Դրակոնը, ի տարբերություն բոլոր բարձունքներից բարեհաջող վայէջք կատարող կատվի, սիրում է փայլփլուն բաներ: Սակայն ամեն փայլուն բան դեռ ոսկի չէ: Մանավանդ նախընտրական տարում:
ԲԱՐԵ՜Վ, ՍԻՐԵԼԻ՛Ս, ԵՍ ԵԿԱ ՔԵԶ ՄՈՏ
Հիշենք` կատվի մասին ասվում էր` «այսկողմնային» և «այնկողմնային» հարաբերումի սահմանին է կանգնած: Օժտված էր բացասականությունն իր մեջ ներքաշելու բացառիկ կարողությամբ («մերսի»), նոր տուն գնելիս սկզբում կատվին են «խնդրում» այնտեղ պտտվել, նրան դնում են մարմնի ցավող մասերի վրա` «ցավն անցնում է, մշուշը մեղմվում, մեգն անհետանում, խավարը ցրվում... դևը հեռանում»:
Մի խոսքով, ասել էինք` տարվա կատուն է լավ («միա՜-ո՜ւ». էս էլ էինք ասել):
«Դուխովնի» պլանից անցանք քաղաքականին:
Դեռ չավարտված տարին խոշոր անակնկալներ չի մատուցի. առանց այն էլ դրանք ահավոր շատ էին (չնայած Ռուսաստանի և Ղազախստանի զարգացումներն արդեն իսկ արձանագրում են` ԱՄՆ-ն իր մտքում ավարտված է համարում Սիրիայի-Իրանի հարցերը, տեղափոխվում է դեպ Չինաստան
վա՜-ո՜ւ):
Դառնանք մեզ. Սերժ Սարգսյանը Մոսկվայից վերադառնալուց անմիջապես հետո կհավաքի կոալիցիան: Ըստ պտտվող լուրերի:
Առավել ստույգ` կոալիցիոն «պրեզիդիումը» կհավաքվի պրեզիդենտի մոտ (22-23-ի միջակայքում, որից հետո Սերժ Սարգսյանը Սեյրան Օհանյանի հետ կանցնի ղարաբաղյան «ֆրոնտով»` զինվորների, բանակի Ամանորը շնորհավորելու, բանակի կողքին լինելու «մոմենտով»):
Կոալիցիոն կուսակցությունների ղեկավարները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այդ օրը կամփոփեն Կատվի տարին: Հանդիպումը հատկանշական է, քանի որ տևական ժամանակ նման ֆորմատով նրանք չէին հավաքվում (ինչ-որ մի պահի կարծես դադարել էին այդ մինի-խորհրդակցությունները` տեխնիկական կամ այլ պատճառներով): Ընտրություններից «без пяти минут» կոալիցվելու անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք գերակայություններով:
«Կատուն» ասացինք: Նախընտրական գերակայությունը մտքներումս պահած: Հանդիպման ընթացքում, նախընտրական որոշակի ուրվագծումներ նույնպես կլինեն, նախնական պայմանավորվածություններ էլ:
Համոզված ենք` չի քննարկվի միասին կամ առանձին գնալու խնդիրը (այս մասին` ներքևում): Իսկ, այ, մեծամասնական ընտրակարգը թերևս արժանանա ուշադրության այն պարզ պատճառով, որ ժամանակն այլևս սեղմում է: Գաղտնիք չէ, որ մեծամասնականի տրամաբանությունը դրվում է նաև համամասնականի «տակ», այն է` տալ ձայները այս կամ այն կուսակցական-մեծամասնականին, ուղիղ գծով նշանակում է` տալ ձայները մեծամասնականով ներկայացված կուսակցությանը (քաղտեխնոլոգիաների մասին` այլ անգամ):
Թե ինչ կպայմանավորվի կոալիցիոն «լիդերստվոն» այդ օրը, դժվար է ասել: Այնուհանդերձ, առկա զարգացումները որոշակի տենդենցներ արդեն իսկ ուրվագծում են. ՀՀԿ-ն այս ընտրություններին մեծամասնական լայն ընդգրկություն է փորձում ապահովել. դա են ապացուցում և՛ Մասիսում, և՛ Գյումրիում, և՛ Արմավիրում սկսված գործընթացները:
Կոալիցիոն գործընկերները նույնպես «մարտական» են տրամադրված:
Եվ այնուհանդերձ, միմյանց դեմ թեկնածու չդնելու պայմանավորվածություններն այս անգամ և հիմնականում դարձյալ կգործեն: Կոալիցիան կկարողանա՞ պայմանավորվել: Կարծում ենք (այլ ելք չունեն):
