հայ չես: Չինացիները Հոնկոնգում չինարեն չխոսող չինացիներին «բանան» են կոչում. այսինքն` դրսից դեղին ես, իսկ ներսից՝ սպիտակ: Իսկ Հայաստանում հայերեն չխոսողներին առաջարկում եմ «բադրիջան» կոչել՝ դրսից թուխ ես, ներսից՝ սպիտակ:
Ես ճանաչում եմ քեզ: Դու ամերիկացի սևամորթ երգիչ Ջեքսոնն ես, որը, բառի բուն իմաստով, կաշվից դուրս էր գալիս իր գույնը փոխելու համար: Դու ղարաբաղյան շարժման ժամանակ նվաղած սրտով նամակներ էիր ուղարկում Ռուսաստան` նամակ ռուսաց թագավորին, և ինքնուրույն մի քայլ չէիր կարողանում անել՝ քեզ պաշտպանելու, քո ազատության համար պայքարելու համար:
ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՉՀԱՅԸ
Ես քեզ ճանաչում եմ. դու այսօր էլ կաս՝ հավերժական չհայը, հավերժական հայի ուղեկիցը:
Դու այսօր էլ կաս ու դարձյալ պակասեցնում ես հային` համոզմունք դարձած քո օտարալիզությամբ: Դու անգիր գիտես, թե Պուշկինը կամ էլ Տյուտչևը որտեղ և ում հետ ինչ են արել և ինչպես են արել, սակայն չգիտես, թե ովքեր են Րաֆֆին կամ Աբովյանը, Թումանյանը կամ Սևակը:
Ես ճանաչում եմ քեզ ու, ավա՜ղ, սիրում եմ քեզ, որովհետև դու մարդ ես: Դու այն անառակ որդին ես, որ երբեք հետ չի գալու:
Գրում եմ այս բառերը և մտածում. արժե՞ արդյոք, որևէ իմաստ ունի՞ խոսել մի երևույթի դեմ, որը շատ խնամքով, շատ հզոր միջոցներով, շատ լա՛վ կազմակերպված խաչակրաց (մեղա՜ խաչին) արշավանք է հայոց լեզվի դեմ: Լեզուն ծանր բեռ է, ծանր ժառանգություն, և հեշտագին մտքերով ու հեշտասեր հոգով ժամանակակիցը չի կարողանում տանել այդ բեռը, լեզուն դուրս է գցել՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով:
Թվում էր` լեզվի շահերն առաջին հերթին պետք է պաշտպանեն, այսպես կոչված, հաստիքային լեզվաբանները: Սրանք ժամերով, օրերով, տարիներով վիճում են` միջանկյալ երկրորդական նախադասությունը գլխավորից անջատեն երկո՞ւ ստորակետով, թե՞ մի բութ ու մի ստորակետով. նայած նպատակի պարագա երկրորդական նախադասությո՞ւն է, թե՞ որոշիչ երկրորդական նախադասություն: Վիճում են լուրջ-լուրջ դեմքերով, վիճում են, որովհետև մեջը փո՛ղ կա: Ընդունելության քննություն կա, գնահատական իջեցնել-բարձրացնել կա: Վիճում են՝ հատուկ բաղադրյալ անունների գրության վերաբերյալ՝ Հարավարևմտյան թաղամասը ինչպես գրել, առանց մտածելու, որ այն վաղուց «Բանգլադեշ» է: Վիճում են մեռած լեզվի կանոնարկման մասին: Երեսպաշտությո՞ւն, թե՞ հայկական գիծ. չէ՞ որ մենք մեռելասեր ազգ ենք (գնա մեռի, արի սիրեմ), ամեն ինչի մեռածն ենք սիրում. լեզուն հո բացառություն չէ՞ր լինելու: Ոչ մի լեզվաբանի չտեսա, որ խոսեր զանգվածային տեղեկատվության միջոցների այսօրվա լեզվի մասին: Ամեն մեկը դոկտոր կամ մի այլ բան է դարձել՝ ուսումնասիրելով մեռելների լեզուն:
