2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

ՆԱԽԱՐԱՐԸ ԴԺԳՈՀ Է ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՆԱԽԱՐԱՐԸ ԴԺԳՈՀ Է ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
18.01.2011 | 00:00

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` 2011-ի առաջին ասուլիսը նվիրված էր այս տարի իր ղեկավարած ոլորտի գերակա խնդիրներին ու ծրագրերին։
Նախադպրոցական կրթության ոլորտում այս տարի նախարարությունը չորս մարզերի (Արմավիր, Գեղարքունիք, Վայոց ձոր, Սյունիք) մոտ 70 համայնքում, որտեղ գոյություն չունեն նախադպրոցական կրթության հնարավորություններ, կստեղծի նախադպրոցական կրթության համապատասխան մոդելներ։ Հանրակրթության ոլորտում այս տարի կամբողջանա ավագ դպրոցների ցանցը. գործող 91 ավագ դպրոցներին կգումարվեն ևս 14-15-ը։ Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ մինչև օգոստոսի 1-ը ԿԳ նախարարությունը նախատեսում է 15-20 տոկոսով բեռնաթափել միջին դպրոցում հիմնական առարկաների ծրագրերը, ինչը թույլ կտա ավելի մատչելի դարձնել հանրակրթական ծրագրերը և մեծացնել մատուցվող նյութի ըմբռնման աստիճանը։ Այս տարի իրականություն կդառնա մանկավարժների ատեստավորման ծրագիրը։ Մանկավարժների 20 տոկոսը կատեստավորվի և, ըստ մասնագիտական հմտությունների, ձեռք կբերի համապատասխան տարակարգ՝ ստանալով աշխատավարձի հավելավճար։
2011-ին նախատեսված է 120 մլն դրամ հատկացնել՝ անապահով ընտանիքների երեխաներին անվճար դասագրքերով ապահովելու համար։ Ծրագիրը կիրականացվի Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների հետ համատեղ։ Ըստ Աշոտյանի, 120 մլն դրամը պետք է բաշխվի նպատակային, այս հարցում մեծ դեր ունի տեղերում կատարվող աշխատանքը, քանի որ գումարը փոխանցվելու է մարզերին, և իրական կարիքի գնահատումը կատարելու է տեղական իշխանությունը։
Շարունակվելու են աշխատանքները նախնական և միջին մասնագիտական ոլորտներում, կատարվելու են որոշակի կառուցվածքային բարեփոխումներ։
Խոսելով բարձրագույն կրթության ոլորտում ծրագրված բարեփոխումների մասին՝ նախարարը կարևորեց օտարազգի ուսանողների թվի ավելացման խնդիրը։ Ըստ նրա, նոր միջոցներ պետք է ձեռնարկվեն՝ օտարերկրացի ուսանողներին մեր կրթական համակարգում ներգրավելու համար։ Մասնավորապես նախատեսվում է անցկացնել շրջիկ ցուցահանդեսներ, որոնք կծանոթացնեն ՀՀ բուհերին, նրանց կրթական ծառայություններին։ Ցուցահանդեսները համապատասխան դեսպանատների միջոցով կշրջեն տարբեր երկրներում։ Ծրագրվում է նման ցուցահանդեսներ կազմակերպել Իրանում, Սիրիայում, Վրաստանում, ՌԴ-ում, Լիբանանում։ Այսպիսի միջոցառումներն արտերկրում կբարձրացնեն մեր երկրի կրթական ոլորտի վերաբերյալ տեղեկացվածության աստիճանը, ինչը կհանգեցնի նոր ուսանողների ներգրավման։
Նախարարի տեղեկացմամբ՝ Համաշխարհային բանկի հետ համատեղ և վերջինիս տրամադրած միջոցներով 2011-ին կմեկնարկի ուսանողական վարկերի տրամադրման փորձնական ծրագիրը։
Կարևորվեցին նաև գիտության ոլորտում իրականացվելիք փոփոխությունները, ըստ այդմ, բարձրագույն որակավորման հանձնաժողովը 2010-ից ձեռնամուխ է եղել գիտական աստիճանաշնորհման ընթացակարգերի մեխանիզմների կտրուկ վերանայմանը։ Մասնավորապես, խոշորացվելու են գիտական աստիճան շնորհող մասնագիտական խորհուրդները։ «Գաղտնիք չէ, որ կան պաշտպանական խորհուրդներ, որոնք սպասարկում են կոնկրետ նեղ մասնագիտական շահեր։ Այս արատավոր պրակտիկան պետք է վերանա։ Բարձրացվելու են այն չափորոշիչները, այն նշաձողը, որոնք դրված են գիտական աստիճան պաշտպանողների առջև»,- նշեց Արմեն Աշոտյանը։
Հսկայական փաթեթ է նախատեսված նաև տեսչական բարեփոխումների համար։ Նախարարը դժգոհեց կրթության պետական տեսչության աշխատանքներից։ Եթե 2010-ին նախարարության ձեռքերը չհասան կրթության պետական տեսչությանը, ապա այս տարի կառույցը ենթարկվելու է խոր կառուցվածքային և բովանդակային փոփոխությունների, ինչը պահանջում է նոր օրենսդրական փաթեթի մշակում։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1492

Մեկնաբանություններ