Այնտեղ, ուր չեն պայմանավորվի, կդնեն իրենց թեկնածուները, կֆիքսեն` իրար մորթել չկա (հետո էլ` յա կմորթեն, յա` հըը), կֆիքսեն` ով հաղթեց, հաղթեց:
Էս ամենը, անշուշտ, մեկ հանդիպման բան չէ, սակայն տարին ավարտել ֆունդամենտը գցած ավելի խելամիտ է` նոր տարուն կերած-խմածը քթից չգալու-չբերելու իմաստով (մանավանդ որ, մեծամասնականով լուծվում է հիմնականում օլիգարխիայի հարցը, որից բեռնաթափվելու «հայկական երազանքը», ոնց երևում է, այդպես էլ մնաց բեմուրազ, որովհետև որքան մենք ենք տեղյակ` «լիդերստվոն», իսկ «լիդերստվո» ասելով հասկանում ենք` ով «փորձում» է առաջնորդվել սահմանադրական գերակայությամբ` ո՜նց կարող են արգելել որևէ մեկին, լինի նա «օլիգոլիկ» կամ «ալկագոլիկ» և կամ` շիզոլիկ, առաջադրել իր թեկնածությունը որևէ ընտրատարածքում, երբ դա նրա սահմանադրական սուրբ իրավունքն է, ժողովրդավարության աննահանջ պահանջը, ինչի համար մենք խոր ափսոսանք և հիասթափություն ենք ապրում` հույսներս ու աչքներս չկտրելով, ի վերջո, գաղափարական, քաղաքական խորհրդարան ունենալու մեր չկատարվող մուրազից):
Հանդիպման, ոնց ասացինք, գլխավոր ինտրիգը` միասին գնալ-չգնալու հարցը, բաց է մնալու: Կարծում ենք: Սակայն անձայն ուրվագծում խնդրո առնչությամբ նույնպես կլինի: Եթե հանդիպման առանցքը մեծամասնական ընտրակարգի հարցերն են, շատ խելք պետք չի լինի դրանից բխեցնելու նաև միասին գնալ-չգնալու «ուրվագծումը»: Եթե անգամ դրա մասին «լռվում» է:
ՄԵՆԱ՞Կ ԵՔ ՄՆԱՑԵԼ. ԱՓՍՈ՜Ս
Եվ այնուհանդերձ, սույն դիլեմայի առնչությամբ թույլ տանք մեզ կարծել (մեկն էլ չկա հետը գրազ գանք). կոալիցիան միասին չի գնա: Ոչ մի առումով նպատակահարմար չէ: Չնայած տարին դրակոնյան է, այնուհանդերձ, եռագլխանի մարմինն անհասկանալի կլինի բոլորի և առաջին հերթին իր` կոալիցիայի համար.
ա) նախ` ուժերի գեներացիոն «предел»-ի: Ընդհանրական պատասխանատվությունը սովետիկուս է, ինչի դեպքում գրեթե հայտնի պատմությունը, որը կոալիցիայի դեպքում հիշելը մեղքի պես բան է, այնուհանդերձ, Զվարթնոցի սյուները. յուրաքանչյուրը մտածելու է` իշխանական-կոալիցիոն «սուրբ» տաճարն առանց իրենց էլ կանգուն կմնա, կաշվից դուրս չգանք, ամեն բան կլինի «օքեյ»: Միտումնավոր: Կամ` «բեզ»: Արդյունքում նախ` շունը տիրոջը չի ճանաչի, հետո էլ` հաղթանակը լիքը տերեր ունի, պարտությունը միշտ որբ է:
բ) Դաշտը ծածկելու «մոմենտով» նույնպես «անհարիր» է միասին գնալը: Երեք առանձին ուժի դեպքում հնարավոր է կիրառել երեք տարբեր քաղտեխնոլոգիա` երեք ընտրազանգված իրենցով անելու առումով: Այս տարբերակում հնարավոր է լինել նաև ընդդիմադիրոտ, մտնել չկողմնորոշված և առանձնապես ընդդիմադիրների, նաև` չխանդավառվածների դաշտ և կլանել նրանց: Մի խոսքով` ում դաշտ ուզես:
Սա վերաբերում է առաջին հերթին ոչ այնքան ԲՀԿ-ին, որքան ՕԵԿ-ին: Որովհետև ԲՀԿ օլիգարխիկ կարգավիճակը (որքան էլ դյութի նրան Լևոնն ու կանչի ՀԱԿ-ը) ոչ մի կերպ հնարավորություն չի տա լիարժեք դրսևորվելու ընդդիմության դաշտում (համ էլ նրան թույլ չեն տա` տրվել ընդդիմադիրոտությանը), իսկ «լեզվանի», խարիզմատիկ, սիրուն տղա Արթուրը, որը ոչ միայն ընդդիմադիր լինելու փորձ ունի (նրանց դահլիճներն էլ այլևս կարծես պակաս լիքը չեն), այլև գտնվում է եվրոպական-ժողովրդավարական (ոչ մի