Լա՛վ, եթե այդքան նախանձախնդիր եք մեռելների լեզուն ուսումնասիրելիս, չե՞ք տեսնում, որ ողջերի լեզուն է մեռնում: Չե՞ք տեսնում, որ ոչ մի հեռուստաընկերությամբ կամ ռադիոընկերությամբ չկա հայոց լեզվին նվիրված ոչ մի ուսումնական հաղորդում: Այդ հաղորդաշարը ոչ միայն պետք է հետաքրքրաշարժ ձևերով հայերեն ուսուցաներ, այլև ցույց տար, որ ամեն ինչ լավ չէ, անհանգստացներ քաղքենի պաշտոնյաներին ու իր մեռելների լեզվական անդորրում գտնվող լեզվաբանին: Այդ հաղորդաշարը եթե լիներ այսօր, ապա եթերում կհնչեր, որ մի շարք պետական պաշտոնյաներ, օրինախախտ են և չեն համապատասխանում իրենց պաշտոնին: Իսկ ո՞ւմ է ձեռնտու լսել այդպիսի բաներ: Այդ հաղորդաշարով կասվեր, որ պետությունը մեծ ֆինանսական միջոցներ է ներդնում` կատարելու «Լեզվի մասին» օրենքի պահանջները. ասենք, թարգմանում է իրենց դարն ապրած որոշ գեղարվեստական ցածրարժեք կինոնկարներ և սերիալներ կամ պահում է «Լեզվի պետական տեսչություն», ընդ որում, չգիտես թե ինչու: Սակայն պետական մյուս ալիքով սեփական հաղորդումները վարում է ռուսերեն: Մի տղա կամ մի աղջիկ, խորապես հաճույք ստանալով հայերենի իրենց չիմացությունից, ռուսերեն ինչ-որ բաներ են խոսում: Զավեշտալի իրավիճակ է: Հաղորդմանը մասնակցում են, իբր թե, ասելիք ունեցող մարդիկ, ովքեր ռուսերեն չգիտեն (եթե իմանային, կխոսեին ռուսերեն): Հաղորդավարը նրանց հետ խոսում է ռուսերեն, նրանք մտածելու փորձեր են անում հայերեն: Այսինքն, ամբողջ Հայաստանում հայերեն իմացող մի հաղորդավար չկա: Սա կոչվում է մարազմ, այսօրինակ հաղորդումներով հեշտանք է ապրում լեզվական իմպոտենտների մի ամբողջ բանակ:
Լեզվական առումով չկայացած մարդու «կայացում» մեր երեխաների հոգու և մտքի վրա: Ո՞Ւր են մի ստորակետի համար երեխաներին վատ գնահատական դնողները, ո՞ւր են պետական պաշտոնյաները, ո՞ւր են մտավորականները, որոնք, իբր, լեզվի մասին հաղորդումներ են կազմակերպում:
Երբ ձյուն էր գալիս հայ ժողովրդի գլխին, մի կին օդերևութաբան խոսում էր իր մայրենի լեզվով՝ ռուսերեն: Նա, հավանաբար, իր բնագավառի գլխավոր մասնագետն է: Բայց, ըստ քաղծառայության և լեզվի մասին օրենքների՝ յուրաքանչյուր պաշտոնյա, քաղծառայող պետք է անվերապահորեն տիրապետեն պետական լեզվին՝ հայերենին:
Բայց, լա՛վ, չմանրանանք: Ի՜նչ պետական լեզու, ի՜նչ օրենք, ա՛յ մարդ, էսօր կանք, վաղը չկանք, լեզու է, էլի՜: Ի՞նչ անաղարտություն, հո հաղորդման հետևից հեռուստադիտողը կարմիր խնձոր չպիտի՞ ուղարկի, հիմա ով է հաշվի առնում՝ մաքուր-զուլալ-անարա՞տ է, թե՞ փողոցային, կարևորը՝ հեշտ լինի:
Ժողովրդին տալ այն, ինչ դուր է գալիս նրան, նշանակում է կամ ոչինչ չտալ, կամ պարզապես վատություն անել: Եթե հիվանդը տաքության մեջ սառը ջուր է ուզում խմել, բոլորն էլ հասկանում են, որ դա կործանում է նրա համար, կամ եթե երեխան ցանկանում է միայն խաղալ, դա կործանարար է նրա համար: Ժողովրդի ավելի գիտակից մասը պիտի ավելին տա և բարձրացնի նրան: Լեզվի խուժանացումը, գռեհկացումը, ստորացումը ռադիոյով և հեռուստատեսությամբ, թերթերով ու գրքերով, բանավոր խոսքում միայն մեկ բանի կարող են հանգեցնել՝ ժողովրդի վերածմանը խուժանի: Սա լավ գիտակցում են թե՛ թշնամին, թե՛ բարեկամը:
Իր շեֆ-լեզվաբանին դուր գալու համար մի կիսագրագետ աղջնակ սուտ է ասում հեռուստատեսությամբ, դիմում է կեղծիքի, իբր, հայերենի բարձրագույն խորհուրդը հաստատել է «կոմպյուտեր» բառը. ողորմելի՜ հոգեվարք:
ՄԵՆՔ ԼԵԶՈՒՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՏԱՊԱՆ ԵՆՔ ՍԱՐՔԵԼ
Գրում եմ այս ամենը, մտովի պատկերացնում համապատասխան պաշտոնյաներին, լեզվաբաններին, անհամապատասխան մտավորականներին, նրանց խեղճուկրակ կեցվածքը հառնում է իմ դիմաց, ու գիտեմ, որ խեղճությունը բաժին է ընկնելու լեզվին, իսկ կրակը՝ ինձ: Նրանց համար կարևորն այն է, որ իրենց մահաքունը և բերկրաթմբիրը չխանգարվեն. ով խանգարեց, ամեն ինչ նրա գլխին է բարդվելու:
Գրական լեզուն միավորիչ մեծ դեր ունի ազգի համար: Պառակտել լեզուն նշանակում է պառակտել ազգը:
Ամբողջ օրը հանդուրժողականության, աշխարհաքաղաքացիության, խաղաղապաշտության, օտարասիրության (նաև՝ թուրքաթաթարասիրության) քարոզներ են եթերում. հայրենասիրականը, ազգայինը համարվում է գավառականություն: Ո՞վ է պաշտպանելու մեր վաղվա օրը, մեր վաղվա երկիրը: Ժարգոնով խոսելը համարվում է ինքնահաստատում, լավ խելքի նշան, գրական լեզուն ծաղրում են հաղորդավարները, ամբիոն զբաղեցրած տգետները։
Սրանց թվում է, թե գրական լեզուն արդեն մահացել է, և ժարգոնաբարբառների մրցահանդես են բացել եթերում՝ կիրովաբադյան, լենինականյան, ռուսաքյավառական, երևանաթաթարական: Հավակնում են զբաղեցնելու գրական լեզվի թափուր տեղը: Հետաքրքրական է՝ սրանցից ո՞ր մեկը կհաղթի, և ո՞ր մեկին կմիանան լեզվի պետական պաշտպաններն ու անպաշտպանները:
Ապագան ցույց կտա, բայց ի՞նչը:
Իսկ ներկան ցույց է տալիս, որ, ինչպես միշտ է եղել, կա երկու մոտեցում հայոց լեզվի վերաբերյալ: Առաջինն այն է, որ հայերենն օրհասական վիճակում է, հոգեվարք է ապրում, անէանում է, ոտնատակ է լինում. մի խոսքով այսօր կա, վաղը չկա: Երկրորդ մոտեցումն այն է, որ միշտ էլ այսպես է եղել, անհանգստանալու ոչինչ չկա, հայերենն իր հազարամյա ճամփով հանգիստ գնում է. ի՞նչ եք ձեններդ գլուխներդ գցել:
Իմ խորին համոզմամբ` երկու տեսակետներից էլ, մեղմ ասած, քաղքենիության սուր հոտ է փչում: Մի բան պարզ է` մենք ունենք հրաշալի լեզու, հազարամյակների, նախաժամանակների, աստվածների շունչն իր ներսում ամբարած մի հրաշք, մի անհատնում և շլացուցիչ գանձ: Մի բան էլ է պարզ. ոչ ոք չի հանդուրժի դա, ամենքն էլ կցանկանան մեր ձեռքից խլել, թեկուզ իրենց պետք էլ չէ, սակայն, կարևոր է, որ մե՛նք չունենանք: Այնպես, ինչպես եկեղեցիներն են ավերում, հավատն են պղծում, արժանապատվությունը ոչնչացնում և այլն:
Մենք էլ պիտի պաշտպանենք մեր լեզուն ամեն օր, ամեն պահ, ամեն գնով` ահա բանաձևը:
Առավել ևս, որ լեզուն է մեր միասնականության, միակամության, հպարտության, արժանապատվության շտեմարանն ու Թուր-կեծակին: Հայոց լեզուն է մեր գոյության առաջին ու վերջին հանգրվանը, վերջին կղզյակը, որտեղ փրկվել ենք:
Հենց որ մեզ շա՜տ նեղն են գցել, մենք լեզուն փրկության տապան ենք սարքել ու պատսպարվել ամենակուլ հեղեղից: Իսկ այսօ՞ր: Այսօր էլ ոչինչ չի փոխվել. նույն երգն են երգում մեր հակառակորդները, նույն գայթակղություններն են դեմ անում, նույն փորձություններն են պարտադրում, ինչ հազարավոր տարիներ. մոռացեք ձեր լեզուն, կրթվեք օտար լեզվով և հարուստ ու երջանիկ կլինեք, էլիտար կլինեք: Այսօր էլ մեր փրկության տապանը` լեզուն, փորձում են ճեղքել, որ մենք կուլ գնանք օտար ջրերին: Որ մենք ամեն ժամ զբաղված լինենք տապանից ջուրը կռճելով ու թափելով, որ չկարողանանք գլուխ բարձրացնել ու գործ անել:
Եթե չունենայինք 70 տարվա, 700 տարվա, 7000 տարվա դառը փորձը, կմտածեինք, որ մի լավ բան կտա մեզ օտարալեզու դպրոցը:
Այսօր մի խոր մոլորություն են հրամցնում, ներողություն, երկու մոլորություն են քարոզում և պարտադրում հանրությանը: Առաջին` իբր ազգային կրթության կողմնակիցները դեմ են, որ հայ երեխան օտար լեզուներ իմանա: Սա բավականին խորամանկ, հակահայկական, հակահայերենական քարոզչություն է: Հայաստանում դժվար թե գտնվի մեկը, որ չասի` քանի լեզու գիտես, այնքան մարդ ես: Բայց կա մեկը, որ ասում է. «Եթե մայրենի լեզուդ չգիտես, ապա քանի լեզու էլ իմանաս, այնքան մարդ չես»:
Երկրորդ մոլորությունն այն է, թե իբր մենք օտարախոս, օտարակիրթ, օտարադաստիարակված չենք, այդ պատճառով էլ չունենք լավ դիվանագետներ, լավ քաղաքական գործիչներ: Ա՜յ քեզ բան, այսինքն, օտար լեզու իմացող որևէ տգետ կամ միջակ գործիչն արդեն բավարա՞ր է մեր հարցերն ըստ պատշաճի ներկայացնելու համար: Չէ՞ որ առաջին հերթին տաղանդավոր, շնորհաշատ մարդ պետք է լինի այդ գործիչը, որի համար որևէ լեզու սովորելը, նախ` դժվար չէ, երկրորդ` պետք էլ չէ գործն առաջ տանելու համար:
Այսօր օտարալեզվության քարոզն ինձ հիշեցնում է Եհովայի վկաների քարոզը. երկուսն էլ աղանդ են, մեկը` լեզվական և դրանով հոգևոր, մյուսը` հոգևոր և դրանով` լեզվական:
Զարմանահրաշ «մարդիկներ» տեսա, ավա՜ղ, լսեցի նաև, որ ասում էին, թե օտարալեզվությունը հայերենի զարգացմանն է նպաստելու միայն, ուրիշ ոչինչ, որ հայերենը կնայի օտար լեզվին, նրա ճոխ ու գեղեցիկ, հարուստ ու երջանիկ կարգավիճակին ու ինքն էլ կերջանկանա ու կզարգանա: Հայոց լեզվի հողերը ձեր գլխին, հա՜…
Մենք էլ, մեր հակառակորդներն էլ լավ հասկանում ենք, որ մեր իրական անկախությունը մեր լեզվի և մեր մտածողության մեջ է. դա է պատճառը, որ երկուստեք համառում ենք:
Հայո՛ց լեզու, կեցո՛ զհայս և ների՛ր նրանց, քանզի չգիտեն, թե ինչ են անում:
Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2797

Մեկնաբանություններ