38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ» internetԱՊԱՏՈՒՄԸ

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ» internetԱՊԱՏՈՒՄԸ
31.01.2012 | 00:00

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Webtv.am ինտերնետ հեռուստատեսության «WebԾիրան» համահայկական օնլայն կինոփառատոնը մեկնարկել էր նոյեմբերի 15-ին` փառատոնի գլխավոր հովանավոր VivaCell-MTS-ի աջակցությամբ: Ինչպես նշում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն, «WebԾիրան»-ի մտահղացման հեղինակ, կինոռեժիսոր ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, այս փառատոնը նրանց համար է, ովքեր ոչ պրոֆեսիոնալ, վատորակ տեխնիկայով ֆիլմեր են նկարահանում և չեն կարողանում դրանք ներկայացնել մեծ փառատոներում: Հենց նման ֆիլմերի համար ուղի հարթելուն է միտված այս փառատոնը: Այն ձգտում ունի ապացուցելու, որ լավ ֆիլմ նկարելն անպայման մեծ ֆինանսներ և ծախսեր չի պահանջում: Բավական է ունենալ լավ գաղափար, հետաքրքիր մտահղացում և մատուցել այն արվեստով:
«WebԾիրան»-ը նոր սերնդին խրախուսելու և գործի մղելու համար է: Այս է պատճառը, որ փառատոնի կազմակերպիչները հրաժարվեցին նախապես ընդունված վճռից` ֆիլմերն օնլայն ցուցադրությամբ հանրությանը հասցնելու և նրա քվեարկության արդյունքներով հաղթողներին որոշելու գաղափարից: Ժամանակակից տեխնիկական հնարքներն օգտագործելով` քվեարկողները չէին պահպանել օբյեկտիվության սկզբունքը, և միավորների բաշխումը կատարվել էր, մեղմ ասած, ոչ կինոճաշակի ու արդար խղճի թելադրանքով, այլ… «հայավարի-բարեկամաբար»: Այս անարդարությունը կանխելուն էր միտված փառատոնի կազմակերպիչների հարկադրված և լիովին արդարացված քայլը` ստեղծել ժյուրի` «Ոսկե ծիրանի» ծրագրերի տնօրեն, կինոգետ ՄԻՔԱՅԵԼ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ նախագահությամբ, և դրա գնահատականների ընդհանուր արդյունքով որոշել հաղթողներին ու առայժմ պարտվողներին։ (Ի դեպ, նշենք, որ ժյուրիի կազմում էր և «Իրատես de facto»-ի լրագրող Կարինե Ռաֆայելյանը - խմբ.): Սահմանված երկու մրցանակներն արդեն գտել են իրենց հասցեատերերին: Բացի այդ, համեմատաբար հաջողված ֆիլմերն արժանացել են խրախուսական մրցանակների: Կինոփառատոնի կազմակերպիչներին օրերս իր հարկի տակ էր հյուրընկալել VivaCell-MTS ընկերությունը` Ռալֆ Յիրիկյանի գլխավորությամբ` հանձնելու մրցանակները: Գլխավոր` ԱՄՆ 1000 դոլարին համարժեք ՀՀ դրամ մրցանակին արժանացավ «Աշնան արև» ֆիլմը (ռեժ.` Դիանա Կարդումյան): Երկրորդ` հատուկ մրցանակը` ԱՄՆ 500 դոլարին համարժեք ՀՀ դրամ, ստացավ «Հատվող ճակատագրերի հանգրվանը» ֆիլմի հեղինակ Արսեն Այրապետյանը:
Խրախուսական մրցանակների արժանացան «Թեթև հպում» (ռեժ.` Նարե Մկրտչյան), «Նախշոյի դպրոցը» (ռեժ.` Գոհար Խաչատրյան), «Է՜ն ուրիշ Ֆրունզիկը» (հեղինակներ` Հովհաննես Պապիկյան, Շուշանիկ Սահակյան), «Օգնիր նրանց հիմա» (ռեժ.` ԱրտՆերսես), «Bye-Bye» (հեղինակներ` Արեգ Մկրտչյան, Հրայր Լազյան, Աշոտ Հարությունյան) ֆիլմերը:
Իբրև ֆիլմերը գնահատող ժյուրիի անդամներից մեկը, բնականաբար, ես ունեմ իմ անձնական կարծիքը դիտածս բոլոր 49 ֆիլմերի մասին և, մրցանակակիր ֆիլմերից զատ, ինքս ինձ համար առանձնացրել եմ համեմատաբար հաջողված մի քանի ֆիլմ ևս: Դրանցից են «Վաղ գարուն» (ռեժ.` Ալբերտ Սարգսյան), «Ոգու սով» (ռեժ.` Հասմիկ Յարդումյան), «Թաքնված տաղանդ» (ռեժ.` Լալա Մնացականյան), «Խավար է… Գիշեր է…» (ռեժ.` Գայանե Մկրտչյան), «Ոչ սովորական աշխարհ» (ռեժ.` Արտյոմ Բորանյան), «Էհա՜» (Գառնի-Գողթ «Էկոակումբ) ֆիլմերը: Նշված ֆիլմերի հեղինակները, ըստ իս, կարող են հավատալ իրենց կինոապագային և համառել ու հաջորդ կինոփառատոներին հասնել հաջողության, մանավանդ որ Հարություն Խաչատրյանը և Ռալֆ Յիրիկյանը, չդավաճանելով ընդունված կարգին, առաջին փառատոնի փակմանը զուգընթաց հայտարարեցին երկրորդի մեկնարկի մասին:
Հայ կինոյի վերածննդին ծառայելու կոչված համառումն ու ձգտումը չեն կարող չտալ ցանկալի արդյունք: Այս համատեքստում մտաբերում եմ ամռանը «Ոսկե ծիրանին» հյուրընկալված ամերիկաբնակ կինոսցենարիստ, պրոդյուսեր Ջեֆ Գալուստյանի դիտարկումը. հայ երգիչները ստեղծագործում են, երգում, աշխատում ակումբներում, սրճարաններում, թեև համոզված են, որ Լեդի Գագա չեն դառնա, նույնը պետք է անել նաև կինոյում, այդպես միայն կզարգանա հայկական կինոն:
Այս ճշմարտությանը հավատացողներից երկուսի հետ մենք ճեպազրույց ունեցանք մրցանակների հանձնումից հետո:
«Է՜ն ուրիշ Ֆրունզիկը» ֆիլմի համահեղինակ Շուշանիկ Սահակյանը խոստովանեց, որ իրենց ֆիլմը հակակշիռն է Մհեր Մկրտչյանի մասին պատմող` ռուսական հեռուստատեսությամբ ցուցադրված ֆիլմի, որտեղ մեծ արտիստը ներկայացված էր իբրև դժբախտ տղամարդ, ձախողված ամուսին և հայր: «Ֆիլմն ստեղծելու առիթը արտիստի ծննդյան 80-ամյակն էր: Մենք փորձել ենք ներկայացնել Մհեր Մկրտչյան երջանիկ արվեստագետին` իր առողջ դատողությամբ, հնարամտությամբ, անչափելի աշխատասիրությամբ, իր կերպարներն անընդհատ կատարելագործող, հանդիսատեսի հանդեպ խորին ակնածանքով: Միտումնավոր ենք շրջանցել նրա անձնական կյանքի մանրամասները, որովհետև, մեր կարծիքով, մտածող մարդուն, ստեղծագործող մարդուն ներկայացնել կենցաղում արդարացի չէ: Համաձայն եմ, որ նա ընտանիքում դժբախտ էր: Բայց երջանիկ էր թատրոնում, կինոյում: Եվ հենց ինքն է այդ մասին վկայում»,- ասում է Շուշանիկը:
«Bye-Bye» անիմացիոն ֆիլմի համահեղինակ, մասնագիտությամբ ճարտարապետ Արեգ Մկրտչյանն էլ այն կարծիքին է, որ ոչ մի հեքիաթ էլ բարու հաղթանակով չի ավարտվում, և հենց այդ մասին է իրենց ֆիլմը Ռոբի լամպի մասին, որը զոհ է դառնում օր օրի գեղեցիկի տիրույթները նվաճող անճոռնի շենք-շինություններին: Թեև պիտի խոստովանեմ, որ տխուր ավարտ պատկերող ֆիլմն իմ կողմից ընկալվել է իբրև պատմություն լուսավորի ու հուսադրողի մասին. իմ պատկերացմամբ` ֆիլմը եզրափակող պատկերը ոչ թե խորհրդանշում էր Ռոբիի կործանումը, այլ տեղափոխությունը մեկ ուրիշ, ավելի լավ աշխարհ, քանի որ այդ տեղափոխությանը նախորդող դրվագում փողոցի ավտոմատ հեռախոսից զանգահարում են երկինք, ու երկնքի դեսպանները չեն ուշանում:
Հավելենք, որ հայ կինոգործիչների ձեռնարկումն ունի իր հետևորդը` ի դեմս համացանցի «YouTube» կայքի: Հարություն Խաչատրյանի հավաստիացմամբ` այստեղ ևս մեկնարկել է ֆիլմերի օնլայն փառատոն` հուրախություն թե՛ կինո ստեղծող, թե՛ «սպառող» հասարակության:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2205

Մեկնաբանություններ

ofollow">Վարկած
Տեսակետ
Մեկնաբանություն
Դիտարկում
Սոցցանցային գրառումներ
Անդրադարձ
09.11.2024