կերպ մտքներիցս դուրս չի գալիս տիկին Էշթոնի ջերմեռանդ հանդիպումը և նոր պասաժի ապահովումը այս ուժի «մոմենտով») ուշադրության ուղիղ կենտրոնում, որն այս պահին ուղղակի «գտածո» է նաև ՀՀԿ-ի («подразумеваем»` Սերժի) համար` երիտասարդ արյան, բարեփոխության և մնացյալ «նուրբ» հարցերով (այսօր` ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի «գործով» ռուսական Բոլոտնայա հրապարակից «մի քիչ այն կողմ» գտնվող կոալիցիոն այս երկու լիդերները շատ հետաքրքիր պասաժ են ապահովում նաև ռուսական արդեն տատանվող «գետնին» վրա. շատ խելք պետք չէ հասկանալու, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Հայաստանում չէր կարող պատահական մեկը լինել):
Այսպիսով, եռաժանիով միասին գնացող կոալիցիան անհասկանալի կլիներ նաև դրսի` ալամ աշխարհում ժողովրդավարության անունից հեղափոխություններ ու հեղաշրջումներ անող Արևմուտքի, նրա Սորոսի, Բժեզինսկու ու «Ֆորին փոլիսի» համար:
Այո, Սերժը մի կողմից տրանսֆորմացիայի է տանելու ՀՀԿ համամասնական ցուցակը` ընդդեմ մեծամասնական ընտրակարգի, որպեսզի էնտեղի սահմանադրական «կարգին» հակադրի իր «արյան թարմացման», փոխակերպման «ժողովրդավարությամբ» աչքի ընկնող ցուցակը, և որպեսզի մի քիչ էլ իր այդ ցուցակի «նոր դեմքերից» շեղի ուշադրությունը, քարտ-բլանշ է տալու եվրոպական և «այլական» ուշադրության մեջ հայտնված Արթուր-ՕԵԿ-ին:
Բայց դեռ դաշտը ծածկելու «մոմենտի» մասով: Եռագլուխ դրակոնչիկ կոալիցիան մեծ գլխացավանք է լինելու «մույս» բոլոր քաղաքական ուժերի համար: Թե՛ ՀոՀիԴա (դա-դա-դա)-ի, թե՛ ՀԱԿ-ի, թե՛ «Ժառանգության» և նույնիսկ «Ազատ դեմոկրատների»: Որովհետև առանձին գնալու դեպքում փակվելու է հայոց մեջ (ոտքի՜) գաղափարական ողջ դաշտը` պահպանողական, ազգային (ՀՀԿ, ԲՀԿ), լիբերալ (ՀՀԿ, ՕԵԿ), սոցիալիստական (ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ. ամենքը մի քիչ):
Միասին գնալու դեպքում այդքան գաղափարախոսություններ (բա՜րձր է հնչում) մի կաթսայում չեն եփվի:
գ) Որքան էլ պարադոքսալ` առանձին գնալու «լավը» ապացուցեցին նաև Ռուսաստանի ընտրությունները:
Ժողովուրդ, պարզվում է, մեր շատ (ահավոր, անբեկանելի) ռազմավարական գործընկեր Ռուսիա-«мать»-ից մենք ահագին առաջանցիկ ու վազանցիկ ենք: Դե, չէ, ոչ թե որ երբ մենք քրիստոնեություն էինք ընդունում, իրենք, հասկանում եք, ծառերի վրա
Ո՛չ:
Այլ այն, որ մենք ունենք ձևավորված ընդդիմություն: Ընդդիմության լիդեր (երեկ նայո՞ւմ էիք` ոնց էին Պրոխորովին «պսակում» Սոբչակի հետ, որպեսզի ժողովուրդը Պրոխորովին Բոլոտնայայի լիդեր հռչակի, ու Պուտինի գործերը մի քիչ հեշտանան, որովհետև էս պահին ԱՄՆ-ը Ռուսաստանում դեռ ընդդիմության լիդեր չի նշանակել. արա՜, էս հրապարակի անունն էլ, չէ՞, էնպես ոչինչ. Պուտինի, նրա` ԽՍՀՄ-ը վերականգնելու, ճահճային-բոլոտային «մոմենտներով»):
Այսպիսով, մինչ Մակքեյնի Վլադը (պարոն Պուտինը) կհասկանար, որ հեչ իմաստ չուներ «Եդինայա Ռոսիայի» հետ «ճակատ» կազմած գնալ ընտրությունների, հետո էլ հրաժարվել առաջինից և կանգ առնել միայն «ճակատի» (կամ` ընկնել ճակատի) վրա, Սերժ Սարգսյանը` մեկ-երկու, մեկ-երկու, կհասկանա.
-Առանձի՜ն ենք, չի՜ խանգարում ո՜չ ոք մե՛զ...
Պը՛րծ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